16.12.2012

Զինվորը. Մարտիկ



Որո՞նք են լինելու վաղվա Հայաստանի սահմանները:
-Անոնք, որ պիտ գծեն հայ զինվորի արիությունն ու հայրենասիրությունը:
Գերազանցի՛ր նախորդներիդ: Կռվի՛ր այնպես, որ քո ընթացքով հեշտացնես քեզնից հետո միևնույն նպատակի համար կռվողների գործը - ահա՛ մարտերի և մարտիկի բարոյական հրամայականը:
Զորավիգ ունենալով նախահայրերի ոգին՝ հոգնություն չգիտեն ռազմիկը՝ կռվում, կուլտուրայի մշակը՝ խաղաղության մեջ:
Հայը կռվում է աննահանջ և սխրագործում ավելի իբրև կամավոր, քան պարտադիր ծառայության զինվոր:

Նրա սրտովը չէ՝ գործել հրամանով, իսկ մեռնել հրամանով՝ բնա՛վ:
Գոյություն ունեն երկու տեսակ զինվորներ՝ մեկը, որ կռվում է, մյուսը՝ որին կռվեցնում են:
Կռվադաշտում նմանիր առյուծին, որը քնում է բաց աչքերով:
Կռվում ճանաչիր մի հատիկ սահման- անկարելի՛ն:
Ավելի հեշտ է մշակել, քան պաշտպանել հայրենի երկիրը:
Լավ մշակ, լավագո՛ւյն մարտիկ- այդպիսի՛ն եղիր դու:
Միայն նմանի հայրենիքն է սանձված պահում արտաքին ընչաքաղցությունը:
Զինվորն ավելին է, քան քաղաքացին, որը իր պարտականություններից ավելի իրավունք է փնտրում:
Զինվորը՝ հայրենիք՝ մոր առաջին զավակը, իբրև մարդ և մարտիկ, ճանաչում է միայն մի հատիկ իրավունք՝ մարտնչել ու մեռնել հայրենիքի համար: Գիտե՞ս, ո՛վ այդպիսին չէ՝ զինվոր չէ:

Ոգեշունչ է հայ ռազմիկը և այդ է պատճառը, որ նա Արևելքի լավագույն պարտիզանն էր, է՛ և այսօր, որ նա շատ անգամ սակավաձեռն  ուժերով հսկայաթիվ բանակների դեմ է ճակատել, որ կռիվներ է վարել ամենադժվարին պայմանների մեջ՝ կես-կուշտ, քես-քաղցած, առանց նվազագույն տեխնիկական միջոցների, առանց զինակիցների, մենա՛կ ու հաճախ՝ իսպառ կտրված աշխարհից:
Հայրենիք պաշտպանել վաղը կարող են նրանք միայն, որոնք մինչև այդ վաղը հոգեպես կը զինվեն, այսինքն՝ Մամիկոնյան մեր հրաշունչ ռազմիկներից կսովորեն ապրել ու գործել միայն ա՛յն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել ա՛յն բանի համար, որի համար արժե ապրել:
Զինվորը- երբեք չի խարխափում. նա կամ քաջաբար կռվում է, կամ էլ դասալքվում: Զինվորի համար ճշմարիտ է միայն այն դավանանքը, որը նրան բարոյական ուժ և արիություն է տալիս կռվելու և կարիքի դեպքում մեռնելու հայրենի երկրի պաշտպանության համար:
Էապես ոչինչ է անում այն ժողովուրդը, որն իր նյութական զենքերի հետ միաժամանակ, չի կատարելագործում նաև իր զինվորը:
Լավ բան է անշո՛ւշտ, մի հատիկ զենք ավելի ունենալ, բայց ոչինչ բան է հազարներով իսկ ավելի ունենալը, եթե ռազմիկին վարողը մահվան գաղափարի հետ հաշտված հերոսական ոգին չէ:
Բավական չէ՛ իր ազգի զավակը լինել, պետք է նաև՛ նրա հրաշունչ զինվորը լինել:
Կենսաբանորեն անբարոյական է այն ժողովուրդը, որի մեջ զինվորը ներքին թշնամիներ ունի: Տե՛ր, առաջնորդի՛ր ինձ դեպի հաղթանակ՝ թեկուզ մահվան ճամփաներով - ահա՛ ցեղապսակ զինվորի աղոթքը ճակատամարտից առաջ:
Պարտվողակա՛ն է զինվորը՝ այլևս նա հեռացած է իր սրբազան առարկայից- հայրենիքից, և վաղն իր ուրացումը կարող է դավաճանության հասցնել;
Զենք կրել՝ չի նշանակում ճշմարիտ զինվորը լինել: Զե՛նքը չէ մարդս զինվոր դարձնողը: Կա մի ա՛յլ բան- ոգի՛ն, մարտական խմո՛րը, արիությո՛ւնը, հայրենի հողի զգացողությունը, սրբությա՛ն զգացումը, իր կյանքից ավելի՛ իր դրոշակը սիրելու և նրա համար ամեն վայրկյան մեռնելու հոժարանքը:
Իմ զինվորը գիտեր իր երիկրի պատմությունը: Նա գիտեր և այն, որ դարեր անվերջ կռիվներով ու զոհերով պահված երկիրը անվերջ կռիվներով ու զոհերով պահված երկիրը թշնամու պղծանքին հանձնող սերունդը զրկվում է ապրելու բարոյական իրավունքից: Առաջինը եղիր հարձակման, վերջինը՝ նահանջի ժամանակ:
Քաջերին, միայն քաջերին է լսում և զորավիգում պատերազմների քմահաճ աստվածը: Վախկոտներն իզուր են կանչում նրան: Ո՞վ է նա նրանց համար:
Քեզ վրա նայիր, որպես դատապարտվածի, որ հանուն իր երկրի ու ժողովրդի պաշտպանության պիտի միշտ էլ պատրաստ լինի ըդունելու գեղեցիկ մահը:
Ունեցի՛ր բոլոր մարտկական առաքինությունները, բայց մի մոռացիր, որ առաջին առաքինությունը, առանց որին պատերազմների քմահաճ աստվածը քիչ անգամ կժպտա քեզ, դա խիզախությունն է:
Հայը միշտ էլ հերոսագործում է, երբ նրա առաջնորդներին հաջողվում է, կռվի ընթացքում, հավաքական սիրտ ստեղծել:

Комментариев нет:

Отправить комментарий