Պապ Արշակունի (Հեղինակ՝ Հերմինե Հովհաննիսյան) |
Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած,
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին,
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Որի համար Էլ չեն ներում նրանց...
Պարույր Սևակ
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին,
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Որի համար Էլ չեն ներում նրանց...
Պարույր Սևակ
ժամանակ առ ժամանակ մեր պատմության վճռորոշ պահերին ի հայտ են եկել անհատներ, որոնք տոգորված ագգայինով` իրենց փրկարար կամքն են պարտադրել շրջապատին և մեկ անգամ ևս ապացուցել աշխարհին հայ կամքի ամենազորությունը։ Իհարկե, նրանցից շատերը չգնահատվելով ու չհասկացվելով ժամանակակիցների կողմից` սերունդներին ներկայացվել են մտացածին ձևերով, հակառակ տեսանկյունից։ Նույն բախտին է արժանացել նաև Պապ Արշակունին։ ժամանակի պատմագրությունը նրան վերագրեց բազում արատներ։ Սակայն, հարցին ավելի լուրջ մոտենալու դեպքում դժվար չէ համոզվել, որ նման բնորոշումները չեն համապատասխանում Պապի անձին։
368թ. պարսից Շապուհ արքայի խարդավանքներին ու հայ նախարարների բանսարկություններին զոհ գնացած հայոց Արշակ Բ-ից հետո երկիրը կանգնել էր արհավիրքի առջև։ Գահին հավատարիմ մի խումբ այրերի հետ պարսիկներին դիմադրություն ցույց տալուց հետո, ի վերջո, Արշակի այրի Փառանձեմ թագուհին գերի ընկավ և անարգվելով պարսիկների կողմից` մահացավ Տիզբոնում։ Երկիրն սկսում է ենթարկվել պարսից զորքերի անպատիժ ասպատակություններին` կործանվում են բազմաթիվ քաղաքներ, բնակչության հոծ զանգվածներ տարվում են գերության։ Այս պայմաններում շարունակվում Է անհաշտ, պառակտիչ պայքարը, հունասեր և պարսկասեր խմբավորումների միջև։ Հայկական մի շարք ծայրամասային գավառներ անջատվում են Հայքից և միացվում Պարսկաստանին։
Համատարած այս հուսալքության պահին Է, որ ասպարեզ իջավ Պապը` գործիչ, որն իր վարքով ապացուցեց, թե ավելորդ լացն ու աղոթքը չէ՜, որ փրկելու են մեզ, այլ հանուն անկախության համառ ու անզիջում պայքարը։
Պապը որդին էր Արշակ Բ-ի և Փառանձեմ թագուհու: Վերջինս Սյունյաց Անդոկ իշխանի դուստրն Էր և մեծապես ազդել Է Պապի դաստիարակության վրա։ Հայոց պետականությանը հավատարիմ և զուտ հայկական արժեքներով ապրող այդ թագուհին որդուն դաստիարակում Է նախնյաց բարքերով։ Հետագայում կղերական պատմիչ Փավստոս Բուզանդը Պապի մասին գրելիս պատմում Է, թե Փառանձեմը մանկուց որդուն նվիրեց դևերին։ Ավելորդ չէ ասել, որ եկեղեցին դևեր էր անվանում հին աստվածներին։ Այս կարծիքի վկայությունն է և այն, որ Պապի սպանությունից հետո հրավիրված հայ մեծամեծների ժողովը որոշում է` քանի որ սպանվածը մի հեթանոս արքա է, ապա նպատակահարմար չէ նրա պատճառով թշնամանալ քրիստոնյա կայսեր հետ։ Դեռևս Արշակ Բ-ի կենդանության ժամանակ Պապն ուղարկվում է Բյուզանդիա կրթություն ստանալու։
Սակայն, օտար միջավայրը չի ազդում ազգային արմատներից սնված պատանու վրա։ Նրա հունական փայլուն կրթությունն ու գիտությունների իմացությունը երբեք չվերածվեցին հունասիրության։ Մոր կողմից ստացած ազգային դաստիարակությունն ու բնատուր տաղանդն էլ պայմանավորեցին պատանի արքայի ողջ գործունեությունը։ 371թ. Ձիրավի ճակատամարտից հետո ամրապնդվելով հոր գահին Պապը երկրի հզորությունը վերականգնելու ուղղությամբ եռանդուն միջոցներ ձեռնարկեց։ Պետական գործչի փայլուն ընդունակություններ ցուցաբերելով` կարճ ժամանակամիջոցում Պապը հայկական բանակի թիվը հասցրեց 90 հազարի, ինչը հնարավորություն ընձեռեց վերականգնել երկրի բնական սահմանները։ Սպարապետ Մուշեղ Սամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերը վերագրավում և Հայկական թագավորությանն են միացնում Արշակի օրոք Հայաստանից խլված տարածքները։ Բյուզանդացիների օժանդակությամբ անցնելով իշխանության գլուխ` Պապը, սակայն չդարձավ նրանց կամակատարը, որպիսին ձգտում էին նրան տեսնել եկեղեցին և հունասերների խմբավորումը։ Հայրենապաշտ արքան, ի տարբերություն իր նախորդների, շատ լավ հասկանալով, որ ոչ մի տարբերություն չկա պարսկական ու բյուզանդական տիրապետությունների միջև` միանգամայն անկախ քաղաքականություն վարեց։
Պապն անհողդողդ կամք և սթափ դատողություն է ցուցաբերում հատկապես Պարսկաստանի հետ հարաբերություններում։ Հայկական նվաճված հողերը ազատագրելուց հետո Պապը դրական արձագանքեց Շապուհ 2-րդի բարեկամության առաջարկին։ Այս քաղաքականության շնորհիվ Պապի իշխանությունը ճանաչվում է Շապուհի կողմից և Հայաստանը զերծ է մնում Սասանյան հզոր տերության ասպատակություններից։ Սակայն, Պապը շատ լավ էր գիտակցում, որ առանց կենտրոնական իշխանության ուժեղացման ու ներքին կարգ ու կանոնի` Հայաստան աշխարհի անկախությունը երկար չի տեվի։ Այստեղ է, որ ի հայտ են գալիս ազգային գործչի մեծ ընդունակությունները։
Պետության սահմաններն ամրապնդելուն զուգընթաց` Պապը ձեռնարկեց մի շարք կարևոր վերափոխումներ։ Լավ հասկանալով պետության համար գոյություն ունեցող եկեղեցական համակարգի վնասակարությունը` Պապն առաջին հայ արքան էր, որ խարխլեց նրա տնտեսական և հատկապես քաղաքական հզորությունը։ Նա կրճատեց վանականների թիվը` նրանցից առողջներին պարտադրելով ռազմական ծառայություն կատարել։ Վերացվեցին վանականներին տրվող բազմաթիվ արտոնություններ։ Պապը փակել տվեց Ներսես կաթողիկոսի հիմնած միաբանություններն ու աղքատանոցները, որոնք քամում էին պետության միջոցներն ու լցված էին ձրիակերներով։ Վերացվեցին կուսանոցները. բոլոր կույսերին Պապն ամուսնացրեց` մեծապես նպաստելով ազգի բազմացման գործին։ Եկեղեցուց խլվեցին նրա կալվածքների մեծ մասը, վերացվեցին բնակչությունից գանձվող տասնորդն ու պսակի հարկը։ Շնորհիվ վանքապատկան հողերի կրճատման հնարավոր դարձավ մեծացնել պետական եկամուտները և դրանք ծախսել բանակի կարիքների համար։ Բնական է, որ խարխլելով եկեղեցու հզորությունը Պապը չէր կարող գովերգվել նրա կողմից։ Դաշնակցելով Պապի անկախ քաղաքականությունից դժգոհ հունասեր խմբավորման հետ եկեղեցին` համակված կղերական ատելությամբ, հայոց արքայի դեմ կատաղի, անհաշտ ու վարկաբեկիչ պայքար սկսեց։ Պապին վերագրեցին ամենաստոր, անասնական արատներ։ Հետագայում, Փավստոս Բուզանդը Պապին մեղադրում էր համասեռամոլության, անպարկեշտության մեջ։ Եվ միջոցների մեջ խտրություն չդնելով` եկեղեցին սերունդների առջև Պապին դարձրեց Նեռ ու մարդասպան հրեշ։ Սակայն, Պապի ժամանակակիցներից ոմանց (նաև Բուզանդի) տեղեկություններից էլ դժվար չէ կռահել այդ բանսարկությունների բուն նպատակը։
Պապ թագավորի սպանությունը (Հեղինակ՝ Վահան Ղարիբյան) |
Պապի դեմ այս քարոզարշավն ավելի կատաղի բնույթ ստացավ 372թ. Ներսես կաթողիկոսի մահից հետո։ Առիթը չկորցնելով` եկեղեցին Պապին մեղադրեց կաթողիկոսին թունավորելու մեջ։ Մերժելով հունասերների առաջադրած թեկնածուին` Պապն անմիջապես կաթողիկոս նշանակեց Աղբիանոսի տոհմից Հուսիկին։ Սա պատահական չէր։ Բուն հայկական ծագում և քրմական անցյալ ունեցող այս տոհմը բոլոր ժամանակներում օժանդակել է հայկական պետականության հզորացմանը։ Բացառություն չէր և Հուսիկը, որն անսահմանորեն նվիրված էր Պապին։ Փոխանակ Հուսիկին ուղարկելու Կեսարիա, որտեղ միշտ ձեռնադրվել են հայ կաթողիկոսները, Պապը նրան ձեռնադրեց տեղում։ Դրանով Պապը մի անգամ ևս ցույց տվեց անկախ պետություն ստեղծելու իր կամքը։ Այս քայլով նա բացառեց հայ եկեղեցու կախումն արևմուտքից։
Սակայն, հայ եկեղեցին ազգայնացնելու Պապի ջանքերը ցավագին կերպով ընդունեցին հունասերներն ու եկեղեցականների մեծ մասը։ Քաղաքական տհասությունը, ազգային մտածելակերպի բացակայությունն ու օտարակությունը խանգարում էին նրանց հասկանալ արքային, և ծայր առավ մի դավադրություն, որի կազմակերպման գործում խառն էին թե՜ եկեղեցին, թե՜ մեծ թվով ազնվականներ։ Այն ժամանակ, երբ Պապի դիվանագիտական համառ ջանքերի շնորհիվ Բյուզանդիան Հայաստանի արևմտյան մասերից իր կայազորները դուրս էր բերելու, վերոհիշյալ ուժերի դրդմամբ Հայաստանում բյուզանդական զորքերի հրամանատար Տերենտիոսն առաջարկեց կայսրին պատժել Պապին։ Պապը խաբեությամբ հրավիրվեց Տարսոն, բայց այնտեղ ժամանակին հասկանալով կայսեր նենգ մտադրությունը` փախուստի դիմեց և անվտանգ վերադարձավ Հայաստան։ Սակայն, նրա թշնամիները չէին դադարում գործել։ Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը խաբեությամբ Պապին հրավիրելով խնջույքի` դավադրաբար սպանեց։ Այս սպանությանը տեղյակ էին շատ հայ իշխաններ։ Սակայն, տեղին չէ սպարապետ Մուշեղին մեղադրել այս հարցում, ինչպես պատմում է Փավստոսը։ Չպետք է մոռանալ, որ նա եղավ Պապի գլխավոր դաշնակիցն անկախ պետականություն ստեղծելու ճանապարհին և նա էր, որ նախատում էր Պապին հաջորդած Վարազդատին հունասեր քաղաքականության համար, ինչի պատճառով և սպանվեց։ Համատեղ գործունեության ողջ ընթացքում Պապի հետ լինելով` Մուշեղը ապահովեց նրա քաղաքականության հաջողության ռազմական հիմքը։ Եվ, հավանաբար, հայրենանվեր սպարապետի անունը եկեղեցական պատմիչը փորձել է օգտագործել Պապի դեմ։
Այսպես ավարտվեց պատանի արքայի կարճ, բայց հայրենանվեր կյանքը, ով Հայաստանի քրիստոնեացումից հետո եղավ հայոց ամենասթափ ու անկախ պետական այրը, երբեք չընկավ տերեր փնտրող այս կամ այն հոսանքների ազդեցության տակ և զսպելով բոլոր կենտրոնախույս ուժերին` կարճ ժամանակում Հայաստանը կրկին դարձրեց տարածաշրջանի ազդեցիկ ուժերից մեկը։ Իրոք, Հայաստանը կարոտ էր Պապի կարգավորող ու վճռական ձեռքին և մեծապես տուժեց նրա սպանությունից հետո։ Այս արքայի մեջ զուգորդված էին բնածին խելքն ու կազմակերպչական մեծ ընդունակությունները, սառը դատողությունն ու վճռականությունը, որոնք նա անմնացորդ նվիրաբերեց Հայոց պետականության հզորացման գործին։ Նա եկավ ապացուցելու, որ ՙայնտեղ է լոկ սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար՚։ Եվ սրա համար պարտական ենք ա՜յն հայեցի դաստիարակությանը, որ մայրը տվեց Պապին։
Ազգային դաստիարակությունն էր, որ Պապի մեջ սերմանեց աննպաստ միջավայրի ու ճակատագրի դեմ կռվելու կամք և իր փառահեղ նախնիներին հավատարիմ մնալու շնորհ։
Գևորգ Հովհաննիսյան
ՙՀանրապետական՚, 1994, նոյեմբեր, թ. 11
Ազգային պետական գործիչներ,
<<ՀԱՅՐԵՆԻՔ>> ակումբ, Եր., 2008
Комментариев нет:
Отправить комментарий