22.02.2013

ՉԱՐԱՐՎԵՍՏ ՏԱԿԱՆՔՆԵՐԸ


    Պատմության մեջ նախընթացը չունեցող մի ողբերգություն է խաղացվում հայոց աշխարհում, մի արնոտ խաղ, որի գործող անձինք, որի դերակատարներն են բռնությունը, բռնության կենդանի գործիքները՝ հայ ժողովրդի տականքը, և բռնության զոհերը՝ ի՛նքը, հայ ժողովուրդը: Առաջին դերակատարաին պետք է հարատևել իր ոճրառատ գոյությունը, և ահա՛ նա դիմել է աշխարհի պես հին, ծանոթ միջոցին. նա պաշտոնի ու ծառայության է հրավիրել հայորեն ու մարդկորեն ընկածներին՝ վարձելով սրանց չարարվեստ միտքը, կամքը, ցանկությունը: Նոր գյուտ չէ այն բարոյազուրկ գործելակերպը, որին դիմել է հայությունը գիշատող կարմիր բռնությունը: Նա  համարձակ կրկնությունն է դասական այն տմարդ միջոցների, որոնց հենված արվեստապես հարատևող են անցյալի բոլոր տեսակի բռնակալությունները: Երկրորդին՝ բռնության ծառաներին, պետք է ապահովել իրենց հանապազորյա անսուրբ հացը: Երրորդին՝ ապրելու համար պետք է անբռնադատորեն  զարգանալու և ստեղծագործելու հնարավորություն: Երեք կողմերն էլ ապրել են ուզում՝ և՛ բռնակալը, և՛ իր գործիքները, և՛ իր զոհերը:
     Անխուսափելի պարտության սարսափով խելագար բռնակալությունը, իր մոլեգնության հետ կրկնապատկում է ժողովուրդների չարչարանքները: Չարչարվող ժողովուրդն իր հերթին՝ վերջնական հաղթանակի անմեռ հույսերով սպառազեն, կրկնապատկում է իր համառությունը՝ հրաժարվում զինաթափել հոգեբանորեն:
       Ահա՛, այսպես, կյանքը Հայոց աշխարհում դառել է միահեծան իշխանություն Կարմիրների, երեսուն արծաթէ սրանց գործիքների,  ամենօրյա գողգոթա՝ մեր ժողովուրդի համար: Այլ պիտի լիներ ժողովուրդների պատմությունը, եթե գոյություն չունենային ընկածներն ու ընկածությունը մարդկային: Առանց սրանց  գոյության պիտի չունենար բռնությունը մարդկային:
Առանց սրանց գոյության պիտի չունենար բռնությունը, որ անզիղջ վատերի սև գործերովն է շնչել բոլոր դարերում: Աներևակայելի բռնությունը՝ առանց իրեն ուժ տվող և իր գազանություններն արդարացնող չարագործների: Աներևակայելի է բռնավորը հոգեբանական մի այնպիսի մթնոլորտում, ուր չի ծախվում մարդը բարոյապես, ուր մարդը գայլ չէ իր նմանների համար: Մարդկային ազգը տառապել է և կտառապի իր տականքների երեսից:
     Իրենց տականքները՝ ահա՛ ազգերի իրական թշնամին: Իրենց տականքները՝ ահա ազգերի գոյությունը հաճախ և հաճախ դժոխքի վերածող ամենազորեղ ազդակները: Ազգորեն և մարդկորեն ընկածներն են կարելի դարձրել ապերասան բռնակալությունը Ներոնների, Ցեզար Բորջիաների, Համիդների և նմանների:
     Պիտ ուզենայի անգրագետ լինել- կբացականչեր մեկը Հռոմի թագավորներից՝ մի դժբախտի մահվան դատավճիռն ստորագրելիս: Դա Ներոնն էր, երբ դեռ կաշակերտեր Սենեկային: Մի օր, սակայն, իմաստասեր խորհրդականի փոխարեն Ներոնին կշրջապատեն ընկածները, չարերը և... նա իր հրեշություններով կգերազանցի պատմության ծանոթ բոլոր բռնակալներին:
      Այսպես է աշխարհը: Ժողովուրդները կշարունակեն տառապել իրենց տականքների երեսից: Դեռ ժողովուրդների կյանքը կշարունակի մնալ մի արնոտ ողբերգություն, որի գործող անձինքը երեքն են՝ բռնությունը, սրա ծառաները և սրա զոհերը: Միշտ էլ, երբ քաղաքական իրերի դժբախտ բերումով օտարն է իշխել Հայաստանում, համարձակ գլուխ է բարձրացրել մեր ժողովուրդների տականքը՝ ազգորեն հերձվածողը, հոգով ստրուկը, տկարը, սեղմ ասած՝ ազգային ինքնագիտակցության և ինքնահարգանքի զգացումից զուրկ ցանցառության տարրերը:
    Այսօր կարմիր սատրապություն է Հայաստան երկիրը և բռնությունը վերստին կյանքի և պաշտոնի է կոչել ծանոթ տարրերը: Այս անգամ, սակայն, ոչ թե երկիրի սահմաններում, ուր այդ տարրերի թիվը, պատի՜վ երկրի հայության, աննշան է գոյություն չունենալու աստիճան, այլ մեր գաղութներում: Տարաշխարհիկ հայության որոշ տարրերը, անցյալի իրենց պատմական փոքրոգությունը, իրենց դասալքությունը մեր վարած ազատագրական պայքարում՝ խորքով ու մոխրով ապաշխարհելու և երկրի հայության հոգեպես չարչարակից լինելու փոխարեն, իրենց դավաճան ընթացքով չարչարել են տալիս նրան: Հոգեբանորեն անդամահատություն, ահա՛ երկրում տեղի ունեցողը: Կարկիր հյուսիսից տրված հրամանի հիման վրա բարոյական անդամահատության է ենթարկվում երկրի հայությունը, նրա հոգևոր էությունը: Բռնի փորձեր են կատարվում մեր ժողովրդի հավաքական սրտից կտրել, նետել իր բոլոր սրբությունները, ինչպես և մարդկային այն բոլոր առաքելությունները , որոնց շնորհիվ միայն ազգերը կապրեն իրենց, կստեղծագործեն մարդկության համար: Զոհը կգալարվի ցավերի մեջ՝ մերթ աղերսելով, մերթ սեղմելով բռունցքը:
     -Կտրի՛, պարո՛ն, կտրի՛, - կասեր բոնապարտյան զինվորը իր վերքը մաքրող բժշկին, - մի քիչ էլ, - և ահա՛ դուք կտեսնեք թագավորը:
     -Կտրատե՛ք, քրքրե՛ք հոգիս, մի քիչ էլ, և դուք իմ էության խորքում կտեսնեք Մայիս քսանութի հպարտ հեղինակին, - ասում է Երկրի հայությունը իրեն հոգեբանորեն անդամահատության ենթարկողներին: Շարունակվում է անդամահատությունը: Մեկիկ մեկիկ հայության սրտից և ուղեղից հեռացնել են փորձում այն ամենը, որի շնորհիվ միայն որպես ազգ նա կարողացել է դարերով դիմագրավ լինել իսլամ Արևելքի հայասպան փորձերին: Ո՞ր մեկը, սակայն, Հայոց սրբություններից, ո՞ր մեկը արմատախլել հայոց հոգուց: Բոլորը: Բայց դա կնշանակեր դիակի վերածել, սպանել հայությունը:
     -Մոռացի՛իր Մայիս քսանութը, - գոչում են, սպառնում Երկրի հայության գաղութի ապազգայնացված տականքները: Աղմկում, հայհոյում, բռունցք են սեղմում հայորեն ընկածները, առանց հասկանալու, որ դա միևնույն է՝ թե ասեին Մասիս լեռան, դրա՛, կորի՛ր տեղիցդ:
      -Բոլշևիզմը սպանում է Հին Աստվածներին, առանց նորերը տալու, իսկ ազգերը չեն ապրել և չեն կարող ապրել առանց աստվածների - պատասխանում է Երկրի դառնացած հայությունը:
      -Մոռացի՛ր սրբություններդ, մեռելներդ, հերոսներդ, քանզի այդպես են կամենում հրեա Զինովիեվը և թուրք Քեմալը, - մոլեգնած կանչում են Կարմիրների գաղութային կապարճակիրները, առանց հասկանալու, որ իրենց, <<մոռացի՛ր>>-ը նշանակում է <<մեռի՛ր>>:  
      -Տարաշխարհներում օտարացածի և այլասերվածի ձեր այլանդակ ապրումներով մի՛ չափեք իմ ազատապաշտ հոգին, լռե՛ք, եթե չեք կարող վահան ու պաշտպանություն ընձեռնել ինձ, լռե՛ք և մի խրախուսեք իմ դահիճների հոգեսպան փորձը: Մի՛ գրգռեք Կարմիր գազանը: Հայության, մասնավորապես Երկրի հայության այդ հերոսական կեցվածքից կատաղած, ծանոթ փողոցը աղմկում է անլսելի. <<Խա՛չ հան այդ ապստամբ ժողովրդին, խա՛չ>>: Ամեն անգամ, երբ կմտածեմ այդ չարաբաստ հայանունների մասին, կպատկերացնեմ այն տեսարանը, որ տեղի է ունեցել հրեական ամբոխի և Հրեաստանի փոխարքայի միջև:
   Ամբոխը. - Եթե, - մատնանշելով Նազովրեցուն, - եթե ազատ արձակես սրան, կնշանակի Կեսարին բարեկամը չես:
      Պիղատոսը. - Ձեր թագավորի՞ն խաչ հանել տամ:
       Ամբոխը. - Մենք ուրիշ թագավոր չունենք Կեսարից բացի:
       Պատմությունը: Ինչպիսի՜ խոստովանություն հրեական շրթունքներից: Դա հանձումն էր մի ժողովրդի ազատության և պատմության:  Պիղատոսը հաճույքով ընդունում է այդ հաստատումը և Նազովրեցուն հանձնում խաչելու: Նույն տխուր տեսարանը և այսօր մեզանում: Նույն  ամբողը, դատավորը՝ նույն: Տարբեր է միայն զոհը գերագույն: Այսօրվանը Հիսուսը չէ, այլ՝ մեր անկախության գաղափարը: Նույն աստվածասպան ամբոխն է, մեր ցեղի վատասերված տականքը, որ օտարի միջոցով խաչել է տալիս այն ամենը, ինչ որ ազգային է: Նա կատարում է հանձնումը մեր Ազատության ու պատմության և շնականորեն հայտարարում.
    -Մենք այլ թագավոր չունենք Կեսարից զատ: Մի սրտառուչ համերաշխություն՝ ստելու, դավելու, քծնելու մի չտեսնված մոլեռանդություն, համառություն և վճռականություն է տիրում մարդկորեն ընկած այդ ազգադավ արարածների շարքերում,որոնք ազգ ճանաչելու և սիրելու ո՛չ արժանիք ունեն, ո՛չ էլ երջանկություն, որոնք մի կտոր անսուրբ հացի և իրենց անասնական հանգստի համար միշտ էլ արտաքին թշնամու հետ են եղել: Իրար բերան թքած կարծես լինեն բոլորը, բոլոր հակամայիսքսանութականները: Մշակած ու սրբագործված մի գործելակերպ ունեն սրանք, որքան հանճարեղ, այնքան բարոյազուրկ:
    -Իրենց դեմ ուղղված ամեն մի հարվածը, չարամիտ վարպետությամբ՝ ընդունել ուղղված խորհրդային իշխանության հասցեն, այդ վերջինը ավելի ևս գրգռելու Երկրի հայության դեմ: Քննադատեցե՛ք, թքե՛ք,  խարազանե՛ք այդ հոգեպես բորոտներին, և վաղը իրենց թերթերում կկարդաք, թե  ձեր զայրույթի քննադատական խոսքը ուղղված է եղել Հայաստանի օրվա վարիչների հասցեին:
     Ծաղրե՛ք, ծանակե՛ք, ձաղկե՛ք այդ հոգեպես խեղճ արարածներին և վաղը իրենց փողոցային թրթուկներում պիտի տեսնեք , որ ձեր զզվանքի խոսքը հայադավ նպատակներով ընդունել են իրենց տերերի և ոչ իրենց հասցեին: Փորձեք որևէ տեղ այս կամ այն առթիվ բանախոսել ամենաակադեմիական նյութի մասին, այդ հայանուն վատերը, անսպասելիորեն կնետվեն առաջ, հիստերիկ ճիչեր կարձակեն, ռեկլամային աղմուկ կհանեն, խուճապ կստեղծեն, որ ժամեր անց  սկսեն իրենց թղթե հարձակողականները՝ թզուկների արշավանքը հսկաների դեմ, որ հայհոյեն, հայհոյեն մե՛կ էլ, մինչև յոթերորդ քրտինքը, մինչև որ ուժասպառ կլինեն, մինչև որ Երևանը կլսի այդ շնորհունակների դոնքիշոտության մասին: Այս է, այսպիսին է մեր ցեղի տականքը, ներքին թշնամին՝ դրուժան, դավադիր, սիրախաղը ծանոթ հոսանքի հետ ապահովելու համար, մի աննախընթաց մոլեռանդությամբ նա գրգռում է խորհրդային իշխանությունը Երկրի ժողովրդի դեմ, իր չարագործությունները հակադաշնակցականնություն համարելով, երբ կատարածը իրապես հակահայկականություն է:
     Այսպես, հայ երիտասարդ, երկրի սահմաններից դուրս որոշ տականքներ Հայաստանի ժողովրդի նկատմամբ կատարում են գրգռիչի դեր: Քո անողոք դատաստանին հանձնելով սև արարքներն այդ տականքների, որոնք տմարդորեն թույն ու քացախ կավելացնեն մեր՝ քաղաքականապես դժբախտ ժողովրդին խմելու վիճակված դառնադառն բաժակին, զայրույթի և զզվանքի իմ խոսքը կուղղեմ ո՛չ թե բռնության, այլ իր հայակերպ գործիքներին: 

Комментариев нет:

Отправить комментарий