29.01.2013

ՀԻՄՆ ՎԱՀԱԳՆԻՆ




Երկնեց երկինք և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
ԵՎ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի:
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից.
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել և ծով ծիրանի.
Կարմիր բոցիցը ահա մի մանկիկ,
Վահա՛գն ահա - մանուկ գեղանի:
Բոց մորուքով,
Հուր շրթունքով,
Հուր հեր գլխին - հրեղեն պսակ,
ԵՎ աչքերն են զույգ արեգակ:

Ալեծուփ ծովի ծիրանի ալիք
Գնում են, գալիս, ծեծում են ափունք.
Ահեղամռունչ գոռում է մանկիկ,
Սաստում է ալյացն հրավառ շրթունք.
Վահա՛գն ծնավ, լռեցե՜ք ալիք.
Դու ծովահալած, դադա՜ր առ, մրրի՜կ:
Թևերն ոսկեհուռ, հրահեր բաշով
Նժույգը տակին՝ սլացավ վերև
Երեսդ ծածկի՜ր համեստ շղարշով,
Տես ո՞վ է գալիս, և դու, հուր-արև՜.
Գլուխդ ալևոր, քաջածին Մասի՜ս,
Դու էլ խոնարհի՜ր, Վահա՛գն է գալիս:
Երկինք ու երկիր և ծիրանի ծով
Ավետում են քեզ, ցավերի դու ծով՝ 
Ցնծա՛, բյուրվիշապ Հայաստա՜ն աշխարհ,
Փրկության Աստված Վահագնի՛դ տեսար:
Երկնի ու Երկրի միաձույլ բոցից   
Վահա՛գն է ծնվում՝ Հրե Պատանի,
Վահա՛գն է ծնվում՝ Որդին Արայի,
Վահա՛գն է ծնվում՝ փրկության Աստված,
Վահա՛գն է ծնվում՝ Զորության Արքա.
Մեր Երկրի համար՝ ուժի ներշնչանք,
Արեգի համար՝ հրե զորություն,
Աստղերի համար՝ լուսե պատանի,
Լուսնյակի համար՝ սիրո մեղեդի,
Երկնքի համար՝ սիրասուն մանկիկ,
Արիի համար՝ հրեղեն եղբայր,
Իսկ Վիշապի համար՝ դաժան ախոյան,
Նա՝ Վիշապաքա՛ղ:
Երկներ երկին, երկներ երկիր,
Երկներ և ծով ծիրանի...
Ընդ եղեգան փող ծուխ ելաներ,
Ընդ եղեգան փող բոց ելաներ:
ԵՎ այդ բոցիցը խարտյաշ մի մանկիկ
Ծնվեց կանչելու իր շանթկեզ ձայնով.
ՙՀե՛յ, լավ լսե՜ք, Արի՜ք, Չարի՜ք,
Հայաստանս շանթարգել չէ
Մոլորակի վրա ցցված:
Գիտե նաև շանթահարել,
Գիտե նաև Արև գրկել,
Գիտե նաև երկիր ցնցել,
      Բոցեր հանել խոր ընդերքից...՚:
Բարի գալուստ ասենք նրան,
Բարի գալուստ հրե բալին.
Էն տնավեր, էն բնավեր անհաշտ բալին՝
Բարի գալուստ...
Մատաղ նրա հուր աչքերին, որոտ ձայնին,
Աստվածածին էն խելառին՝
Բարի՛ գալուստ, բարի՛ գալուստ, բարի՛ գալուստ:
Նոր Տարվա արև՝ լույսը Վահագնի,
Այգածին արև՝ սերը Վահագնի,
Հրավառ արև՝ ուժը Վահագնի:
Քանի արևը շողում է երկնում,
Արի մայրերը Վահագնով երկնում,
Արի են ծնում.
Աղջիկները կույս՝ երազների մեջ
Վահագն են տեսնում.
Արի պատանիք՝ արևին թիկնած՝
Վահագնով շնչում.
Հըրաչյա մանկտիք՝ արևից շիկնած՝
Վահագն են երգում.
Նախնիները մեր՝ լուսեղեն ոգիք՝
Վահագնին փարվում.
Մասիսը հպարտ՝ երկինք խոյացած՝
Վահագնին սպասում.
Արարատը Մայր՝ արևին գրկած՝
Վահագնին կանչում:
Վահագն են կանչում բոլորը մեկտեղ,
Հավատքով սպասում մի նոր երկունքի,
Մի նոր ծնունդի Հրե Վահագնի.
Աչքերը հառած բարի արևին...
Արևը մեր մեջ՝ Բարև՛ Վահագնին:
Ո՛վ Դու, Վահագ՜ն, ո՛վ աստվածն իմ հայրերուս.
Կկանչե՛մ քեզ... կկանչե՛մ...
ՈՒժի՜ն համար, կրոնքի՜ն համար բազուկիդ,
Որով դու օր մը պատռեցիր պիղծ բերանը Վիշապի...
ՈՒժի՜ն համար, որ թռիչն է և հոգին
Արարչության անվախճան.
ՈՒժի՜ն համար, որ կլեցնե ստինքներ
ԵՎ կօրորե մեր օրրան.
ՈՒժի՜ն համար, որ կկանգնե Ազգս ինչպես
            խումբ մ'առյուծի
Բազուկդ անոր բազուկի մեջ կհեղու,
ԵՎ զերդ հրեղեն վարազահավ՝ իր լուսեղ
Թռիչներուն ամփոփման տակ կթխսե
Մեր մայրերուն ծոցին մեջ
Դյուցազուննե՛ր, հանճարնե՛ր...
Այդ Սուրբ ՈՒժի՜ն համար,
Ո՛վ Դու, Վահա՜գն, ահա քեզի կարկառած
Բազուկներս՝ կկանչե՛մ քեզ... կկանչե՛մ...




Комментариев нет:

Отправить комментарий