12.02.2013

ԽԱՉՔԱՐ - ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՐԵ ՎԿԱՆԵՐ



Հայ ժողովրդի միջնադարյան մշակույթի պատմության մեջ բացառիկ տեղ է գրավում ճարտարապետությունը, որի հետ սերտորեն կապված է եղել քանդակագործությունը, մասնավորապես՝ կոթողային բնույթի հուշարձանների կառուցումը: Հայաստանում հանդիպում են կոթողների  տարբեր տեսակներ ու ձևեր, որոնց թվում, սակայն, ամենատարածվածն ու տիրապետականը խաչքարերն են: Ավելի քան մեկ հազարամյակ այդ հուշարձանները հանդիսացել են մասսայական սիրված կոթողներ, կերտող վարպետները դրանցում ներդրել են հայկական մշակույթի յուրահատուկ գծերը: Հայկական խաչքարերի ընդհանուր թիվը տասնյակ հազարների է հասնում, որոնցից  ոչ մեկը մյուսին նման չէ:  Դրանք հաճախ կշռում են մի քանի տոննա: Խաչքարը հիմնականում ստեղծվում է հրաբխային բազալտից կամ տուֆից: Հայերի համար խաչքարը դա Քրիստոսի հարության խորհրդանիշն է՝ մահի դեմ նրա հաղթանակը:
Մինչև 20-րդ դարի կեսերը տարածված էր այն թույր կարծիքը, թե իբր խաչքարերը լոկ գերեզմանաքարեր են եղել: Սխալ պետք է համարել նաև Հայկական խաչքարերը ռուսերեն՝ «надгробный памятник», անգլերեն՝ «tombestone» թարգմանելը, ավելի ճիշտ կլիներ խաչքարը ռուսերեն թարգմանել «крест-камень» , անգլերեն՝ «cross stone» , որովհետև «քարե խաչը» դեռ խաչքար չէ, այլ ուղղակի քարից պատրաստված խաչ:

Խաչքարային կոթողաշինությունը լայն տարածում է գտել պատմական Հայաստանի բոլոր նահանգներում և դարձել է քանդակագործական արվեստի բնագավառ, որտեղ հազարավոր վարպետներ փորձել են իրենց տաղանդն ու հմտությունը:: Կարելի է ասել, որ այլազգի շատ գիտնականները հայ արվեստին հաճախ ծանոթացել են մեր ճարտարապետության, մանրանկարչության և խաչքարերի միջոցով: Խաչքարերը կարևոր դեր են խաղացել նաև հայ միջնադարյան հոգևոր կյանքում, նրանց հետ կապված են զանազան ժողովրդական ավանդություններ և հաշապատում զրույցներ, որոնք թեև ոչ մի կապ չունեն այդ կոթողների իսկական բովանդակության հետ, բայց և այնպես կարևոր են հայկական միջնադարյան ժողովրդական պատկերացումների, մտածողության , բանահյուսության ուսումնասիրության տեսակետից: Միջնադարյան այդ ավանդապատումների ու հրաշապատում զրույցների հիմքում հաճախ ընկած են դեռևս հեթանոսական շրջանի զանազան պատկերացումների ու հավատալիքների վերապրուկները:
Մեզ հասած ամենահին խաչքարերը IX դարից են: Դրանցից հայտնի են ութը (գառնի՝ 879թ., Մազրա՝ 881թ., Ն.Թալին՝ 882թ., Կեչուտ՝ 886, Տաթև՝ 895-906թթ: Հացառատում հայտնի է 898թ. Որմնախաչ: IX դարի երկու թվակիր խաչքարեր էլ կան Լեռնային Ղարաբաղի Վաղուհասիկ և Քոլատակ գյուղերի տարածքում), սակայն շատ ավելի մեծ է X դ. թվագրված խաչքարերի թիվը: Խաչքարերի ծագումը չի կարելի IX դ. Վերագրել: Հայաստանում պահպանված ամենահին խաչքարը թվագրվում  է 879թ-ին և գտնվում է Գառնու հեթանոսական տաճարի տարածքում: Այն նվիրված է Աշոտ Ա Բագրատունու կնոջը՝  Կատրանիդեին:  Պետք է ենթադրել, որ խաչքարերն սկսեցին առաջանալ VII դ. Առաջին կեսում, իսկ երբ VIII Դարի առաջին քառորդում արաբներն արգելեցին մարդկային պատկերներ քանդակելը և սկսեցին խորտակել նման պատկերներ կրող քառակող կոթողները՝ խաչքարաշինությունը արգելքի չհանդիպեց: Նորաստեղծ խաչքարերը VIII-IX դդ. հաջողությամբ փոխարինեցիննախկին քառանիստ, հուշասյուն կոթողներին ու թևավոր խաչերին: Արագորեն տարածվելով, նրանք IX դ. Վերջերին արդեն ասպարեզից դուրս մղեցին իրենց նախորդներին և դարձան հիշատակարան- հուշարձանների տիրապետող ձև: IX դ-ից արդեն առկա է խաչքարի ավարտուն կերպարը՝ նրան բնորոշ զարդամոտիվներով:
Հնագույն խաչքարերը հիմնականում երկարավուն , ուղղանկյուն և կամարաձև գագաթներով քարե սալիկներ են, որոնք իրենց ներքևի մասի ելուստներով  (պոչուկ) ագուցվում են խորանարդաձև պատվանդանների վրա: Հաճախ առանց պատվանդանի կանգնեցվում են ուղղակի գետնի մեջ: Խաչքարի արևմտյան երեսին սովորաբար փորագրված է խաչի պատկերը, որի վերևի թևից իջնում են խաղողի , նռան և այլ զարդաձևեր, իսկ ներքևի թևի երկու կողմերից բարձրանում են արմավենիկի տերևաքանդակներ: Խաչի ներքևում սովորաբար պատկերվում են կամ աստիճանաձև հիմքեր, կամ նռան ու վարդյակաձև զարդամոտիվներ:
XI-X դարերից մինչև XVII դ. Զույգ աղավնիների կերպարը դառնում է խաչքարերի հատկանշական զարդամոտիվներից մեկը: Այս տիպի խաչքարերից պետք է նշել Կեչուտի՝ 886թ., Էջմիածնի X դար, Հաղպատավանքում՝ Ատոմ Վերակացուի (1004թ.), Գառնիի՝ 1220թ., Նորավանքուում՝ Հակոբ նկարողի (1569թ) և բազմաթիվ այլ խաչքարեր:
Նոր զարդամոտիվներից առավել տարածվածներից է պտտվող սվաստիկան, որի հիմքում ընկած է հավիտենականությունը և արեգակը խորհրդանշող արմնկաձև խաչի պատկերը: Այս զարդամոտիվը նեոլիթյան ծագում ունի և հանդիպում է դեռևս IV-VII դդ. հայկական հուշարձանների վրա: XI դդ սկսած՝ պտտվող սվաստիկան և կեռ խաչերը զարդարում են նաև հայկական խաչքարերը: Սկսած XI դարից խաչքարի վրա հանդես է գալիս փնջաձև բուսական զարդաձևը, որը սովորաբար պատկերվում է խաչաքանդակի և նրանից ներքև գտնվող վարդակի միջև: XIII դ. Խաչելության խաչքարի համար պարտադիր է եղել աջից արեգակի, իսկ ձախից՝ լուսնի պատկերումը:
Խաչքարերի կանգնեցման շարժառիթները խիստ տարբեր են : Հիշատակարան և պաշտամունքային խաչքարերը կանգրեցրել են թե’ աշխարհիկ, թե’ հոգևոր դասի ներկայացուցիչները՝ «ի բարեխոսութիւն», « յարեւաշատութիւն», «այգնական հավատացելոց», «մեղաց թողութեան», «հոգու փրկության» և այլ բազմաթիվ առիթներով: Այդպիսի արձանագրությունների վերջում հեղինակները սովորաբար խնդրում են հիշել իրենց: Օրինակ՝ Դաստակերտ (Արցախ) գյուղից քիչ հեռու, հին ճանապարհի եզրին գտնվում է 1320 թվակիր մի խաչքար, որի արձանագրության մեջ ոմն մի Բաղտատ գրում է, որ կերել, խմել ու վայելել է իր ժամանակը և որովհետև զավակ չի ունեցել, կանգնեցրել է հիշյալ խաչքարը՝ հոգու փրկության համար:  Անցյալում խաչքարեր են կանգնեցվել նաև բնության արհավիրքների հիշատակությամբ: Այսպես օրինակ՝ Տավուշի մազի Գետաշեն գյուղի սահմաններում 1267 թվակիր մի խաչքարի արձանագրության մեջ նշված է, որ այդ թվականին «արեգակն խաւարեցաւ.. եւ ահ կալաւ զամէնէսեն»: 1175թ. Տեղի ունեցած երկրաշարժի և արևի խավարման մասին է  խոսում Կոշ գյուղի ճանապարհին 1195թ. Կանգնեցված հայտնի որմնափակ խաչքարի արձանագրությունը:
Խաչքարերը  որպես մահարձանային հուշարձաններ հազվադեպ են պատահում IX-X դդ.: Նրանք լայն տարածում գտան XIII դ.: Որպես մահարձանային հուշարձան   Xդ. Խաչքարերից մեկը գտնվում է Թանատի վանքում: Խաչքարերը մահարձանային կոթող լինելու դեպքում , սովորաբար, նրա առջև դրվում է սալ կամ օրորոցաձև տապանաքար, իսկ արձանագրության մեջ հիշատակվում է, որ խաչքարը դրված կամ կանգնեցված է «ի վերա գերեզմանի» կամ «ի վերայ տապանի» այսինչի: Հայաստանի շատ վայրերում այժմ էլ գոյություն ունեն ոչ քիչ թվով խաչքարեր, որոնց վերագրվել են զանազան հիվանդություններից բուժելու հատկություններ: Ըստ անցյալի հավատալիքների «ս. Սարգիս» կոչվող խաչքարերը իրենց այցելող սիրող զույգերին երջանկություն են բերում, «ս. Գևորգ» կոչվող խաչքարերի այցելուները անխոցելի և համարձակ են դառնում պատերազմում: Կան նաև այսպես կոչված «ագռավի տապան» խաչքարեր (Հաղպատ, Դսեղ) , որոնց շուրջը հյուսված է այսպիսի ավանդություն. Դաշտում հնձվորների համար կաթ տաքացնելիս կաթսայի մեջ օձ է ընկնում: Այդ նկատում է վերևից թռչող ագռավը և շուռ է տալիս կաթսան՝ զոհելով իրեն: Այդ դեպքի համար էլ խաչքար են կանգնեցնում հիշյալ ագռավի տապանի վրա:
Հայկական խաչքարերը խիստ արժեքավոր են իրենց վիմագրական արվեստով: Իրենց հնագրությամբ, ծածկագրությամբ, փակագրերով՝ հայերեն տառատեսակների  զարգացման պատմությունն  ուսումնասիրելու տեսակետից:  Դրանց վրա եղած արձանագրությունները հարուստ նյութ են տալիս Հայոց լեզվի պատմությունը, հայ բարբառները և ծածկագրերը ուսումնասիրողներին:
Այսպիսով, հայկական խաչքարերն ու նրանց արձանագրություններն եզակի կարևորության սկզբնաղբյուրներ են մեր ժողովրդի պատմության, նրա նյութական և հոգևոր մշակույթի ուսումնասիրության համար:

ՆՅՈԻԹԻ ԱՂԲՅՈՒՐԸ ԿԱՐԴԱՑԵՔ ԱՅՍՏԵՂ

Комментариев нет:

Отправить комментарий