20.06.2013

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԸ՝ ԱԶԳԵՐԻ ԱԶԱՏԱՐԱՐ


Վրաց պատմագրության մեջ պահպանված վկայությունների համաձայն (Լեոնտիոս Ռուսեցի, 11-րդ դար, <<Վրաց թագավորների և նախահայրերի ու տոհմերի պատմությունը>>, Վախուշտի Բագրատիոն արքայազն, 17-րդ դար, <<Վրաստանի պատմությունից), հայերի (սոմեխների),  վրացիների (քարթվելների), աղվանների (ռանների) և կովկասյան մի քանի ազգերի նախահայրը եղել է Թորգոմը (Թորգամոս), որը բաբելոնի աշտարակաշինության ձախողումից հետո բնակություն է հաստատում Մասիս  և Արագած լեռների միջև ընկած տարածքում: Թորգոմն աստիճանաբար իր տիրապետության սահմանները հասցնում է Պոնտական ծովից (Սև ծով) մինչև Գուրգանի ծով (Կասպից ծով) ու Օրեթի (Կորդվաց) լեռներից մինչև Կովկասյան լեռներ (ինչպես տեսնում ենք <<ծովից ծով>> ու լեռնափակ տերություն էր): Նա ուներ յոթ որդի, որոնք էին Հայկը (Հայոսը), Քարթլոսը, Բարդոսը, Մովկանը, Լեկոսը, Հերոսը, Եգրեսը, Կովկասը (ըստ ընդունված տեսակետի Քարթլոսը վրացիների նահապետն է, Բարդոսը աղվանների, Եգրեսը եգերացիների (չերքեզների կամ աջարների), Կովկասը  Կովկասյանների (հավանաբար Մեծ Կովկասի վրա բնակվող ազգերի): Լեկոսի, Մովկանի և Հերոսի մասին դժվար է որոշակի բան ասել):
   Ավագ և ամենաքաջ որդին Հայկն էր, որի մասին ասվում է, որ նրա նմանը ո՛չ ջրհեղեղից առաջ կար և ո՛չ էլ հետո: Թորգոմը մահից առաջ իր տերությունը բաժանում է երկու մասի. կեսը՝ բուն Հայոց երկիրը տալիս է Հայկին, իսկ մյուս կեսը՝ բուն Հայոց երկրից դուրս գտնվող ու երևի նվաճված տարածքները, ըստ ավագության՝ մյուս որդիներին:  Թորգոմի որդիներն ապրում էին խաղաղ և համերաշխ, բայց անկախ ու ինքնուրույն չէին, այլ ենթարկվում էին բռնակալ Նեբրովթին և հարկատու էին նրան: Եվ ահա մի օր Հայկը դիմում է իր եղբայրներին՝ կոչ անելով  ունենալով զորություն և բազում ժողովրդի չծառայել  օտարի, այլ՝ ճշմարիտ (արարիչ) աստծուն:

    Վերջին արտահայտությունը, որն անհասկանալի է հնչում ընդհանուր շարադրանքում, օգնում է հասկանալ հայ պատմիչ Թովմա Արծրունին: Նա հայտնում է, որ Նեբրովթը ինքնակամ իրեն հռչակել էր որպես ամեհահինը, ժամանակից դուրս, աստծո (Արամազդի - հեղ.) հայր, Արամազդին հրամայող, և ըստ դրա էլ՝ անվանափոխվել ու կոչվել էր Բել (Թովմա Արծրունու վկայությամբ քաղդեացիները հին աստվածներից (դիցերից)  առաջինը համարում էին Բելոս-Բելին՝ Դիայի հորը, որին  հայերը անվանում էին Արամազդ: Բելը համարվելով ժամանակի առաջնային դից համադրվում է հունա-հռոմեական Կրոնոս-Սատուրն, պարսից Զրվան դիցերի հետ: Իսկ ընդհանրապես, աքքադերենում և ընդհանուր սեմական լեզուներում Բել նշանակելով <<տեր, տիրակալ>> եղել է շումերական Էնլիլ, աքքադական Ադադ, բաբելոնյան Մարդուկ, ասորական Աշշուր առաջին նշանակության դիցերի կոչում, դիմելաձև):
    Այնուհետև, մարդկության նահապետների անունները կասկածելի ձևով այլափոխելով հրաման էր արձակել իր տիրապետության տակ եղած ժողովուրդներին ամենուրեք կանգնեցնել իր արձանը, երկրպագել նրան որպես աստծո և զոհ մատուցել: Սրանով հանդերձ Նեբրովթը զարկ էր տվել կռապաշտությանը: Պաշտում էին ո՛չ միայն Նեբրովթին, այլև՝ նրան հաճո և հնազանդ թագավորներին, երևելի հսկաներին ու քաջերին, որոնց պաշտամունքի համար ձեռակրետ կուռքեր էին կանգնեցվում: Դրա համար էլ, քաջ ու անվանի, ազատատենչ Հայկը չհանդուրժելով նման ինքնակոչ բռնակալին և ըմբոստանալով նրան պետք է դիմեր այս դիպուկ խոսքերով. <<Դու ո՛չ թե աստված ես, այլ՝ շուն, իսկ քո հետևից քարշ եկողները՝ շների երամակ>>:
    Այժմ մեկնաբանենք վրացի պատմիչների հաղորդածը: Կարծում ենք, որ նրանք շփոթում են այն, որ Բաբելոնի աշտարակաշինության ձախողումից հետո Թորգումն է բնակություն հաստատել Հայոց աշխարհում, քանի որ Մովսես Խորենացու ավելի վաղ վկայությամբ դա եղել է Հայկը, որը սակայն, բնակություն է հաստատել ո՛չ թե Մասիս և Արագած լեռների միջև, այլ սկզբում՝ Վանա լճից հարավ, այնուհետև՝ հյուսիս-արևմուտքը ընկած տարածքում ու այն անավանակոչել Հարք (այսինքն՝ <<հայրեր Թորգոմի տան սերնդի>>): Միայն  նրա Արամանյակ որդին և Ամասիա թոռը հետագայում բնակություն հաստատեցին Մասիս և Արագած լեռների միջև ընկած տարածքում (Արամանյակը Արագածոտնում, Ամասիան՝ Մասյացոտնում): Նշանակում է՝  Թորգումը ո՛չ մի տեղ էլ չի գաղթել, այլ՝ սկզբից էլ բնակվելիս է եղել Մասիս և Արագած լեռների միջև ընկած տարածքում (ավելի ճիշտ՝ այս տարածքը Թորգոմի ոստանն էր):
    Այժմ մտորելու տեղիք է տալիս այն, թե ի՞նչ էր անում Հայկը գերդաստանով Նեբրովթի տերության աշխարհակենտրոն Բաբելոն <<խառնակ>> քաղաքում, որտեղ և ունեցավ Արամանյակ որդուն, որի մասին նույնությամբ վկայում են  Մովսես Խորենացին և Թովմա Արծրունին, և ինչպե՞ս  նա հայտնվեց այնտեղ: Մի բան միանշանակ է. աշխարհակալ Թորգոմ արքայի ավագ, քաջ և ազատատենչ  որդին, որ պետք է ժառանգեր հայոց թագավորությունն ու բուն   Հայոց երկիրը, կամովին չեր լքի այն և տրվեր որևէ մեկի ողորմածությանը, որպեսզի հետագայում ըմբոստանար ու վերադառնալով հայրենիք՝ ընդհանուր ապստամբություն կազմակերպեր նրա դեմ (Մրովելու վկայությամբ բացի եղբայրներից՝ Հայկին միացան մի քանի այլ ժողովուրդներ, իսկ հետագայում՝ Նեբրովթի հետ տեղի ունեցած ճակատամարտում  նրան օգնություն ցույց տվեցին արևմտյան այլ ժողովուրդներ ևս):
    Պատմիչները լռում են այդ մասին, չնայած ենթադրվում է, որ Հայկը Նեբրովթին հպատակ մյուս հսկաների հետ մասնակցում է Բաբելոնի աշտարակաշինությանը: Սակայն ի՞նչ հանգամանքներում էր նա հայտնվել այնտեղ՝ դեռ պարզ չէ:
   Մեր կարծիքով այս հարցի սպառիչ պատասխանը գտնելուն օգնում է <<Սասնա Ծռեր>> ազգային էպոսը՝ վերջինիս հետ համադրելով պատմական հայտնի նյութերը:
    Այժմ զուգահեռաբար ներկայացնենք մարդկության երկու նահապատների՝ Հաբեթի (Հապետոսթեի) և Քամի (Տիտանի), Մովսես Խորենացու հիշատակած մի հատված:
    Այսպես՝
Հաբեթը սերում է Գամերին - Քամը սերում է Քուշին,
Գամերը սերում է Թիրասին - Քուշը սերում է Մեստրայիմին,
Թիրասը սերում է Թորգոմին  -  Մեստրայիմը սերում է Նեբրովթին,
Թորգոմը սերում է Հայկին - Նեբրովթը սերում է Բաբին:

Այնուհետև պատմիչների պնդմամբ Մեստրայիմը Մեծրայիմն է, որի տակ հասկացվում է  Եգիպտոսը, իսկ Նեբրովթը Բելն է, որը  եթովպացի է եղել (ի դեպ, Թովմա Արծրունու վկայությամբ Եթովպիան Եգիպտոսի մասն էր կազմում): Այսինքն, Մեստրայիմը Եգիպտոսի տիրակալն էր (ընդունված տեսակետի համաձայն՝ նաև եգիպտացիների նահապետը): Ուշագրավ է, որ Մովսես Խորեացու մոտ, ով  իր իսկ վկայությամբ առանձնապես զբաղվել էր Նեբրովթի ինքնությամբ, չի շեշտվում Մեծրայիմի ազգային պատկանելիությունը՝ հավանաբար, նկատի ունենալով նրա բնիկ եգիպտացի լինելը, այլ՝  առանձին շեշտվում է Նեբրովթի եգիպտացի՝ իր նախորդից տարբեր ազգության  լինելը: Մյուս կողմից, վերը նշված տոհմածառում <<սերել>> հասկացության տակ  ուղղակի հասկանալով <<սերունդ առաջ բերել>>  նշանակությունը, համենայնդեպս եզրակացնում ենք, որ Նեբրովթի մայրը եգիպտացի չէր, այլ՝ Եգիպտոսի եթովպացի թագուհի: Բայց այս պարագայում ևս, Խորենացին չէր շեշտի Նեբրովթի եթովպացի լինելը, եթե նրա հայրը լիներ եգիպտացի Մեծրայիմը, որի որդին, բնականաբար, Եգիպտոսում տիրող հայրիշխանության պայմաններում կլիներ հոր ազգության կրողը: Նշանակում է Նեբրովթի հայրը Մեծրայիմը չէ:
   Իսկ ո՞վ էր նրա իրական հայրը, որի Տիտանյան կոչեցյալ զորեղ ու հաղթանդամ որդին ժառանգելով Եգիպտոսը՝ պետք է ստեղծեր բիրտ ու ահեղ, սուրն ընկերոջ կողը կոխող,  մեկը մյուսին  տիրելու ձգտող հեղինակությունների վրա հիմնված տերություն և կառուցեր Բաբելոն քաղաքը, իսկ հետո վերածվեր որովայնի համար ապրող արատավոր, անզուսպ բռնակալի ու ինքնակոչի:  Իզուր չէ, որ Թովմա Արծրունին Նեբրովթին նկարագրելով, որպես վիթխարի հասակ ունեցող հսկա ու զորեղ համարելով Հերակլեսից ու Ալեքսանդր Մակեդոնացուց, միաժամանակ, ներկայացնում է նրա շատակերությանը վերաբերվող չափազանցված պատմություններ: Մեզ հուզող այս հարցի պատասխանը ևս կգտնենք էպոսում:
    Իսկ այժմ անդրադառնանք էպոսին:  Այսպես, էպոսում գործում են ժամանակային առումով իրար հաջորդող  երկու Մսրա մելիքներ: Վերջիններիս անվանումն արդեն հուշում է, որ սրանք <<Մսր>>  երկրի տիրակալներն են:  Էպոսագիտությունը Մսրը նույնացնում է Եգիպտոսի հետ,  որի օգտին է խոսում պատմիչների Մեստրայիմ-Մեծրայիմ-Եգիպտոս նույնացումը: Եվ վերջապես, էպոսի ստորև բերվող շարադրանքից պարզվում է, որ սրանց միջև ազգակցական ուղղակի կապ չկա: Այսպես, ավագ Մսրա մելիքն ու Մեծ Մհերը մենամարտում են իրար հետ,  սակայն հաշտվում են ու երդվում իրենցից մեկի մահանալու դեպքում տեր կանգնել մահացածի ընտանիքին ու տերությանը:  Ավագ Մսրա մելիքը լինելով տարիքով մեծ մահանում է ու Մեծ Մհերը լքելով Սասունը տեր է կանգնում նրա կնոջը՝ Իսմիլ խաթունին, որից էլ սերում է կրտսեր Մսրա մելիքին, և որը  Մեծ Մհերի Սասուն վերադառնալուց հետո ժառանգում է  մոր խնամառության տակ գտնվող երկրիը:
   Այնուհետև վերադառնալով հայրենիք, Մեծ Մհերը Արմաղանից սերում է Դավիթին ու երկուսն էլ մահանում են: Դավթի մանկապատանեկությունը անցնում է Մսրա մելիքի խնամառության տակ, իսկ Սասունն էլ դառնում է վերջինիս հպատակ ու հարկատու: Հետո վերադառնալով հայրենիք՝ Դավիթը մարտահրավեր է նետում ու մենամարտում սպանում Մսրա մելիքին:
   Համեմատելով Նեբրովթի և Հայկի մասին պատմիչների տեղեկությունները էպոսի  նշված նյութերի հետ, եզրակացնում ենք, որ էպոսի Մսրա մելիքները Մեստրայիմն ու Նեբրովթն են, իսկ Մեծ Մհերն ու Դավթի հավաքական կերպարների հիմքում ընկած են նրանցում ծպտված Թորգումն ու Հայկը:
   Սրանով հանդերձ, Նեբրովթի հայրը Թորգումն էր: Սրա օգտին է խոսում և այն, որ նետահարված Բելի դիակը  Հայկը հրամայում է տանել Հարք, զմրսել ու թաղել մի բարձրավանդակ տեղում, ի տես իր կանանց, որդիների  ու մյուսների:  Թե ինչո՞ւ պետք է Հայկը այդ աստիճան հարգալից վերաբերվեր այդքան ատելի թշնամու դիակի հանդեպ անհասկանալի է, եթե, իհարկե, նրանց միջև ազգակցական, հետևաբար և՝ պարտավորեցնող, կապ չկար: Ուշագրավ է և այն, որ հայոց որոշ ավանդազրույցների համաձայն Նեբրովթ լեռը անվանակոչվել է Նեբրովթի անունով:
    Իսկ այժմ պատասխանենք այն հարցին, թե ի՞նչ էր անում հայկը Բաբելոնում: Մովսես Խորենացին հաղորդում է, որ մինչև Հայկի Հասաստան գալը՝ հայրենիք վերադառնալը, երկրի շատ տեղերում ցիրուցան ապրում էին սակավաթիվ մարդիկ, որոնք կամովին հնազանդվեցին նրան՝ լավ տեղյակ լինելով նրա ծագմանը: Այսինքն՝ Հայոց երկրում մինչև Հայկի վերադարձը միասնական իշխանություն չկար: Ուրեմն ի՞նչ աղետ էր կատարվել մեր աշխարհում, որի հետևանքով երկրիը ամայացել էր ու բնակչությունն էլ ցրվել երկրով մեկ:  Էպոսն ասում է, որ Մեծ Մհերի մահից հետո Մսրա մելիքը արշավել էր Սասուն և հարկատու դարձրել այն, ուստի եզրակացնում ենք, որ Թորգոմի մահից հետո Նեբրովթը ասպատակելով Հայոց աշխարհը՝ մասնատել էր տերությունը, հարկատու դարձրել նրա առաձին երկրամասերն ու գահի ըմբոստ ժառանգորդ Հայկին իր մոտ պատանդ տարել՝ փորձելով նման  ձևով բացառել իր դեմ գործելու որևէ հնարավորություն: Բայց Հայկը, այնուամենայնիվ, ըմբոստացավ նրա դեմ ու երեք հարյուր քաջերի հետ գերդաստանով վերադառնալով հայրենիք՝ համախմբեց հայրենակիցներին ու եղբայրներին: Այնուհետև, նա  եղբայրների և այլոց հետ ասպատակելով  Նեբրովթի դեմ՝ ճակատամարտում նետահարեց նրան: Արդյունքում,  կործանելով նրա բռնապետությունը Հայկը վերականգնեց երկրի անկախությունն ու Հայոց միասնական տերությունը սկիզբ դնելով Հայկազունների արքայատան շառավղին:
   Սրանով հանդերձ, այժմ փորձել հիմնավորել, թե ինչո՞ւ  Թուգոմն ու Հայկը կապվեցին էպոսի գլխավոր հերոսների հետ:  Այսպես, էպոսը հիմնականում ձևավորվել է Տարոն աշխարհում:, իսկ Հայկը առաջնապես հայոց պետականությունը վերականգնեց Տարոնի Հարք գավառում, որը  <<Թորգոմի տան սերնդի հայրենի>>՝  այսինքն՝ Թիրասի, Գամերի, Հաբեթի բնակության վայրն էր:
    Ավանդական պատմագրության մեջ ընդունված է Հայկին համարել մեր երկրի, իսկ մի մասի  կարծիքով՝ նաև ազգի, անվանադիր նախնի՝ հիմք ընդունելով Մովսես Խորենացու այն հեղինակավոր պնդումը, թե  նրա անունով մեր երկրը կոչվեց Հայք: Սակայն, ասվածից երբեք էլ չի հետևում, թե այնտեղ բնակվողները նախկինում հայ չէին կոչվում: Հայկ անձնանունը արդեն իր մեջ կրում է <<հայ>>  ազգային պատկանելիություն ցուցանող արմատը, իսկ <<Հայք>>-ը  բառացի  նշանակում է <<Հայեր>> և, միաժամանակ, տարածքային իմաստով՝  <<Հայերի երկիր>>:  Մյուս կողմից չի բացառվում, որ նախկինում այլ ձևով անվանակոչված Հայոց երկիրը Հայկի անունով վերանվանվեր և դառնար Հայք,  ինչպես ըստ Խորենացու Արամ Նահապետի անունով՝ Արմենիան:  Նշենք նաև, որ Հայագիտության մեջ Հայկը հայտնի է նաև որպես տոմարաստեղծ նախնի և դիցական հերոս:
    Սակայն, Հայկ Նահապետի գործունեությանը լիարժեք գնահատական տալու համար անհրաժեշտ է անդրադառնալ Նեբրովթի՝  <<Եհովայի առաջին զորավար որսորդի>> (ինչպես Բիբլիայում է նա անվանված) գործունեությանը: Բիբլիական հայտնի ավանդությունը ասում է, որ բաբելոնյան աշտարակաշինության ժամանակ տեղի ունեցավ <<լեզուների խառնակություն>>:  Իսկ Մովսես Խորենացու և Թովմա Արծրունու պատմածի համաձայն Նեբրովթն էր, որ կառուցել էր Բաբելոն քաղաքը և գոռոզամտությամբ հղացել աշատարակաշինության գաղափարը: Սրանով հանդերձ, եզրակացնում ենք, որ  նա իր տերությունում ապրող ազգերին պարտադրել էր խոսել մեկ լեզվով:
 Ի միջի այլոց,  զարմանալի է, որ Բիբլիայի գրիչներն իրենց իսկ քարոզած առաքինություններին հակասող Նեբրովթին՝ այդ ինքնակոչ աստծուն, որովայնի համար ապրող արատավոր ու կռապաշտությանը զարկ տվող մարդուն <<զորավար որսորդ>> են կոչում: Միգուցե նրա համար, որ նա իր տերությունում միասնական լեզու էր հռչակել իրենց հոգեհարազատ որևէ նախնական լեզու (Թովմա Արծրունին ակնարկում է, որ լեզուների խառնակությունից հետո իր մայր լեզուն պահպանեց միայն եբրայեցիների նահապետ Եբերը):
    Եվ այդ բռնապետ-աշխարհակալը սպանվում է Արի Հայկի կողմից, որին պետք է հաջորդեր   նրա տիրապետության ավարտն ու  տերության մասնատումը: Իսկ պատմության մեջ և բիբլիայում նկարագրված՝ բաբելոնյան աշտարակի կործանումը <<աստվածային հողմի>> միջոցով և դրան հաջորդող լեզուների խառնակության պատմությունները մեր խորին համոզմամբ ոչ այլ ինչ են, եթե ոչ Հայկ Նահապետի առաջնորդությամբ բիրտ ուժի գործադրման ու կրոնապետության վրա հիմնված Նեբրովթի համաշխարհային բռնատիրության կործանում, այն է՝  մեկ ընդհանուր լեզվականության վրա հիմնված բազմազգ կայսրության մասնատում, ազգային տերությունների վերականգնում և ազգային լեզուների զարթոնք, իրողություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հիշատակվել: Սրանց օգտին է խոսում Մովսես Խորենացու այն կարևոր միտքը (<<Պարսից առասպելներից>> մեկում) , որ լեզուների տարածվելը երկրով մեկ չկատարվեց խառնիխուռն և առանց առաջնորդների, այլ՝ <<աստվածային ակնարկությամբ>> որոշվեցին գլխավորներ ու ցեղապետներ,  որոնցից յուրաքանչյուրն իր սահմանը ժառանգեց կարգով ու զորությամբ: Այս վերջին նշված իրողություններն էլ վկայում են համաշխարհային քաղաքակրթության և ազգային քաղաքակրթությունների կերտման մեջ Հայկի ունեցած վճռորոշ դերի,  այսինքն՝ Հայոց Նահապետի ազգերի ազատարար ու աստվածամարտիկ լինելով՝  որպես ճշմարիտ աշխարհակարգ հաստատողի մասին:
   Եվ թո՛ղ հիշեն համաշխարհային տիրապետության ձգտող այսօրվա օտար ուժերը, որ Արի Հայկի ցեղակից սերունդները դեռ կան ու հավերժ կլինեն...:

Վարդան Լալայան
<<Դարձ>>, 2001, թ. 25, մայիս //
Ազգային պետական գործիչներ,
<<ՀԱՅՐԵՆԻՔ>> ակումբ, Եր., 2008

Комментариев нет:

Отправить комментарий