05.01.2013

ՎԱՀԱԳՆԻ ԿԱՆԹԵՂԸ (Ասք՝ Հայկ Նահապետի մասին)



Վաղուց Բելը այդպես հանգիստ չէր քնել:  Նա վերջապես համոզել էր մորը և առավոտյան սպանելու էր Հայկին:  ԵՎ իր հաղթանակի բերկրությամբ նա խոր քուն էր մտել:
   Հայկն էլ էր հանգիստ քնել:  Նա անտեղյակ էր դատավճռին, անտեղյակ էր Բելի հաղթանակին, անտեղյակ էր Խաթունի համաձայնությանը:  Նա հանգիստ քնել էր և չգիտեր նույնիսկ, որ Խաթունը քնած չէր:  Նա չէր զգում Խաթունի շուրթերի հպումը իր ճակատին և իր դեմքին ընկնող նրա արցունքները:

   Գիշերվա կեսին Հայկը լսեց մի անուշ ձայն:  Աչքերը բացեց և տեսավ Աստվածամայր Անահիտին:  Հայկը ժպտաց և փարվեց Մայր Անահիտի կրծքին:  Մի ուժգին կարոտ ալեկոծում էր նրա սիրտը:  Ամաչելով իր զորությունից, Հայկը զսպում էր իր արցունքները:  Բայց վերջը չդիմացավ:  ՙԷլ ի՞նչ զորություն, որ մոր գրկում չարտասվի՚ - ասաց ինքն իրեն ու լաց եղավ:
   - Մայր Անահի՜տ, - ասաց Հայկը, - ես մենակ եմ այս աշխարհում, բոլորը տարբեր են, բոլորը օտար են, ես ինձ նմաններին եմ ուզում:
   - Որդի՜ս, - ասաց Աստվածամայրը, - ես հենց դրա համար եմ եկել:  Առավոտյան Բելը սպանելու է քեզ, և Խաթունը իր համաձայնությունն է տվել:  Վեր կաց հենց հիմա, քանի դեռ բոլորը քնած են, իսկ Խաթունը իր սենյակում վշտից անզգայնացած է, փախիր ու գնա Արարատ քեզ նմանների մոտ:
   - Բայց ինչպե՞ս գնամ Արարատ,- հարցրեց Հայկը,- ես չգիտեմ ո՞ւր է նա:
   ԵՎ Մայր Անահիտը ասաց.
   - Վահագն Աստվածը մի վառ կանթեղ է կախել երկնքից, ուղիղ Արագած լեռան վերևը: Դու կտեսնես այդ կանթեղը. նա առանձնանում է աստղերի մեջ իր մեծությամբ և պայծառ լույսով: Վահագնի կանթեղը որպես փարոս կուղեկցի քեզ. գնա այդ ուղղությամբ: Բայց գիտցի՜ր, որ Վահագնի կանթեղի լույսը երևում է միայն գիշերները: ԵՎ դու միայն գիշերները գնա, իսկ ցերեկները թաքնվիր, որ Բելի զորականները չգտնեն քեզ: Իսկ եթե Վիշապը իր ցասումով հետապնդի քեզ, դու օգնության կանչիր Վահագնին. նա քեզ կպաշտպանի:
   - Մա՜յր,- հարցրեց Հայկը,- իսկ ինչպե՞ս իմանամ, որ հասել եմ Արարատ:
   ԵՎ Մայր Անահիտը ասաց.
   - Դու ինքդ կզգաս: Երբ հողը քեզ ձգի իրեն, և արևը ջերմացնի քեզ, իմացիր, որ Արարատում ես: Դե, հիմա շտապի՜ր, քանի դեռ Խաթունը չի սթափվել:
   Ասաց Աստվածամայրը և հեռացավ: Վեր կացավ Հայկը և զգույշ դուրս եկավ սենյակից: Ոչ ոք չկար, բոլորը քնած էին: Նա քայլեց դեպի շքամուտք, որ հեռանա պալատից, բայց կանգ առավ: ՙԻնչպե՞ս ես գնամ առանց հրաժեշտ տալու Խաթունին,- մտքում ասաց նա,- ախր նա ինձ ծիծ է տվել, ինձ փայփայել է, օրորել՚:
   ԵՎ մոռանալով ամեն զգուշություն, անտեսելով վտանգը, Հայկը ետ դարձավ, մտավ Խաթունի սենյակը: Խաթունը անշարժ նստած էր, ձեռքերը ծնկներին և աչքերը փակ. արցունքները չորացել էին նրա տանջված դեմքին: Հայկը ծնկի իջավ, համբուրեց Խաթունի ձեռքը, ապա ոտքի կանգնեց: ՙՄնաս բարով, մա՜յր, ես ներում եմ քեզ, դու էլ ինձ ներիր՚,- շշնջաց և դուրս եկավ սենյակից:
   Խաթունը զգաց Հայկի շուրթերի հպումը իր ձեռքին, լսեց նաև նրա խոսքերը: Բացեց աչքերը ու երազի նման տեսավ հեռացող Հայկին: Նա դուրս վազեց սենյակից, բայց Հայկն արդեն չկար: Նրան թվաց, թե երազ է տեսել: Մտավ Հայկի սենյակ, տեսավ սենյակը դատարկ է և հասկացավ, որ Հայկը փախել է: Խաթունը աղաղակեց, և նրա ձայնի վրա հավաքվեցին զորականները, եկավ և Բելը:
   - Հայկը փախել է, հետապնդե՜ք նրան և որտեղ որ բռնեք, սպանե՜ք,- կարգադրեց Խաթունը:
   Բոլորը դուրս վազեցին կատարելու Խաթունի հրամանը: Իսկ Խաթունը մտավ իր սենյակ, նստեց և ասաց ինքն իրեն.
   - Իսկ նա համբուրեց իմ ձեռքը...
   Հայկը վազեց դեպի մութ անապատ, ապա նայեց երկինք: Բազում աստղերի միջից շատ հեռվում առանձնանում էր մի մեծ աստղ, և նրա լույսն ավելի պայծառ էր: ԵՎ իմացավ Հայկը, որ դա Վահագնի կանթեղն է երկնքից կախված: ԵՎ նա գնաց այդ կանթեղի ուղղությամբ:
   Մթությունը քողարկում էր Հայկին, և հետապնդող տիտանները չէին գտնում նրան: Հայկը քայլում էր միայն գիշերները, իսկ ցերեկները նա թաքնվում էր քարայրներում, մացառներում: Տիտանները չգիտեին Վահագնի կանթեղի մասին և համոզված էին, որ Հայկը պիտի ցերեկները քայլի: ԵՎ նրանք Հայկին որոնում էին ցերեկները:
   Խորամանկ էր Բելը և հասկացավ, որ խաբում է իրեն Հայկը: Նա զոհ մատուցեց իր Աստված Վիշապին, խնդրելով իր ձեռքը գցել Հայկին: ԵՎ Վիշապը ոռնաց, մինչև երկինք հասնող օձաքամի բարձրացրեց և Հայկի տեսադաշտից ծածկեց Վահագնի կանթեղը: Հայկը մոլորվեց: Նա այս ու այն կողմ էր վազում, բայց օձաքամին հետապնդում էր նրան: ԵՎ օձաքամին օղակեց Հայկին ու իր գիրկը առավ նրան: Հայկը փորձում էր դուրս պրծնել այդ օձաքամու ճիրաններից, կռվում էր նրա դեմ, բայց՝ անարդյունք: Օձաքամին, իր գիրկն առած Հայկին, նրան տանում էր ետ՝ հանձնելու Բելի ձեռքը:
Արդեն երևում էին տիտան զորականները, որոնք ցնծում էին ու փառաբանում Վիշապին: Հասկացավ Հայկը, որ Վիշապն է իր դեմ ելել, և ինքը, թեև աստված, բայց երկրային է և Անմահ Աստծո դեմ կռվել չի կարող: ԵՎ Հայկը դիմեց Վահագնին.
   - Ո՛վ, Վահա՜գն, ո՛վ, Աստվա՜ծն իմ հայրերի, պաշտպանիր ինձ Վիշապից:
   Վահագնը լսեց նրա ձայնը: Բոցավառեց կանթեղը արևի հրով, ապա մի հրե գունդ պոկվեց կանթեղից ու եկավ դեպի Հայկը: Վայնասուն բարձրացրին տիտանները և խուճապահար փախան: Աստվածային բոցը ճեղքեց օձաքամին, հասավ Հայկին ու հրեղեն ձի դարձավ: Հայկը հեծավ այդ հրեղեն ձին ու բարձրացավ երկինք:
   Վիշապը ոռնոցով երկար հետապնդում էր Հայկին, բայց չէր կարողանում բռնել նրան: Վիշապը Հայկին հետապնդեց մինչև սահման, ուր վերջանում էր իր թագավորությունը և սկսվում էր Վահագնի լուսե թագավորությունը: Կանգ առավ սահմանին ու դեռ երկար ժամանակ ցասումով ոռնում էր Արարատի կողմը
   Հրեղեն ձին կանգնեց հողի վրա: Հայկը իջավ ձիուց, և ձին նորից թռավ երկինք, վերածվեց հրե գունդի ու ամփոփվեց կանթեղի մեջ:
   Հայկը կանգնել էր հողի վրա և նայում էր իր շուրջը: Ամեն ինչ նոր էր, ամեն ինչ անծանոթ էր, բայց՝ հարազատ: Հանկարծ նա զգաց, որ իրենից արմատներ են աճում: Նա զարմացավ և դեռ չէր հասցրել հասկանալ որևէ բան, երբ տեսավ, որ հողի միջից էլ արմատներ դուրս եկան և ձուլվեցին իր արմատներին: ԵՎ երբ Հայկը քայլեց, տեսավ, որ հանգիստ քայլում է, և արմատները շարժվում են իր հետ: ԵՎ հասկացավ Հայկը, որ արդեն կապված է հողին իր արմատներով, և ոչ մի ուժ չի կարող նրան իր արմատներից պոկել: ՙՀենց սա Արարատն է, հենց սա իմ Մայր Հողն է՚,- ասաց Հայկը և երկար անքուն գիշերներից հետո, առաջին անգամ հանգիստ քնեց Արարատի հողի վրա:
   Առավոտյան արևի ճառագայթները ողողել էին Արարատը: ԵՎ Հայկը մի երանելի ջերմություն զգաց ու բացեց աչքերը: ԵՎ հանկարծ իր դիմաց տեսավ իրեն: Զարմացավ, կարծեց՝ դեռ քնած է ու երազում է: Շփեց աչքերը և համոզվեց, որ քնած չէ, բայց դարձյալ իր դիմաց տեսավ իրեն: Ինքը կանգնած էր իր դիմաց, նայում էր իրեն և ժպտում: ԵՎ Հայկը մտածեց. ՙԵ՞ս  եմ ես, թե՞ ինքն եմ ես՚
   Իսկ ժպտացող մյուս ՙես՚-ը խոսեց Հայկի հետ.
   - Ո՞վ ես դու, անծանո՜թ:
   ՙԱնծանո՞թ,- ինքն իրեն կրկնեց Հայկը,- մի՞թե ես անծանոթ եմ ինձ՚,- և պատասխանեց.
   - Մի՞թե դու ինձ չես ճանաչում. ես դու եմ, ես Արի եմ:
   - Ես էլ եմ Արի,- պատասխանեց դիմացինը,- և մենք նույնն ենք, դրա համար էլ նման ենք իրար:
   Հասկացավ Հայկը, որ դիմացինը ինքը չէ, բայց իր նույնությունն է և փարվեց նրան: ԵՎ միասին գնացին մոտակա գյուղը: Այնտեղ շատ Արիներ տեսավ Հայկը, և բոլորը նման էին իրեն, իր նույնությունն էին, կարծես հենց ինքը լինեին: ԵՎ բոլորը իրենց արմատներով կապված էին հողին, իսկ հայացքներով՝ արևին: Ինքն էլ իր հայացքը ուղղեց արևին, և աչքերի մեջ կուտակվում էր արևի ջերմությունը:

   Վահագնի կանթեղը չէր երևում: Նա փայլում է միայն գիշերները և շատ երկար պիտի վառվի կախված երկնքից, ուղիղ Արագածի վերևում՝ դեպի Արարատ առաջնորդելու բոլոր այն Արիներին, որոնք մոլորվել են օտար հողերի վրա:  

Комментариев нет:

Отправить комментарий