02.07.2013

ՀԱՅԿՅԱՆ ԱՆԻ


Կարան թագավորից հետո Հայկյան Անին է, որ Ցեղի հաղորդակից պսակավորեց հայոց
պատմության արիափառ էջերը: Մ.թ.ա. 1380-1346 թթ. Խաթթիում թագավորում էր Սուպիլուլիուման: Լինելով հայ-խեթական պատերազմների անմիջական մասնակիցը և հոր անփառունակ պարտության վկան, նա Հայոց արքա Հուկկանայից հաշտություն հայցեց, զի գտնում էր, որ <<եթե  Ազզի երկիրը հաղթանակ տանի>> իր նկատմամբ, դա կլինի Խաթթիի վերջը: Եվ օգտվելով Հայոց արքայի <<պարզամտությունից>> ու քրոջը կնության տալով նրան Խաթթիի տիրակալը կնքում է <<փոխադարձ օգնության>>  դաշնագիր (որի պահպանմանն է հրավիրում <<հազար աստվածների>> հսկողությունը) և Հայաստանից պահանջում Հայկյան Կարանի նվաճած խեթական տարածքներն ու գերած զինվորներին: Սակայն շուտով ծեր Հուկկանան վախճանվում է, հայոց գահը թողնելով թափուր: Սուպիլուլիուման, որսալով հարմար պահն ու <<առհամարհելով>> հազար աստվածների պատիժը, դիմում է Հայոց աշխարհի վրա՝ ընդհուպ հասնելով մինչև Ծոփք:
    Այս իրավիճակն էր պարտադրված Հայոց երկրին, երբ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրեց Հայկյան տոհմի փառապանծ զավակ Անի Նահապետը (խեթական աղբյուրներում՝ Աննիաս): Աչքի առաջ ունենալով իր նախորդի անհեռատես քաղաքականության հետևանքները և քաջ գիտակցելով Հայոց պետության անվտանգության և միակ ճիշտ գրավականը Անին՝ թշնամու նկատմամբ վրեժը սրտում, ձեռնամուխ է լինում Հայաստանի հզորության վերականգնմանը: Կազմակերպելով իր որդիներին նա լեռնային բարձր տեղանքից շեշտակի գրոհում է Բարձր Հայքում տեղակայված խեթերի սահմանամերձ դիրքերը, ավերում նրանց ամրությունները՝ ոչնչացնելով ու գերելով բոլոր նորեկ բնակիչներին:

    Մ.թ.ա. 1345 թ. Խաթթիի թագավոր է հռչակվում է Սուպիլուլիումասի որդի Մուրսիլը: Խաթթիի նոր տիրակալը երկու անգամ դիմում է հայոց Անի արքային՝ Հայաստանում գտնվող բոլոր խեթ ռազմագերիներին վերադարձնելու պահանջով, չմոռանալով ջանասիրաբար <<ապացուցել>> նրան, որ ինքը բոլորովին մտադիր չէ հարձակվելու Հայաստանի վրա:  Սակայն մեր քաջ Նահապետը Մուրսիլին երկու անգամ էլ հեգնաբար պատասխանում է, որ բնավ մտադիր չէ կատարելու վերջինիս ցանկությունները:  Այդժամ, խեթաց թագավորը դիմում է Կարնո աշխարհի մի վերնսլաց ժայռին տեղադրված ամրոցի վրա ու պաշարում այն: Արի հայորդիք առ հայրենիք և իրենց սիրելի արքան անհուն անձնազոհությամբ լեցուն ոչ միայն հաջողությամբ ետ են շպրտում հակառակորդի գրոհող ջոկատները, այլև ի վերջո ժայռադիր բերդից շեշտակի գահավիժելով ցիրուցան փախուստի են մատնում նրանց:
      Ոգևորված արյունակից ցեղապետի հաղթանակներով՝ Փոքր Հայքը ապստամբում է ընդդեմ Խաթթիի տիրակալության, ինչի ճնշմանն է ուղղվում Մուրսիլի հերթական արշավանքը: Հայոց արքան ժամանակ չկորցնելով իր հաղթական զենքն ուղղում է նենգ թշնամու դեմ՝ վերատիրելու հայրենի տարածքները:
Մ.թ.ա. 1337թ. հայոց բանակն անցնում է լայնածաված հարձակման՝ ազատագրելով Բարձր Հայքն ու Ծոփքը: Այնուհետև, Հայկյան Անին 700 մարտակառքերով զինված <<Վերին երկրներով>> հաղթական մուտք է գործում Խաթթի՝ ավերելով խեթական բնակավայրերը: Եվ, մինչ Խաթթիի սարսափահար իշխանները նամակ կուղարկեին Մուրսիլին, քրմերից հարցնելու, թե <<թռչունների թռիչքով կամ անասունների աղիքներով գուշակություններն արդյո՞ք չեն ապահովի հաղթանակը հայասյան թշնամու դեմ>>, գլուխ բարձրացած Ասորեստանը՝ քաջատեղյակ հայերի հաղթանակներին, Միտանիում սկսում է հակախեթական գործողություններ, էլ ավելի բարդացնելով Խաթթիի իրավիճակը:
   Աչքի առաջ ունենալով այն փաստը, որ իր զորահրամանատարներն այդպես էլ ի զորու չեղան դիմագրավելու հայոց զորքին, Մուրսիլն իր տերության հարավ-արևելքում հակախեթական շարժումները փոքրիշատե զսպելուց հետո պատրաստվում է անձամբ դիմելու Անիի վրա:
    Բայց արդեն <<տարվա վերջն էր>> և խեթաց թագավորը ձեռնպահ է մնում ձմռանը լեռներում հայերի հետ բախվելու անիրատես մտքից՝ արշավանքը հետաձգելով մինչև գարուն...
    Խեթական արձանագրություններն այլևս լռում են Հայկյան Անիի մասին... բայց, դեռ մոտ մեկ դար Հայոց պետությունը կշարունակի լինել ոչ միայն Խաթթիի սարսափազդու հարևանը, այլ կդառնա քաղաքական ասպարեզ մտած Ասորեստանի գլխավոր մրցակիցը:
    Ինչպես Հայկազյան աստվածատուր արքաներից շատերը՝ Անին ևս իր հիշատակը թողեց Հայրենյաց հողում: Հիշենք, թեկուզ, Հայոց Կամախի անառիկությունն պապահովող Դարանաղյաց Անի ամրոցը և 10-11-րդ դարերի հայոց վեհաշուք մայրաքաղաքը: Եվ արդ, մենք, որ կոչված ենք հաղորդակից լինելու մեր կորսված Երկրի լքված բերդերում դեգերող մեր մեծ նախնու անհանգիստ հոգուն, գիտակցենք, որ Ցեղի հարատևությունը միջպալատական արյունապիղծ կապերի մեջ չէ, այլ՝ հայրենատիրումի:

Արման Փոլադյան
Հանրապետական, 1996, հունվար-փետրվար, թ.1
Ազգային պետական գործիչներ,
<<ՀԱՅՐԵՆԻՔ>> ակումբ, Եր., 2008

Комментариев нет:

Отправить комментарий