31.07.2013

ՕՐԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ




Զաքարյանների իշխանապետության հզոր, ինքնօրեն իշխանատոհմերից են Օրբելյանները: Մոր կողմից Բագրատունիներից սերված Օրբելյանները, որ տիրույթներ ունեին Լոռիում և Ձորագետում, Հայաստանի արևելյան սահմանագլխին հայտնվեցին 12-րդ դարի վերջին:
    Էլիկում Ա-ն, հավանաբար, 12-րդ դարի 70-ական թվականներին Ատրպատականի, Առանի և Նախճավանի կառավարիչ Մուհամեդ  Փահլավանի կողմից նշանակվեց Երնջակ բերդի, Ճահուկ ավանի, Քալասրահի զորքերի գլխավոր: Նա ամուսնացավ տեղական մեծահարուստ Աբաս Ճահկեցու և Սյունյաց Ստեփանոս եպիսկոպոսի քրոջ աղջկա՝ Խաթունի հետ, որը կարևոր դեր կատարեց նրա քաղաքական կողմնորոշման գործում դեպի հայկականն ու հայությունը: Նա զոհվում է 1184 թվականին, Գանձակի ճակատամարտում: Միակ որդին՝ Լիպարիտ Գ-ն, մոր հետ արգելափակվում է Նախճավանում: 
    Իսկ հայ-վրացական զորագնդերն արդեն մոտենում էին Սյունիքին: Ստեփանոս եպիսկոպոսը դիմում է Իվանե Ա Զաքարյանին, Թամար թագուհուն, վերջինիս որդի Գեորգի Լաշային և նրա հովանավորությամբ կազմակերպում քրոջ որդու փախուստը Նախճավանից: Իվանե Ա Զաքարյանը Լիպարիտ Գ-ին նշանակում է Սյունիքի վրա հարձակվող զորաջոկատներից մեկի հրամանատար: Լիպարիտ Գ-ն կռվում է քաջաբար և Սյունյաց լեռնաշխարհն ազատագրելուց հետո Իվանե Ա-ից տիրույթներ է ստանում Գեղարքունիքում, Վայոց ձորում, Կոտայքում, Ուրծում: Այս Լիպարիտ Գ-ով էլ սկսվում է Օրբելյան իշխանատոհմը:
     Օրբելյան իշխանատոհմը հայ իրականությանը տվել է ականավոր ռազմական, քաղաքական և հոգևոր գործիչներ: Լիպարիտ Գ-ի որդի Սմբատ Բ-ն, որ մոնղոլների տիրապետության պայմաններում այնքան հզոր դիրք ուներ Հայաստանում և մոնղոլական արքունիքում, որ իր իշխանատիրույթում ինքնօրեն արքա էր ճանաչված, Տարսայիճ Ա-ն, վերջիններիս ժառանգներն ավելի քան երեք ու կես հարյուրամյակ տիրեցին երկրամասին՝ կռվելով բազում թշնամիների դեմ, անխարդախ ծառայելով հայ ժողովրդի հարատևության գաղափարին:
   Օրբելյան տոհմի հոգևոր կենտրոններում՝ Տաթևում և Նորավանքում, ինչպես նաև ընդարձակ իշխանատիրույթի մշակութային մյուս օջախներում՝ Հերմոնում, Ցաղաց քարում, Եղեգյաց անապատում, Մաքենյաց վանքում, Գնդևանքում, Մամասի վանքում և այլուր, նրանց հովանավորությամբ ստեղծվեցին հարյուրավոր մեծարժեք ձեռագրեր: Գլաձորի համալսարանի փակվելուց հետո, Օրբելյանների նպաստավորմամբ՝ բարձր տիպի միջնադարյան ուսումնական հաստատությունը վերաբացվում է Տաթևում և իր գործունեության ընթացքում հայ մշակույթի սպասավորների պատրաստման գործում անգնահատելի դեր կատարում:

    Մեծ է  Օրբելյանների իշխանատոհմի ծավալած շինարարական գործունեությունը: Ավելի քան մեկ դարի ընթացքում Օրբելյան տան տարբեր իշխանավորներ (Լիպարիտ Գ, Սմբատ Բ, Տարսայիճ Ա, Բուրթիլ Բ) կառուցել են Նորավանքի հոյաշեն եկեղեցիները, գավիթը, տոհմական տապանատունը: Այստեղ աշխատել ու շինությունները կառուցել են միջնադարյան Հայաստանի հանճարեղ ճարտարապետներ Սիրանեսը և Մոմիկը: Օրբելյան տան պատվերով են կառուցվել Արենիի հոյաշեն եկեղեցին, Սելիմի իջևանատունը, Սուրբ Կարապետը, բազմաթիվ բերդեր, պալատական շինություններ:
   Օրբելյանների տոհմը խնամիական կապերով կապված էր ժամանակաշրջանի մյուս հայկական իշխանատոհմերի հետ, իսկ Տարսայիճ Ա-ի Էլիկում որդու շառավիղ Բաշքեն Բ-ի դուստրը 15-րդ դարի առաջին կեսին Վրաստանի թագուհին էր, իսկ որդին՝ Ռուստամը, հասավ կարա-կոյունլու թուրքմենների պալատական վեզիրի պաշտոնին և նպաստեց Սյունիքում ու Այրարատում իր տոհմի իշխանությունը որոշ ժամանակով ամրապնդելուն:
 
Օրբելյանների իշխանատոհմի առաջին ներկայացուցիչների շրջանից զինանշանային պատկերներ չեն պահպանվել: Այն օրինակները, որ հասել են մեզ, վերաբերվում են 14-րդ դարի սկզբին և առաջին կեսին:
   Զինանշանանյին երկու պատկերներ պահպանվել են Օրբելյանների տոհմական տապանատանը՝ Նորավանքում:
    Կառուցման թվականով վաղագույնը Սմբատ Բ-ի դամբարանում գտնվող Տարսայիճ Ա-ի որդի Էլիկում Դ-ի տապանաքարի բարձրաքանդակն է: Այն պատրաստված է 1310-ական թվականներին: Տապանաքարի վրա փորագրված է հասակով մեկ կանգնած առյուծ, որը մարմնի վերնամասով շրջվել ու նայում է դիտողին: Առջևի թաթերը հպված են կողերին: Դեմքը տիրական է, խորն ընկած աչքերը՝ վեհ ու հերոսական, մեջքին առկա է բծավոր բաշը: Պոչը ոտքերի միջնամաով փաթաթված է ոտքին: Առյուծի պատկերով զինանշաններ ունեն Զաքարյանները, Վահրամյանները, Պռոշյանները, Հոնենք, սակայն այստեղ այլևս պայմանականություն չկա, և որպեսզի պարզ լինի, որ իրոք, տապանաքարի վրա զինանշան է պատկերված, ընթերցենք տապանագիրը. <<Թվիս ՉԽԹ (1300): Զգեղեցկատիպն Էլիկում, որդի մեծի Տարսայիճին որ առյուծորեն խրոխտ մռընչեր ընդէմ այլասեռ գնդին...>>:
    Արձանագրությունից հետևում է, որ Էլիկում Դ-ն առյուծաբար կռվել է այլացեղ թշնամիների դեմ: Հավանաբար, նույն պատկերը եղել է նաև նրա դրոշի վրա: Բուրթելաշեն եռահարկ եկեղեցու հյուսիսային պատի արևմտյան կողմում, պեղումների ժամանակ գտնվել է մագիլներով գառ բռնած արծվի արձանային քանդակ: Պատմաբանները կարծում են, որ քարը նախապես եղել է եկեղեցու վերնամասում, երկրորդ հարկի ճակատային մասում: Զինանշանը պատրաստվել է եկեղեցու կառուցման ժամանակ՝ 1330-ական թվականներին: Զինանշանը, ինչպես և եկեղեցին, հավանաբար, կերտել է Մոմիկ ճարտարապետը: Արծիվը պատկերված է դիմահայաց, հզոր, տիրական գլխով, ուղղորդված, սուր հայացքով: Թևերը մարմնից հեռացած ու ուղղահայաց իջնում են ներքև: Հոդերի մասում ձևավորված են կլոր վարդյակով, իսկ ընդհանրապես՝ զուգահեռ փոսիկներով: Մարմնի ներքնամասից սկիզբ առնող ոտքերը մշակված են թեփուկաքանդակային եղանակով: Հզոր մագիլներով հենված է գառան ողնաշարի վրա: Թեև վերջինիս մարմնի ոչ մի մանրամասնը շեշտված չէ, բացի ականջներից, բայց պատկերված է իրական գծերով: Կենդանու վիզը մարմնի համեմատ երկար է, ինչը երբեմն գառը եղնիկի հետ շփոթելու պատճառ է դառնում: Կենդանին պատկերված է առջևի ոտքերը ծալած, ծնկած վիճակում և լիովին արտահայտում է Օրբելյան իշխանավորի գերագահ դիրքը շրջապատի թշնամիների նկատմամբ, որոնց պահել է ծնկաչոք վիճակում: Հիշատակարաններում հենց այդպես էլ խոսվում է Բուրթել Բ-ի մասին, որ ժամանակակիցներից ստացել է Մեծ հորջորջումը:

Սելիմի իջևանատուն: Օրբելյանների զինանշանը
(Լուսանկարը՝ Մերի Մամյանի)
   Սակայն արծվաքանդակի այսօրինակ մոտիվով զինանշանը Օրբելյան տոհմում առաջինն
օգտագործել է Բուրթել Բ-ի հորեղբայր Ջալալ Օրբելյանը: Ջալալը Տարսայիճ Ա-ի և Մինախաթունի որդին է: Նրա տիրույթները գտնվում էին Ուրծաձորում և Արած գավառներում (ներկայումս՝ Արարատի և Եղեգնաձորի տարածաշրջաններում): Իշխանատիրույթի մայրաքաղաքը Չիվա գյուղն էր, որը 1298 թվականին նա վաճառեց  ավագ եղբորը՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանին: Ջալալի կինն էր Զաքարյան տոհմի Իվանե Բ-ի դուստր Գոնցան: Նրանք միասին ներկայիս Արածո գետի (Արարատի տարածաշրջանում) վերին հոսանքում կառուցեն են Սուրբ Կարապետ վանքը, որ կոչվել է նաև Սպիտակավոր Աստվածածին: Ահա այս կառույցում էլ պահպանվել է արծվի բարձրաքանդակով զինանշանը:  Այն առանձին քարի վրա է: Արծիվը դիմահայաց, կիսաբաց թևերով է, մշակված թեփուկաքանդակային եղանակով, մագիլներում ճզմել է գառան ողնաշարը: Զինանշանակիր քարը նախապես ագուցված է եղել եկեղեցու պատի մեջ ու հետագայում շենքի քանդվելու պատճառով ընկել է եկեղեցու ներսը Եկեղեցու կառուցումն ավարտվել է 1301 թվականին: Այդ նույն ժամանակ էլ, հավանաբար, պատրաստվել է զինանշանը: Տարիներ շարունակ հավատացիալները արծվակիր քարի վրա մոմ են վառել, որի հետևանքով զինանշանը ծածկվել է մոմի մնացորդներով ու սևացել:
   Փաստորեն, նույնապատկեր արծվակիր զինանշան ունեցել են Տարսայիճ Ա-ի որդիներ Էլիկում Գ-ի և Ջալալի ճյուղերը:
   Իսկ ահա Տարսայիճ Ա-ի եղբոր Իվանե Գ-ի թոռը՝ Լիպարիտ Դ-ի  որդի Չեսար իշխանը, որի տիրույթները տարածվում էին ներկայիս Գլաձորի և Վերնաշենի սահմաններում, զինանշանի համար ընտրել է այլ կենդանու՝ ցուլի պատկերը: Այն քանդակված է 1332 թվականին կառուցված Սելիմի իջևանատան մուտքի ձախ կողմում, վերնամասում: Ցուլը պատկերված է զոհի վրա հարձակվելու պահին: Առջևի ոտքերը համաչափորեն ծալված են, պոչը ցցված է մեջքի վրա: Կենդանին դեմքով նայում է դետողին: Կիսակլոր եղջույրները նույնպես շեշտում են ցուլի կատաղությունը:
   Խաղբակյան իշխանատոհմի ներկայացուցիչները, որ Օրբելյանների հարևաններն էին, ի սկզբանե որդեգրեցին Սյունյաց իշխանատան զինանշանային պատկերասրահի կենդանիներին (առյուծ, արծիվ, ցուլ)՝ դրանով հաստատելով իրենց ժառանգական իրավահաջորդությունը Սյունյաց իշխանատան նկատմամբ: Մինչդեռ Օրբելյանների իշխանատան առաջին ներկայացուցիչները, որոնք եկվոր էին, գիտակցաբար չդիմեցին այդ պատկերասրահին, իսկ մեկ հարյուրամյակ անց նրանց ժառանգներն օգտագործեցին դրանք:

<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 74-79, Տիգրան Հայազն 

Комментариев нет:

Отправить комментарий