Հայկը քայլում էր դեպի Հավերժական Քաղաք: Այնտեղ էր իր հոր տունը: Հայկը անցնում էր գյուղերով, տեսնում էր Արիներին՝ բոլորն իր նման, բոլորը ինքն էին: Բայց նրանք անծանոթ երգեր էին երգում, անծանոթ պարեր էին պարում, անծանոթ խաղեր էին խաղում:
Հայկից ավելի շուտ լուրն էր հասել Էրեվան, թե Արի Հայկը՝ Թորգոմի որդին է գալիս: ԵՎ քաղաքացիք հավաքվել էին քաղաքի դարպասների մոտ՝ տեսնելու Հայկին, որին վաղուց մեռած էին համարում: Հայկը տեսավ հավաքված բազմությունը: Ինչքա՛ն նման էին իրեն բոլորը: ԵՎ Հայկը ժպտաց:
- Դու ո՞վ ես, որդի՜ս,- հարցրեց ծերունի իշխանը՝ Թորգոմի հորեղբոր որդին:
ԵՎ Հայկը ասաց.
- Ես Արի Մանի տոհմից նահապետ Արամի թոռն եմ և Թորգոմի որդին եմ, ես Արի Հայկն եմ: Ես փախել եմ տիտանների մոտից ու եկել եմ ինձ նմանների՝ Հայգ Արմենների մոտ:
- Բայց Թորգոմի որդին մեռած է,- ասաց իշխանը:
- Ձեզ խաբել են տիտանները,- ասաց Հայկը,- ես եմ Հայկը: Նայեք ինձ, մի՞թե ես նման չեմ իմ հորը:
Հայկը, իրոք, շատ նման էր Թորգոմին: Բայց չէ՞ որ տիտանյան Խաթունը մեծ սուգ էր արել Հայկի մահվան առթիվ: ԵՎ Ցեղի նահապետները խորհուրդ արին: Նրանք կարող էին հավատալ Խաթունին կամ չհավատալ. կարող էին հավատալ Հայկին կամ չհավատալ: Բայց Ցեղի ճակատագիրը պատահականությանը հանձնել չէին կարող: Պետք էր համոզվել, որ նա, իրոք, Թորգոմի որդին է: ԵՎ Մեծն Քրմապետը ասաց.
- Հայկի ծնունդի առթիվ նրա մայրը մի ծառ է տնկել՝ ծնունդի ծառ և նվիրել է Հայկին: Այդ ծառը օրհնել է ինքը՝ Աստվածամայր Անահիտը: Եթե սա, իրոք, Թորգոմի որդի Հայկն է, ուրեմն նրա և ծնունդի ծառի միջև անպայման զգացմունքային կապ կլինի:
ԵՎ Հայկին տարան ծառաշատ պուրակ. այնտեղ էր նաև Հայկի ծնունդի ծառը: Հայկը քայլում էր ծառաստանում: Ծառերը մեկը մյուսից գեղեցիկ էին, մեկը մյուսից փարթամ և դյութիչ: Հանկարծ Հայկը մի մեղմ սոսափյուն լսեց: Նա կանգ առավ ու լարեց ուշադրությունը: Սոսափյունը կրկնվեց: Մի ստվարախիտ ծառ էր, որ իր ճյուղերը ճոճելով, սոսափում էր: ԵՎ Հայկին թվաց, թե իր անունն է տալիս:
Հայկը մոտեցավ այդ ծառին: Ճյուղերը կռանում էին և իրենց տերևներով համբուրում էին նրան: Մի ուժեղ հոգեկան կարոտ պարուրեց Հայկին: Ինքն էլ չգիտեր ինչու, բայց այդ ծառը այնքան հարազատ ու սիրելի էր իր համար: Նա շոյեց ծառը, ապա նստեց ծառի տակ, հենվեց բնին և քունը տարավ: Նա փակեց աչքերը և քնեց: Իսկ երանելի ժպիտը փայլում էր նրա քնած դեմքին:
Հայկը ծնունդի ծառի տակ քնեց մինչև լուսաբաց: Առավոտյան նա կանգնեց Ցեղի նահապետների առաջ: Բոլորը նրան ընդունեցին ուրախությամբ. բոլորն արդեն համոզված էին, որ նա իրոք Հայկն է:
ԵՎ Հայկը ասաց.
- Ես Թորգոմի որդին եմ և նրա օրինական ժառանգը:
ԵՎ մեծ իշխանը ասաց.
- Այո, որդի՜ս, բայց Թորգոմի ժառանգը նախ պետք է ձեռք բերի Թորգոմի թուր-կեծակին: Այդ թուրը խորն է թաքնված: Մասիս սարում մի մեծ քարանձավ կա. այնտեղ է թուր-կեծակին, և երկու արալեզներ հսկում են այն: Թե դու Թորգոմի ժառանգն ես՝ գնա վերցրու թուր -կեծակին:
Հայկը բարձրացավ Մասիս սար: Տեսավ մի մեծ խոռոչ ու մտավ ներս: Դա մի մեծ քարանձավ էր, որի մեջտեղում հազար ու մի գանձերի փայլով շողշողում էր թուր-կեծակին: Իսկ թուրը պաշտպանում էին երկու ահագին արալեզներ, որոնք ունեին շան մարմին և մարդու գլուխ:
- Ո՛վ, քաջ պատանի՜,- ասացին արալեզները,- քեզանից Թորգոմի հոտ ենք առնում, ասա՝ ո՞վ ես դու և ի՞նչ ես ուզում:
ԵՎ Հայկը ասաց.
- Ես Թորգոմի որդին եմ՝ Արի Հայկը և եկել եմ իմ հոր թուր-կեծակին վերցնելու:
ԵՎ արալեզները ասացին.
- Թեև դու Թորգոմի որդին ես, բայց պետք է Թորգոմի զորությունն էլ ունենաս: Դու պիտի կռվես մեզ հետ և թե հաղթեցիր՝ կվերցնես սուրը:
ԵՎ Հայկը կռվի բռնվեց արալեզների հետ: Երեք օր ու գիշեր կռվեց Հայկը, բայց հաղթել չկարողացավ: Հուսահատվեց Հայկը և գլխիկոր դուրս եկավ քարանձավից: Նա գնաց իր ծնունդի ծառի մոտ, գրկեց նրա բունը և լաց եղավ: ԵՎ նրա դիմաց հայտնվեց Աստվածամայր Անահիտն ու ասաց.
- Սիրելի որդի՜ս, ի՞նչն է քեզ այդպես վշտացրել:
ԵՎ Հայկը ասաց.
- Օ՛, Մայր Անահի՜տ, թե ես Թորգոմի որդին եմ, ինչո՞ւ ես իմ հոր զորությունը չունեմ:
- Որդի՜ս,- ասաց Մայր Անահիտը,- դու ունես քո հոր զորությունը, բայց զորությունը զգացողությամբ է զորավոր: Տիտանյան զգացողությամբ աստվածների արքա չի լինի: Աստվածների արքա միայն աստվածների զգացողությամբ կլինի: Գիտցի՜ր՝ Արիների պարերն են քո պարերը, Արիների երգերն են քո երգերը, Արիների խաղերն են քո խաղերը, որովհետև դրանք քո արյունից են գալիս: Երբ այդ բոլորը հարազատ կլինեն քեզ, այնժամ դու շատ զորավոր կլինես և կժառանգես քո հոր թուր -կեծակին:
Լսեց Հայկը Աստվածամայր Անահիտին և թողեց գնաց Հավերժական Քաղաքից: Շրջեց Արարատի քաղաքներն ու գյուղերը, շփվեց Արիների հետ. որսորդների հետ որսի գնաց, հովիվների հետ հովվություն արեց, մշակների հետ մշակություն արեց: Բոլորի հետ երգեց նույն երգերը, պարեց նույն պարերը, խաղաց նույն խաղերը. բոլորի հետ տխրեց, բոլորի հետ ուրախացավ. բոլորի հետ զոհ մատուցեց Հայր Արային և Անմահ Աստվածներին. բոլորի հետ հաղորդակցվեց նախնյաց ոգիներին: ԵՎ ամենը իրեն հարազատ էին:
Անցավ բավական ժամանակ, և Հայկը վերադարձավ Էրեվան ավելի Արիացած: Եկավ իր ծնունդի ծառի մոտ և դիմեց Աստվածամայր Անահիտին: ԵՎ Աստվածամայրը եկավ:
- Օ՛, Մայր Անահի՜տ,- ասաց Հայկը,- հիմա ես ինձ լիարժեք Արի եմ զգում, և հարազատ է ինձ համար ամեն ինչ Արարատում: Օրհնիր ինձ՝ ես գնում եմ իմ հոր թուր-կեծակին ժառանգելու և պաշտպան կանգնելու իմ Արարատին և իմ Արի Ցեղին:
Մայր Անահիտը օրհնեց Հայկին: ԵՎ Հայկը բարձրացավ Մասիս, հասավ քարանձավին: Հենց այնտեղ նա մեծ խարույկ վառեց, զոհ մատուցեց և ապա մտավ քարանձավ:
- Թորգոմի որդի՜,- ասացին արալեզները,- թե նորից թուր-կեծակիի համար ես եկել, պիտի կռվես մեզ հետ և թե հաղթեցիր՝ վերցրու սուրը:
ԵՎ Հայկը ասաց.
- Ո՛վ, սուրբ արալեզնե՜ր, ինչպե՞ս ես կռվեմ իմ արյան դեմ: Մենք նույն արյունն ենք: ԵՎ Հայր Արայի կամքով դուք եք Չարիների դեմ պատերազմում իմ և իմ քաջերի կյանքի պահապանը: Դուրս եկեք այս մութ քարանձավից դեպի արև, ինձ հետ վայելեք սուրբ մատաղը և փառաբանեք Հայր Արային և Ամենազոր Վահագնին:
Արալեզները հավանեցին Հայկի խոսքը և ասացին.
- Ո՛վ, Արի Հա՜յկ, մենք քեզ հետ կվայելենք սուրբ մատաղը և կփառաբանենք Հայր Արային ու Ամենազոր Վահագնին: Վերցրու այս թուր-կեծակին և առաջնորդիր երկրային աստվածների քաջերին տիտանների դեմ, իսկ մենք միշտ քեզ հետ կլինենք և կպահպանենք քո քաջերի կյանքը:
Հայկը վերցրեց թուր-կեծակին և արալեզների հետ դուրս եկավ քարանձավից: Նրանք վայելեցին մատաղը և ցած իջան Մասիսից:
Արիները տեսան, որ Հայկը գալիս է. թուր-կեծակին շողշողում է նրա ձեռքին, և երկու արալեզները ուղեկցում են նրան: Հավաքվեցին նրա շուրջը, ուրախացան: Հայկը գլուխ խոնարհեց Ցեղի նահապետների առաջ և ասաց.
-Ահա ես ձեռք բերեցի Թորգոմի թուր-կեծակին և ձեր օրհնությամբ, կպաշտպանեմ իմ Արի Ցեղը Չարիներից:
- Որդի՜ս,- ասաց մեծ իշխանը,- սուրը վերցրիր, դա լավ է, բայց քո բազկի ուժն էլ պիտի փորձես: Ահա տես այն երկաթե սյունը: Դա քո հոր ու պապերի փորձաքարն է: Թե սրի մի հարվածով կտրես այդ սյունը՝ արժանի կլինես այդ սրին:
ԵՎ Հայկը մոտեցավ երկաթե սյունին: Թափ առավ ու հարվածեց: Թուր-կեծակին սյունը կտրեց ու միջով անցավ: Բայց կտորը կտորի վրա մնաց: Ոչ ոք չիմացավ, որ թուրը կտրել անցել է: Շատ տխրեցին հավաքված Արիները, տխրեց և Հայկը: Մտածեց, որ անարժան է Թորգոմի ժառանգը լինելու և գլխիկոր ուզեց հեռանալ, գլուխն առնել ու անհետ կորչել:
Մեկ էլ հանկարծ քամի եղավ, եկավ զարկեց երկաթե սյունին, և կտրված կտորը շուռ եկավ ցած: Նոր բոլորը տեսան, որ թուրը կտրել անցել է սյունը: Ցնծացին Արիները, ուրախ էր և Հայկը: Բայց նահապետները ասացին.
- Թորգոմի որդի՜, Արի Հա՜յկ, Թորգոմի արյունը ունես դու, Թորգոմի ուժը ունես դու, նրա թուր-կեծակին էլ քո ձեռքին է: Բայց աստվածների առաջնորդ չես կարող լինել, եթե Զորության Աստված Վահագնը չհովանավորի քեզ: Աստվածների տաճարում դու զոհ կմատուցես, կփառաբանես Հայր Արային և Անմահ Աստվածներին: ԵՎ եթե դու արժանի ես՝ հենց ինքը՝ Վահագնը քո բազկին կդնի խաչ-պատերազմին: ԵՎ նոր միայն դու կժառանգես Արարատյան արքայի գահը:
ԵՎ բազմությունը գնաց ու հավաքվեց Արորդյաց տաճարի հրապարակում: Հայկը տաճարի առջև խարույկ վառեց, զոհ մատուցեց: Մեծն Քրմապետը Աստվածների անունից օծեց մատաղը, փառաբանեց Վահագնին և խնդրեց հովանավորել Արի Հայկին: ԵՎ Վահագնը ինքը հայտնվեց այդտեղ, հավաքեց արևի ճառագայթները և Հայկի ձախ բազկին դաջեց Խաչ-Պատերազմին:
Մեծ Քրմապետը օրհնեց Հայկին, Ցեղի նահապետները համբուրեցին նրան, իսկ ժողովուրդը միաձայն բացականչեց.
- Փա՛ռք Արիների արքա Հայկին
Комментариев нет:
Отправить комментарий