24.02.2013

ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎ. ՊԱՏԵՐԱԶՄ



Ժողովուրդների պատմությունը այլ բան չէ, քան իրենց գոյամարտի, իրենց հաղթությունների և պարտությունների պատմություն: 
    Պատերազմներն են օրորել մարդկության մանկությունը և ո՛չ խաղաղությունը, որը բնական վիճակը չի եղել, այլ՝ պատերազմների կարճատև դադար միայն:
   Աշխարհը կառավարում է հակամարտության օրենքը:
    Հաղթում է ուժեղը և ո՛չ արդարը:
    Վա՜յ թույլերին:
    Պատերազմում են, երբ պետք է նորանոր շուկաներ ձեռք բերել, ծովերի տեր դառնալ, երբ պետք է ինքնապաշտպանվել կամ ապահովել այս կամ այն երկրի անկախությունը:
    Պատերազմ է անվերջ, և եթե երբեմն ժողովուրդները կռվադաշտում չեն, ապա նրանք զորանոցներում են, ուր խելահեղորեն պատրաստվում են նորանոր բախումների համար:
     Չեզոքության են դիմում թույլերը միայն, հաճախ բաժանելով պարտվածների ճակատագիրը: Էապես չկան չեզոքներ: Եթե երկուսն այսօր բարեկամ են - նշանակում է թե նրանք զինակցել են մի երրորդի դեմ:
     Անբարոյականանում են անմարտունակ ազգերը:
     <<Խաղաղությո՞ւն ես ուզում՝ պատրաստվիր կռվի>>, ա՛յս է մնում օրվա հրամայականը:
      Հարձակվում է, ով իրեն ուժեղ և պատրաստ է զգում հարձակվելու՝ լավագույն պաշտպանողականը համարվելու նախահարձակողականը:
     Հարձակվում է նա, -ով որ իր դիմացը թուլություն է տեսնում:
   Ամեն ժողովուրդ, երկաթե անհրաժեշտությունից մղված, նախապատրաստվում է, անում այն, ինչ որ անում են բոլորը:

     Թույլը սարսափում է՝ չլինի թե կուլ գնա ուժեղին, իսկ ուժեղը արթուն հսկում է, որ իր հակառակորդը չգերազանցի իրեն:
      Եվ խաղաղապաշտ ու անարի ժողովուրդները տկարանում են և դառնում որսը նրանց, որոնց ուժը աճում է և ծավալվում անդիմադրելիորեն:
      Պատերազմը գալիս է հակառակ մեր ցանկության, որովհետև հակամարտության օրենքն է կառավարում աշխարհը:
    Պատերազմը ժողովուրդների կյանքում անխուսափելի պահ է - դա չի մղվում սոսկ գիտակցական հաշիվների համար, դա մեկն է մարդկային բարեշրջման ամենաբուռն արտահայտություններից: Պատերազմը բնազդ է, - այդ է պատճառը, որ մարդիկ պատերազմում են համարյա ակամայից, դեմ գալով գիտակցության պահանջներին, բարոյական օրենքներին, և հետևանքներին գիտակցաբար անդրադառնում հաշվեհարդարից, հաղթությունից կամ պարտությունից հետո:
     Խաղաղությունը օրվա մարդկության համար ոչ այլ ինչ է, քան հոգնածություն:
      Պարտված է այն ժողովուրդը, որը շուտ է հոգնում:
     Պատերազմի է ձգտում նա, որ կազդուրված է:
     Պատերազմը կազդուրվածի, առողջի ցանկությունն է, ինչպես որ խաղաղությունը թույլի բաղձանքը, հոգնածի՝ երազը:
     Անշուշտ, խաղաղությունը հոգնած ժողովուրդների համար բարիք կլիներ, եթե պատերազմից հաղթական դուրս եկածները խաղաղությունը չարաշահել չիմանային:
     Խաղաղության չարաշահումն ավելի՛ է աղիտավոր պարտված ժողովրդի համար, քան նույնիսկ պատերազմը:
     Պատմության մեջ քիչ են կոտորածային ոչնչացումների դեպքերը, մինչ հսկայական ժողովուրդներ աննպաստ խաղաղության մեջ, առանց արյունոտ հարվածների, անհետացել են դանդաղորեն:
      Պատերազմների մեջ հաղթանակում է արին - այս նշանակում է՝ հաղթում է նա, ով սանձահարել է իր սեփական սարսափը, ով թշնամու հետ չափվելուց առաջ կառուցել է հաղթանակի շենքն իր հոգում:
       Մեքենական կոպիտ ուժերի բախումը չէ պատերազմը, այլ՝ ժողովուրդների հոգեկան կարողությունից:
       Դեռ ավելին՝ պատերազմը ժողովուրդների աստվածների գոտեմարտն է: Տեխնիկան՝ զենքն է, միջոցը, հոգին՝ պատերազմի դարբինը:
      Զենքն անհրաժեշտ է - սակայն արի բազուկների մեջ:
     Պայքարի պատրաստվող ժողովուրդները նախ սպառազինվում են հոգեբանորեն:
      Անտեսվա՞ծ է այս պայմանը - անխուսափելի է պարտությունը և տեխնիկական միջոցների հանձնումը թշնամուն:
       Հաղթելու համար պետք է սեփական պարտությունը հաղթել:
      Ժողովուրդները չեն պարտվում, եթե չեն ուզում պարտվել:
      Քանի դեռ տրտնջում է, աղերսում, լալիս մի ժողովուրդ՝ պետք չէ օգնել նրան, քանզի այդպիսին կամովին հրաժարվում է իր գոյության իրավունքից:
     Չարժե և չի կարելի օգնել ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:
      Իրավունքը ուժի հասկացողություն է և ոչ տրամաբանական, ինչպես և պայքարը հանուն իրավունքի - բարոյական հիմքը ժողովուրդների գոյության - անծեք չէ, այլ օրհնություն:
     Դատապարտված է մի ժողովուրդ եթե նա իրավունքը զոհաբերում է իր հանցավոր հանգստին և ոչ ընդհակառակը:
         Անպարտելի է այն ժողովուրդը, ով ղեկավարվում է ոգու ձեռքով:
        Էլ ոչինչ այն ամենից, ինչ որ արվել և արվում է արտաքին թշնամու գործը հեշտացնելու համար - սա պիտի լինի ինքնազգաստացումի և փրկության հրավիրող մեր օրվա աղաղակը:
        Վաղը հաղթելու է նա, որը մինչև այդ վաղը իր հոգու մեջ կտանի հաղթանակը:
        Հասկացա՛նք, հարազատե՛նք այս ճշմարտությունը և աշխատե՛նք վաղվա համար - եթե չենք ուզում կորչել որպես ազգ:
        - Մեռնել, բայց հաղթել:
         Շատ անգամ հաղթում է այն կողմը, որը նվազ է կրակում: Վախկոտն է հաճախակի աղմկում, մատնելով իր անարիությունը: Հրացանից, գնդացրից, թնդանոթից չէ՛, որ սարսափում է թշնամին, այլ՝ քար լռությունից:
      Հաղթում է ա՛յն կողմը, որը վստահ է ո՛չ թե իր սպառազեն բռունցքի, այլ՝ իր ներազեն գերազանցության:
       Երկաթե զենքերի դեմ հե՛շտ է վահան գտնել, բայց ոչ և ոգու զենքերի, որպիսին են ցեղի զենքերը:
      Հաղթանակել կռվում, նշանակում է՝ մահվան սպառազենով իր կամքը պարտադրել հակառակորդին:
      Մահ սպառնալ - ահա՛ կռվի ողջ էությունը, և դաժանությունը, միաժամանակ:
     Հետախուզական պարզ աշխատանքից սկսած մինչև բարդ և բախտորոշ ճակատամարտը՝ կռվող կողմերը իրապես մրցում են ահավորության մեջ:
      Խոտան պիտ հռչակել այն բոլոր տեսությունները, որոնք հաղթանակը միշտ էլ նվիրում են այն կաղմին, որը մի հատիկ զինվոր, մի թնդանոթ, ամրաշինական մի կառուցվածք ավելի ունի: Ո՛չ, ո՛չ, հարյուր զինվորի ուժը միշտ էլ հավասար չէ հարյուրի ուժին: Այդ ուժն ունի իր հավելումն ու նվազումն ունի, նայած թո ո՞վ և հոգեբանական ինչպիսի՞ մթնոլորտում ու ինչպե՞ս է ղեկավարում այդ հարյուրակը:
     Կռվում գործ ունենք կենդանի, հարափոփոխ, դինամիկ և ոչ-մեքենա մեռյալ ուժերի հետ, որոնք չեն մնում քարացած միևնույն կետի վրա: Թիվն ու տեխնիկան վճռական դեր են կատարում միայն այն դեպքում, երբ նրանցից օգտվում ենք իբրև ահավարության միջոցներից: Հաղթանակը օրինաչափորեն թեքվում է այն կողմը, որը հաջողվում է ավելի երկար ժամանակ մահվան սարսափի տակ պահել իր հակառակորդին՝ճգնելով խորտակել նրա դիմադրական ոգին:
     Այո՛, ըստ էության՝ ռազմավարությունն այլ բան չէ, եթե ոչ՝ ահավարություն: Եվ, որովհետև մահն է ահացուցիչը՝ մենք բնավ մեղանչած չենք լինի լեզվի ոգու դեմ, եթե այսպես բանաձևենք ռազմավարությունը - հոգեբանորեն առնված՝ դա մահավարություն է:
      Ժողովուրդներն իրենց էությունը առավելագույն չափով մատնում են պատերազմի ժամանակ, որը և՛ բերկրանք, և՛ սասրափներ ապրելու այնքան առիթներ է ընձեռնում:
      Նախընտրիր իբրև թշնամի ունենալ նեմեյան առյուծ, քան աղվես: Զորավորի հետ չափվելն ավելի հեշտ, նաև՝ ավելի պատվաբեր է, քան նենգողի:
     Իմ զինակիցը կռվում - դա ե՛ս եմ, ե՛ս ամենից առաջ:
    Մեկն ինձ խնդրեց՝ բանաձևել իմ ռազմական փորձը:
   Ահա՛ դա՝ ասացի.
    -Առաջինը՝ թույլ չտալ հակառակորդին մտածելու իսկ, թե ինքը ավելի զորավոր է մեզանից, և այդ՝ հենց կռվի սկզբից:
     - Երկրորդ՝ հենց կռվի սկզբից զգացնել տալ հակառակորդին, որ մենք զորավոր ենք նրանից:
      Ով կռվում ժամանակ է կորցնում՝ նա հաղթանակն է կորցնում;
      Պատերազմիր այնպե՛ս, որ չամաչես տարածդ հաղթանակից:
      Արդար է հաղթանակդ, երբ այն արդար է համարում պարտված թշնամիդ իսկ:
      Պարտվե՛լ հայրենի հողի վրա - գերագույն վատություն:
      Ճշմարիտ հաղթական ու հաղթանակ փնտրիր միայն այնտեղ, ուր հերոսաշունչ ոգին չափվում է ո՛չ թե մարդկային տկարությունների, այլ՝ մահվան հետ:
      Այո՛, ուր առյուծ չես զգեստնում, այնտեղ չկան ճշմարիտ հաղթանակներ ու հերոսներ:
      Մեր անձի վրա տարած հաղթանակը - ահա՛ հիմքը մեր այլ կարգի հաղթանակների:
     Մի՛, մի՛ սպանիր թշնամուդ անգամ, եթե կարելիություն կա սպանելու նրա մարտունակությունը - կռիվը շարունակելու նրա ցանկությունը: Այլ կերպ վարվողը մարդասպան է հասարակ, և ոչ՝ մարտիկ:
       Փառքի կատարները բարձրանալու համար կա մի հատիկ սանդուխք, որի առաջին աստիճանը կոչվում է քաջություն, իսկ վերջինը՝ դարձյա՛լ քաջություն - մահամերժ քաջություն: 

Комментариев нет:

Отправить комментарий