30.01.2013

ՆԱԽ՝ ՄԱՐԴ (ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԵՄ)




Չի կարելի միաժամանակ վատ մարդ, բայց և այնպես լավ Հայ լինել: Անկարելի է անհատի համար, առանց կեղծիքի, անձնական կյանքում նյութակրոն, իսկ ազգային գործերում գաղափարապաշտ լինել: Նա, որ իրեն զգում է որպես  <<ժամանակավոր շունչ և կենդանություն առած մեքենա>> չի կարող հասարակական ասպարեզներում երևան գալ որպես կենդանի հոգեկանություն: Նա, որ որպես մարդ իդեալականացնում է նյութն ու նրանից բխող բավականությունները, որ կյանքի նպատակը համարում է կրավորական հաճույքները՝ որպես Հայ չի կարող լինել անձնվեր, արի, հայրենապաշտ: Միևնույն մարդու մեջ չեն կարող ապրել միաժամանակ ստրկամիտն ու ազատատենչը
: Նա կա՛մ մեկն է, կա՛մ մյուսը: Սեղմ ասած՝ չի կարելի որպես մարդ կյանքում դավանել անձնական երջանկության վարդապետությունը, իսկ որպես գործիչ՝ առանց կեղծիքի ընդունել Դոստոևսկուն, թե մարդկությունն ապրում է ոչ թե երջանկության, այլ անսահման կատարելագործման համար: Այո՛, չի կարելի անկատար մարդ, բայց կատարյալ Հայ լինել: Միայն մարդ կոչվելու արժանին կարող է արժանաբար Հայ կոչվել: Դա այբուբենական մի ճշմարտություն է, որ երկար իմաստասիրություն չի վերցնում: Նախ մա՛րդ: Դա նշանակում է զգալ իր հոգու մեջ ներկայությությունը որևէ բարձր բարոյական իդեալի: Դա նշանակում է իր էության մեջ զգալ անվերջ բոցավառումն այդ իդեալի սրբազան կրակի: Իդեա՜լ և աննվաղ ձգտում դեպ այդ վերջինը, ահա՛ թե ի՛նչն է մեզ իրավունք տալիս մարդ կոչվելու: Կենդանի արև՜, որ այրվում է ներքուստ և լուսավորում ու ջերմացնում իր հոգևոր շրջապատը: Այդ դեպքում միայն մարդս դադարում է մնալ այն տխուր արարածը, որի ճակատին ծանոթ բարոյագետի <<կենդանի դիակ>> անունն է դրոշմվել:
      Նազովրեցին կուսուցաներ, թե մարդուս մեջ ապրող հոգին ավելին արժե, քան ողջ աշխարհը: Նույնը՝ գեղեցկագույն բանն այս աշխարհում նկարագիրն է, վսեմ ու ազնվական: Իդեալ, իդեալապաշտություն, դա միակ միջոցն է, որի շնորհիվ տգեղ ու տկար հոգիներն ու նկարագրերը կգեղեցկանան, կբարձրանան, կփարթամանան:
     Անիմաստ ու դատապարտելի է մարդկային կյանքը, եթե դա ծառայություն չէ իդեալի, կատարումը բարոյական պարտականության: Երկու բան է լցնում իմ հոգին միշտ նոր հիացմունքով ու հարգանքով. աստղալից երկինքը՝ գլխիս վերև, բարոյական օրենքը՝ սրտիս  մեջ,- ասել է մեծ իմաստասերը: Նույնը՝ վարվիր այնպես, որ կարողանաս ասել ամեն մեկին՝ վարվիր ի՛նձ պես:
      Եղի՛ր իդեալիստ, երիտասա՛րդ ընթերցող, քանզի նյութապաշտը դառնում է մարդ մեքենա, կոկորդ ու ստամոքս միայն, իսկ նմանը և՛ ապրում է, և՛ չի ապրում, իսկ նմանը ավելի անասուն է, քան մարդ: Եղի՛ր իդեալի ընդունակ, և բավական մի՛ համարիր իմացականությամբ զարգացումը, որ առանց սրտի կրթության, աշխարհի չարիքները մեղմացնելու փոխարեն աճեցնում է հաճախ: Եղի՛ր ընդունակ՝ ինքնանորոգումի ճամփով սատար հանդիսանալ հասարակության բարոյական վերանորոգմանը, խորապես գիտակցելով, թե միակ մարդը, որին կարող ես բարձրացնել՝ դա ի՛նքդ ես: Սկսի՛ր քեզանից: Եվ իմաստունի հարցին, թե ի՞նչ կուզեիր լինել կյանքում՝ հանուն ճշմարտության թույնի բաժակը դատարկելու դատապարտված Սոկրատե՞սը, թե՞ ճշմարտությունից դուրս ապրող խոզաբարո մի էակ, դու պատասխանիր՝ առաջի՛նը: Ճշմարիտ է այն կարծիքը, թե մարդկությունը դառնացնող տառապանքների մեծագույն մասը հետևանքն է իրերի և երևույթների սխալ գնահատման:
     Կախարդական զորությամբ օժտված կանացի մի թևավոր էակ, մի բան ձեռքում, փախչում է՝ իրեն հետ վազեցնելով մարդկային ցեղը: Փախչում է մտացածին ըղձանուշի և հազարներն ու հազարները խելահեղորեն վազում են իր հետևից: Հետևում են, հառաչում և աղմկում են՝ ի՜նձ է՛լ, ի՜նձ էլ...  իսկ թևավոր էակը ժպտում է ու փախչում, թողնելով իր հետևը դժբախտների , հուսախաբների, ձախողվածների անթիվ ու անհամար բանակը:
     Եվ ահա՛, երևակայական ընձանուշի ժպիտներին ու շնորհին չարժանացածների մի մասը, իր դժբախտությանը վերջ տալու համար դիմեց գնդակին, թոկին, դաշույնին, թույնին՝ անձնասպանության: Մի մասը իրեն հանձնեց հարբեցողության և նման այլասերիչ մոլորությունների: Մի մասը՝ գազազած, դառավ թունավորիչը ու անեծքը հասարակության: Տղամարդը, որ կարող էր իր մեծագործություններով անմահանալ, հավերժացավ իր չարագործություններով: Կինը, որ կարող էր առաքինության օրինակ ծառայել աշխարհին, դարձավ փողոցի սեփականությունը: Հետևա՞նքը: Լիքն են բանտերը, հիմարանոցները, հիվանդանոցները: Ինչո՞ւ, ինչո՞ւ այդպես: Ինչո՞ւ կտառապի մարդկային ցեղը: Որովհետև միամիտ մարդը իրենից, իր հոգուց դուրս փնտրեց և կփնտրի երջանկությունը: Որովհետև նյութականացած մարդը չճանաչեց ճշմարիտ երջանկությունը և իր կյանքը վերածեց դժոխքի:
      Մշտատև անհանգստություն, ահա՛ այն սպանիչ տրամադրությունը, որ տիրում է արդի հասարակության և անհատի հոգում:
     Մի բան պակասում է բոլորին, բոլորին բոլորի՜ն: Անորոշ ձանձրույթ, ջղայնություն, ինքնապատճառ թախիծ, ահա՛ անհատի հանապազորյա կյանքը: Հարուստն իրեն աղքատ է զգում իր հարստության մեջ, նյութապես երջանիկը՝ բարոյապես դժբախտ:
      Կա՛, կա՛ մի բան, որ թունավորում է մեր կարճատև ուրախության վայրկյանները, սպանում ժպիտը մեր շրթունքների վրա, խլում մեր քունը, մեր հոգեկան անդորրությունը և սարսափեցնում անարև ծերության ու մահվան ուրվականներով:
      Կա՛ մի խորհրդավոր ձեռք, որ աներևույթաբար թույն ու արտոսկր է կաթեցնում մեր շրթունքներին մոտեցող գինու և հաճույքի բաժակի մեջ: Կա՛ մի պատուհասող ուժ, մի ձեռք, որ դատում է մեզ, պատժում ամեն օր, ժամ, վայրկյան:
     Ի՞նչ է նշանակում սա: Ո՞վ է, ի՞նչ է այդ խորհրդավոր ուժը:
     -Դա մեր խիղճն է, ընթերցո՛ղ, մեր գիտակցությունը, թե բարի չենք, առաքինի չենք, հայրենասեր չենք, թե կատարյալ Հայ և մարդ չենք: Արտաքին երջանկությունը, որ խելագարորեն կփնտրեն այն բոլորը, որոնց կյանքի նպատակը հաճույքներն են և ոչ բարոյական պարտականությունների կատարումը, խաբուսիկ և խոզաբարո երջանկություն է, որ պետք չէ լինի առարկան քո ձգտումների: Դու պիտ չճանաչես երջանիկ լինելու մի այլ առարկան քո ձգտումների: Դու պիտ չճանաչես  երջանիկ լինելու մի այլ միջոց, քան ցեղիդ և նմաններիդ համար աշխատելն ու տառապելը:
     Քո երջանկությունը՝ ծնունդ իմաստության, պիտ լինի հանուն ցեղային իդեալի զոհաբերվողների գերագույն երջանկությունը, քանզի մարդս տերն է միայն իր զոհաբերածի, և դա՛ է միայն նրա արժեքը, և ոչ թե այն կարողությունները, որոնցից իրենից զատ ոչ ոք է օգտվում: Քեզանից դուրս չկա և պիտի չփնտրես երջանկություն: Փնտրածդ՝ երջանկատու ընձանուշը, ապրում է մի խորհրդավոր դղյակում, որ քո սիրտն է՝ բաժանելով հարևանությունը մաքուր խիղճ կոչված աստվածության: Քո երջանկությունը պիտ լինի ծառայել ժողովրդիդ երջանկության: Իսկ դա նշանակում է , թե քո սերունդը զզվանքով երես պիտ դարձնի իր օրվա կյանքից, որ նա պիտ թողնի փողոցն իր բազմապիսի հրապույրներով: Նա պիտ հետ մղի այն բոլոր նյութակրոն և անասնացուցիչ վարդապետությունները, որոնք տկարացնում են մեզ որպես Հայ և մարդ: Իսկ դա նշանակում է, որ դու պիտ չնմանվես այն սերունդներին, որոնք կորչելու են առանց ազգային օգտակարության ինչպես խոռոչներում ընկած արևի ճառագայթները: Որոնք գոյություն են ունեցել, բայց չեն ապրել: Որոնք չեն թողել մի բան, որ ապրեր իրենցից հետո: Դու բարոյապես ազատ չես՝ դառնալու սերունդը անասնորեն երջանիկ դատարկապորտների, որովհետև և ոչ մի ժամանակ քո ժողովրդի գոյությունն այդքան լուրջ կերպով վտանգված չի եղել, որքան այսօր: Ինչպես և երբեք քո ժողովուրդը այնքան հրամայողաբար չի զգացել կարիքը մի ուխտված և հերոսական սերունդի:
     Եղել են սերունդներ, որոնք իրենց կյանքը վատնել են խաբեական կրկներևույթների կամ թիթեռնիկների հետևից վազելով: Դու, սակայն, պիտ լինես անձնական երջանկությունը չճանաչող սերունդ: Ահա թե ինչո՛ւ եմ ասում քեզ, վերցրո՛ւ խաչդ և հետևիիր ինձ: Այո՛, քո սերունդը պիտ լինի խաչակիր: Նա պիտ քավի մեղքերն իր հայրերի՝ հանդիսանալով նրանց վերադաստիարակիչը: Իսկ այդպիսին դառնալու համար, պետք է որ քո ամեն մի օրը լինի ճերմակ քարով նշանակելի օր, պետք է, որ քո կյանքը լինի բարոյական լրջություն, գրավչություն և առողջություն: Իսկ այդպիսին լինելու համար՝ ապրի՛ր չմեռնելու, մեռի՛ր ապրելու համար: Կյանքդ նվիրի՛ր բաների, որ չեն մեռնում: Եղել են սերունդներ, որոնք ավելի ժամանակ են վատնել իրենց արտաքինը հարդարելու, քան իրենց մտքի և սրտի մշակույթի համար: Դու պիտ ապրես ժողովրդիդ համար, այլապես պիտ երկարի նրա հոգեվարքը և շատ պիտ ուշանա նրա քաղաքական հարությունը: Հոգեպես ծույլերն են ստեղծել դժվարին ու անկարելի խոսքերը: Քույր ու եղբայր են չկամենալն ու չկարողանալը: Հազարամղոն ճամփորդությունն սկսվում է մի հատիկ քայլով: Չկա՛ անկարելին, երբ կա զորեղ ու վճռական կամքը: Գիտցի՛ր, եղել են կամքի հսկաներ, որոնք առաջարկել են Ալեքսանդր Մակեդոնացուն իր արձանը կերտել Աթոս լեռը տաշելով: Թագավորը նա՛ է, ով կարող է: Ես ուզում եմ, որ դու լինես թագավոր սերունդ: Քանի դեռ գետափին ես, տկար ես: Անցա՞ր՝ կեսար ես: Անցի՛ր, հա՛յ երիտասարդություն, անցի՛ր Ռուբիկոնը, որի հանդիպակաց ափին քեզ հաղթությունն է սպասում:
      Հաղթության ու պարտության մեջ ամբողջ պետություններ կան, - ասել է Բոնապարտը: Քո վաղվա հաղթանակի և պարտության միջև հայ ժողովրդի լինել չլինելու հարցը կա, հա՛յ երիտասարդություն: Ահա՛ թե ինչու քեզ պետք է հաղթականի լուսապսակ ստեղծել քո ժողովրդի անվան ու ճակտի շուրջը: Իսկ դրա համար քեզ պետք է լինել՝ ավելի քան Հայ և մարդ:



Комментариев нет:

Отправить комментарий