17.04.2013

Իշխան ԲԵԲՈՒԹՈՎ ՎԱՍԻԼԻ


Հայկական Մարզի կառավարիչ (1830-1828թթ-ին)
Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ (10.10.1843թ.)
Ռուսական բանակի հետևազորի գեներալ (բանակի գեներալ, 1856թ.)
 
Ռուսաստանի պետական խորհրդի անդամ (1857թ.)
Կովկասի փոխարքայի պաշատոնակատար (1857-1858թթ-ին)


Վասիլի Օսիպի Բեբութով (Բարսեղ Հովսեփի Բեբության) (ծն. 1791թ., Թիֆլիս - 10.03.1858թ., Թիֆլիս) ռուսական ռազմական ականավոր գործիչ է, հայ-գրիգորյանական: Արժանացել է Ռուսաստանի բարձրագույն Սուրբ Անդրեյ Նախավկայի շքանշանի (1854թ.): Սովորել է Թիֆլիսի ազնվական դպրոցում և 1807-1809թթ-ին՝ Պետերբուրգի առաջին կադետային կորպուսում: Զինվորական ծառայությունն սկսել է 1809 թ-ի դեկտեմբերի 13-ին Խերսոնյան գրենադական գնդում: 1810 թ-ին նշանակվել է Կովկասյան զորքերի հրամանատար գերենալ Տորմասովի համհարզ, իսկ 1812թ-ին նրա հետ փոխադրվել է Լատվիա: Մասնակցել է 1812 թ-ի Հայրենական պատերազմին, կռվել ֆրանսիական մարշալ Մակդոնալդի դեմ և հասել մինչև  Մեմել: 1816թ-ին նշանակվել է Կովկասի կառավարչապետ Ա.Պ Երմոլովի համհարզ: 1817 թ-ին, դիվանագիտական հանձնախմբի կազմում, գեներալ Երմոլովի հետ Հայաստանով անցել է Թավրիզ ու Թեհրան: 1821-1825 թթ-ին եղել է լեյբ գվարդիայի Սեմյոնովյան կապիտան, ապա՝ Մինգրելյան գնդի հրամանատար: Մասնակցել է կովկասյան մուսուլմանական ցեղերի դեմ մղվող մարտերին: 1825-1827թթ-ին եղել է Իմերեթիայի կառավարիչ: Քաջաբար մարտնչել է 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմում, ռազմավարական մեծ հմտություն դրսևորել Ախալցխայի գրավման ու պաշտպանության ժամանակ (1828թ-ի օգոստոսի 9-ին ջախջախել է Քոսա Մահմեդ փաշայի 30 հազարանոց բանակը): 1830-1838թթ-ին եղել է Հայկական մարզի կառավարիչ: 1844թ-ին նշանակվել է Հյուսիսային և Լեռնային Դաղստանի զորքերի հրամանատար, կռվել լեռնականների առաջնորդ Շամիլի դեմ:
1847-1853թթ-ին և 1854-1858 թթ-ին եղել է Անդրկովկասյան եկրամասի քաղաքացիական վարչության պետ և գլխավոր վարչության նախագահ: 1853-1856թթ. Ղրիմի պատերազմի ժամանակ եղել է Կովկասյան կորպուսի հրամանատար: Աչքի է ընկել Բաշքյադիքլարի (01.12.1853թ., թուրքերը տվել են 8 հազար սպանված) և Քյուրուկ-Դարայի (24.06.1854., 20 հազարանոց բանակով գլխովին ջախջախել է Մուստաֆա փաշայի և նրա խորհրդական, անգլիացի գեներալ Գյույոնի 60 հազարանոց բանակին) ճակատամարտերում: Քյուրուկ-Դարայի մոտ տարած փայլուն հաղթանակի մասին լուրն ստանալուց հետո Նիկոլայ Ա կայսրն ասել է. <<Իշխան Բեբութովն ուզում է զարմացնել ինձ իր հաղթանակներով, իսկ ես նրան կզարմացնեմ իմ պարգևներով>>, և Կովկասում առաջիններից մեկը, նրան պարգևատրել է Ռուսաստանի կայսրության բարձրագույն՝ Սուրբ Անդրեյ Նախավկայի շքանշանով (այս պարգևը նախատեսված չէ գեներալ-լեյտենանտի կոչման համար): 1854թ-ին նշանակվել է Հյուսիսային  Կովկասի և Անդրկովկասի քաղաքացիական մասի կառավարիչ և Ռուսաստանի սահմանային զորքերի հրամանատար: 1857թ-ին հաստատվել է Ռուսաստանի Պետական խորհրդի անդամ և Կովկասի փոխարքայի պաշտոնակատար: Գեներալ-մայորի աստիճանի արժանացել է 1828թ-ի սկզբներին: Պարգևատրվել է Սուրբ Ալեքսանդր Նևսկու երկու (1849թ., 1850թ.), Սպիտակ Արծվի (18472.), Սուրբ Գեորգիի 4-րդ (1830թ.), 3-րդ (1846թ.), 2-րդ (1853թ.), Սուրբ Վլադիմիրի 4-րդ (1820), 2-րդ (1845թ.), Սուրբ Աննայի 4-րդ (1812թ.), 1-ին (1829թ.), պարսկական՝ Առյուծի և Արևի 1-ին (1835թ.) աստիճանի շքանշաններով, <<Խիզախության համար>> ոսկե սվինով (1829թ.), 35 տարի ծառայելու համար ՝ ոսկե զենքով (1852թ.), Պարսկաստանի շահի ադամանդազարդ նկարով (1851թ.):

<<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>> էջ 256,  Տիգրան Հայազն

Комментариев нет:

Отправить комментарий