03.01.2013

Գարեգին Նժդեհը Պեյո Յավորովի մասին: ԱՀԱ՛ ՄԱՐԴԸ


Ճշմարտություն լինելուց ավելի պարադոքս է Գյոթեի խոսքը այն մասին, թե մենք չենք կարող ճանաչել մարդը, երբ նա գալիս է մեզ մոտ - նրան ճանաչելու համար պետք է երթանք նրա մոտ:
      Յավորովը- որ խմեց և՛ հայ տառապանքի բաժակից - Հայաստանը չտեսած ճանաչեց և խորազգաց հափշտակությամբ  երգեց մեր <<ՄԻՇՏ ԷԼ ՔԱՋԸ>>:
      Հային իր բնաշխարհիկ օրրանում չտեսած՝ նա ճանաչեց հայությունը, քանզի նա սովորական բանաստեղծի ձիրքերից ուրիշ մի բան ուներ իր մեջ՝ խոր հայտնատեսություն աշխարհի և մարդու հանդեպ:
     Նա իր սրտի լարերը թրթռացրեց տառապող ու պայքարող հայության համար:
      Ծնունդ մի կայտառ և ռազմաշունչ  ցեղի՝ նա եղավ մեկն այն սակավաթիվ բանաստեղծներից, որոնք ամենայն իրավամբ գրավում են առաջին տեղը ոգու հերոսների փաղագնում:

      Ծնած <<աշխարհ ծովեն>>, ինչպես իր մասին ասում է ինքը - նա եղավ երգիչը ողբերգորեն զարհուրելիի, սրբազանի և հերոսականի: Եվ հանուն ստրուկ և անիրաված Հայրենիքի, պայքարեց երգերով - պայքարեց մահվան, թուրքի և աշխարհի անսրտության դեմ: Նա եղավ մեկը մարդու ամենազգայուն որդիներից, որի կրծքի տակ արդարության առյուծը մռնչաց, մինչև որ կլքեր մեր աշխարհը, որը այնքան անիծեց:
     Ապրեց գոյության փոթորիկի մեջ, և տառապեց, տառապեց գերմարդկայնորեն: Եվ տառապանքի զայրուցքի մեջ հաճախ աղաղակեց.
      -Ես չեմ ապրում - այրվում եմ ես:
      Որպես պրոմեթեական՝ նա ըմբոստացավ մարդկային անարդար ճակատագրի, քաղաքական բռնության և ընկերային անարդարության դեմ:
      Նա տկարություն չունեցավ մարդկային գոյության բարդ առեղծվածները լուծելու իմաստասիրորեն միայն: Աստվածորեն զգայուն՝ նա հոգովին զինակցեց մարդ-եղբոր, մարդ-ըմբոստին և մարդ-տառապողին: Եվ նրա կյանքն եղավ համախաչելիություն: Նա խաչվեց բոլոր խաչեցյալների հետ:
      Նա խմեց և՛ տառապանքի բաժակից և աստվածային արբեցողությամբ աղաղակեց. "Արբեք ի սմանէ": "Հայեր"-ի եղերաշունչ քնարերգակը երգեց նաև հայ ցավը: Նա երգեց նաև մեր "Ճանապարհ Խաչին", իսկ երգելուց առաջ, ապրեց, ապրեց խորապես: Նրա համար՝ տառապանքը եղավ աստվածային հեշտանք:
      Նա երգեց հայ պանդխտությունը, և այդ ո՛չ թե որպես մի բանաստեղծական քմայք, ո՛չ թե որպես մարդասիրական շարժուձև, ո՛չ թե իր ճակատը զարդարող լուսապսակին փառքի մի նոր ճառագայթ ավելացնելու ցանկությամբ: Ո՛չ, ո՛չ, նա հանուն տառապողի գիտցավ առհամարել դափնին ու ջահիլության գինին:
      Նա երգեց մեր տարագրությունը, որովհետև մեկն էր մեր ժամանակների մարդու ամենազգայուն որդիներից և չեր կարող չերգել աշխարհի ցավերից ամենավսեմն ու հերոսականը: Ապրելով սկիզբն ու վախճանը ողջ մարդկային խռովքին, նա չեր կարող չարձագանքել այն մեծ ողբերգությունը, որ մասնավորապես 19-րդ դարի վերջին բաժին ընկավ Հայաստանին և իր որդիներին: Նա երգեց աշխարհի և իր բախտի ոտքի ելած հայությունը: Նա զինակցեց մեզ, որովհետև զավակն էր այն մեծ սրտի տեր ժողովրդի, որ արիություն ունեցավ իր քաղաքականության մեջ խաչը դնել: Նա մեր ցեղի պաշտպանության ի խնդիր իր սուրը պիտի տար, եթե զորական լիներ: Չէ՞ որ նրա կյանքում անբաժան մնացին բանաստեղծի  քնարը և զինվորի զրահը: Նա մեզ իր աստվածաշունչ քնարը տրամադրեց, քանզի երգիչ էր: Նա Հայաստանը չտեսած, մեզ համար եղավ ու կմնա այն, ինչ որ Բայրոնն է Հունաստանի համար:
      Եվ դա այն ժամանակ, երբ աշխարհին շանթահարելու կարող բազուկներն անշարժ շրթունքները համր մնացին Հայաստանի համար մարդկայնորեն մի բան ասելու կամ անելու պրոբլեմի առջև, երբ եվրոպական մարդկությունը տմարդություն ունեցավ քանիցս իր մատը խրելու Քրիստոս-Հայաստանի արնախոս վերքերի մեջ և մնալու անկարեկիր: Աստվա՜ծ իմ, որքա՞ն փոքրիկ են մեծ պետության մեծագույն քաղաքագետները Յավորովի առջև, որոնք հաճախ կզլանան երկու գունատ խոսք ասել ի պաշտպանություն ավիրված հայրենիքների:
      Եվ դա այն ժամանակ, երբ առաջին քրիստոնյա ժողովրդի հայրենիքից կբարձրանար հյուսիսյան աղաղակը. "Էլի, էլի, լամա սափաքթանի": Եվ դա այն ժամանակ, երբ հազարամյա մշակույթի և խաչի տեր ժողովրդի կացությունը իրենից կներկայացներ բևեռներից կազմված մի անկողին, որի վրա բռնադատված էր պառկելու հայը: Յավորովը երգեց իր "Հայեր"-ը և երգը թևեր առեց., թռավ անցավ իր հայրենիքի սահմաններից դուրս, համայն հայության երախտագիտությունը նվաճելու համար:
      Ահա՛ թե ինչո՞ւ, 1912-ին, երբ պատերազմական շեփորը ոտքի հանեց բալկանյան ազգերին, մարդկության- թուրք կոչված - ամենա անմարդկային մասի դեմ, Անդրանիկի և իմ կանչին որպես հոգեբանական արձագանք՝ հայ գաղթաշխարհի բոլոր ծայրերից կամավորներ հասան, ուխտելով Քրիստոփորի գերեզմանի վրա և հայ և բուլղար դրոշակների տակ ճամփա ընկան՝ հայ արյունը խառնելով բուլղար որդիների արյան հետ; Եվ ընկան նրանք, ընկան Յովորովի հայրենիքի համար, ընկան ժպտադեմ:
      Ահա՛ թե ինչո՞ւ, երբ վաղը Արևելքում խորտակվեն բռնության վերջին գահերը - սև թե կարմիր - երբ ազատության հրեշտակն այցելե Արարատի սգավոր փեշերը՝ անկախ Հայաստանի մայրաքաղաքում Հայ գրչի, սրի և խաչի հերոսներ կոթողների կղքին կբարձրանա և Յավորովի արձանը: Եվ Արարատյան վեհափառ արևը իր արշալույսին և վերջալույսին, համբուրելով կը ոսկեզօծե մարդկայնության մեռոնով օծված նրա ճակատը:
       "Դու պիտի գաս, սպասվա՛ծ օր", - ասում է Յավորովի մի տողը:
      Այո՛, պիտի գա՛, չուշանա՛ այդ օրը, քանզի նա անյքան անխուսափելի է, որքան և արշալույսը: Նա պիտի գա, իսկ, մինչև այդ, ես, երկու ազգերի զինվորը, մտովի կհամբուրեմ երկու հայրենիքների վշտակիր քնարը:

                                                                        <<Ազատ խոսք>>, Սոֆիա, 1935թ., 




Նրանք խղճալի վտարանդիներ, 
աննշան բեկոր 
Դարերով խիզախ, այլև մարտիրոս 
մի ժողովրդի.
Նրանք զավակներ` անվերջ ահաբեկ, 
շղթայված մի մոր,
Սխրալի զոհեր մեծ, աշխարհապանծ 
մի գոտեմարտի.
Հայրենի հողից հեռու, հալածված` 
օտար երկնի տակ
Հյուծված ու գունատ` հավաքված 
այստեղ, այս գորշ տնակում
Խմում են, ու լուռ նվում է ցավից 
սրտի վերքը տաք,
Ու երգում են խուլ, ինչպես արցունքի 
միջի~ց են երգում:
Խմու~մ են նրանք ... Գինարբուքի 
մեջ գուցե հեշտ լինի
Մոռանալ անցյալ 
գերությունները, ցավերն այսօրվա.
Տանջող հուշերը իր փրփուրի մեջ 
կխեղդի գինին,
Ջարդված կրծքի տակ կնիրհի 
հոգին, հանգա~ծ կթվա,
Եվ այնժամ թմրած ուղեղի միջից 
դանդաղ կանհետի
Հայրենի երկրի` նահատակ այդ մոր 
դեմքը արնաքամ.
Եվ ինքնամոռաց արբեցության մեջ 
նրանք չե~ն լսի
Որդոցը անվերջ օգնության կանչող 
ձայնը մայրական:

Ինչպես սովահար վայրի գազանից 
հալածված մի հոտ
Նրանք ցրվել են աշխարհի վրա, 
աշխարհից աշխարհ.
Եվ բռնակալը` մահվան ծարավի, 
արյունի կարոտ`
Մերկացրած սուրը նրանց աչքի դեմ 
շողացնում է հար:
Իսկ հեռվում, հեռվում` ավերակ 
դարձած մի հեգ հայրենիք,
Հեռվում` հրդեհի բոցերում կորած 
տունը հայրական.
Օտարության մեջ, օտար դռներին` 
նրանք խորթ որդիք,
Բաց է նրանց դեմ լոկ գինետունը և 
անհայտ ճամփան:

Երգու~մ են նրանք... Ու նրանց երգը 
ահեղ է, վայրի,
Քանզի խոցվում են ոխից վիրավոր 
սրտերը նրանց,
Քանզի խեղդում է նրանց զայրույթի 
ծուխը կատաղի,
Եվ արցունքները ժլատ քամվում են 
դեմքերի վրա.
Քանզի մաղձով են լցվում սրտերը` 
սիրո փոխարեն,
Քանզի ուղեղում բանականության 
լույսն է մթագնում,
Քանզի աչքերում շանթեր կան 
ցասման, ու քանզի նորեն
Հոգիների մեջ արյան վրե~ժն է 
խելահեղ հառնում:

Իսկ ձմռան բուքը ասես ձայնակցում, 
կրկնում է նրանց,
Խառնված երգին ոռնում, հևում է 
գիշերվա մթնում,
Եվ մրրկի պես բարձրացնում է վեր, 
տարածում անսանձ,
Ապստամբ երգը տանում, աշխարհի 
չորս կողմն է տանում:
Եվ հետզհետե մութն առավել է 
երկինքը ներկում,
Եվ հետզհետե գիշերն առավել 
դառնում է մուժոտ,
Եվ հետզհետե խումբն առավել է 
կրակված երգում,
Եվ ձայնակցում է խենթ փոթորիկը 
առավել ուժով:

Նրանք խղճալի վտարանդիներ, 
աննշան բեկոր 
Դարերով խիզախ, այլև մարտիրոս 
մի ժողովրդի.
Նրանք զավակներ` անվերջ ահաբեկ, 
շղթայված մի մոր,
Սխրալի զոհեր մեծ, աշխարհապանծ 
մի գոտեմարտի.
Հայրենի հողից հեռու, հալածված` 
օտար երկնի տակ
Հյուծված ու գունատ` հավաքված 
այստեղ, այս գորշ տնակում
Խմում են, ու լուռ թմրում է գինուց 
սրտի վերքը տաք,
Ու երգում են խուլ, ինչպես արցունքի 
միջի~ց են երգում:

                                            Պեյո Յավորով

Комментариев нет:

Отправить комментарий