15.05.2013

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ



Հայկական լեռնաշխարհում պետական առանձին միավորումների մասին պատմական տեղեկություններ կան շումերական արձանագրություններում՝ սկսած մ.թ.ա. 28-27-րդ դարերից: Շումերական, աքքադական, ասուրական արձանագրություններում Հայկական լեռնաշխարհի տարածքում հիշատակվում են Արատտա, Արմանի, Արմե-Շուպրիա, Հայասա-Ազզի, Նաիրի, Բիայնա, Ուրուատրի (Արարատի) պետական կազմակերպությունները:
    Վերջինից էլ մ.թ.ա. 10-րդ դարից սկսած՝ վիճակվեց ամբողջ Հայկական լեռնաշխարհն ընդգրկող պետականություն կերտողի, ազգաստեղծ դժվարին դերը:
    Ասորեստանի Աշշուրնաձիրպալ արքան մ.թ.ա. 9-րդ դարում թողել է Արարատյան թագավորության վերաբերյալ առաջին տեղեկությունները: Այնուհետև Սալմանասար Գ արքան ձեռնարկել է հինգ արշավանք դեպի Արարատյան թագավորություն, որտեղ իշխում էր Արամեն:
   Մ.թ.ա. 840-786 թվականներին Արարատում գահակալել է Սարդուրի Ա-ն, որը հիմնադրել է Տուշպա (Վան) մայրաքաղաքը: Նրա օրորք վերջնականապես կազմավորվեց Արարատյան թագավորությունը:
     Մ.թ.ա. 825-786 թվականներին իշխում են Իշպուինին և Մենուան: Նրանց գահակալության ժամանակաշրջանում երկիրն Ասորեստանի հետ ռազմական կոնֆլիկտ չի ունեցել: Խաղաղության տարիները հնարավություն տվեցին երկրում կարևոր բարեփոխումներ կատարել: Դրանք առնչվում  էին երկրի կենսագործունեության բոլոր բնագավառներին: Դրանցից կարևորագույնը ռազմական ռեֆորմն էր, որն իրագործվեց լեզվի միասնականացման, հողի վերաբաժաման, իրավաենթակայական բարեփոխումների հետ փոխկապակցված:
    Ձեռնարկած բարեփոխումներն արգասաբեր եղան: Եվ Արգիշտի Ա-ի օրորք (մ.թ.ա. 786-764թթ.) ջախջախիչ պարտություն կրելով նրանից՝ Ասորեստանն իր գերիշխանությունն Առաջավոր Ասիայոեւմ զիջեց Արարատյան թագավորությանը: Մ.թ.ա. 782-ին Արարատյան դաշտում Արգիշտի Ա-ն հիմնադրում է Էրեբունի-Երևան քաղաքը, իսկ մ.թ.ա. 776-ին՝ Արգիշտիխինիլի քաղաքը: Արգիշտի Ա-ի օրոք Արարատյան թագավորությունը դարձավ գերտերություն: 

     Սարդուրի Բ-ն (մ.թ.ա. 764-735-34թթ.) շարունակեց հոր գործունեությունը, սակայն մ.թ.ա. 743-ին Արփադ քաղաքի մոտ պարտվեց Թիգլաթպալասար Գ-ից:
    Մ.թ.ա. 714-ին Մանայի վրայով Արարատյան թագավորություն ներխուժեց Սարգոն Բ-ն, որը դաժան ավերածություններ կատարեց ողջ երկրով մեկ: Առանձնապես ծանր էր նրա կողմից հոգևոր կենտրոն Մուսասիրի գրավումն ու թալանը: Մուսասիրի ավերման աղետը Ռուսա Ա-ին մղեց ինքնասպանության:
    Արգիշտի Բ-ին (մ.թ.ա. 713-685թթ.)  հաջողվում է կարճ ժամանակում հզորացնել երկիրը: Նրան հաջորդած Ռուսա Բ-ն , որը իշխեց մինչև մ.թ.ա. 645 թվականը, շարունակեց հոր քաղաքականությունը: Նա Արարատյան դաշտում կառուցեց Թեյշեբաինի հզոր քաղաքը: Մ.թ.ա. 645-625 թվականներին երկրում իշխում էր Սարդուրի Գ-ն:
    Մ.թ.ա. 617 -ից իշխել է Ռուսա Գ-ն , որն իրեն անվանել է Էրիմենայի որդի: Մ.թ.ա.  609-590-ական թվականներին գահակալել է Արարատյան թագավորության հայտնի վերջին արքան՝ Ռուսա Դ-ն:
     Արարատյան թագավորության երեքհարյուրամյա պատմության կարևորագույն նվաճումը հայ ժողովրդի՝ որպես ազգային ամաբողջականություն ձևավորումն է: Դրանով պետք է բացահայտել Արարատյան թագավորական տոհմի անկումից անմիջապես հետո՝ գրեթե նույն սահամաններում, Երվանդունիների իրավահաջորդությունը:
   Էրեբունի ամրոցի դղյակի պատերին, պեղումներով Էրեբունի, Թեյշեբաինի քաղաքներից գտնված արքայական վահանների վրա առկա են մի քանի տարբերակներ, որոնցից հիմնականը կենտրոնում ներճկված կողերով քառակուսու ներսում արև-հավերժություն խորհրդանշող քառակուսու երկու կողմերում գլխով դեպի արև-հավերժությունը նայող երկու առյուծների պատկերն է:
    Չափազանց խոսուն է Էրեբունի ամրոցի դղյակի պատին պահպանված որմնանկար-զինանշանը, որը նաև հետաքրքիր գունային լուծում ունի:
    Ընդհանուր պատկերը լաջվարդ կապույտ ֆոնի վրա է: Ներճկված կողերով քառաակուսին իրականացված է գորշ կարմրադեղով և ներսում ու կենտրոնում ձևավորված է ծիրանագույն  կետավոր շրջանակներով: Քառակուսու ներսում կողային եզրերից սկսվող ծիրանագույն շրջանակ է, որի վրա պատկերված է 16 ճառագայթից բաղկացած արև: Արևի հիմքը նույնպես կարմրադեղով իրականացված շրջանակ է, որի ներսում ծիրանագույն շրջանակ է գծված:
     Արև-հավերժության երկու կողմերում պատկերված են գլխով դեպի արևը շրջված վեհատես արու առյուծներ: Առյուծներն իրականացված են ծիրանագույն գույնով և սև եզրագծով: Պատկերված են քայլ անելու դիրքով: Բաց երախը, դեպի վեր տնկված պոչերը, հրացայտ աչքերը, եղրևանանախշի միջոցով իրականացված, ցցված ելուստներով բաշերը խորհրդանշում են առյուծների հզորությունն ու ուժը՝ արև-հավերժություն-երկիր հայրենին պահելու վճռականությունը:
   Ամենայն հավանականությամբ, գունային այս լուծումները Արարատյան թագավորների դրոշի գույներն են:
    Այս հիմնական տարբերակին զուգահեռ՝ բացարձակ նույն գունային լուծումներով իրականացված են նաև այլ տարբերակներ: Նույն արև-հավերժության մի կողմում առյուծով, մյուս կողմում՝ ծնկածալ, մարտի պատրաստ միաեղջյուր ցուլի պատկերով, ինչպես նաև նույն արև-հավերժության երկու կողմերում նույն ծնկածալ ցուլերի պատկերով զինանշանն է:

<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 5, Տիգրան Հայազն 

Комментариев нет:

Отправить комментарий