Ո՛վ, Մայր Անահի՜տ,
Ամեն ծնվողին դու համբույր ունես,
Ամեն սիրողին դու ժպիտ ունես.
Պահիր իմ փոքրիկ որդուն քո գրկում,
Ճոճիր դու նրան քաղցր երազում,
Համբույրներ դրոշմիր ու օրոր երգիր
Աստղերից քաղած անուշ երգերով.
Ժպտա դու նրան արեգից պոկած
Հրե ժպիտով.
Մայրական գութով գուրգուրիր նրան
ՈՒ սեր ներարկիր մատաղ սրտի մեջ՝
Սեր աստվածային,
Որ մանկությունն իր՝ սիրով շաղախի,
Որ սիրով աճի, որ սիրով ապրի,
Ինչպես վայել է որդուն Արայի:
Ո՛վ, դու, Անահի՜տ, Մայր Աստվածուհի,
Ինքդ Մայրացում ամեն երկունքի,
Ամեն ծնունդի ու նվիրումի:
Քո Մայրացումով Զատիկը կերտիր,
Հազարան Հավքից գույներ հավաքիր
ԵՎ շաղ տուր ամբողջ Արարատով մեկ.
Որ լույսը կյանքի բազմագույն լինի,
Բազմագույն լինի պտուղը հողի,
Ժպիտը մանկանց բազմագույն լինի,
Բազմագույն երազ մայրերին տրվի:
Բազմագույն հույսով աղջիկներն Արի
Բազմագույն ծաղկով պսակներ հյուսեն,
Բազմագույն խաղեր Զատիկին ձոնեն.
Բազմագույն երգեր օդում թևածեն
ՈՒ թիթեռ դարձած,
Բազմագույն փայլով սլանան երկինք:
Բազմագույն պարով պատանիք Արի Հողը կրնկեն և ամրապնդեն
Արմատներն իրենց Մայր Հողի կրծքում:
Հողն Արարատի՝ մայրական տենչով՝
Սերմնացաններին իր գիրկը կանչի
ԵՎ գորովանքով իր մեջ ներառնի
Սերմեր բազմագույն:
Զատիկ է՝ գարուն և բեղմնավորում,
Սուրբ մայրացումի բազմագույն օծում,
Մայր Անահիտին՝ բարև՛ բազմագույն:
Կաթնաբույր գարնան բարևաշշունջ,
Հոգեհամբույր, թախծաժպիտ,
Նազաշորոր, հեզաշշուկ,
Քնքշատաղիկ և սիրապար
Զատիկն է ծփում կենաց զարթոնքի,
Որպես հոգեթով, բուրող մեղեդի,
Որպես թախծալի հեռավոր կարոտ,
Որպես բեղմնավոր երանության լույս,
Որպես սերմնացան տոնախմբություն,
Որպես ցողաթաց հողի մայրացում,
Որպես զովաշունչ անձկալի շոյանք,
Որպես արևշող սիրո տվայտանք,
Որպես հոգեկան շիկնանք երկյուղած,
Որպես ոգեկանչ հեռավոր նախնյաց,
Որպես բազմաշուրթ գովերգում Հողին,
Որպես բյուրհայաց գգվանք Արեգին,
Որպես ջերմ բարև՛ Մայր Անահիտին:
Ո՛վ Դիցուհի,
ես մեղկության կրոններեն ահա իմ խիղճս լվացի,
ՈՒ պերճորեն դեպի զքեզ կքալեմ: Հողաթափքերս դեռ սուրբ են:
Բաց մարմար դուռը Մեհյանիդ, անոր դիմաց ես ճակատս թող
արյունեմ...
Բաց Բագինդ, և տուր ինծի շեկ զորությունը Արտաշիսյան
Նախնիներուս...
Լսե ինծի, Ոսկեղեն Մա՜յր, քույր արգավանդ, քույր բարության,
Առատությանց պարգևիչ և Տիրուհիդ հին հայոց,
Նավասարդի առավոտով Քու նախկին ցեղդ ահավասիկ կցնծա՛...
Թույլ տուր որ ես ծնրադիր ձևիդ առջև աղոթեմ:
Լսե ինծի, Հրաշքի Վարդ, ոսկի ոտքով Աստվածուհի,
Գիշերային սպիտակ Հարս և Տարփուհիդ Արեգական,
ԵՎ լուսամարմին մերկություն Արարչական Առագաստի,
Արևն իր մեկ ճառագայթով թող քու բագինդ դարձյալ վառե...
Կհավատամ ես ի քեզ: Բագրևանդյան բլուրներուն վրա կանգուն,
Ես բազմադարյան դիցապաշտ և նիզակազեն քու որդիդ
Իբր առաքյալ և խնդրարկու Քեզի կուգամ վեհորեն,
Լսե ինծի, Հայկյան բամբիռս Գողթան հողեն է ծներ...
ՈՒխտի կուգամ: Քղամիդ մը հասակես վար և բարսամունքի դալար ուստեր ի ձեռիս,
Ահավասիկ արծաթ ցնցուղ մը վարդահյութով՝ ստինքներդ օծելու...
Ահավասիկ խնկաման մը սափորաձև, ուր կործանումդ իմ
արցունքո՛վս ես լացի...
ԵՎ ստվերիս հետևող եղնիկներով նվիրական՝ Քեզ կքալեմ...
Բագրևանդյան բլուրներեն հեթանոս կյանքը թող հոսի,
Արևորդիք գեղահասակ, բեհեզներով պարեգոտված,
Աղեղներու, նիզակներու և նետերու վարժեն հետո, զոհարանիդ սեմին վրա՝
Հաղթ ցուլերու պարանոցին իրենց սուրերը թող սևեռեն...
Թող պտղավորյալ հայ հարսներուն ուսերին հստակ տարմը
տատրակներուն,
Դեպի անդրիդ թռիչ առնեն: Վարդավառի ջրախաղերը թող
բացվի՛ն...
ԵՎ վեշտասնամյա աղջիկներ բագինիդ շուրջ պարի ելած,
Իրենց իղձերը մոգական, ո՛վ զգաստության Տիրամայր, թող
քեզ բաշխեն...
Քսան դարու Քու վրեժդ թող որ այսօր ես լուծեմ,
Ո՛վ աստվածուհիդ Անահիտ: Ահավասիկ քու բագինիդ կրակներու մեջ նետեցի
Իմ խորտակված խաչափայտիս երկու թևերը թունավոր,
ԵՎ ցնծա դուն, ո՛վ Ոսկեմայր, Լուսավորչի կողերեն, ժանտ ոսկոր մը քեզ կծխեմ...
Կպաղատիմ ես Քեզի, ո՛վ զորությանց դուն աներկրորդ
Գեղեցկություն...
Դուն քո մարմինդ Հայր Արային ընծայելով՝ բեղմնավորվե անոր Տարրեն,
ԵՎ անհաղթելի ահեղ Աստված մը պարգևէ դուն Հայության...
Քու ադամանդյա արգանդեդ, ո՛վ Դիցուհի, ահեղ Աստված մը
ծնանե մեզ...
Դատարկ կլիներ Աշխարհը արար,
Թե Մայր չլիներ:
Էլ ո՞վ պիտի Աստվածներ ծներ,
Էլ ո՞վ պիտի Արիով երկներ,
Ո՞վ պիտի չափեր ցավը Աշխարհի,
Գութը Աշխարհի ո՞վ պիտի ցաներ,
Ո՞վ պիտի սներ Սերը Գարունքի...
Բայց էլ ի՞նչ Գարունք, թե Մայր չլիներ:
Թե Մայր չլիներ, Հայրը ի՞նչ աներ:
Գուցե իսկապե՞ս հենց ինքը Արա՛ն
Մայրն է արարել Անահիտի մեջ
ՈՒ հենց Մայրությամբ կերտել է նրան,
ԵՎ ինքն առաջինն է նրան Մայր անվանել:
ԵՎ դու ճախրում ես այս երկրի վրա,
և բերրի դաշտերի վրա լցնում ես գինի.
և հայտնվում ես աստվածությամբ հպարտ,
իբրև հավատ, իբրև սեր և մայրություն:
ԵՎ տավիղ կա քո ձեռքին, և մայր ես դու,
քո մատների շեղ, համանվագ զարկից
զարթնում են մարդիկ, շեներ ու ցեղեր,
և դու նվագում ես առավոտվա տեսքով:
ԵՎ տաճարներում, և քո տաճարում,
ուր քուրմերը՝ ցավից ու հավատից
ամփոփված իրենց էությունում,
երազում են քեզ ու արև են երգում:
Խլրտում է հողը բերրի ու վայրի,
խլրտում է սիրտը պարմանուհու այն շեկ.
և աչքերում կապույտ, կապույտ աչքերում
արթնանում են պատկերներ սիրո ու մայրության:
ԵՎ ցավի պես ճնշող ու հոգնաբեկ,
և հույսի պես տխուր ու միամիտ,
աչքերում այդ կապույտ, աչքերում այդ ծավե
օրորվում են սիրո լուսաբացներ:
Մայր իմ անիրական, և երազ, և միֆ,
հեռուների իմ սեր, հեռուների կարոտ,
քո տեսքով ու շարժումով մանկան
Արարատը լի է աստվածներով:
ԵՎ տավիղ կա նրանց ձեռքերում մանկական,
և սերեր աչքերում, և կարոտներ հոգում.
ես չկայի, և դու ճախրում էիր այս երկրի վրա
իբրև հավատ, իբրև սեր և մայրություն:
Բարի գիշեր, Մայր Անահի՜տ,
Քուն եմ մտնում անխռով,
Ինձ էլ բարի գիշեր մաղթիր
Աստվածային քո սիրով:
Հանգիստ քուն տուր իմ աչքերին,
Անուշ երազ պարգևիր:
Թող գիշերը բարին լինի,
Երազներս չմարեն,
Թող աստղերը երկնի մթնում,
Պայծառ, ուրախ փայլփլեն:
Թող մայրիկս ինձ համբուրի
Գիշերը խոր քնիս մեջ,
Թող հայրիկս ինձ գուրգուրի
Երազներիս լույսի մեջ:
Թող եղբայրքս ու քույրերս
Ինձ հետ խաղան երազում,
Իրար սիրենք, իրար գգվենք
Ամբողջ գիշեր երազում:
Բարի գիշեր, Մայր Անահի՜տ,
Սիրում եմ քեզ և հավատում եմ քո սիրուն:
Մայրության Խորհուրդ,
Մայր Աստվածուհի,
Դիցամայր Հայոց,
Դու՝ Մայր Զգաստության,
Մայրաց - Մայր Տիկին,
Մայր՝ Հայոց Գոյի,
Քաղցրաբույր ժպիտ,
Դու՝ Աղբյուր վճիտ,
Կենսատրոփ դու սիրտ,
Իմ Մայր Անահի՜տ:
Ուխտագիրք
Комментариев нет:
Отправить комментарий