11.08.2013

ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ - ՑԵՂԸ, ՏԱԿԱՆՔԸ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ


Նժդեհը հայությունը բաժանում է զգայա-գիտակցական երեք շերտերի՝ ազգային-ցեղային
(Ցեղը), տատանվող կամ չկողմնորոշված (ժողովուրդը), ամբոխացած, հակազգային (տականքը): 
Արդի հայությունը գերազանցորեն հանդես է գալիս որպես հայ ժողովուրդ, այսինքն՝ հայկական որեւէ հատկանիշ ունեցող մարդկանց ժողովածու: Հայության շատ փոքր մասն է, որ իր զգայա-գիտակցական մակարդակով ու կենսաձեւով նկատվում է որպես Հայ ցեղ (ազգ):
Հայության մի հատվածն էլ կազմում է տականքը: 
Տականքը - Սա հայության ազգուրաց տարրն է, նրա աղբը, թերմացքը: Սա Ցեղի ներքին թշնամին է՝ լծված արտաքին թշնամու ռազմակառքին. անդիմագիծ՝ որպես հայ եւ զզվելի՝ որպես մարդ. հայության հանդեպ ո՜չ մի պարտականություններ չճանաչող, բայց մշտապես իրավունքներից ճամարտակող: 
Նա ազգային պատկանելություն չունի, եւ եթե խոսում էլ է հայերեն, ապա միայն այն պատճառով, որ հաղորդակցվելու այլ ձեւ դեռ չի գտել: Նյութակրոն՝ որի համար գերագույն արժեքը դրամն է: Հայրենիք չի՜ ճանաչում եւ առաջնորդվում է ՙորտեղ հաց, էնտեղ կա՜ց՚ սկզբունքով: Նրա համոզումով՝ Հայ ցեղը ՙցեխ՚ է, մարդկային ստորադաս տեսակ: ՙՑեղանենգ շեյթա՜ն՚,- այսպես խարանեց նրան Հայկ Ասատրյանը: Դա՝ հայության ազգորեն մեռած տարրն է, մեկընդմիշտ ամբոխացած: 
Ցե՛ղը - Սա հայության ընտրանին է, սերուցքը, որի գերնպատակն է՝ իր տեսակի հավիտենականացումը Հայրենիքում: Նա՜ է իր մեջ կրում Հայկականությունը եւ այն փոխանցում սերունդներին: Ցեղի համար՝անփոխարինելի՜ է Հայրենիքը, նրա անկախությունը՝ թթվածնի պես անհրաժեշտ: Ցեղն է մարտնչում ու նահատակվում՝ հայության պատիվը փրկելիս: 
Ժողովուրդը հայության չկողմնորոշված, տատանվող տարրն է: Այն ամբոխամետ է, եթե ավելի տականքի ձայնն է լսում, քան՝ Ցեղի:  Ժողովուրդն ապրում է առօրեայով, Ցեղը՝ հավիտենականով. նա՝ օրվա մտածումներով, սա՝ անցյալի հիշողությամբ, ապագայի հաստատուն հավատով եւ օրվա հարատեւ պայքարով, միաժամանա՜կ: 
Ժողովուրդն առաջնորդվում է հատվածական, Ցեղը՝ համահայկական շահերով: Ժողովուրդը դասակարգերի, դավանանքների ու կուսակցությունների խառնամբոխ է. Ցեղի մեջ չկա՜ն տիրող եւ հպատակ դասակարգեր, կրոնական հարանվանություններ, քաղաքական ուղղություններ կա՜ն միայն Հայեր:
Ժողովուրդն արդարություն եւ ապրելու իրավունք աղերսող է, Ցեղը՝ դրանք նվաճող ու հաստատող:  Ժողովուրդը կարող է հարմարվել իր անփառունակ վիճակին, Ցեղը չի՜ հանդուրժում ստրուկի շղթաները. նրա համար սրբագրելի են աշխարհի հայավնաս վճիռները: 
Վտանգի պահերին՝ ժողովուրդը մատնվում է խառնաշփոթի ու խուճապի, Ցեղը բնազդորեն գտնում է ելքը: Նա ընդունակ չէ՜ կանխատեսելու վտանգը, սա՝ նախազգում է այն: 
Ժողովուրդը մեծարում է միջակություններին, Ցեղը՝ միայն իր հանճարներին: ՙԺողովուրդը դպիրներ է ծնում, Ցեղը՝ մարգարեներ՚: 
Նա արժեքներ պահել ու հերոսներ գնահատել չգիտի. այսօր մեկին հերոս է դարձնում, վաղը՝ ոտնատակ անում. կամ, երեկվա սրբությունները, ամբոխային կուրությամբ, այսօր ոչնչացնում: Ցեղն իր արժեքների հավիտենական կրողն է, իր սուրբ մեռելների պաշտամունքը հավերժացնողը:  Ժողովուրդը տառապում է անլիարժեքության բարդույթով, Ցեղը համակ է հպարտանքի զգացումով եւ լի՝ վճռականությամբ: 
ՙԺողովուրդն ընդունում է օտար մշակույթն ապազգայնանալով, Ցեղը՝ ազգայնացնում է իր ընդունածը՚: 
Եվ որքան հայության մեջ բարձր է Ցեղի տեսակարար կշիռը, այնքան նա ապրում է ցեղորեն, այնքանով հզոր ու կենսունակ է նա՝ որպես Ազգ: Իսկ Ցեղի տեսակարար կշիռը պիտի բարձրացվի ժողովրդի հաշվին՝ նրան Դարձի բերելով, դեպի Ցեղը կողմնորոշելով: 
ՙԱյս ժողովուրդը պետք է ցեղե՜նք՚. ա՜յս է Ցեղակրոնության գերխնդիրը:


<<Ցեղակրոն և Տարոնական շարժումները>>
Մուշեղ Լալայան, Եր., 2011

Комментариев нет:

Отправить комментарий