26.02.2013

ԱՐՏԱՇԱՏ



Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Հիմնադրման հավանական տարեթիվն է մ.թ.ա. 189թ.: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում: Տեղանքի ընտրությունը Պլուտարքոսը վերագրում է Կարթագենի աշխարհահռչակ զորավար Հաննիբալին: Քաղաքը «Հայկական Կարթագեն» էին անվանում ժամանակակիցները. եղել է խոշորագույն և գեղեցկագույն բնակավայր: Արտաշեսը քաղաքը շրջափակում է հսկայական պարիսպներով, բայց շուտով բնակավայրն այնքան է տարածվում, որ դաշտավայրով մեկ փռվում են արվարձաններն ու այգիները: Կառուցվում են բազմաթիվ պալատներ ու տաճարներ, ինչպեսև քաղաքի պահապանին` Անահիտ աստվածուհուն նվիրված մեհյան: 
Քաղաքն ուներ ջեռուցվող բաղնիքներ. կրակարանից ծուխը կավե խողովակներով անցնում էր բաղնիքի հատակով ու պատերով և տաքացնում դրանք: 
Քաղաքի միջնաբերդը Խոր վիրապի բլրի վրա էր և ուներ երկշար պարիսպ: Այստեղ էր արքունի դղյակը, նաև նշանավոր բանտը` այն հսկայական քարապատ փոսը (խորությունը 6 մ)` Խոր վիրապը:
Տիգրան Մեծի օրոք Արտաշատը որոշ չափով զրկվում է մայրաքաղաքային գործառույթներից, բայց ծաղկումը շարունակվում է, քաղաքը դառնում է ավելի բազմամարդ: Զարգացումը շարունակվում է նաև Տիգրանի որդի Արտավազդ արքայի օրոք: Ըստ երևույթին, հենց նա է կառուցել Արտաշատի ամֆիթատրոնը:
Արտաշատում շրջանառվել են քաղաքային դրամներ` «Արտաշատ մայրաքաղաք» մակագրությամբ և պահապան աստվածուհու` Անահիտի պատկերով: Դրանք հայտնաբերվել են պեղումների ժամանակ: Գտածոն հուշում է, որ Արտաշատն ունեցել է քաղաքային ինքնավարություն:
Դարերի ընթացքում Արտաշատը երկրի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, առևտրական ու արհեստագործական կենտրոնն էր. քաղաքով էր անցնում հռչակավոր «Մետաքսի ուղին»: Մայրաքաղաք Արտաշատում կային բազմաթիվ «գործոց տներ», որոնցում պատրաստում էին զենք ու զրահ, շքեղ զգեստներ, կահկարասի, պերճանքի առարկաներ, ոսկյա զարդեր, բրուտագործական և մետաղագործական արտադրանք, ապակյա անոթներ, սրվակներ: Արտաշատի հատուկ թաղամասում մշակվում էր որդան կարմիր ներկը:
Հռոմեացիների, ապա պարսիկների արշավանքների ընթացքում քաղաքը մի քանի անգամ ավերվում է և արդեն 7-րդ դարում հիշատակվում որպես փոքրիկ բնակավայր, արաբների բնորոշմամբ` «որդան կարմիրի գյուղ»: 
Այժմ Արարատի մարզի կենտրոն է։


ԱՂԲՅՈՒՐ

Комментариев нет:

Отправить комментарий