28.07.2013

ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՄՔԸ


Ա. Ես ցեղակրօն եմ - 
Եւ ահա՝ կ երդնում Վահագնի աջի վրայ՝ երբեք չմեղանչել ուխտիս դէմ -ապրել, գործել ու մեռնել որպէս ցեղամարդ: 
Բ. Ինձ համար անհատականութեան եւ ազատութեան ամենաբարձր արարքը - դա հնազանդուելն է ցեղիս:
Գ. Ես ցեղաճանաչ եմ, եւ ահա՝ գիտեմ, թէ մե՜ծ է իմ ցեղը, թէ իմ ցեղն աւելի՜ն է տուել մարդկութեան, քան ստացել է նրանից. գիտեմ, որ հայոց նորագոյն յեղափոխութիւնը վերջին գործը չէ իմ ցեղի էութեան. գիտեմ, թէ ի՞նչ բաների ատակ է իմ ցեղը: 
Դ. Ես ցեղահաւատ եմ, եւ ահա՜ պաշտում եմ ե՜ւ մի այլ աստուածութիւն - ցեղիս արի՜ւնը, որի անարատութեան մէջ է իմ ցեղի ապագան: 
Ե. Ես ցեղահաղորդ եմ, եւ ահա՜ զգում եմ, որ իմ անձը աւելի՜ իմ գերագոյն ծնողին - իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին: 
Զ. Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղուելու պարտականութիւն ունիմ ես, եւ ահա՜ պայքարում եմ մի մե՜ծ ճակատագրի համար, որին արժանի է իմ ցեղը: 
Է. Ցեղակրօն ե՜մ, ասել է՝ ուր էլ որ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ ունենամ, ես խանդավառօրէն կը մնամ հպատակն ու մարտիկն իմ ցեղի:
Ը. Հայաստանից դուրս, սփիւռքի մէջ, ի՜նչ վիճակում էլ որ լինեմ՝ մեծահարուստ, բարեկեցիկ թէ օրավարձով աշխատող բանուոր՝ անդարձ պանդխտութիւն չեմ համարի տարագրի կեանքս: Չէ՜, վերադարձ կայ: 
Թ. Կը դաւանեմ, որ իմ սերունդը աւելի՜ մեծ պարտականութիւն ունի, քան ունէր անցնող ազատագրական սերունդը: Պարտականութեան մէջ՝ ցեղակրօնի իմ բաժինը - առիւծի բաժինն է, ամենամե՜ծը: 
Ժ. Ցեղակրօնը, որի նշանբանն է - աւելի՜, է՜լ աւելի զօրութիւն - պաշտամունք ունի իր ցեղի մարտական ոյժի, իմա՜ Հայ Յեղ. Դաշնակցութեան հանդէպ: 
ԺԱ. Զոհապաշտ եմ ես, եւ ահա՜ երկիւղածօրէն կ ոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը յաւիտենական է, որոնք առիւծացան իրենց արիութեան մէջ, աստւածացան իրենց հոյակապ նուիրումի մէջ - որոնք իրենց արիւնը շռայլեցին մեր ցեղի գոյութիւնը եւ պատիւը յաւիտենականացնելու համար: 
ԺԲ. Ցեղակրօնն էլ է ձգտում երջանկութեան - տեսնել թէ ինչպէ՛ս աճում է իր ժողովրդի զօրութիւնը եւ արդարօրէն ընդարձակւում է Հայաստանը: 
ԺԳ. Ցեղով է ապրում, ստեղծագործում եւ յաւերժանում ժողովուրդը: Մարդկային մշակոյթի գործում զօրութենական ոյժ է ցեղայնութիւնը: Արդ, թէ ինչո՜ւ ցեղային անհատականութեան եղծումը ցեղակրօնը համարում է ոճիր՝ ուղղուած մարդկութեան եւ, ի մասնաւորի, իր ժողովրդի դէմ: 

ԺԴ. Ցեղակրօնը խորշում է այն բոլոր վարդապետութիւններից եւ հոսանքներից, որոնք միտում են մեր նորահաս սերունդը հեռու պահել ցեղի կազդուրիչ ստինքէն - կաթէն:  Նա խորշում է հայ իրականութեան մէջ զեռացող այն բոլոր ոյժերէն, որոնք թեպէտեւ հասարակական դիրքով հակոտնեայ, բայց ընդհանուր հոգեբանութեամբ միացած ճակատ է յարդարած մեր լուսաւոր ազգայնականութեան դէմ: Աւելի՜ պարզ: Ազգայնականութեան երկու ձեւերից - ազգայնական անհատապաշտութիւն եւ եսապաշտութիւն - ցեղակրօնը ողջունում է առաջինը, որն այլ բան չէ, եթէ ոչ ազգ-անհատի արդար եւ արգասաւոր ձգտումը՝ հաւատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը, եւ պաշտպանել իր հաւաքական անձի ազատութիւնը:  Ցեղակրօնի այդ ձգտումը լիուլի համապատասխանում է համամարդկային բարոյականի եւ յառաջդիմութեան բարձր սկզբունքներին: 
ԺԵ. Մե՜ծ է ցեղակրօնի իմ թշնամանքը, ինչպէս մե՜ծ է իմ պաշտամունքը:  Ցեղիս թշնամիներ են թուրքը, բոլշեւիկը եւ սրանց հայադաւ գործակալները, ամէն անուան ու ծպտումի տակ - որոնց վճռաբար կը հակադրեմ իմ զօրութենական ցեղապաշտութիւնը: 
- Ինձ համար գոյութիւն ունի հարցերի հարցը՝ հապա բախտահաս թո՞ւրքը: 
- Ես խորշում եմ բոլշեւիզմից, որովհետեւ հակամարդկային է: Երիցս ատում եմ դա, որովհետեւ հակահայ է՝ թուրքի չափ, որովհետեւ թուրքի հետ զինակցած մտաւ Հայաստան, որովհետեւ նրանից ցայսօր օգտուեց ցեղիս գերեզմանափորը - թո՜ւրքը, միա՜յն թուրքը: Ցեղադրուժ բոլշեւիկը իր շնական հրաժարիմքն ունի. 
Ես՝ իմ վճռական այո՜ն՝ ցեղիս. 
Նա իր թուղթէ անզօր եղիցի՜ն ունի. 
Ես՝ իմ հանապազօրեայ ազատագրական աշխատանքը ցեղիս համար: 
Զզուելիօրէն բացասական է բոլշեւիկը, եւ դիմազուրկ՝ հոգեպէս: 
Ցեղակրօնը մարդկութեան ներկայանում է ցեղադրոշմ ճակատով: 
ԺԶ. Պարտուողականութիւն, կրաւորական տառապանք, սարսափի հոգեբանութիւն, լալկանութիւն, մտքի անիշխանականութիւն, կրօնական անդենականութիւն, դասակարգային եւ յարանուանական եսականութիւն - այդ ամէնից խորշելով խորշում է ցեղակրօնը: 
ԺԷ. Ցեղակրօն եմ, ասել է՝ պարտիմ, կամիմ, կարող եմ գերազանցել, եւ պէ՜տք է գերազանցեմ ցեղիս թշնամիներին - նա՜խ թուրքին: 
ԺԸ. Ուժապաշտ՝ տկարութիւն ու նահանջ չի ճանաչում ցեղակրօնը: Նրա մօտ կենդանի է ծարաւը՝ ոյժի, քաղցրութիւնը՝ զօհաբերութեան, եւ ճիգը՝ ցեղի ոյժերի կենդրոնացման: Արտաշիսեան իր նախնիքների մեծութեան հետամուտ՝ նա պատկառում է իր ցեղէն, եւ աշխատում ամէնուրեք արժանաւորապէս ներկայացնել դա: 
ԺԹ. Նրա համար նուիրական է հայոց նորագոյն քաղաքական գոյառութեան օրը - Մայիս 28-ը - եւ այն խորհրդանշող սրբազան Եռագոյնը, որ է՝ սրբութի՜ւն, քաղաքական դա՜տ եւ վախճանաբանութի՜ւն, միաժամանա՜կ: 
Ի. Հայ մարդու հետ ցեղակրօնը խօսում է հայերէն, որովհետեւ գիտակցում է, թէ լեզուի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը: 
ԻԱ. Ինքնամսխումի մէջ ազատ չէ՜ ցեղակրօնը: Քաջառողջ լինելու իրաւունք եւ պարտականութիւն ունի նա, որի ձեռքին է գալոց սերունդների ճակատագիրը: 
ԻԲ. Նրա համար նախասիրելի են ա՜յն գիտութիւնները, արուեստներն ու արհեստները, որոնք կարելի է ծառայեցնել իր ցեղի հզօրութեան եւ յաղթանակին: Ցեղակրօնը՝ մարտիկ է կամ պատրաստւում է դառնալ այդպիսին: 
ԻԳ. Անձնական կամքի մշակութեամբ՝ ցեղակրօնը սատարում է հայ ոգու հսկայացումին: Ցեղի կամքի աստուածացումը - ահա՜ թէ ինչի է ձգտում նա: 
Այդ անմեռ կամքին ահա՜, որ չմեռաւ դաժան դարերի հարուածների տակ, եւ չթողեց որ հայութեան մէջ Մամիկոնեանների ռազմաշունչ ոգին մեռնի, ցեղակրօնն ասում է վճռաբար՝ այո՜ եւ ամէ՜ն:
<<Ցեղակրոն և Տարոնական շարժումները>>
Մուշեղ Լալայան, Եր., 2011

Комментариев нет:

Отправить комментарий