24.01.2013

ԿԵՂԾԻՔԸ ԶԻՆԱԹԱՓԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ (ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԵՄ)



Քո սկսած պայքարի մեջ, ուղղված հայրերիդ դեմ, կզարնվի կեղծիքը: Ճշմարտությունը կտոնե իր հաղթանակը՝ վերագրավելով իր գահը մեր հասարակական և անհատական կյանքում: Նրա արևը կլուսավորե մեր հոգևոր կյանքը՝ փրկելով մեզ մտավոր կուրությունից: Կբացվեն աչքերը, և նրանք, որոնք բաց աչքերով կապրեն աշխարհում, բայց չեն տեսնի, իրերը և երևույթները տեսնել ու հասկանալ կսկսեն իրենց ճշմարիտ լույսի մեջ: Շարժվել կսկսեն ճշմարտությամբ օծուն գրիչներ: Ստեղծագործ ոգևորության մի հեղեղ կանցնի հայ աշխարհի վրայով՝ աճեցնելով հոգիներն ու կամքերը:
Հայ մարդ՝ ծանոթ ինքնաճանաչության օրենքներին, կզարգացնի իր ներքին թաքուն ուժերը իր ներքին մարդը, որի բաղդատմամբ ինքն այժմ թզուկ է միայն: Կհրապարակախոսեն վսեմ ու խանդավառ շրթունքներ, և երեկվա, հակասություններով այնքան հարուստ մեր կյանքը կիմաստանանա բարոյական ճշմարտություններով: Խոսելուց առաջ ամեն ոք ոսկե կշռով նախ կկշռի իր խոսքը: Մայրերը զգաստության և ուղղության կհրավիրեն ազգայնորեն տկարացածներին՝ դաստիարակելով իրենց զավակները նախ հայրենիքի՛ համար: Դպրոցը կդառնա ազգային ոգու և ուխտի դպրոց: Մամուլը՝ լուս և ջերմություն սփռող: Կինը՝ ընկեր ընկերն ու օգնականը և ոչ՝ ազախինը տղամարդու: Ուսուցիչն ու աշակերտը կունենան իրենց ընդհանուր ուսուցիչը՝ լուսավոր ժողովրդասիրությունը, այսինքն՝ որ բավարարեր անհատի իմացականությունը ջերմացներ սիրտը, զորացներ հույսը:վսեմ ժողովրդասիրություն, որից հայությունը կարողանար ստեղծել մի հրաշագործ ուժ:
      Հայը կունենա ավելի բարձր ըմբռնում կյանքի մասին: Պարտականության գիտակցությունը կհետևեր մարդկանց՝ որպես խստապահանջ Աստվածություն: Գոյություն կունենա մրցումի մի հատիկ ձև միայն՝ բարոյական մրցում: Մարդիկ կպերճախոսեն գործով միայն՝ հայրենասիրական ու առաքինի: Քննադատության լավագույն ու արդար ձևը կհամարվի քննադատելիից ավելի բարձր ու օգտակար լինելը: Բարեկեցիկ տարրերը ևս, գիտակցված, թե պետք է նախ մարդ և Հայ լինել և ոչ թե հարուստ՝ կձգտեն իրենց երջանկությունը ապահովել իրենց ժողովրդի երջանկության հոգը տանելով: Ազնիվ փառասիրությունից մղված՝ Հայը կճգնի գերազանցել իր հարևանին արիությամբ, հայրենապաշտությամբ ու անձնվիրությամբ: Կուսակցականի նշանաբանը կդառնա՝ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար:
      Նվիրո՜ւմ, ավելի՜ նվիրում, կլինի մեռնողի վերջին խոսքը: Երկյուղածորեն կպաշտվի աճյունը հայրենապաշտ մեռելների, նվիրական աճյուն, որ Հայրենիք կստեղծի: Եվ որպես հետևանք ստեղծված այդ բարոյաշունչ մթնոլորտի, հայ մարտիկն իր կրծքի տակ կկրի գիտակցական մահը, ասել է և հաղթանակը արտաքին թշնամու հանդեպ՝ ապահովելով գոյությունը զորեղ, հարգված և երջանիկ Հայրենիքի:
      Թոթափած կեղծիքի լուծը, հայությունն այժմ իր ամբողջականության մեջ խորապես գիտակցված է մեր դարի և օրերի հրամայականը՝ հզորացի՛ր կամ մեռի՛ր: Այժմ նա չի թաքցնում, թե ինքը պարտվեց ու պատժվեց խստիվ, քանզի չկարողացավ օգտվել իր ցեղի ոգու անսպառ ուժերից:  Պատմության դառնադառն դասերից խրատված՝ նա գիտի այժմ, որ անիրաված ժողովուրդների արյունն ու արցունքը պիտի չդադարի մինչև որ նրանք ինքնօգնությամբ ոտքի չկանգնեն, մինչև չհզորանան հոգով: Նա չի հաշտվել անիրավածի իր դրության հետ, հակառակը կնշանակեր գիտակցորեն ստորագրել իր մահվան դատավճիռը: Նա գիտի, որ ժողովուրդներն ավելի ուժեղ են, քան ժամանակավոր կարիքը, դժբախտությունը, բռնությունը: Եվ, ահա՛, գերմարդկային ճիգեր է կատարում հաղթահարելու իր տառապանքը և օրեցօր լցվում է ներքին ուրախությամբ և ուժով: Նա գիտի, որ դեռ ազգերն ապրում են իրենց կազմակերպված եսականության շրջանը, որոնց մարդասիրության ապավինելը միմտություն լինելուց զատ և վտանգավոր է: Գիտակցված այդ ճշմարտությունը՝ հայությունը վճռված է այլևս չմնալ որպես նյութական և բարոյական խաղալիք աշխարհի հզորների ձեռքին և, ահա՛, գործի է դրել իր ցեղային հանճարը, որի ուժերը և կարողությունները հարմար առիթ կսպասեին՝ զարթնելու և ծառայելու իրեն:
      Նա խաղաղ է այժմ, բայց ուժեղ: Նա սիրում է խաղաղությունը, բայց պատրաստվում է կռվի, որովհետև գիտի որ ամեն ժամ, այս կամ այն պետությունը կարող է բաց թողնել պատերազմի շները: Նրա ճակատին այժմ՝ որպես արդար դատի տերև մարտնչող ժողովուրդի, կա և կփայլի կատարված պարտականությունների կնիքը: Կատարելով իր պարտականությունները իր հավաքական անձի նկատմամբ՝ նա աստիճանաբար ցրում է իր շրջապատի խավարն ու հոգեկան անհանգստությունը: Նա այլևս կեղծիքի մեջ ապրող դժբախտ ժողովուրդ չէ, որ իր ուժերի կեսից ավելին կսպառեր վախի և անհուսության մեջ: Զինաթափ արած կեղծիքը՝ նա գիտի այժմ թե ի՞նչ է ուզում աշխարհից, և թե դեպի ո՞ւր է ուղղված իր հերոսական չուն: Ճշմարտությունը բուժիչ ջրի նման սրբել, մաքրել է նրա աչքերը, պայծառացրել նրա հոգևոր տեսողությունը: Այժմ նա տեր է ճշմարտությունների, որ սփոփել, հզորացնել և փրկել գիտեն: Այժմ նա գտնվում է փրկության իսկական ճամփին:
      Այլևս ոչինչ կարող է խախտել իր ժողովրդի գրանիտե հավատը: Այժմ ոչինչ կարող է հուսալքել նրան, քանզի խորապես գիտակցած է, թե մի ժողովրդի հայրենի հողը չի կարող ուրիշի մնայուն հայրենիքը դառնալ: Նա գիտի, որ Մնայուն Արդարության օրենքի ուժով բռնագրաված երկրամասերը միշտ էլ, վաղ թե ուշ, անցնում են իրենց պատմական տերեր ձեռքը՝ պայմանով, որ այդ վերջինի մեջ ժամանակը տկարացած չլինի սերը, կարոտն ու պաշտամունքը դեպի Հայրենի Երկիրը:
     -Կա՛, հա՛յ երիտասարդություն, կա՛ Մեծ Հայրենիքը, որ քոնը պիտ լինի վաղը:
     Բայց ասա՛, օրվա քո հոգեկան կառուցվածքով պիտ կարողանա՞ս նրան տեր դառնալ ու մնալ: Խոստովանի՛ր, արժանի՞ ես նրան:
      -Այո՛, եթե հոգեփոխվեցիր և հոգեփոխեցիր ժողովուրդդ:

Комментариев нет:

Отправить комментарий