16.08.2013

ԿՈՄԻՏԱՍ (Ուսման տարիները)


Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին
Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա նախնիները 17-րդ դարում գաղթել էին Գողթան գավառի Ցխնա գյուղից։ Կոմիտասի հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։ «Մեր ընտանիքը ամբողջապես եղել է ձայնեղ։ Հայրս հայտնի թառ ածող, իսկ հորեղբայրս սազ ածող է եղել։ Հայրս ու հորեղբայրս՝ Հարություն Սողոմոնյանը, երգիչ են եղել մինչև իրենց մահը՝ մեր քաղաքի եկեղեցում։ Մորս ու հորս տաճիկ լեզվով և եղանակներով հորինած երգերը, որոնցից մի քանիսն արդեն գրի եմ առել 1893 թվին, դեռ երգում են մեր քաղաքումե։ 
Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը՝ Մարիամը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, և չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր... 
«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում, առանձնապես ձմեռը, երբ սառնամանիքին դպրոց էր գալիս՝ ցրտից կապտած ու սառած... Մենք մեր տակ բարձեր էինք դնում, բայց Սողոմոնը բոլորովին մերկ տախտակի վրա, ոտքերը տակն առած, դողալով կարդում էր և միշտ իր շնչով տաքացնում ցրտից սառած ձեռներըե,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։ Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։ ,Նա հաճախ էր քաղցած լինում, և ես համարյա միշտ նրա հետ կիսում էի իմ նախաճաշը։ Ու նրա հանդեպ իմ ցույց տված «մարդասիրությանե փոխարեն պահանջում էի, որ նա երգի ինձ համար իր գեղեցիկ ձայնովը, ինչ որ բնավ չէր մերժում։ Երբեմն պատահում էր, որ փողոցային տղաները Սողոմոնին նեղացնում էին։ Երբ մենք միասին էինք լինում, իմ ուժերի ներածին չափ ես աշխատում էի նրան պաշտպանել։ Բայց Սողոմոնն ուներ ինքնապաշտպանության մի հիանալի միջոց. նա երգում էր...ե։
Պատահական չէր, որ Կուտինայում Սողոմոնին անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ։ Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։ 
1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ։ 
Եվ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին (Կոմիտասն հայտնի էր իբրև նոր, ինչպես նաև հին հայերենի՝ գրաբարի գիտակ)։ 
«...Նա հիմնովին յուրացրել էր հայերենը, թե հին և թե նոր, լավ գիտեր և հանրահաշիվ, և երկրաչափություն, այնպես, որ ճեմարանում ուսուցիչ եղած ժամանակ այդ առարկաների քննության ընթերական նա էր կարգվում և երբեմն ինքը մենակ վարում էր քննությունը։ 
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։

Եկեղեցին մեծ հույսեր էր կապում պատանի Սողոմոնի հետ, պարծենում նրանով և հատուկ ուշադրություն տածում նրա հանդեպ։ 1893-ին Սողոմոնն ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ՝ փոխարինելով հայտնի կոմպոզիտոր Քրիստափոր Կարա-Մուրզային։ Վերջինս իր առաջադիմական, դեմոկրատական գործունեության համար արժանացել էր հոգևորականության դժգոհությանը և ազատվել աշխատանքից։ 
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։
1895-ին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգևոր աստիճանով: Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու: Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի տեսական և պրակտիկ դասընթացը: Այս պարապմունքները եվրոպական երաժշտական տեխնիկային տիրապետելու յուրատեսակ նախերգանք և ամուր հիմք հանդիսացան:
Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից: Բեռլինում անցկացրած տարիներին Կոմիտասը նվիրվեց բացառապես իր պարապմունքներին և ստեղծագործական գործունեությանը՝ ձեռք բերելով բարձր պրոֆեսիոնալիզմ: Չնայած նյութական դժվարություններին և ժամանակի սահմանափակությանը, նա կարողացավ առավելագույնս օգտագործել այն հարուստ հնարավորությունները, որոնք տալիս էր Բեռլինը: 
Կոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Այնտեղ նա ուսումնասիրում է երաժշտա-տեսական առարկաներ, կոմպոզիցիա, հաճախում է դաշնամուրի և երգեհոնի պարապմունքների: Կոնսերվատորիայից դուրս Կոմիտասը վոկալի մասնավոր դասեր է վերցնում՝ մշակելով իր հիանալի ձայնը՝ գեղեցիկ բարիտոնը: Միաժամանակ պատրաստվում է խմբավարական իր հետագա գործունեությանը, լինում սիմֆոնիկ նվագախմբի, օպերայի փորձերին, համերգներին, ներկայացումներին: Կոնսերվատորիայի պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորն հաճախում է Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին: Ուսումնառության տարիներին Կոմիտասն հնարավորություն ունեցավ «շփվել եվրոպական երաժշտության հետ՝ ավելի հարստացնելով գիտելիքների իր պաշարը, զբաղվել երաժշտա-քննադատական գործունեությամբ: Միջազգային երաժշտական ընկերության հրավերով նա դասախոսություն կարդաց՝ նվիրված հայ եկեղեցական եւ աշխարհիկ երաժշտությանը՝ այն համեմատելով թուրքական, արաբական, քրդական երաժշտության հետ: Դիպլոմային աշխատանքը նվիրված էր քրդական երաժշտության ուսումնասիրմանը, որը մեկ անգամ եւս ապացուցում էր նրա Արեւելքի երաժշտության մեծ գիտակ լինելը: Պատահական չեն պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի հետևյալ խոսքերը, թե Կոմիտասը «մոլեգին արևելցի է, որը պատրաստ է ամեն մի նոտայի համար արյուն թափել:
«...Դուք մեզ մոտիկից ծանոթացրիք մեզանից այդքան հեռու գտնվող Ձեր հայրենիքի բարձր զարգացման հասած կուլտուրային: Մեզ զարմացրեց Ձեր չգերազանցված վարպետությունը ինչպես Ձեր կարդացած դասախոսություններում, այնպես էլ Ձեր կատարած երգերում, որոնք երբեք չեն խունանա մեր՝ ունկնդիրներիս հիշողության մեջե,- գրում է դոկտոր Մաքս Զայֆերտը։ 
«Դուք կարող եք անգնահատելի ծառայություն մատուցել ժամանակակից գիտությանը, եթե հրատարակեք Ձեր աշխատությունները,- գրում է պրոֆեսոր Օսկար Ֆլայշերը։

ԱՂԲՅՈՒՐԸ՝ Կոմիտաս

Комментариев нет:

Отправить комментарий