05.06.2013

ԿՅՈՒՐԻԿՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի կրտսեր որդի Գուրգենը (նրա անունը տեղի բարբառով հնչել է նաև <<Կյուրիկե>>, որից էլ առաջացել է տոհմանունը) 970 թվականին հիմնադրեց Կյուրիկյանների թագավորությունը, որն ընդգրկվում էր Գուգարաց աշխարհի արևելյան գավառները, հիմնականում՝ Տաշիրն ու Ձորափորը: Ինչպես Գուրգենը, այնպես էլ նրա հաջորդներն ընդունել են Բագրատունիների կենտրոնական իշխանության գերհզորությունը:
     Թագավորության մայրաքաղաքն սկզբում Շամշուլդե բերդաքաղաքն էր, որը մինչ այդ էլ Գուգարաց իշխանի կենտրոնատեղին էր: 1065 թվականին Կյուրիկյանները տեղափոխվեցին Լոռե բերդաքաղաք, որը դարձավ թագավորության նոր մայրաքաղաքը:
     10-12 -րդ դարերում Կյուրիկյան թագավորության տարածքում կառուցվեցին Կայան, Լոռե, Մահկանաբերդ, Գագ բերդերը:
      Բագրատունիների կենտրոնական  (1045թ.) և Կարսի (1065թ.) թագավորությունների անկումից հետո Կյուրիկյանների թագավորությունը Բագրատունյաց միակ իշխանությունն էր:
     1113 թվականին Կյուրիկյան գահակալներ Աբաս Ա-ն ու Դավիթը կորցրեցին կենտրոնական իշխանությունը, թողեցին Տաշիրը և տեղափոխվեցին Տավուշ ու Մածնաբերդ՝ հիմնադրելով նույնանուն փոքրիկ իշխանությունները:
      Կյուրիկյանների մշակութային կենտրոններ Սանահինն ու Հաղպատն իրենց գործունեությամբ համահայկական նշանակություն ունեին:
     Կյուրիկյան թագավորական տան զինանշանը պահպանվել է Լոռի բերդը եզերող Ձորագետ գետի վրա կառուցված և հետագայում ավերված կամրջի միջին հենարանի վրա: Լոռե բերդաքաղաքը, ամենայն հավանականությամբ նաև Ձորագետի կամուրջը, կառուցվել են Կյուրիկյան Դավիթ թագավորի օրոք (966-1048թթ.):

     Բազալտե շարաքարը, որի վրա պատկերված է զինանշանը, սովորական շարաքարի մեկուկես մեծության է: Սրա վրա քանդակագործական եղանակով պատկերված է գլխով  դեպի ձախ դարձած առյուծ, որը նայում է դիտողին: Առյուծի երախը բաց է, ականջները՝ վեր ցցված: Դեմքի արտահայտությունը անհանգիստ է, լարվածություն է արտահայտում: Այդ են ցուցանում նաև փոքր-ինչ կքած առջևի մեկ, ետևի երկու ոտքերը, և  հետևի ոտքերի արանքով դուրս եկած ու մարմնի վրայով վեր ցցված պոչը: Թվում է՝ կենդանին ընթացքի պահին ինչ-որ բանից անհանգստացած շրջվել է  ու լսողություն դարձած քարացել է տեղում:
     Այս զինանշանը Կյուրիկյան թագավորության տան զինանշանն է, պատրաստվել է այն ժամանակ, երբ Բագրատունիների իշխանությունն արդեն չկար: Իր վրա կրելով Բագրատունիների հիմնական զինանշանի պատկերը, միաժամանակ չշփոթելու համար՝ առյուծը պատկերվել է մայր զինանշանին հակառակ դիրքով՝ գլխով դեպի ձախ:
     Պատկերը զինանշանային է: Եվ դրա վկայությունը վեր ցցված պոչի ծայրի գնդաձև մշակումն է, որը ստույգ իշխանական նշան է:
     12-րդ դարի վերջին քառորդում՝ հետթագավորության շրջանում, այս թագավորական ընտանիքի շառավիղները գրեթե միաժամանակ երկու տարբեր կառույցների վրա թողել են զինանշանային պատկերներ:
      1170-ական թվականների վերջին Կյուրիկյան Աբաս թագավորի կինը՝ Զաքարե և Իվանե Զաքարյանների քույրը՝ Վանենին,  ամուսնու հիշատակին Դեբեդ գետի վրա կառուցած կամրջի եզրակողերի չորս անկյունները ձևավորել է կատվազգիների ընտանիքի արձանային քանդակներով: Այս քանդակներից մեկը, որ թաթերը կախել է ցած և միացրել իրար, հաստատապես առյուծ է, մյուսները, թվում է՝ հովազ կամ վագր են: Ինչպես առյուծը, հովազը, այնպես էլ վագրերը հարազատ են Վանենու և՛ ամուսնու, և՛ հայրական ընտանիքների զինանշանային պատկերասրահին: Բագրատունի Կյուրիկյաններն առյուծապատկեր, հովազապատկեր (Անիի խորհրդանիշը) , Զաքարյանները՝ վագրապատկեր (Մակարավանք) զինանշաններ ունեն:
     1181-1184 թվականներին կառուցվել է Սանահինի Ամենափրկիչ եկեղեցու գավիթը: Գավիթի չորս սյուների կառուցումը հովանավորել են Կյուրիկե Բ թագավորի (1145-1170 թթ.) դուսրտերը՝ Մարիամը, Բորինան, Ուուսուդանը և Կյուրիկե Բ-ի կնոջ՝ Թամարի հորաքույր Ուուսուդանը:
    Հուրաքույր Ուուսուդանի հովանավորությամբ կառուցված սյան խոյակի զամբյուղը չորս անկյուններից երկուսում (խոյակի քառակուսու եզրերում) ձևավորված է կենդանիների արձանային  եղանակով պատրաստված գլուխներով, որոնցից երկուսը կատվազգիների ընտանիքին են պատկանում: Կլոր գլխով, փոքրիկ ականջներով, նեղ, շեղ աչքերով, բարակ քթով կենդանին հովազ կամ էգ վագր է հիշեցնում:

<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 26, Տիգրան Հայազն 

Комментариев нет:

Отправить комментарий