Երևան քաղաքի հյուսիս-արևելյան եզրին է գտնվում Ավանի Սուրբ Հովհաննես եկեղեցին: Այն արևելքից-արևմուտք ձգված ուղղանկյուն տեսքով շինություն է: Կառուցված է տեղական սրբատաշ տուֆ քարով:
Եկեղեցու կտուրն ամբողջովին ավերված է: Տեղում պահպանված մանրամասները թույլ են տալիս ճշտելու, որ այն սկզբնապես կառուցվել է 4-5-րդ դարերում և այնուհետև մի շարք անգամներ նորոգվել, ունեցել է միաթռիչք երկթեք ծածկով կտուր:
Եկեղեցին ավերվել է 1679 թվականին ահեղ երկրաշարժից և այլևս չի վերականգնվել:
Եկեղեցու արևմտյան արտաքին պատին պահպանվել է շինության հնագույն վիմագիր արձանագրությունը: Այն փորագրված է 1271 թվականին: Ցավոք, արձանագրությունը կիսատ է, և պարզ չէ, թե ով է հեղինակը:
Եկեղեցու խորանի ճակատային մասը շատ հետաքրքիր ձևավորում ունի:
Գլանաձև եզրակալով ուղղանկյուն հարթության կենտրոնական մասում քանդակված է կլոր գունդ, որը ձևավորված է մանրաքանդակ նախշերով և իր վրա ունի տարբեր կտրվածքներով խորացումներ: Գնդի երկու կողմերին փորագրված են արծիվներ: Արծիվներն ունեն միատեսակ, համաչափ կառուցվածք: Ոտքերով, բաց թևերի եզերով և պոչով հենված են գնդի վրա: Արծիվների թևերի գլխամասային հատվածները և ընդգծված կրծքամասերը մշակված են իրար վրա նստած ռոմբավոր խորացումներով, իսկ պոչը և թևերի եզրային մասերը՝ զուգահեռ ակոսներով: Արծիվների հզոր ճանկերը խրված են գնդի նախշերի մեջ: Արծիվների գլուխները կոտրված են: Ամբողջ քանդակն իրականացված է կլոր քանդակի եղանակով և ավարտուն ու կատարյալ է:
Պատկերը հարդարանքի մաս չէ: Այստեղ գունդը իշխանության, իսկ զույգ արծիվները ուժի խորհրդանիշ են, այն ներկայանում է իբրև զինանշան:
Դժվար է ասել, թե զինանշանն ո՞ւմ է պատկանել և ե՞րբ է ստեղծվել: ժամանակի հարցը, թերևս, կարող է լուծել զինանշանի ձախ կողմում փորագրված արձանագրությունը: Այն նույնպես փորագրվել է 1271 թվականին: Արձանագրությունը փորագրվել է Մեվանի որդի Ավանշահի անունից՝ եկեղեցու հերթական նորոգման առթիվ:
Ամենայն հավանականությամբ, խորանի ճակատակալ քարն իր վրա փորագրված զինանշանով այդ նորոգման արդյունքն է և պատրաստվել ու տեղադրվել է 1271 թվականին: Զինանշանը պատկանո՞ւմ է այս ոչ այնքան հայտնի Ավանշահին, թե՞ Երևանի բնակավայրի այդ ժամանակի տերերից մեկ ուրիշին, առայժմ դժվար է ճշտել:
<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 84-85 Տիգրան Հայազն
Комментариев нет:
Отправить комментарий