16.12.2012

Հայ Դասական Արիությունը



Վարդան Մամիկոնյան
Արիությո՛ւն:
Միակ ճշմարիտ կրոնը, առանց որի ոչինչ արժեն մյուս կրոնները:
Կեղծ է ամեն մի գրականություն, բարոյական, քաղաքական վարդապետություն, որ ուժ և արիություն չի ներշնչում իր դավանողներին:
Դատապարտելի է ամեն մի դպրոց, եկեղեցի, կուսակցություն, որը արիադավան և արի չէ դարձնում մարդուն որպես անհատ և հավաքականություն:
Արիությո՛ւն- միակ ճշմարիտ բարոյականը:

Կորցնելով իրենց արիությունը- իմա իրենց դրական բոլոր առաքինությունները- ժողովուրդները կորցնում են իրենց գոյության բարոյական իրավունքը: Անարին կորցնում է պատմությունից իրեն տրված մասնավոր առաքելությունը՝ իրագործելու մարդկային ցեղին օգտակար լինելու կարելիությունը: Այդպիսին դառնում է ընդունակ միայն անստեղծագործ և անփառունակ կյանքի, կարոտ արտաքին օգնության: Նմանը ժամանակի ընթացքում դառնում է միջազգային պարազիտ, մինչդեռ ժողովուրդների կոչումն է լինել միջազգային արժեք և ազդակ:
Այդ տխուր և անարգական վիճակից ազգերին հեռու է պահում արիապաշտությունը:
Արիությո՛ւն, ժողովուրդներին բարոյապես նեղելու վտանգից փրկող հոգևոր աղն է դա:
Երբ կա դա՝չկա վատը, ստորը, կամ առնվազն աննշան է դառնում սրանց ազդեցությունը անհատի և ժողովուրդների կյանքում:
Բարոյական արև է դա, որ կը առողջագործե իր շրջապատը: Երբ կա դա՝ կա և՛ մեծագործություն, և՛ վեհություն, և՛ անձնվիրություն: Պակասո՞ւմ է դա՝ այլևս ոչինչ արժեն բարձր գաղափարները, ծրագիրները, տեսությունները, քանզի պակասում է նրանց իրականացնող ուժը: Անարիությո՛ւն, ասել է՝ հոգևոր սնանկություն:
Անարին ոչինչ է ավելացնում աշխարհի անկորչելի հարստության: Դա հաճախ բարոյական մուրացիկ է, այլոց ճիգերից օգտվող:Անարին չէ ծառայում մարդկային քաղաքակրթությանը:
Հանձին Ալեքսանդր Մեծի՝ արիությունն էր, որ հունական մշակույթը Ասիա մտցրեց: Դա էր-նախավկաների հաղթական արիությունը- որ նազովրեցու վարդապետությունը պարտադրեց բարբարոսներին: Դա էր, որ նոր հորիզոնների տեր դարձրեց մարդկությունը,սանձելով ծովերի ամեհությունը, մեղմելով դաժանությունն անապատների և նվաճելու օդը:
Արին է հանդգնողը,անձնազոհը, մարդասերը:
Արիությունն է շարժում պատմության ընթացքը:
Մեծ սիրտ, ազնիվ նկարագիր, վսեմ մտածում- արիության հարազատներն են այդ բոլորը, ճառագայթները միևնույն արևի:
Կորցնելով արիության բարձրագույն հատկությունը՝ ժողովուրդները կորցնում են իրենց կարողությունները անկաշկանդ կերպով զարգացնելու և կատարելագործելու կարելիությունը: Անիրանալով, նրանք ընկնում են օտար լծերի տակ, կորցնում իրենց անկախությունը-  միակ հոգևոր մթնոլորտը, որի մեջ միայն հնարավոր է ցեղերի առանձնահատուկ հանճարի փթթումը: Արիության դյուցազնական առաքինությունը երբեք չտկարացավ մեր ժողովրդի հոգու մեջ, մինչև մեր քաղաքական անկախության վախճանը, որից հետո հայ ձեռքը պիտի զրկվեր դարերով զենք կրելու իրավունքից:
Հայությունը չգիտե իր պատմությունը, ասել է՝ չգիտե օգտվել իր պատմությունից- ահա՛ իր դժբախտությունների ակն ու աղբյուրը: Նա ծանոթ չէ իր արիական անցիալին, իր հավաքական դյուցազնականին և դրա համար էլ- իուրախություն իր գոյության թշնամիներին- նա հավատում է ամեն ինչի, միայն ոչ իր սեփական բազկի ուժին, դրա համար էլ իր ամբողջության մեջ նա պարտվողական է: Նրա համար Ավարայրի Մամիկոնյանն ավելի նահատակ է, սուրբ, քան ռազմիկ և հերոս:
Պատմագիտորեն տգետ՝ նա իր նախնիքներին համարում է իրեն բնութենակից, որոնց, սակայն, հոգով այնքան կը նմանի, որքան աղավնին է արծվին: "Մեզ պես անռազմասեր է եղել և հին հայը, այլապես ինչո՞ւ պիտի կործանվեր մեր թագավորությունը", - այսպես է տրամաբանում օրվա հայությունը- մասնավորապես նրա հակահեղափոխական մասը- և իրեն ոչինչ չհամարելով, ոչինչ է ուզում աշխարհից, բացի օտար դռներում իր անստեղծագործ գոյությունը քարշ տալու իրավունքից:
Նա չգիտե, որ հայկական բոլոր արքայացեղերը կործանվել են ոչ թե արիության պակասից, այլ՝ մեր ցեղի ղեկավար տարրերի առանձին երկպառակտությունների և այլ պատճառների երեսից: Ինքնակործան են եղել գրեթե մեր բոլոր թագավորությունները:
Նա ոչինչ, կամ շատ քիչ բան գիտե իր ցեղի հնավանդ ռազմունակության ու  ռազմական մեծագործությունների մասին, և դրա համար էլ անհավատ է դեպի իր բազուկը, անհույս՝ դեպի իր ապագան: Նա չգիտե, որ հայ արիությունը հայոց աշխարհի համար դարերով կատարել է հոգևոր շանթարգելի դեր՝ չեզոքացնելով ու զինաթափելով բազում արտաքին վտանգներ: Եթե Հայաստան արշավող թշնամի հորդաները ծով ալիքներ էին, ապա հայկական արիությունը ծովափյա ժայռ էր, որին կը զարնվեր ու կը ցնդվեին արտաքին թշնամու հորդաները: Օրվա հայությունը չի ճանաչում իր դասական արիների համաստեղությունը. նա պաշտամունք չունի դեպի անմահ արիները. նա չի՛ դաստիարակվում նրանց մեծագործություններով- ահա՛ մեր դժբախտությունը:
Եվ մեղավորը ժողովուրդը չէ, այլ՝ այն տարրը, որի ջանքերով ցեղային  ինքնաճանաչության է բերում ժողովուրդը- մեր մտավորականությունն է մեղավոր:
Մեկից ավելի անգամ դժբախտություն եմ ունեցել լսելու ազգային պատմություն դասավանդող հայ ուսուցչին և խորապես ցավելու եմ մեր սերունդների համար: Մի կենդանի մեռել, մեռյալ շեշտերով խոսում է մեռելների մասին: Պատմությունը նրա համար անհոգի կմախք է և ո՛չ թե բաբախուն սիրտ: Նա հետևակ գիտելիքներ ունի մեր պատմության այս կամ այն շրջանի մասին, գիտե ցամաք անցքեր, թվեր, անուններ, այսքանը միայն: Նա սիրտ չունի և սիրտ չէ՛ դնում իր դաերի մեջ: Միևնույն տրամադրությամբ նա խոսում է և՛ Տիգրան Մեծի և Վեստ Սարգսի մասին:
Հպարտանքից չեն դողում, չեն լայնանում նրա ռունգերը, երբ պատմում է, թե ինչպե՛ս  պարսից արքան, հայ սպարապետի անօրինակ քաջաքործություններից հիացած, ամեն անգամ երբ գինու բաժակը շրթունքներին կը մոտեցներ՝ կը դժվարանար չբացակայել՝ "ճերմակաձին թող գինի խմե":
Ամոթի զգացումը չէ՛ այրում նրան, երբ իր խոսքը հայ խռովասեր նախարարի չարագործությունների մասին է:
Սեղմ ասած՝ ստեղծագործ վերապրում չէ՛ նրա ավանդած պատմությունը, այլ է անհոգի հնախոսություն, քանզի իրեն կը պակասի ազգային հպարտանքի նվիրական զգացումը:
Գերազանցորեն հայրենապաշտ- ահա՛ թե ինչպիսին՛ պիտի լինի պատմության դասատուն; Այդպես չէ՞- ասել է՝ նրա տեղը դպրոցը չէ: Ասել է՝ բարոյապես ազատ չէ իր ձեռքն առնելու մեր ցեղի կյանքի սրբազան գիրքը:
                                                                       Գարեգին Նժդեհ

Комментариев нет:

Отправить комментарий