23.01.2013

ԿԵՂԾԻՔԻ ԳԵՐՈՒԹՅՈՒՆ (ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ)


Տարիներից ի վեր  հրապարակի վրա մի կեղծիք կա, մի հրեշային կեղծիք, որին շարունակում է խունկ վառել մի մասը, հա՛յ երիտասարդություն: Կեղծ դառնությամբ սրանք դեռ սգում են հեղափոխության զոհերի վրա: Փարիսեցիորեն կուրծք են ծեծում, իմաստություն ծախում, երբեմն էլ՝ արամազդյան կեցվածք ընդունելով, այդ դասալիքները երևան են գալիս դատավորի դերում և անիծում անկախության գաղափարը:
      Ա՛խ, տխմար հեղափոխականներ, միամիտների ականջին փսփսում են սրանք՝ ի՞նչպես կարելի էր զոհեր տալ, ինչպե՞ս կարելի էր չգիտենալ, թե ազատությունը տարվա եղանակների նման գալիս է ինքնին, առանց պայքարի և արյան, պտուղի պես, պնդում է ծպտված ստրուկը՝ պտուղի պես բան է ազատությունը, ընկնում է հենց որ հասունացավ.....

       Այս և այսպես են թշվառաբանում հայրերիցդ ոմանք, որոնք կեղծում են, թե չգիտեն, որ ազգերը երկաթով ու արյունով են հարթել իրենց պատմական ճամփան, որ ազգերի բարօրությունը ձեռք է բերվում արյունով ու արցունքով, որ ազգերի անցած ճամփաները շարունակում են ծածկված մնալ մարդկային գանգերով: Հաղթությունը չի պտղաբերի, մինչև որ դաշտերը չոռոգվեն արյամբ: Արյան հեղեղներով են ներկված ժողովուրդների թափած արյունը հանուն անկախության: Այդ գիտեն մեր ցեղի տկար տարրերը, գիտեն, բայց կեղծիք կոչված հրեշի դեմ չմեղանչելու համար դեռ պնդում են, թե Հայոց աշխարհը կարող էր բացառություն կազմել ծանոթ երկաթե օրենքից՝ արյան տուրքից: Եվ զայրացած են նրանք, երկրորդ կեղծիքը՝ զայրացած են, որ մեզ չի հաջողվել զինաթափել այն մեծ ու փոքր ազգերը, որոնք սուր մերկացրին աշխարհի խաղաղության դեմ: Սրանք կուզեին, որ չպայթեր համաշխարհային պատերազմը, կուզեին, որ ազգերի իրար անցնելուց հետո հայությունը մնար չեզոք, և հավատում են, թե թրքությունը՝ դարերի գազանն ու խուժը, պատերազմի օրերին կարող էր դառնալ  մարդ և հայասեր:
      Չեզոքությո՛ւն... Համաշխարհային պատերազմի օրերին չեզոքություն պահանջելը հայ ժողովրդից, կնշանակեր մահացիորեն տգետ և վատ լինել, կնշանակեր տարրական հասկացողություն չունենալ ստրկության մեջ հոգեվարող ժողովուրդների հոգեբանության մասին: Չեխը, լեհը, մակեդոնացին, սերբը, սիրիացին, քաղաքականապես անիրավածբոլոր ժողովուրդները կողմ դարձան՝ դարերի իրենց երազը իրականացրած տեսնելու համար: Հոգեբանորեն ավելի քան հասկանալի շարժումներ էին՝ կամավորականը՝ ռուսահայ իրականության, լեգիոնականը՝ գաղութահայության մեջ:
      -Արդյոք մեր բացարձակ չեզոքության դեպքում , եթե դա նույնիսկ հոգեբանորեն հնարավոր լիներ, թուրք կառավարությունը պիտի չտեղահանե՞ր հայությանը:
             -Նա պիտ վարվեր մեզ հետ ճիշտ այնպես, ինչպես որ վարվեց:
       -Ինչո՞ւ:
       -Որովհետև թուրքն ավելի դրական կարծիք ուներ և ունի հայ ցեղի մասին, քան մեր հայանուն ստրկամիտները, որոնք  ազնվության վկայական տալով թրքության, վատությունն ունեն կարծելու, թե հայության մեջ այլևս մեռած է մարդն ու Հայը, թե հայությունը կարող էր և չհուզվել, չուրախանալ, թե ահա՛ կերևան եվրոպական գայլերը և իսլամ շունը կհաղթի, կհեռանա հայկական նահանգներից, թե ահա կհայտնվեն քրիստոնյա զորքերը և հայությունը կթոթափի դարերի ստրկությունը:
      Վատերը միայն վատ կարծիք ունեն մեր ժողովրդի մասին: Սրանց համար այնքան զուլումներից զարնված հայությունը փայտե ժողովուրդ է՝ անընդունակ նույնիսկ զգալու և երազելու լավ օրերի մասին: Յեոթնիցս տգետ և զզվելի՛ կարծիք....
      Մեր բարյացկամ չեզոքության դեպքում իսկ, եթե դա, կրկնում եմ, նույնիսկ հնարավոր լիներ, թրքությունը պիտ վարվեր մեզ հետ ճիշտ այնպես, ինչպես որ վարվեց: Նա չեր կարող հավատալ մեր բարեկամությանը, քանզի կար մոտիկ անցյալի խրատական պատմությունը: Հունաստան, Ռումինիա, Սերբիա, Բուլղարիա, Սև Լեռ, Բոսնիա, Հերցեգովինա, այդ բոլոր ժողովուրդները իրար հետևից գարշանքով էին թոթափել թրքական լուծը: Հայը չեր կարող սև բացառություն կազմել: Որպեսզի թուրքը վստահեր մեզ, հիշատակածս ազգերը ժամանակին պետք  չէ ծառացած լինեին թրքության դեմ: Կարո՞ղ էինք այնպես անել, որ մեր սև աչքերի համար այդ ժողովուրդները շարունակեին մնալ ստրուկ: Ո՛չ: Կարո՞ղ էինք այնպես անել, որ թրքությունը մոռանար մոտիկ անցյալի խրատական պատմությունը և հավատար մեզ: Ո՛չ: Ուրեմն տեղի պիտ ունենար այն, ինչ որ տեղի ունեցավ:
      Կա երրորդ կեղծիքը, որին պաշտոն և ժամերգություն է կատարում քո անդարձ, անապաշխար հայրերի որոշ մասը: Դա մեծ կեղծիքն է Կարսի մասին: Չի եղել, հա՛յ երիտասարդ, ու չկա մի ժողովուրդ, որի պատմությունը միայն ու միայն փայլուն հաղթանակներ արձանագրած լինի: Ժամանակավոր պարտության դառն բաժակը դատարկել են բոլոր ժողովուրդները, ինչպես և աշխարհակալ Հռոմը: Երեկվա գոռ ու գոռոզ հաղթանակը պարտվում է այսօր, առանց, սակայն, կորցնելու վաղվա հաղթանակի հույսը: Հարվածներ է, որ կփոխանակեն ժողովուրդները, և վա՛յ նրան, որ միայն ստանում է առանց վերադարձնելու, առանց հակահարվածելու: Այդպիսին իր տեղն արևի տակ ընդմիշտ կազատեր նրանց համար, որոնք կյանքն ու պատերազմը նույնանիշ երևույթներ են համարում, որոնք խոսում են խաղաղության մասին, բայց չեն դադարում պատրաստվել հարված տալու կամ իրենց տրվելիք հարվածը հետ մղելու համար: Եվ սովորություն կա, գրչի ու գրքի պատերազմից հետո հաշվի նստել, պարզել իրենց հաջողության և պարտության պատճառները: Հաղթանակը կուսումնասիրի իր հաղթանակի պատճառները՝ վաղը ևս հաղթանակելու համար, պարտվածը՝ կանդրադառնա իր պարտության պատճառներին՝ վաղը մրանից խուսափելու նպատակով:
      Համաշխարհային պատերազմին մասնակցություն բերած կողմերը վաղուց են պարզել ճշմարտությունն իրենց զենքի հաջողության ու ձախողանքի մասին, և զինված այդ ճշմարտությամբ, լռիկ ու մնջիկ պատրաստվում են վաղվա համար: Մի տխուր բացառություն է կազմում աստվածապահ մեր ժողովուրդը միայն: Տարիներ են անցել Կարսի անկման օրից, տարիներ, և .... այդ բերդի շուրջը տեղի ունեցած ողբերգության մասին հրապարակում կա ամեն ինչ, միայն ոչ ճշմարտությունը: Մի նշանախեց անգամ: Շատ բան գրվեց, ավելի շատ խոսվեց, և դեռ գրում են, խոսում Կարսի անկման պատճառների մասին, բայց ոչ ճշմարտությունը երևան հանելու համար: Կեղծիք հայտնեց մտավորականը, նպարավաճառը, սափրիչը, չմնաց արվեստ ու արհեստ, որի ներկայացուցիչը լեզու չթրջեր Կարսի պատերի տակ հայ զենքի կրած անհաջողության մասին: Բայց ոչ ոք չեռնահասություն և արիություն չունեցավ մազաչափ անգամ մոտենալու ճշմարտությանը, ոչ ոք չուզեց և չկարողացավ տեսնել ճշմարտությունը:
      -Հայաստանի կառավարության անհեռատեսությանն ենք պարտք Կարսի անկման համար, պատերազմը դիվանագիտորեն կազմակերպված չէր, - ասեցին և ասում են ոմանք:
       -Զինվորական նախարարի ապիկարության երեսից ընկավ Կարսը, որոհետև զորք չկար, որովհետև եղածը զորք չէր;
       -Կարսը թշնամուն հանձնեց բարձր հրամանատարության անճարակությունը՝ զորք կար, բայց կռվեցնող չկար: Սրանով չէ սպառվում մեղադրականը: Շա՛տ են նրա կետերը և բազմապիսի: Եվ ամեն մեկը, երևակայական այս կամ այն պատճառներին վերագրելով հայկական բերդի անփառունակ անկումը, հագավ դատավորի պատմուճանը և գռեհկորեն հայհոյեց, զրպարտեց, բանբասեց նրանց, որոնց ձևականորեն հանձնված էր Հայաստանի ծանոթ ամրության պաշտպանությունը: Եվ ամեն մեկը, որ տգիտություն և վատություն ունեցավ իրենից դուրս փնտրելու աղետի պատճառները, կրկնեց հիմարություններ միայն:
      Հետևա՛նքը: Փողոցում և հոգիների մեջ ամեն ինչ՝ տգիտություն, միամտություն, կեղծիք, իսկ ճշմարտությունը՝ բնա՛վ:
      Հետևե՛ք, ընթերցո՛ղ, կատարվող քննադատություններին և փութավճիռ դատաստաններին և պիտ մղվեք համոզվելու, թե հայրերիդ շարքերում կան ամեն գնով ծիծաղելի դառնալու մարմաջով  բռնված մտավորականներ: Ինչի՞, սակայն, վերագրել այդ տխուր երևույթը, արդյո՞ք, միայն տգիտությանը: Ճի՛շտ է, հասկանալի պատճառներով մեր ժողովրդի մի որոշ մասը, որ անհայրենասիրությունն ունեցավ հեռու մնալու ազգային պայքարից, ամենադույզն չափով իսկ հասկացողություն չունի պատերազմ կոչված բարդ երևույթի մասին: Բայց և այնպես օրվա դատապարտելի վարքագիծը չի կարելի բացատրել իր տգիտությամբ միայն: Այդ տարրերի մեջ տգիտության հետ զինակցված է վատությունը: Երեք գլխավոր պատճառներ ունեն սրանք՝ գիտակցորեն խուսափելու ճշմարտությունից: Սրանց կուսակցության շահը պահանջում է տևականացնել Կարսի անկման առաջին օրերին ՀՀ կառավարության դեմ ստեղծված հասկանալի դժգոհությունը: Այդ դժգոհությունը մի զենք է, որից ազգային իշխանության հակառակորդները չեն ուզում զրկվել: Այստեղ, ինչպես տեսնում ենք, կա մտքի անազնիվություն:
      -Ընդունել ճշմարտությունը հանրապետական բանակի անհաջողության մասին, պարզել Կարսի անկման իսկական պատճառները, կնշանակի՝ պատասխանատվության բաժին ընդունել: Ճշմարտությունն ընդունողը առաքինություն պիտ ունենար զբաղվելու ինքնաուղղումով՝ վաղը իր աղետաբեր սխալներն ու պակասությունները չկրկնելու համար: Իսկ ինքնաուղղումը պահանջում է մտքի և հոգևոր ճիգեր, մի բան, որ այնքան էլ հաճելի չէ հոգեպես ծույլերի և նյութականացածների համար:
      -Ճշմարտությունից երես դարձնելու երրորդ պատճառը՝ դա իրենց դասալքությունն արդարացնելու հանցավոր միտումն է: Հեռատես պիտ համարվեին, եթե կարողանային լռել: Չկարողացան և մատնեցին իրենց: Իմաստությունը չեր, որ նրանց հեռու էր պահել ազատագրական պայքարից, այլ՝ փոքրոգությունը: Հին ծանոթ դասալիքներն են դրանք, որ միշտ էլ փորձել են փիլիսոփայել ու արդարացնել իրենց փախուստը ազգային պարտականություններից:
       -Հառաչող ազգերը՝ ստրուկ, անիրաված, իրենց տառապանքին վերջ տալու հույսով մի՛շտ էլ դիմած են հեղափոխության, որպես ծայրահեղ և հերոսական միջոցի, մասնավորապես Արևելքում: Այդ նույն միջոցին պիտ դիմեր հայ ժողովուրդը:
      Փա՛ռք իր խոյանքին, իր զոհերին և մայիսյան պատմական շարժուձևին:
      -Համաշխարհային պատերազմի բերումով հայ տարրի տեղահանությունը օսմանյան սպայակույտի համար ռազմագիտական անհրաժեշտություն լինելուց զատ, աշխարհի հզորներից ծեծված ու թքված թուրք ցեղի գրգռված բարբարոսության հագուրդ տալու հոգեբանակն մի միջոց էր, որին անվարան կերպով դիմեց թուրք կառավարությունը:
      -Կարսի ամոթը Հանրապետական կառավարությանը չեր միայն, այլ՝ ողջ հայ ժողովրդինը: Չափվում են, բախվում բանակները, բայց հաղթում կամ պարտվում են ազգերը, ցեղերը: Կարսի պատերի տակ պարտվողը հայ զինվորն ու զորավարը չէ միայն, այլև բովանդակ հայությունը, հայ ժողովրդի՝ իր ամբողջության մեջ անմարտունակ, անարի, անմշակ հոգին: Ահա՛ ճշմարտությունը, հա՛յ երիտասարդ, սպանիչը կեղծիքի, ճշմարտությունը, որով զինված, դու աննահանջ կռվի պիտ դուրս գաս տգիտության ու վատության դեմ: Դու պիտ սպանես կեղծիք հրեշը, որ սպառնում է մեր ազգի նյութական և բարոյական գոյությանը: Վաղուց է, ինչ այդ եռագլխանի հրեշը, հենված մեր հասարակական կյանքի գռեհկության, անաստվածաբար պաշտվում է և իշխում մեր ժողովրդի որոշ տարրերի հոգու և մտքի վրա: Նա մեհյաններ ունի ցցված ամեն տեղ, ուր կսողա տկար, անարի, անանձ հայը: Նա անսուրբ բագինների ունի, որոնք դո՛ւ, Ավարայրի հերոս Եղիցի սրբազան կատաղությամբ պիտ խորտակես:
      Վե՛րջ կեղծիքի թագավորությանը մեր կյանքում, որ բազմիցս փորել է հիմքերը մեր ազգային գերիշխանության և կործանել այն: Թագավորող կեղծիքի երեսից հալածական է ճշմարտությունը մեր իրականությունից: Չկա՛, ճշմարտություն չկա՛ մեր կյանքում, և դրա համար էլ այնքան անլույս ու անհույս է մեր կյանքը, դրա համար էլ այնքան տգեղ են մեր բարքերը, այնքան խոպան մեր հոգիները: Չկա՛ ճշմարտություն, դրա համար էլ ներքին համերաշխությունը շարունակում է մնալ որպես սնամեջ խոսք, դրա համար էլ մտքի, զգացումի, ոգու ողքատությունն այնքա՛ն աղաղակող է մեր ազգային կյանքում: Չկա՛ ճշմարտություն, և դրա համար էլ մեր ժողովրդի մի մասը Մետերլինգյան կույրերի նման մոլորված է տգիտության անտառում:
      Կա փիլիսոփայող եսականություն , ատելություն, նախանձ, փոքրոգություն, քաղաքական շաղակրատանք: Նա այն ամենը, որ դժոխքն իսկապես դժոխք է դարձնում: Կա այդ ամենը, որովհետև ճշմարտություն չկա: Կա կեղծիքը և, ի ուրախություն թուրքերի, շարունակվում է ներքին իրարակերությունը: Կա կեղծիքը, և հայությունը կշարունակե գրավաստակ լինել՝ մի մասը շինարարելով,. մյուսը՝ քանդելով:
      Կեղծիքի մեջ կշնչեն, կապրեն շատերը, և ահա՛, հայությունն իր ամբողջության մեջ շարունակում է մնալ հոգեպես տկար, ասել է՝ և անկարող ու անարժան անկախ հայրենիք ունենալուն: Ճշմարտության թագավորությունը, ա՛հ, երիտասարդ հայություն, դա աստվածային այն լույսն ու ջերմությունն է, որով կսնվի ու կհզորանա հոգին՝ անհատի և ժողովրդի: Կեղծիքը՝ կստրկացնի, ճշմարտությունը՝ կփրկի: Վերջինը ուժ է, առաջինը՝ տկարությունը: Վախկոտն ու ստորը, ահա՛ կեղծիքի աշակերտները: Ճշմարտությունը կդաստիարակի արին ու ազնիվը: Պարտություն, ստրկություն, տառապանք, ահա՛ կեղծիքին հարկատու ժողովուրդների ճակատագիրը: Ճշմարտությունն, ընդհակառակը, կհզորացնի ու կփրկի՝ դարձնելով ազգերին հաղթական: Երկրորդը՝ կրկնենք իմաստունի հետ, ամենամեծ աստվածությունն է, որ բնությունը հայտնաբերել է մարդկության համար և օժտել այն ամենամեծ ուժով: Ճշմարտության մեջ ապրող անհատի և հավաքականության հիմքը դրված է լինում ժայռի, կեղծիքի մեջ խարխափողինը՝ ավազի վրա: Չե՞ս զգում, երիտասարդ ընթերցող, թե ինչպե՛ս մահաշունչ կեղծիքից խորշակահար է լինում այն ամենը, ինչը որ գեղեցիկ, վսեմ, հերոսական է մեր կյանքում: Չե՞ս զգում, արդյոք, թե խեղդվում են շրջապատիդ մահաշունչ կեղծիքի մեջ: Կեղծիք՝ մահ ասել է, դանդաղ մահացում, իսկ մեզ պետք է ապրել որպես ժողովուրդ: Տե՛ս, հայրերդ իրար ավելի են ատում, քան արտաքին թշնամուն: Եվ արդեն շատերի մեջ սկսել է խոսել ներումը դեպի թրքությունը: Նշան՝ ազգային նվաստության: Տե՛ս, թե ինչպե՞ս ծաղրելի  կերպով ինքնաբավ են շատերը, քչով բավականացող, փառասիրությամբ ծույլ և սակավապետ: Որքա՛ն անխռով են, մտահոգության ստվեր իսկ չի նկատվում սրանց մեջ՝ իրենց ժողովրդի ապագայի մասին: Կարծեք Թովմաս Մուրի իդեալական կղզում ապրելիս լիներ հայությունը և ոչ թե մեր տխուր Արևելքում՝ շարջապատված բարբարոս և քրիստոնյա իսլամությամբ: Կեղծավորնե՛րը...  Յովտ գրի մասին ավելի են աղմկում, քան հայ ժողովրդի վտանգված ապագայի: Երբեք ջրի և հովտի հոսանքին հակառակ չնավել, հավետ սպասել  հաջող կռվի և մակընթացության. այս է այն  զգաստ քաղաքականությունը, որով կառաջնորդվեն և կուզեն առաջնորդել հայությանը: Տե՛ս, թե ինչպիսի՛ մոլեռանդությամբ նրանք ազգային գործիչների մեծագործությունները սառույցի, իսկ սխալները՝ մարմարիոնի վրա են քանդակում: Իսկ նրանց կեցվա՞ծքը, ծառայողական՝ օտարի, ամբարտավան՝ հայ մարդու  հանդեպ: Իսկ իրենց հոգևոր ծուլությունն ու չքավորությունը սքողելու զավեշտական ճիգե՞րը: Իսկ սրանց նյութակրոն  վարդապետություննե՞րը, որ մարդկային կյանքը համարելով մի օրվա ճամփորդություն, հորդորում է՝ կե՛ր, խմի՛ր, խնդա՛, աշխարհի և ազգիդ ցավերը թողնելով ուրիշներին: Հետևա՞նքը՝ մի հոռենշան վիճակ, մտաբարոյական ընդհանուր քաոս, որի մեջ վաղուց է սկսվել եղծումն ու խաթարումը մեր ազգային հոգու: Իսկ գիտենք, որ մի ժողովրդի ուժը ավելի նվազ չափով է գտնվում իր  բանակների՝ քան իր զգացումների ընդհանրության, քան ազգային հոգու մեջ: Ազգային հոգին Հռոմեացիներին դարձրեց աշխարհի տերը, կորցնելով այդ հոգին՝ կորավ Հռոմը: Հետևա՞նքը՝ մի դրություն, որ սպառնում է մահվամբ: Ի՞նչ, հայ երիտասարդություն, մեռելի ականջի՞ն է հնչում իմ խոսքը: Ո՛չ, ես հավատում եմ քո ներքին վերանորոգիչ ուժին, ինչպես և քո ջահել թևերի թափին: Ես զգում եմ, թե ինչպե՛ս զայրույթն ու ամոթը, միացան սրբազան ինքնադժգոհությանը, այրում են քեզ: Ես տեսնում եմ, թե ինչպե՛ս սեղմվում է քո բռունցքը կեղծիք կոչված հրեշի դեմ: Դու դողում ես կատաղությունից և արդեն նախաճաշակում քաղցրությունը պայքարի, որի մեջ պիտ սպանվի կեղծիք հսկան:  Ահա՛, դու զայրույթով հետ ես մղում անզիղջ հայրերիդ հոգևոր խնամակալությունը և նրան պարտադրում  քոնը: Սկսում է պայքարը որդիների և հայրերի միջև: Ճշմարտության և կեղծիքի միջև: Կռիվը Դավիթի և Գողիաթի միջև:
     -Ինձ թեթև գործ մի տաք, ես ուզում եմ բարձրացնել այն հսկա լեռը և նետել ծովը: Ա՛հ, այդ ձայնն է քո ազնիվ փառասիրության, հա՛յ երիտասարդություն, որի համար անկարելին հայկական բառ չէ:
     -Պիտ պարտվի, պիտ մեռնի կեղծիքը մեր կյանքում, որ ապրի մեր ժողովուրդը:
     -Ջա՛ն, այդ քո ձայնն է, իդեալի ընդունակ երիտասարդություն, որ սիրում եմ լսել:

Комментариев нет:

Отправить комментарий