Գրքում ներկայացված են մեր արտաքին հերոսական հաղթանակներն ու ներքին ողբերգական պարտությունները: Այս գիրքն ակադեմիական աշխատանք չէ՝ նմանին բնորոշ բնութագրիչներով: Հեղինակն իրադարձությունները և հերոսներին ներկայացնում-գնահատում է կենդանի և աշխույժ կերպով, հայավարի, և ըստ այդմ էլ՝ գիրքն ընթերցվում է մեկ շնչով: Այսինքն, հեղինակային ոգևորությունը, սրտով-հոգով շարադրումը՝ իր փառավոր անցյալի նկատմամբ ընթերցողի, մանավանդ՝ պատանի-երիտասարդ, մոտ պաշտամունք է առաջացնում: Գիրքը մեր պատմության ելևէջներում յուրահատուկ որոնումների, փնտրտուքների, դրանց արդյունքում՝ վերագնահատման փորձ է: Հենց վերջին հանգամանքն է հատկապես շեշտադրված: Այն նաև հետազոտվող ժամանակահատվածի վերապրման-վերաիմաստավորման փորձ է, ընդ որում, ընթերցողին էլ դրան տրամադրող:
Հեղինակը ձգտել է այդ որոնումների շնորհիվ գտնել մեր պետականությանը պատուհասած աղետալից դժբախտությունների և պարտությունների իրական պատճառները, խրատական դասեր քաղել դրանցից: Նա առանձնակի ուսումնասիրել և վեր է հանել հայության ներքին թշնամիներին (նժդեհյան ձևակերպմամբ՝ ցեղի տականքին), քննադատել-պախարակել պետական ընտրախավի որոշ տարրերի երկպառակտիչ պահվածքը, տվել դրա ախտաբանական հատկանիշները, առաջին հերթին՝ ռազմի դաշտում հայրենադավ օտարամոլությունը (Վերջինի կապակցությամբ տեղին է հիշել Նժդեհի դիպուկ բնորոշումը. «Զինվորի և ռազմավարի մեր բազուկից ավելի օտարն օգտվեց, քան հարազատ երկիրը: Անպարտելի էր օտար բանակը, երբ նրա կողքին օտար զենքի հաջողության համար կկռվեր և Հայը, մանավանդ, երբ դա կառաջնորդվեր հայ զորավարի կողմից»):
Առաջին հայացքից կարող է այն թյուր և մերկապարանոց տպավորությունը ձևավորվել, որ գիրքն ընդգծված հակաքրիստոնեական կամ հակաեկեղեցական ուղղվածություն ունի (Ահա, այս առումով Նժդեհյան պատգամը. «Ինքնապաշտպանությունը հայ ժողովուրդի – ահա Հայ եկեղեցու նոր հավատամքը: Չընդունե՞ց այս ճշմարտությունը, չքարոզե՞ց, չտարածե՞ց ամեն օր այս փրկարար գաղափարը, իր բոլոր միջոցներով չնպաստե՞ց մեր ինքնապաշտ-պանության գործին – կործանված է դա»), կամ էլ՝ հեղինակն իր առջև խնդիր է դրել «սևացնել» այն կրոնական, ռազմական և պետական գործիչներին, որոնց գործունե-ության հետ մասնակի կամ ամբողջությամբ համաձայն չէ:
Մինչդեռ, նման տպավորությունը խաբուսիկ է: Նախ, հեղինակային քննադատությունն ամենևին ինքնանպատակ չէ, այլ արդյունք է մեր պատմության հերոսա-անկումային դրվագների վերապրման, այն հիմնավոր է, փաստարկված և համոզիչ: Իսկ որ ցավոք սրտի մեր պատմության մեջ քննադատության՝ այն էլ անողոք, արժանի անձինք ու երևույթներ շատ կան, ակնհայտ է: Եվ որ այդ ամենը մինչ այժմ ինչպես հարկն է և համակարգային կերպով չի արվել և առավել ևս՝ չի արվում, միանշանակ անհանդուրժելի է: Վաղուց արդեն այլևս աններելի է մեր կրավորական-պարտվողական կեցվածքը, այն ուղղակի դավաճանական և սրբապիղծ մոտեցում է մեր նախնիների հերոսական ոգու հանդեպ: Ու շարունակել աչքակապությամբ զբաղվել, ջայլամություն անել՝ ոչ իրավունք, ոչ էլ ժամանակ չունենք: Այլևս ոչ մի քայլ, որը կշարունակի ջուր լցնել մեր գաղափարա-դավանանքային թշնամիների ջրաղացին, մեր հոգևոր ստրկամտության խորացմանը:
Գրքի առանցքը մեր պետականության, մեր հերոսական անցյալի աստղաբույլի երեք փառավոր ներկայացուցիչներն են՝ Արքայից արքա Արշակ Բ Մեծը, Տիկնանց տիկին Փառանձեմը, Արքայից արքա Պապը: Ահավասիկ, հայրենասիրության տիպար մեր Տերերը՝ հանիրավի անտեսված, ծրագրավորված մոռացության մատնված, ըստ արժանվույն չգնահատված և չարժևորված, եղծված ու բառի բուն իմաստով` անուշադրության մատնված: Մինչդեռ, թե որպես հոգու պարտք, պետականամետ մտածողություն, թե պարզ տրամաբանությամբ, մենք բոլորս նրանց պարտավոր էինք մեր սիրո, հպարտանքի, դաստիարակության և քարոզչության օրինակելի կերպար դարձնել: Եվ այսպես, գրքում վեր են հառնում նրանց կերպարները - Արշակը՝ հասուն պետական-ռազմական գործիչ, Փառանձեմը՝ բոլոր հայուհիների համար ընտանեկան-հայրենատիրական օրինակ, Պապը՝ երիտասարդ հայի, մասնավորապես պետական գործչի երանելի տիպար:
Այս գիրքն իր պատմագիտական նորույթով, մեր պատմության բազմաթիվ մութ և վիճահարույց հարցերի նորովի լուսաբանմամբ ունի նաև ուսուցողական-քարոզչական դերա-կատարություն: Ինչպես ժամանակին Նժդեհն է մեզ խրատական պատգամել. «Չկա ավելի մեծ հանցանք, ուրացում, քան՝ իր սեփական պատմության անծանոթ լինելը: Նմանը զուրկ պատմական զգացումից և հիշողությունից – ազգ չէ: Սեփական պատմությունն է մեր իմաստուն խորհրդականը, մեր ոգու դայակը, մեր ազգային խղճմտանքի վարիչը»: Այսինքն, բոլորիս պարտքն է հասու լինել մեր փառավոր անցյալին, սակայն պարտադրաբար՝ իմանալ միմիայն ճշմարտացին և չեղծվածը, այն՝ ինչը մեր սիրտն ու միտքը պետք է ոգևորի, փառավորի, և արդարացի հպարտանքով լուսավորի թե ներկան և թե հատ-կապես ապագան: Եվ որ հույսն ու հավատը մեզ միշտ զորավիգ կլինի. «Եվ կհաղթանակենք, քանզի ցեղի հեթանոս աստվածները՝ Հայկն ու Վահագն՝ պիտի բարձրացնեն շանթընկեց մեր բազուկը և վարեն նրա հարվածները» (Նժդեհ):
ԽՄԲԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ
Գևորգ Հովհաննիսյան, <<ՀԱՅՈՑ ՏԵՐԵՐԸ>> գրքից, էջ 6-9
Комментариев нет:
Отправить комментарий