17.12.2013

ՄԵԾ ՀԱՅՔԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԿԵՏԸ



ՏԻԳՐԱՆ Բ ՄԵԾ (Ք.ա. 95-55թթ.)

Հայոց ռազմարվեստի պատմության կարևորագույն փուլերից է Մեծ Հայքի հզորության գագաթնակետի՝ Տիգրան Բ-ի գահակալման ժամանակաշրջանը (Ք.ա. 95-55թթ.), երբ հայոց բանակն անցավ հարձակողական ռազմավարության և թագավորությունն ընդարձակվեց՝ ընդգրկելով Եգիպտոսից մինչև Կովկաս ու Մարաստանից մինչև Պոնտոս ընկած հսկայական տարածքներ: Սակայն Տիգրան Բ-ն միայն ռազմական հաջողությունների համար չէ, որ կրում է ՙՄեծ՚ պատվանունը: Հայոց արքայի բոլոր` պետական-քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմավարական ձեռնարկումներն այսօր էլ զարմացնում են իրենց դարաշրջանի համար արտակարգ մեծ ընդգրկումով, առաջադրվող խնդիրների հստակությամբ, հաշվենկատությամբ ու վարվող քաղաքականության հեռատեսությամբ: 

ՙՏիգրանի մեծությունը նրանում է, որ գահակալման առաջին իսկ օրից՝ ներքին զարգացման համար խաղաղ տարիներ գրեթե չունենալով, ճշգրիտ հաշվարկն ու համարձակությունը միավորեց մի անձի մեջ՝ այն հաղորդելով իր երկրի հպատակներին՚:
Հ. Պ. Հակոբյան, Տիգրան Մեծ, 
Եր., 2005, էջ 76

Տիգրան Մեծի գահակալության տարիները Հայոց պատմության մեջ եզակի էին հետագա սերունդների ինքնագիտակցության խորացման գործում ունեցած բացառիկ ազդեցությամբ:


ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ 
ԵՎ ՀԱՅ-ՊԱՐԹԵՎԱԿԱՆ 
ՊԱՏԵՐԱԶՄԸ (Ք.Ա. 87-86ԹԹ.)


ԿԱՏԱՐՅԱԼ ՀԱՂԹԱԿԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԸ

Տիգրան Բ-ի գահակալմանը նախորդած շրջանում երկիրը տնտեսապես և ռազմականապես հզորացել էր, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու էր տարածաշրջանի գերտերության՝ Պարթևստանի հետ առճակատմանը: Այդ բախմանը Տիգրանը նախապատրաստվում էր իր գահակալման սկզբում ձեռնարկված ռազմական բարեփոխումներով, որոնց արդյունքում հայոց բանակի կառուցվածքն էական փոփոխություններ է կրում:

Ռազմական բարեփոխումները
Հետևակի թեթևազեն և ծանրազեն գնդերի մեջ առանձնացվում են միատեսակ զինված ու նույն պաշտպանական հանդերձանքով երեքից վեց հարյուրյակներից բաղկացած միջանկյալ ստորաբաժանումներ: Հռոմեական բանակների կոհորտաները հիշեցնող այս միավորները կարելի է համեմատել մեր ժամանակների գումարտակների հետ, թեև ակնհայտ է, որ մարտադաշտում չունեին վերջիններիս ինքնուրույնությունը: Կային սակրավորների ջոկատներ, խոյերն ու բաբանները սպասարկող ստորաբաժանումներ:
   Տիգրանը ստեղծում է ծանրազեն զրահավորհեծելազոր, որը դառնում է բանակի գլխավոր հարվածային ուժը: Հեծելազորը զինվում է երկար նիզակներով, աղեղներով, սրերով, իսկ ծանրազենը, բացի այդ, պաշտպանվում զրահով ու երկարացված սաղավարտով: Զրահապատվում են նաև ձիերը:
   Հայոց բանակի կառուցվածքային կազմակերպման վերլուծությունը վկայում է, որ լայնամասշտաբ հարձակողական գործողությունների ծավալման համար բոլոր նախապայմանները ստեղծվել էին, իսկ պատերազմը մանրակրկիտ կերպով նախապատրաստված ու կազմակերպված քաղաքականության արդյունք էր:
  Հարձակողական ռազմավարություն որդեգրած հայոց բանակի ռազմարվեստի մասին տեղեկությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայոց բանակի մարտավարությունն ընդհանուր գծերով նման էր արևելյան բանակների, մասնավորապես, պարթևականի մարտավարությանը: Սակայն կային նաև էական տարբերություններ հայոց բանակում. մեծ տեղ էր հատկացվում հետևակին, որն անփոխարինելի էր լեռնային կտրտված տեղանքում:

Մարտավարությունը
Տեղեկանք. Մարտը սկսում էր թեթևազեն հետևակը (նետաձիգներ, տեգաձիգներ, պարսատիկավորներ): Ապա մարտի էր մտցվում ծանրազեն հետևակը, որն անդրադարձնում էր հակառակորդի գլխավոր ուժերի գրոհը: Հեծելազորը մարտի էր մտցվում ծանրազեն հետևակի հետ միաժամանակ: Մարտի ընթացքում հեծելազորի արագաշարժությունն առավելագույնս օգտագործելու համար հեծյալներն ունենում էին երկու տիպի հարձակողական զենք՝ մերձամարտի համար՝ սուր կամ նիզակ և հեռամարտի համար՝ աղեղ:
    Հակառակորդին մոտենալիս հեծյալները նետահարում էին նրան, ապա անցնում մերձամարտի: Անհրաժեշտության դեպքում հեծելազորը նետահարելով հետ էր քաշվում և վերախմբավորվելով՝ կրկին գրոհում հակառակորդի վրա: Մարտավարական իրավիճակից ելնելով՝ մարտը վարող զորավարը որոշում էր ճակատամարտի վճռական գրոհը սկսելու պահն ու, հերթական վերախմբավորումից հետո, հակառակորդի մարտակարգը ճեղքելու խնդիր դնում զորքերի առջև: Վերջին գրոհի թափն ավելացնելու նպատակով ներգրավվում էին բոլոր հնարավոր ուժերը, սակայն մարտակարգի ճեղքման խնդիրը կատարում էր ծանրազեն զրահավոր հեծելազորը:

Ռազմավարությունը
Պարթևստանի դեմ պատերազմի նախապատրաստումը, ռազմական բարեփոխումներից բացի, ընդգրկում էր նաև Ծոփքը Մեծ Հայքին վերամիավորելու գործողությունը (Ք.ա. 94թ.), Պոնտոսի հետ կնքված դաշինքը (Ք.ա. 94թ.), դաշնակից զորքերի կողմից Կապադովկիայի համար ծավալված պայքարը (Ք.ա. 93, 92-91թթ.), այլ ուղղությունից հավանական սպառնալիքների չեզոքացումը (այդ թվում՝ Վիրքի և Աղվանքի հպատակեցումը)(տե՜ս քարտեզը): 
  Պոնտոսի հետ կնքված դաշինքի համաձայն` Կապադովկիայից մարդկային հսկայական զանգվածներ են տեղափոխվում Հայաստանի հարավ-արևմտյան շրջանը: Կարճ ժամանակում այդ կարգի միջոցառումը կարելի էր իրականացնել միայն բանակի մասնակցությամբ: Դա վկայում է հայոց բանակի կազմակերպվածության և տարբեր խնդիրներ լուծելու կարողության մասին: Հատկանշական է նաև, որ Հռոմի նվաճողական քաղաքականությանը դիմակայող Տիգրան Բ-ի նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունք ունեցող հռոմեական պատմիչների մոտ Կապադովկիայի բնակչության տեղահանության նկարագրություններում գործված դաժանությունների մասին որևէ ակնարկ չկա:


Պատերազմի նախապատրաստումը
Պատերազմի նախապատրաստումը սկսվում է ռազմական բարեփոխումներով և ակտիվ արտաքին քաղաքականությամբ: Հարավում վարվելիք ռազմական գործողությունների վրա կենտրոնանալուց առաջ Տիգրանը չեզոքացնում է հյուսիսային, արևմտյան և արևելյան ուղղություններից հավանական համարվող սպառնալիքները: Հետևողական և կշռադատված ռազմավարության վկայությունն է նաև, որ պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ Պարթևստանն անպատրաստ էր դիմակայելու տարածաշրջանում իր առաջնությունը վիճարկելու փորձերին: Պարթևստանը հյուծվել էր երկպառակտչական պատերազմներից և անհամեմատ ավելի մեծ մարդկային ու նյութական ռեսուրսներ ունենալով՝ իր տիրապետության տակ գտնվող Հյուսիսային Միջագետքի և Իրանական բարձրավանդակի հյուսիսարևմտյան շրջանների համար ծավալվելիք պայքարին պատրաստ չէր:
   Ռազմական գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ մեծ նշանակություն է տրվել նաև հարձակման ուղղության ընտրությանը: Հայկական բանակը պարթևների տիրույթներ է մտնում ամենակարճ ու անսպասելի ուղղությամբ՝ Վանա լճից արևելք ընկած այն ՙյոթանասուն հովիտներ՚ կոչվող տարածքով, որը Տիգրանը զիջել էր պարթևներին պատանդությունից ազատվելու համար: Բարձր լեռներով ու բազմաթիվ ամրաշինական կառույցներով պաշտպանված սահմանային այս գոտին առավել անհաղթահարելի էր համարվում: Հետևաբար, հանկարծակիության գործոնն օգտագործվում է ոչ միայն հարձակման պահի, այլև ուղղության ընտրության խնդրում: Դրանով հայկական բանակը նախաձեռնություն է ստանում պատերազմում և առաջին իսկ մարտերում վճռում պատերազմի ելքը:

Պատերազմը
Սահմանային շրջաններում տեղակայված պարթևական զորամասերի դիմադրությունը հաղթահարելով` հայկական բանակը շարժվում է դեպի հարավ և Ասորեստանի երբեմնի մայրաքաղաք Նինվեի շրջակայքում ջախջախում պարթևական բանակի գլխավոր ուժերին (տե՜ս քարտեզը):
   Միջագետքում ծավալված ռազմական գործողություններում տարած հաղթանակները որքան էլ մեծ ու նշանակալից լինեին՝ Տիգրանի հսկայական ռազմավարական պլանի միայն մի մասն էին կազմում: Հայոց արքան մտադիր չէր բավարարվել ձեռք բերածով և շարունակում է փայլուն կերպով զարգացնել առաջին հաջողությունը: Պատերազմի այս շրջանի նկարագրությունը ցույց է տալիս, որ հակամարտությանը նախապատրաստվելիս Տիգրանը հաշվի էր առել  բոլոր մանրուքները: Մասնավորապես, պարթևներին սահմանային շրջաններից դուրս մղելով՝ հայկական բանակը շարժվում է դեպի հարավ և հակառակորդին մարտական գործողություններ հարկադրում Միջագետքում, որտեղ զրահավոր հեծելազորն ազատ գործելու շատ ավելի մեծ հնարավորություն ուներ,քան կունենար Իրանական բարձրավանդակում, եթե հարձակումը սկսվեր Մեծ Հայքի հարավ-արևելքից: 
   Պատերազմի երկրորդ շրջանում հարձակումն ուղղվում է դեպի արևելք: Դրանով կտրվում են Պարթևական տերության ու նրանից կախյալ Ատրպատականի թագավորության հաղորդակցության ուղիները: Ակնհայտ է, որ Պարթևստանի ռազմական աջակցությունից զրկված Ատրպատականը միայնակ չէր կարողանա պայքարել կարճ ժամանակում պարթևների պես հզոր ախոյանին ջախջախած հայոց հսկայական ռազմական մեքենայի դեմ: Այդ գիտակցելով՝ Ատրպատականը հարկադրված ճանաչում է Տիգրանի գերիշխանությունը (տե՜ս քարտեզը):
    Ատրպատականի կողմից ևս թիկունքն ապահովելով՝ Տիգրան Բ-ն բանակը շարժում է դեպի Էկբատան արքայանիստ քաղաքը, որտեղ պաշարված պարթևական արքունիքը ստիպված է լինում ընդունել նրա առաջադրած պահանջները: 
   Պարթևները ոչ միայն հրաժարվում են հայոց բանակի գրաված տարածքներից, այլև Մեծ Հայքի թագավորին զիջում ՙԱրևելքի արքայից արքա՚ տիտղոսը: Պարթևստանն ընդունեց Տիգրան Մեծի գերիշխանությունը և մտավ Հայկական տերության մեջ։ Դրա լավագույն վկայությունը պահպանվել է Պոմպեոս Տրոգոսի մոտ, որը Պարթևստանի արքաների ցանկում հիշատակում է Հայոց տիրակալին` ՙՏիգրան, որին կոչում էին Աստված՚ ձևակերպմամբ։

Եզրակացություն
Այսպիսով, հայ-պարթևական պատերազմի նախապատրաստումը, կազմակերպումը և վարումը անթերի էին և վկայում են Տիգրան Բ Մեծի զորավարական տաղանդի մասին: Պարթևստանի և Ատրպատականի հաղորդակցային ուղիները կտրելու
սպառնալիքի ստեղծմամբ վերջինիս դիմադրությունը դադարեցնել ստիպելն անուղղակի  գործողությունների  ռազմավարության կիրառման դասական օրինակ է:


“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:


Комментариев нет:

Отправить комментарий