29.08.2013

ԴԱՐՁ ԴԷՊԻ ՈԳԻՆ


Մեռնել, բայց չտեսնել Հայրենիքը պարտւած: Յաղթանակից կեանքի բարոյական կանոն
յօրինել, պարտութիւնը ստեղծագործաբար ողբերգել եւ դրանից` մեծագործումի նոր ոյժ եւ խանդ երկնել:
Այդպէս չէ՞ր երբեմն հայը:
Ասում ենք` այդպէս էր, ուզում ենք էլի՜ այդպէս լինի եւ քարոզում ենք տարօնականութիւն:
Մեր առաջ, սակայն փռւած է հոգեւոր վերջալոյսի մի պատկեր: Վերջալոյսին` քնի կարօտից յօրանջում են ստւերները: Մեծ ստւերը` գիշերը, արդէն մայրն է քնաբեր առաքինութիւնների: Ստւերները յօրանջում են - ՙհին հայը վաղուց է մեռած՚:
ՙՈգին մահ չունի՚,- ասում ենք մենք:
Ոգու մահւան հաւատում են վերջալոյսին ստւերօրէն սպառւածները: Նրանք` որ բռնւած են վախճանի տենդով: Ապրելու ագահութիւնը եւ մահւան զգացումը - միեւնոյն տոպրակում սրանք դեղնում են, ինչպէս աշնան տերեւները: Ամեն բան չի դեղնում կատարելութիւնից - շատ բան դեղնում է սպառումից: Դեղին երգերի բանաստեղծները, շա՜տ անգամ, քուն են քարոզում - ցաւագին ճիչ եւ ձանձրոյթի աղօթք:
Քնաբեր ամէն խօսք, մտածում եւ աղօթք վախճանի կարօտ է, վերջինը` տկարութիւն, իսկ տկարութիւնը` կենսագործ բոլոր ճշմարտութիւնների թշնամին:
ՙԱրթնացի՜ր, Հայաստա՛ն՚ - օրերի զանգահարումը խոժոռում է հոգով մեռածներին: Արշալոյսի կանչը - դա մեծագոյն թշնամին է յոգնած-պարտասածների: Ստւերները ձայն չունեն, բայց նրանք ընկերներ են շարժւող կեանքի: Նրանք ունեն իրենց համր երանութիւնը - ուզում են քնել: Շարժումների թշնամին մի՜շտ էլ ստւերոտ մի էութիւն է:
Տարօնականութիւնը ոգու շարժում է, նոր կեանքի խօսք: Դա ունեցաւ իր թշնամիները - մահապաշտները, ստւերային էութիւնները, նրանք, որ տաժանքով են քայլում կեանքը փոթորկող ոյժերի հետ, ստւերի տաժանքով:
Մենք ասում ենք. ՙՈգին անմահ է՚:
Բայց երբեմն ոգու կայծը` հոգին, աւելի՜ շուտ է մեռնում, քան մարմինը: Անմահ է միայն ժամանակը բոցավառող, տարածութիւնը նւաճողաբար ճմլող ոգին, ստեղծագործը:
Յիսուսն էր ասում. ՙՄինչդեռ յաշխարհի եմ, լոյս եմ աշխարհի՚: Ստեղծագործ ոգին միշտ էլ աշխարհում է եւ լուսագործում է:
Ժամանակը ոգեսպառի համար անջրպետ է, ոգու կրողի համար` կապ: Ժամանակներն իրար են կապւում յաւիտենականի զգացումով - անցաւորը յաղթահարող ոգու ճիգով: Մամիկոնեաններից անցել է մէկուկէս հազարամեակ, հայ բոլշեւիկները տիրում են այսօր: Բայց նրանք մեզ աւելի՜ մօտ են թւում, քան վերջինները: Այդպէս չէ միայն նրանց համար, որոնք ժամանակը ըմբռնում են որպէս իրար հակասող դէպքերի մի շարժ, որպէս անցումների մի քաոս:
Ժամանակը հոգեբանական առաջընթաց է: Բարոյապէս աճող մարդու համար` նրա արժէքները, հոգեւոր բովանդակութիւնները աճում են այդ առաջընթացի հետ: Հայօրէն անկարելի է հերոսանալ առանց Մամիկոնեան մի հսկայ կենդանիօրէն պատկերելու: Հերոսականը ժամանակները յաղթահարող պատկերում է: Հրէութեան հզօրանքի գաղտնիքը նրանում է, որ ամէն հրեայի սրտի մի անկիւնում կենդանիօրէն տրոփում է Մովսէսը: Ոգու բոլոր նահանջները առաջ են գալիս ժամանակի մասին ունեցած անկենսաբանական ըմբռնումից: Հակասութիւնները պարտութիւն են վիժում: Կա՞րսը - այդ պիտի չունենայինք, եթէ այնտեղ ճակատող հայկական բանակը չապրէր իր եւ Վարդանների ոգու հակասութիւնը, եթէ ժամանակը յաղթահարելով` նա կարողանար անցումի իր երանութեան մէջ դնել Մամիկոնեանավայել հերոսական: Բոլոր պարտութիւնները արդիւնք են պատմական ոգու աղօտումին - նախ` դրան:
ՙՅեղաշրջւած ոգին է յեղաշրջում իրականութիւնը՚ - ասում ենք մենք: Իւրաքանչիւր ազգ ապրում է ճակատագրական մի նշանախօսքով: ՙՅիշի՜ր մահը՚,- ասում է մի ժողովուրդ, եւ դրանով էլ բարոյակարգում իր ընկերային կեանքը: ՙՅիշի՜ր Մամիկոնեան հայը՚,- ասում ենք մենք, որովհետեւ ուզում ենք յաղթահարել պարտւողականութիւնը, փոխել, յեղաշրջել ճակատագիրը: Ուզում ենք տարագրութեան ցաւն ու ամօթանքը վերածել հայրենատիրումի, հզօրանքի կամքի: Մեծագոյն ստորնութիւնների ընդունակ ժողովուրդը, ընդունակ է նաեւ գերագոյն հերոսականի: Մեծ անկումներն էլ գործ են հուժկու խառնւածքի: Միեւնոյն խառնւածքի բացասական արտայայտութիւնը կարող է ա՜յնքան անկումնային լինել, որքան դրականը` վերացնող: Ոգու ձգողական եւ վանողական կարողութիւնները ծագում են միեւնոյն արմատից: Իբր հոգեբանական տիպ` հրեան ե՜ւ բեւեռացած ստորնութիւն է, ե՜ւ բեւեռացած նւիրում: Ժողովուրդներ կան, որոնց համար ստորնութիւնը ինքնապաշտպանութեան ամենահատու զէնքն է: Կան էլ, որ առանց դրական բարոյականի ` փլուզւում, ոչնչանում են: Հայը ընդունակ չէ ոգու երկու ուղղութիւններ կրել իր անձի մէջ: Մեր այս հոգեգծով մենք հակապատկերներ ենք հրեայի: Այդ է պատճառը, որ օտարութեան մէջ մենք չենք կարող օգտւել նրա ցեղային ինքնապաշտպանութեան մեթոդից: Նա մոռանում է լեզուն, ծպտւում է իբր ոչ-հրեայ, բայց Թալմուտի մի բառով պահում է ցեղային ներքին կրակի մոլեգնութիւնը: Ծպտումի ընդունակ հային չի կարող փրկել ամ-բողջ ՙՆարեկ՚-ը: Հրեան յօրինում է համամարդկային գաղափարներ, խառնում է ազգերը իրար եւ յաճախ հանդիսատես դառնում իր ՙթալիսման՚-ով փոթորկւած աշխարհի խելագարութիւններին, հայն ինքն իր մէջ փխրւում, այլասերւում է, հենց որ բռնւում է օտար մի հովից: Հայը ՙմիջազգային՚ ասպարէզի էակ չէ: Փաւստոսի այլաբանութեամբ` նա իր Արշակ թագաւորի նման հզօր եւ ազատահոգի է միայն իր հողի վրայ: Հայրենիքն է նրա ինքնապաշտպանութեան միակ զէնքը:
ՙԴա՜րձ դէպի երկիր՚,- ասում ենք մենք: ՙՌէալ պայմաննե՞րը՚,-հարցնում են իրենց կեանքում ընդհանրապէս պայմաններով ապրողները, սակարկողները: ՙՊատմական բոլոր իրականութիւնների հեղինակը եւ ստեղծիչը ոգին է՚,- ասում է տարօնական մեծ հայերի հերոսականը: Այդ է ասում նաեւ մեր ժամանակների գիտութիւնը:
ՙՀոգեվերանորոգում եւ ճշմարտութիւնների յեղաշրջում՚ - ահա՜ առաջին քայլը դէպի նոր ճակատագիրը: Որպէսզի մի բան փոխւի` նախ պիտի կամենալ, որ փոխւի: ՙԿամենալ՚-ը հոգեւոր որակ է: Ոգու ամէն ճիգ որակ է: Այդ է պատճառը, որ ոգու ներգործութիւնն է իմաս-տաւորում բնութեան ամէն մի երեւոյթը եւ պատմութեան դէպքերը:
Տարօնականութիւնը հոգեվերանորոգչական շարժում է, որով եւ` կեանքը իմաստաւորելու ճիգ: Նիցշէն ասում էր. ՙԳերմարդն է երկրի իմաստը՚: Մենք ասում ենք. ՙՀայաստանն է հայ մարդու իմաստը՚: Այսպէս ասելով` մենք ընդունում ենք Մամիկոնեան մի ճշմարտութիւն: Ծագում են հարցեր. ՙԻնչո՞ւ այս ճշմարտութեամբ գործող հայը հզօր էր: Ինչո՞ւ տկար է այսօր հայը: Ո՞րն է օրուայ հայի ճշմարտութիւնը: Մենք չկործանւեցի՞նք այն ըմբռնումից, թէ հայրենիքը միջոց է՚:
Կեանքի լրջագոյն հարցերին մարդիկ պատասխանում են ըստ իրանց նկարագրի, խառնւածքի, բարոյական խորքի: Յոռետեսի կարծիքով` կեանքը մահւան առաջընթաց է: Մեզ համար` կեանքը մահւան յաղթահարելու ճիգ է: Վախկոտի կարծիքով` չկայ աւելի մեծ յանցագործութիւն, քան հերոսականի պահանջը: Եսականը ՙնւիրում՚ բառը հասկանում է որպէս պատուհասումի պատգամ: Զեղծահոգի էակը որոգայթ է լարում ճշմարտութեան դէմ: Յիսուսին խաչում են իր քարոզած գաղափարների սարսափից: Նոր գաղափարներից սոս-կում են հոգեպէս սպառւածները: Անկումի երանութեան զոհերին` հզօրանքի խօսքը թւում է մահապատիժ: Տկարութիւնը գիտակցա-կան սարսափ է մահից եւ անգիտակցական մահաբաղձութիւն: Տկա-րի չարութիւնը - դա գերեզմանափորի հոգեւոր զէնք է: Գերեզմանափորը հոգեբանական եղկելի այն տիպն է, որ մահու սարսափից մահւան դէպքերը օգտագործում է որպէս ապրուստի միջոց: Մեծ գաղափարների մանր թշնամիները միշտ էլ ունին գերեզմանափորի հոգեբանութիւն:
Հասկանալի է, որ տարօնականութիւնը իբրեւ ոգու շարժ եւ կենսանորոգումի ճիգ` պիտի անհանգստացնէր հոգեւոր գերեզմանափորներին, նւաստութեան երջանիկներին, իրենց անձերի բարոյական դիակնացումը առանց ցնցող տագնապի տեսնող-ապրողներին:
Մեծ գաղափարները յղութիւն են ստանում կեանքի մեծ ճգնաժամերից: Ամէն ճգնաժամ տալիս է իր զոհերը: Դրանցից է առօրէական ապրումներին գերի մարդը - յաւիտենականութեան ատամնաթափ այդ թշնամին:
Ծանր է մեզ համար չոր ճշմարտութիւններով խօսել, բայց ճշմարտութիւն է, որ յաւիտենականութեան գծի վրայ առօրէական արժէքները եւ նրանց կրողները չեն մեռնում, այլ սատակում են:
Մենք սոսկում ենք առօրէականին գերի դարձող գաղութահայութեան ճակատագրից:
Մենք ասում ենք, որ հայը մէ՜կ տեղ միայն կարող է իմաստալից մահ ունենալ - Երկրի ճանապարհին: Եւ մէկ տեղ միայն իմաստալից կեանք - Հայաստանում:
Ոմանք կարող են այս բանը չհասկանալ: Տգիտութիւնը յանցանք չէ, եթէ դա օժտւած չէ չարութեան դինամիզմով: Դա անշո՜ւշտ, մի ոյժ է - ա՜յն ոյժը, որ հոգեւոր լէշեր է ստեղծում եւ թմբում կեանքի հոսանքը: Կանգ առնել անգամ տգիտութեան զոհերի առաջ եւ խաչ հանել - դա ամէն բարոյաշունչ մարդու պարտականութիւնն է: Բայց չմաքրել կեանքի ուղին - դա միայն բարոյապէս սպառւածների տկարութիւնն է:
Չարութեան դինամիզմը պատմականօրէն անստեղծագործ է ա՜յն պատճառով, որ նրա կրողը մեծ նպատակների ծարաւ չունի: Դա, երբեմն, յաջողութիւններ է շահում, բայց յաղթանակի նւաճումը մի՜շտ էլ վերապահւած է դրականօրէն ստեղծագործ ոգուն:
Տարօնականութիւնը մեր ցեղի դրական հոգեգծերի շարժն է: Դա յաղթանակի վստահութիւն է:
Ճանաչում ենք մեր իրականութիւնը, որում ոգու սպառումը կասկածամտութիւն է վիժում, իսկ վերջինը` դաւ եւ ուրացում: Գիտենք նաեւ, որ ամէն մի ոչնչութիւն գոյութեան մի սկզբունք ունի - արժէք ստանալու նպատակով բացասել մեծ գաղափարները, ժխտել բաներ, որոնց մասին հասկացողութիւն չունի, եւ տրորել իսկական արժէքները: Առօրեան մի՜շտ էլ մանրագործ հերոսներ է վիժում եւ յաւիտենակա-նութիւնը մի թշնամի ունի - առօրեայի ՙհանճարը՚:
Ովքե՞ր են գործում մեր դէմ - մեր ցեղը հայրենատէր եւ յաւերժական դարձնելու ճիգի թշնամիները. ՙռէալ պայմանների՚ փոխասացները: Բայց մենք առանց լապտերի չենք իջել մութ փողոց, ո՜չ էլ առանց զէնքի` պատերազմի դաշտ: Մեզ առաջնորդող լոյսը մեր պատմութիւ-նը վարող ոգեկան ոյժերի իմաստասիրութիւնն է, մեր զէնքը` Մամիկոնեանների բարոյականը: Հրամայողաբար մերժել որեւէ ներքին պայ-քար, ո՜չ թէ չափւել տկարութեան ու տգիտութեան հետ, այլ միայն վերանորոգող լոյս եւ հզօրանքի բարոյական բաշխել նրանց, որոնք տա-ռապում են հարցից - ՙինչո՞ւ, ինչո՞ւ այսպէս եղան հայն ու Հայաստանը՚: Տարօնականութիւնը միայն հզօրանքի ուսմունք չէ, այլ նաեւ ներցեղային սրբութեան փիլիսոփայութիւն, այսինքն` ոչսովորական բարոյագիտութիւն: Դա միաժամանակ Աւետարանի ողբերգանքը չէ. ՙՅիւրսն եկն եւ իւրքն զնա ոչ ընկալան՚: Դա մի ուսմունք չէ ՙբոլորի եւ ոչ ոքի համար՚, այլ միայն ընտրեալների: Դա կանչ է` ուղղւած միայն նրանց, որոնք ընդունակ են բարոյական նորոգումի:
Հոգենորոգչական շարժումը նախատեսում է ընտրանի: Ընտրանին նա է, որ սրտի կսկիծով ապրում է տխուր ներկան եւ հոգու աչքով տեսնում երջանիկ ապագան:
Տխուր չէ՞ մեր ներկան: Անհրաժեշտ չէ՞ երջանիկ ապագայ: Եւ ներկան մի բան չէ՞, որ պիտի յաղթահարւի: Ապագան չի՞ նւաճւում տագնապալի մարտնչումներով: Յաղթահարող, նւաճող ոյժը ո՞րն է: ՙՊատմազգաց ոգի՜ն՚ - ասում ենք մենք: Միայն դա՜, պատմազգաց ոգին է ընդունակ պատմութիւն երկնելու:
Տարօնականութիւնը, ահա՜, այս ոգու իմացումն է, եւ այդ նոյն ոգին վերանորոգաբար մշակելու աշխատանքը, ճիգը: Նրանք, որ այս բանը չեն հասկանում, ոգու թշնամիներ են` խառնւածքով:
ՙԿենդանեաւ մերով տեսաք զդիակունս անձանց մերոց՚,- այսպէս էր ասում Եղիշէն: Այդ ողբերգութիւնից Մամիկոնեան հայերը ստեղծեցին նոր հերոսական: Պիտի ստեղծենք ե՜ւ մենք: Դա՞ւը, թշնամա՞նքը - թո՜ղ շարունակեն նրանք, որոնք ապագան չեն տեսնում: Ապագան տեսանողներինն է:
Ապագան տեսնում են նրանք, որոնք անցեալն ապրում են իբր ոգու յայտնութիւն, եւ պատմական արարչագործումը` իբր ոգու արժէքների շեղջաւորում:
Մեր ճշմարտութիւնները տեմպերամենտային ճշմարտութիւններ են - նրանք աճում են եւ աճման կամքը ներբնակ է: Միայն ոգու զգացողական ոյժերն են ներբնակ: Ոգում գործում է տիեզերաստեղծ ոյժի - դուք ասէք` Աստուծոյ - կամքը: Առանց մետաֆիզիկայի եւ օնտոլոգիայի,- բնազանցութեան եւ էաբանութեան,- կարելի չէ հասկանալ ոգին: Իրերի հիմքը այն չէ, ի՜նչ տեսանելի է պարզ աչօք: Ոգին ընդհանրապէս մատչելի չէ զգայնութեանց: Նրա ճշմարտութիւնները խո՜ր իմացաբանական են, էաբանական: Պատմութիւնը ռէալ դէպքերի արձանագրութիւն չէ, այլ` ոգու յայտնութիւն: Առանց ոգու իմացութեան` կարելի չէ հասկանալ պատմութիւնը: Ամէն բան չի լինում գիտացեալ իրերի կամքով: Շա՜տ բան, եւ ճակատագրականը, լինում է անգիտակցականի - դուք ասէք` Աստուծոյ - կամքով: Յաղթանա՞կ - դա հնարաւոր է, երբ մետաֆիզիքական ոյժերն են մարտնչողի առաջնորդը, երբ վերջինն զգում է, որ բացարձակ մի ոյժ է գործում իր մէջ:
Այդպէս չէի՞ն Մամիկոնեանները - աստուածահաղորդ: Այդպէս չէ՞ր Մեսրոպը, որ ըստ հայոց պատմութեան վկայութեան, նախ ձուլւեց աստւածայինին եւ ապա հնարեց մեր երկրի լոյսը: Ղեւոնդ Երէցը չէ՞ր ասում, որ ինքը խօսել է Աստուծոյ հետ:
Այդպէս էին նրանք, եւ դրա շնորհիւ էր, որ նրանց օրերի Հայաստանը հզօր էր` անգամ իր պարտութեան մէջ:
Տարօնական հայը աստւածահաղորդ է, աստւածախօս - ստեղծիչ կրօնական զգացումի եւ պատմակերտ ոգու:
Տարօնականութիւն - դա մեր պատմութեան իրրացիոնալն է, անգիտակցականը, ոգու այն տարերքը, առանց որի իմացութեան` անհնար է խօսել ճակատագրի հետ:
Այն բոլորից յետոյ, ինչ որ տեսանք. Դէր-Զօրից, Կարսից յետո՞յ էլ հարց չտանք.- ՙՈրտեղի՞ց ենք գալիս, ո՞ւր ենք գնում՚:
Մենք գալիս ենք մի աշխարհից, որի բոլոր իրականութիւնները սարսափի երազներ վիժեցին: Մենք գնում ենք դէպի մի երազ, որ իրականութիւն պիտի դառնայ:
Երբ չկայ պատմաստեղծ ոգու առաջնորդութիւն` իրականութիւնը կը դառնայ երազ - երազ չէ՞ այսօր երէկւայ մեր երկիրը, իր բոլոր իրա-կանութիւններով:
Երբ կայ այդ ոգու առաջնորդութիւնը` երազները իրականութիւն կը դառնան - վաղը իրականութիւն պիտի չդառնա՞յ Հայաստանը: Որպէսզի այդպէս լինի` դարձէ՜ք դէպի ոգին: Մի՜ թշնամացէք, այլ հասկացէ՜ք, որ անոգի ժողովուրդը միութիւն, ոյժ եւ ապագայ չունի:
ՙԴա՜րձ դէպի ոգին՚:
Չէ՞ք լսում ի՞նչ ենք ասում. մենք ասում ենք` հոգեւոր վերանորոգում, տարօնատիպ հզօրահոգի հայ մարդու վերակառուցո՜ւմ, հայա-կերտո՜ւմ:
Եւ ուրիշ ոչի՜նչ:
Մնացեալը մենք թողնում ենք քաղաքագէտներին, կուսակցութիւն-ներին եւ ցանկանում, որ նրանք իմաստուն լինեն եւ զօրաւոր:

ՙՏարօնի Արծիւ՚, 1938թ., թիվ 5-6
Հայկ Ասատրյան, <<ՀԱՏԸՆՏԻՐ>





Комментариев нет:

Отправить комментарий