Հանճարդ Հայկյան, Նավասարդյան սա տոներուն
Արևափառ,
Ալ վերածնե փլատակներեն, և փառագոչ
Քնարդ առ:
Հանո՛ւն ՈՒյժին, հանո՛ւն Գեղին, մտիր մեհյանն
Աստվածներուն,
Ջահը ձեռքիդ՝ բագնե բագին համասփռե
Հուր ու արյուն:
ԵՎ բարձրացուր Անահիտի ծիծերն ի վեր
Բաժակդ նուռ,
Հետո զոհվող քերթողներուն սրտին վրա
Լեցո՛ւր, լեցո՛ւր:
Զի մենք, հանուն Սերին, Սերմին, քո հին ցեղիդ
Մարմարեն կույս,
Մենք, զավակներդ օգոստափառ, պիտի կերտենք
Նո՛ր Արշալույս:
Հավաքվել են քաջ որդիք մեր մրցության.
Նավասարդյան անթեղ կրա՜կ, հուրհրա՛,
Ամեն մեկին տուր հույս, հավատ հաղթության,
Ոգևորի՜ր՝ խինդը նրանց թող թնդա՜:
Քաջության մոլուցքից արբեցած
Քաջերից քաջերին փառապանծ
Պարգևի՜ր հաղթանակ վաստակած,
Քաջերի մրցամարտ, Նավասա՛րդ:
Հայր Արայի օրհնանքով ու փառքով
Արարչանիստ Արագածի գագաթին
Արարչական ջահը անմար կրակով
Վահագն հանձնեց մեր նախահայր քաջ
Հայկին:
Քաջության մոլուցքից արբեցած
Քաջերից քաջերին փառապանծ,
Պարգևի՜ր հաղթանակ վաստակած,
Քաջերի մրցամարտ, Նավասա՛րդ:
Բացահայտվե՜ք, կտրիճ որդիք Հայկազյան,
Ցուցադրեցե՜ք եռանդ և ուժ անթերի.
Անշեջ հուրը, որպես խորհուրդ օրհնության,
Հաղթանակ ու փառքի պսակ ձեզ բերի:
Քաջության մոլուցքից արբեցած
Քաջերից քաջերին փառապանծ,
Պարգևի՜ր հաղթանակ վաստակած,
Քաջերի մրցամարտ, Նավասա՛րդ:
Ուխտագիրք
Комментариев нет:
Отправить комментарий