11.07.2013

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ ԱԶԳԵՐԸ


Ազգի քայքայման և անհետացման պատճառներն այնքան բարդ և բազմատեսակ են, որ
դրանց բոլորի ուրույն ուսումնասիրությունը  մեր նպատակներից դուրս է: Պիտի ջանանք միայն այդ պատճառներից մի քանիսիսը մատնանշել:
    Ա. Ազգերի փճացման պատճառներից առաջինը այն է, որ հաճախ նրանք այնպիսի  առանձնահատուկ ցեղային հատկությունների ծնունդ են տալիս, որ  եթե որևէ պատճառով միջավայրը փոփոխություններ է կրում, այդ ժամանակ դրանք միջավայրի այս փոփոխություններին չկարողանալով հարմարվել՝ փճանալու են դատապարտվում:  Երկրաբանությունը ցույց է տալիս, որ Պրոնթոսորի, Տիփլոտոգսի և Սթեկոսորսի նման  վիթխարի սակայն դանդաղ ու խոտակեր մողեսասեռ կենդանիները՝ իրենց միջավայրի մեջ տեղի ունեցող փոփոխություններին չկարողացան դիմանալ, և փոքր, սակայն խելացի, ճարպիկ ու մսակեր կենդանիների որս դարձան:
   Նույնը պատահեց թե՛ անհատների և թե՛ ազգերի հետ, որոնք այնքան զարգացած էին այս կամ այն առանձնահատկություններով, որ միջավայրի մեջ տեղի ունեցող փոփոխություններին չկարողացան դիմանալ: Թասմանիա կղզիների վրա ապրող բնակիչները Անգլիացիների տիրապետության ընթացքում փճացան, Ամերիկայի բնիկ Հնդիկներից շատերը Ամերիկացիների հայտնվելուն պես անհետացան, իսկ մյուսները էլ փճանալու ճամփին են:
   Կյանքի և առաջադիմության օրենքն այն է, որ դանդաղ, անհարմար, խոտակեր և մտային զարգացմամբ ստորին կենդանիներն ու ազգերը տեղի են տալիս ճարպիկ, հարմարվող, մսակեր ու մտային զարգացումով բարձր եղողներին:
   Միջավայրի փոփոխությունների մասին խոսելու ժամանակ չենք կարող չհիշել կլիմայական փոփոխությունները, ինչպես տաքությունն ու ցուրտը, օդն ու հովերը, կերակուրի շատությունն ու պակասը, երաշտությունն ու անձրևոտ եղանակները, երկրաբանական  հեղաշրջումները, ինչպես երկրաշարժերն ու հրաբուխները, և աստղաբանական փոփոխություններն ու ներգործությունները, որոնք թե՛ բուսական ու կենդանական, թե՛ մարդկային կյանքի զարգացման  ու անհետացման վրա մեծ ազդեցություն են կրում:  Նույնպես պատմական և նախապատմական  բազմաթիվ շարժումներ, մարդկային հոսանքներ ու գաղթումներ, միջավայրի կրած այս փոփոխությունների արդյունք են: Ուր որ կյանքը միջավայրի այս վայրիվերումներում ինքը կարողացել է հարմարացնել՝ ապրած է, իսկ ուր չի կարողացել հարմարվել՝ փճացած ու անհետացած է:

    Բ. Ազգերի փճացման պատճառներից մեկն էլ նրանց տնտեսական վիճակն է: Անհատները, ինչպես և ազգերը, փճաչման են դատապարտված, երբ նրանց տնտեսական վիճակը վատթար է: Այդ պայմաններում անլուր ու անձայն կոտորած է տեղի ունենում: Ասվում է, թե միայն Հնդկաստանի մեջ ամեն երեկո հարյուր միլիոն ժողովուրդ առանց կերակուրի անկողին է մտնում: Ոչ միայն նա, այլ նաև քաղաքակիրթ ու լուսավորյալ երկրների մեջ էլ անոթի և անսնունդ մարդկանց վիճակը պարզապես զարհուրելի է: Քաղաքակիրթ կոչված  եվրոպական  ազգերը աշխարհի չորս կողմը գաղութներ հաստատած՝ և նրանց  առևտրական  անխիղճ շահագործումների պատճառով թե՛ արևելքի, թե՛ Աֆրիկայի և թե՛ օվկիանոսի կղզիների տգետ ու անմեղ ժողովուրդները տնտեսական սուր անձկության են մատնված: Այս ժողովուրդները անկարող լինելով իրենք իրենց հարմարացնել՝ խորամանկ, անխիղճ ու անգութ  եվրոպացիների <<օրինական>> լողոպտումներով ստեղծված միջավայրին՝ դատապարտված են անհետանալուն:
   Գ. Ազգերի փճաչման մեկ այլ պատճառ էլ նրանց սեռային վատասերումն է: Հաճախ կպատահի, որ ազգի անդամները իրենք իրենց մեջ չափազանց մոտավոր խնամությամբ են ամուսնանում, և մի քանի սերունդ  հետո նրանց  կենսունակությունը տկարանալով՝ փոխանակ առույգ ու կայտառ մանուկներ առաջ բերի՝ տկարակազմ, գունատ ու ախտավարակ սերունդ է արտադրում: Հայերիս մեջ ամուսնության ժամանակ յոթ պորտ հաշվելու կարգադրությունը սքանչելի սովորություն է, որ մեր նախահայրերը իբրև իրենց դարավոր փորձառության արդյունք օրենքի են վերածել: Լոմպրոզոյի, Մաքս Նորտաուի և Կելթընի պես ժառանգության օրենքի մասին խուզակություններ կատարող մեծ գիտնականներն էլ հանգել են եզրակացության, թե մոտիկ ազգականների մեջ կատարված ամուսնությունները  գրեթե միշտ ախտավարակ սերունդ են ծնում: Եվրոպական արքունի ընտանիքներից շատերը, երկար ժամանակ միմյանց հետ էին ամուսնանում, ու այլևս  նրանցից առհասարակ վտիտ, նիհար և ախտաժետ սերունդ էր առաջ գալիս: Այս է իրողությունը ոչ միայն մարդկային սեռի համար, այլ նաև կենդանական աշխարհի համար: Կենդանաբանները մեզ հաստատում են, թե եվրոպական գոմեշը, որ այժմ Լիթուանիայի և Կովկասի որոշ մասերում է հանդիպում,  դարերով ինքն իր մեջ սերնդագործվելով, այժմ գրեթե անհետանալու վրա է:
   Սեռային վատասերման ուրիշ մեկ պատճառն էլ այն է, որ ինչպես շատ կենսաբաններ են պնդում, ազնիվ ցեղի խառնվելն է ստորին ցեղի հետ: Հաճախ, գիտնականների մեջ խնդիր է եղել, թե ի՞նչն էր պատճառը, որ Հին Հույներն ու Հին Հռոմեացիները այդչափ բարձր քաղաքակրթության ստեղծելուց հետո անհայտացան: Այս հարցին ի պատասխան, ասվել է, որ  նրանց անհայտացման հիմնական պատճառը, այդ ազնիվ և ազատ ազգերի ստորին գերի ցեղերի հետ խառնվելն է: Կոպինոի անհետացող բազմաթիվ ցեղերի վրա կատարած ուսումնասիրություններն այն եզրակացության են հանգել, որ դրանք անհետացել են արյունախառնության պատճառով: Եվ ապա գերման ազգին անդրադառնալով պնդում են, թե  գերմանացիները ազնիվ և մաքուր արյուն ունեն, և այս է պատճառը՝ նրանց կենսունակության, մտային կարողությունների և առաջադիմության:
    Սա թերևս կենսաբանական իրողություն է , սակայն մեզ թվում է,  թե Կոպինոյի պես խորհող գիտնականներից շատերը իրենց տեսությունները ծայրահեղության են տանում: Հին Հույների և Հին Հռոմեացիների փճացման մեջ արյան խառնուրդը խիստ զգալի գործոն է եղել, բայց դա չի բացատրում ամբողջ իրականությունը: Տվյալ խնդրին պետք է մոտենալ համադրական վերլուծության  տեսակետից և ազգերի անհետացման պատճառ դարձող բոլոր գործոնների լույսի տակ ուսումնասիրել այն և ըստ այդմ էլ հանգել եզրակացության:
    Հայերի պարծանքը եղել է այն, թե դարավոր հալածանքների և տառապանքների ընթացքում, մինչ ուրիշ շատ ցեղեր իրենց գոյությունը կորցրել են, սակայն իրենք դեռ կապրեն. այս իրողության համար ամեն բանից առաջ մենք պարտական ենք մեր ազնիվ արյանը: թուրքն էլ այս իրողությանը վերահաս լինելով էր, որ իր անարգ ու վատ արյունը ազնվացնելու համար հայ ցեղի հետ ամուսնանալու և խառնվելու ամեն միջոց որոնեց, և այսօրվա գեղեցիկ թուրքի երակներում հայի ազնիվ արյուն է հոսում: Ավա՛ղ, այս իրողությունը տակավին, շատերի կողմից լավ ըմբռնված չէ:
   Անհրաժեշտ է, որ ապագա ազգի վերաշինության ու ազնվացման վրա աշխատող թե՛ ազգային իշխանությունները և թե՛ հասարակական պատասխանատու առաջնորդները այս խնդրի վրա լուրջ ուշադրություն դարձնեն:
  Դ. Ազգի բնաջնջման ուրիշ մեկ ազդակ էլ զավակագործության պակասն է: Հոլովույթի օրենքին համեմատ կյանքը որչափ բարձրանա և ազնվանա, այդչափ սակավաթիվ սերունդ առաջ կբերի՝ մեկ ծնունդով, և հղիության ինչպես նաև նորածին սերունդի աճման և զարգացման ժամանակացույցը կերկարի: Կյանքի ստորին մակարդակի վրա գտնվող կենդանիները, ինչպես շունը, խոզը, կատուն  և այլն մեկ ծնունդով մեկից ավելի ձագեր են արտադրում, մինչդեռ մարդկային սեռը մեկ հատ և հազվադեպ նաև երկու կամ ավելի է ծնում: Խնդիրը այս տեսանկյունից դիտելով՝ շան կամ կատվի ձագերի փճացումը իր ցեղի համար մեծ կորուստ չէ, սակայն մարդկային սեռի համար խնդիրը բավական տարբեր է:  Անհարմար միջավայր, դեպք կամ ուրիշ որևէ միջոց, որ արգելում է զավակագործությունը ցեղի փճացումը փութացնում է:
    Զավակագործության արգելք հանդիսացող և հետևաբար ազգի բնաջնջմանը սատարող պատճառները բազմազան են, դրանցից մի քանիսը միայն կհիշենք անցողիկ կերպով:
    Զավակագործության արգելք հանդիսացող առաջին պատճառը, ինչպես հաստատում են կենսաբանները, սաղմնաբջջի ըստ անհրաժեշտության բաժանվելու անկարողությունն է: Ինչպես վերը նշվեց՝ հեշտասիրություն, ներքնամուսնություն, գիջություն և այլ ներքին մոլորություններ են ձգում ու անկարելի են դարձնում նրա բաժանումը, որ պայմանն է սերնդագործության:
    Զավակագործության արգելք հանդիսացող պատճառներից է նաև ամլությունը, որ մի քանի պարագաներում  երևան է գալիս ինչպես արական թե՛ իգական սեռային օրգաններում ի ծնե անբնականությունից, երկրորդ՝ այլևայլ հիվանդություններից և անբնական գործածությունների միջոցով ախտավորվում կամ տկարանում է սեռական գործունեությունը: Երրորդ՝ կերուխումը, զեխությունը և քաղաքակրթության մեղկ ու վատասերիչ ազդեցությունը: Սրանք առաջ են բերում ամլության, որը ցեղը առաջնորդում է փճացման:
    Դժբախտաբար արդի քաղաքակրթությունը իր արտաքնապես  փայլուն և չլացուցիչ երևույթների տակ ՝ ծածկում է է հրեշությունների մի շարք,  ինչպես սեռային անբարոյականություն, զավակագործությունից խորշում, սաղմնասպանություն, մինչև իսկ մանկասպանություն, ամուրի կյանք վարելու անբնականոն հակում և խառնագնաց ցոփություն, դրանց ամենքից էլ ցեղի վատասերման և անհետացման պատճառ են հանդիսանում:
    Ամերիկայի փառքն ու  պարծանքը եղող Յանկիները զավակագործության պակասից փճանալու վտանգի մեջ են գտնվում: Հին Հռոմեական կայսրության քայքայման ու տապալման ամենակարևոր պատճառներից մեկը ընտանեկան սրբության պղծագործումը և զավակագործության պակասն է:
   Հայորդիներն իրենց տունն ու  տեղը ձգելով գաղթում են հեռավոր երկրներ: Սրա վնասը այն է, որ հայրենիքը դատարկվում է իր զավակներից, որոնց ընտանիքները մատնված են ոչ միայն թշվառության , այլև անզավակության, և իրենք  քիչ բացառությամբ այդ օտար երկրների բյուրազան փորձություններից խաբված ու ախտավորված են:
  Ե. Ազգերի փճացման պատճառներից մեկն էլ նույն ինքը՝ քաղաքակրթությունն է: Մարդաբանությունը ցույց է տալիս, որ այն ցեղերը, որոնք տակավին  նախնական վիճակի  մեջ են գտնվում  և բնության հետ սերտ չափման  մեջ են, ավելի կենսունակ և տոկուն են, սակայն դրանք երբ հասնում են քաղաքակրթության՝ այն ժամանակ կենսունակությունն ու տոկունությունը ահագին համեմատությամբ նվազում է: Քաղաքակրթության մեղկ ազդեցությունները, քաղաքի նստուկ ու միօրինակ կյանքը, զեխությունները, անմաքուր օդն ու ջուրը, ապառողջ բնակարանները, վատասերիչ այլազան փորձանքները մարդուն այլասերում են:
       Զ. Ազգերի փճացման ազդակներից մեկը զորավորի տիրապետությունն է տկարի վրա, ինչը որ ծանոթ է <<իրավունքը զորավորինն է>> ասացվածքով: Մարդն ամենա անգութ արարածն է: Բռնապետներ այս կամ այն ձևի տակ հպատակ ազգերի առաջադիմությունն ու զարգացումը սահմանափակում են և նրանք ուղղակի կամ անուղղակի միջոցներով կեղեքում, հալածում ու ջարդում են: Քանանի բազմաթիվ ցեղեր Հին Հրեաների կողմից հրի և սրի մատնվեցին, Թասմանիայի բնիկները Անգլիայի տիրապետությամբ անձայն կերպով անհետացան, և Հայեր բարբարոս պետությունների և, մասնավորապես, թուրքական անարգ կառավարության կողմից հալածվեց, կեղեքվեց և ջարդվեց: Հետևանքը այն եղավ, որ այն հալածվող ժողովուրդները կա՛մ ուղղակի ջարդերի միջով  փճացվեցին, կա՛մ էլ հալածանքների առջև չկարողանալով դիմանալ՝ արտագաղթեցին ստպված:

Հակիբ  Պողոսյան
ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ
<<ՀԱՅՐԵՆԻՔ>>  ակումբ, Եր., 2008

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить