տեսակ մոլորութիւն է, առա՜նց որի, սակայն, որեւէ էակ անկարող է կենսաբանօրէն նպատակայարմար մի քայլ առնել:
* Հոդվածը 1932թ. ՙԲացարձակապաշտության եւ կարելիականության տեսության գործնական նշանակությունը՚ վերնագրով` ընդարձակ կերպով տպագրվել է ՙԽռովք՚ ամսագրում:
Ելնելով այս վճռից` կենսաբան իմաստասէրները եւ գործնապաշտութեան (պրագմատիզմ) հետեւող մտածողները զարգացրին եւ ընդլայնեցին ա՜յն տեսակէտը, թէ ճշմարտութիւնը գործունէութեան մի միջոց է, աշխատելու եւ նւաճումներ անելու մի եղանակ (մեթոդ):
Ըստ ՙգործիական ճշմարտութեան՚ (ինստրումենտալ ճշմարտութիւն) այս ըմբռնումի` էակները եւ նրանց խմբաւորումները ձախողում կամ յաջողում են, շնորհիւ իրենց որդեգրած ճշմարտութեանց կենագործ կամ կենասպան ներբնակ յատկութեան:
Ըստ այսմ` մարդիկ եւ մարդկային խմբաւորումները - ցեղ, ազգ, ժողովուրդ - ապրում են իրենց կառուցած ճշմարտութեանց ոյժով եւ մեռնում` սրանց անուժական, անգործնական նկարագրի հետեւանքով:
Կան առաջատար ճշմարտութիւններ, որոնք դրդում են ենթակային` օրհնել անցեալը, սիրել` ներկան եւ այսել` ապագան, եւ, ընդհակառակն, այնպիսիներ, որոնք անցեալը դարձնում են անէծքի, ներկան` ցաւի եւ ապագան` սարսափի աղբիւր:
Առաջինները լաւատեսութեան, ասել է` յաղթանակի հոգեւոր զէնքեր են, երկրորդները` յոռետեսութեան, պարտւողականութեան նախադրեալներ:
Ամէ՜ն վերելքի կամ անկման մէջ, սակայն, դեր ունեն ո՜չ միայն մեր որդեգրած ճշմարտութեանց բովանդակութիւնները - ՙի՜նչ՚-ը - այլեւ մեր ըմբռնելակերպը նրանց մասին - ՙորպէ՜ս՚-ը:
Ըստ գործնապաշտ մտածողների-Ջէյմս եւ համախոհներ-ՙճշմարտութիւններն ապրում են վարկով՚, իսկ ամեն ՙվարկ՚ նախատեսում է վարկաւորող մի աղբիւր, արժէքաւորող մի ՙես՚:
Ինչպէս որ առա՜նց արժէքաւորման` չկայ արժէք, այդպէս էլ` առա՜նց ճշմարտագրման` չկայ ճշմարտութիւն, իսկ ամէ՜ն ճշմարտագրում արդիւնք է ՙես՚-ի, ենթակայի, ճշմարտագրողի ներհոգեւոր ոգորումների, դեգերումների, գործունէութեան:
Ճշմարտութիւնը խտացեալ մի յօրինոյթ է, իսկ առա՜նց կառուցումի չկայ յօրինոյթ, որով` ճշմարտութիւնը կառուցւում է - նա կառոյց է, իսկ ամեն կառոյց հնարաւոր է մի կառուցողի միջոցով:
Ճշմարտագրելիս` իւրաքանչիւր ոք վարւում է այնպէս, ինչպէս Նարեկացին` իր ՙՈղբերգութեան Մատեան՚-ը կազմելիս (ՙՍտացեալ հիմնեցի, կառուցի, կարգեցի, դիզի, բարդեցի, կառուցի, ցուցի՚):
Ինչպէս ամէ՜ն երկ, այնպէս էլ ամէ՜ն ճշմարտութիւն, նախ մեր էութեան դրսեւորումն է: Բայց երկասիրելիս` մենք ազատւում ենք ներքին տանջանքից, մինչ ճշմարտագործելիս` կապւում ենք մեր կռահումների ձեւին եւ բովանդակութեան: Երկասիրելիս` մենք թօթափում ենք անցեալը, ճշմարտագործելիս` սպառազինւում ենք ապագայի համար:
Մենք ենք ստեղծում, կառուցում մեր ճշմարտութիւնները, ապա` դրանք դարձնում մեր գլխին պատուհաս կամ օրհնաբեր նւաճումների միջոց:
Ճշմարտութիւնները մի՜շտ էլ ընդհանրացումներ են, այսինքն` բանականութեան ընձեռած բանաձեւումներ: Նրանց ճակատագիրը, սակայն, որոշւում է ա՜յն դրդապատճառներով, որոնց ներազդեցութեամբ կամ պարտադրումով բանականութիւնը մղւում է վերացման, ընդհան-րացման, բանաձեւումի, կարճ` ճշմարտագործման:
Ճշմարտութեանց կազմաւորման խնդրում վճռական դեր են խաղում յատկապէս երկու տարբերորակ ազդակներ: Դրանցից մէկը կերպզգացութեան գործօն միտքն է, միւսը` գոյզգացութեան զինակիր կամքը: Առաջինով պայմանաւորւում է մեր ճշմարտութեանց ձեւական կողմը, երկրորդով` բովանդակայինը:
Ըստ այսմ` ճշմարտութիւնը մտային եւ կամային որակների փոխադարձ ազդեցութեամբ եւ կապակցութեամբ առաջ եկած մի համադրոյթ է:
Առաջատար եւ կենագործ են ա՜յն ճշմարտութիւնները, որոնց համադրոյթը տեղի է ունեցած մտային եւ կամային որակների - ձեւի եւ բովանդակութեան - բնաչափ ներգործութեամբ, չափի զգացումով, որոնցում առանց միակողմանի չափազանցումի հաշւի առնւած են ճշմար-տագործ ենթակայի բանական իրաւունքներն եւ կենսաբանական շահերը, եւ վերջապէս` որոնք ո՜չ սոսկական մտորոշումներ են, ո՜չ էլ` սոսկական կամավճիռներ, այլ վճռորոշումներ:
Նման ճշմարտութիւնները մենք անւանում ենք ամբողջականութեան ճշմարտութիւններ, որովհետեւ նրանցով միա՜յն ենթական հրապարակ է գալիս իբր ամբողջական անձնաւորութիւն, իբր ՙբանական՚ եւ ՙկենսաբանական՚ էակ, միաժամանակ:
Կենսաբանական մի էակ մի՜շտ էլ շահեր է որոնում, որով` նրա ճշմարտութիւններն անխուսափելիօրէն օգտապաշտական (ուտիլի-տարիստական) նպատակադրութիւն ունեն:
Որքան էլ մարդկային մեր բանականութիւնը յաճախ ՙգերերկրային՚-ի սնապարծութեամբ է համակում մեզ, այնուամենայնիւ, մեր ճշմարտութիւնների գործնական արժէքը չափորոշւում է նրանով, թէ ի՞նչքան եւ ո՞րպէս նրանք ծառայում են մեր կենսաբանական նպատակներին:
Արժէքաւոր է ամէ՜ն ճշմարտութիւն, որ կենսաբանօրէն նպատակայարմար է: Անարժէք եւ անիմաստ է ամէ՜ն ճշմարտութիւն, որ կենսաբանօրէն նպատակայարմար չէ:
Կենսաբանօրէն նպատակայարմար ճշմարտութեանց ամենացայտուն յատկանիշն ա՜յն է, որ նրանք կրում են բարձր խառնւածքի (տեմպերամենտ) եւ ներքին ուժականութեան (դինամիկա) դրոշմը:
Ուժական ճշմարտութեանց հեղինակը մի հանճար է, որ ինչպէս Նիցշէն է ասում` ՙդարերի սիրտը բռնում է ձեռքը եւ ճմլում` մեղրամոմի պէս՚:
* * *
Դաւիթ Անյաղթը հերքելով Պիւռհոն ՙիմաստակ՚-ի թերհաւատութիւնը` յանգեց իմացաբանական լաւատեսութեան - կարելիապաշտութեան: Ըստ նրա` իմաստունը նա է, ո՜վ ընդունում Է կարելիութիւնը, այսինքն` լաւատեսօրէն ձգտում է հնարաւորի իրականացման:
Դարեր յետոյ` Դաւիթ Անյաղթի ժողովուրդը կանգնած իր գոյութեան ահարկուօրէն սրւած կնճիռի առջեւ, այլ մի դատելակերպ որդեգրեց - մեծապէս բացարձակապաշտական:
Այսօր, մեր կեանքի գերագոյն կնճիռը մեր հայրենիքի վերանւաճման խնդիրն է:
Բայց ի՞նչ ենք մտածում այդ մասին -
- Մեր ճակատագիրը կախւած է միմիայն Ռուսաստանից, իսկ մեծամասնականների ճակատագիրը` կ’որոշւի միմիայն Մոսկւայում: Ինչո՞ւ:
- Մեր ճակատագիրը կախւած է միմիայն թուրքական եղելոյթներից: Ինչո՞ւ:
Այս ՙինչո՞ւ՚-ները կարեւոր չեն, որովհետեւ բացարձակապաշտը միակողմանիօրէն կոյր է եւ հասկացողութիւն չունի կարելիութիւնների մասին. նա չի ըմբռնում, որ, օրինակ` մեծամասնականների բախտը կարող է որոշւել մի աննշան լերան ստորոտում, մի գետակի ափին, մի լճի եզրին, մի մարդու մահով, աղիտաւոր մի արկածով, ռուսական գիւղում ծայր տւած մի շարժումով, արտաքին մի պատերազմով, իսկ հայկական խնդիրը կարող է լուծւել մեծամասնականների քաղաքականութեան փոփոխմամբ, Թուրքիոյ դէմ պայթող արտաքին մի պատերազմով, հայերի մի ընդվզումով եւ այլն, եւ այլն:
Դրա հանդէպ անչափելիօրէն նշանակալից է խնդրի հոգեբանական կողմը: Եթէ, իրօք, մեր ճակատագիրը կախւած է Ռուսաստանից կամ թուրքական եղելոյթներից, էլ ինչո՞ւմն է մեր հայկական գործօնի դերը: Ի՞նչ արժէք ունենք մենք իբր պատմագործ ոյժ: Ոչի՞նչ: Կամ, եթէ մեծամասնականների ճակատագիրը միմիայն Մոսկւայում պիտի որոշւի, ի՞նչ արժէք ունեն մեր սէրն ու ատելութիւնը, մեր հիացումն ու դժգոհութիւնը` նրանց նկատմամբ: Ոչի՞նչ:
Այս ապրումները ներհոգեւոր բովանդակութիւններ են, իսկ նման ամէն բովանդակութիւն խտացեալ մի ոյժ է եւ հակամէտ պատմական ձեւ ստանալու: Սակայն, բացարձակապաշտն ասում է, որ այս ձեւը տալիս է մի ուրիշը, անդրզգացական մի ոյժ, բայց ո՜չ ինքը, տառապող, յուսացող ու մարտնչող ՙես՚-ը:
Ծուլութեան իմաստասիրութիւնն է սա: Դրա կրողները նրանք են, որոնք օրինակ թուրքական եղելոյթների մասին խորհրդածելիս ասում են.
- Թուրքիան անյաղթահարելի է, մանաւանդ որ բարենորոգումները նրան անհրաժեշտօրէն կազդուրում են:
Կամ`
- Թուրքիան անխուսափելիօրէն գնում է դէպի կործանում, բարենորոգումներն էլ աւելի պիտի խախտեն նրա դիրքը եւ նա անհրաժեշտօրէն պիտի ենթարկւի քայքայումի:
Ծոյլի մտածումը մի՜շտ էլ նենգ է եւ գիտէ բացարձակապաշտական բանդագուշանքներով ինքնամխիթարւել կամ արդարացնել սեփական ՙես՚ի տկարութիւնները:
Ո՞վ ասաց, թէ մի ժողովուրդ անյաղթահարելի է, ո՞վ` թէ որոշ օրէնքների կիրարկմամբ նա անպայման ուժեղանում է, կամ ո՞վ` թէ բնական որոշ օրէնքների պարտադրումով նա անխուսափելիօրէն գնում է դեպի անկում:
Սո՜ւտ է, թէ ծնունդների նւազումը կամ յաւելումը տեւական երեւոյթներ են, կամ թէ նրանց հետեւանքով մի ժողովուրդ կարող է սպառւել կամ անբնականոն չափով աճել, սո՜ւտ է, թէ տնտեսական տագնապի կամ փարթամութեան հետեւանքով մի ազգի քաղաքական կառոյցը կարող է իսպառ փլչել կամ յաւիտենապէս ամրապնդւել, սո՜ւտ է, թէ բարենորոգումները կարող են մի երկրի անթիւ բարիքներ տալ եւ ո՜չ մի չարիք կամ անթիւ չարիքներ եւ ո՜չ մի բարիք: Ճի՜շդ է միայն մի բան - ա՜յն, որ քաղաքականօրէն մենք բացարձակապաշտ ենք, միայն նրա համար, որ գործելու, մարտնչելու տրամադրութիւն չունենք:
- Թուրքիան անհրաժեշտօրէն հզօրանում է:
- Թուրքիան անհրաժեշտօրէն կործանւում է:
Ի՞նչ է այս բանաձեւումների հոգեբանական աստառը - ո՜չ այլ ինչ, քան`
ա) Եթէ Թուրքիան անհրաժեշտօրէն հզօրանում է - ապա` ինչո՞ւ կռւել, ինչո՞ւ մաքառել, ինչո՞ւ նորանոր զոհեր տալ, երբ նա անյաղթահարելի պիտի մնայ:
բ) Եթէ Թուրքիան անհրաժեշտօրէն կործանւում է - ապա` ինչո՞ւ աճապարել, ինչո՞ւ աւելորդ արիւն թափել, ինչո՞ւ չսպասել իրերի բնական ընթացքին, մինչեւ որ նա տրամաբանական օրէնքով բոլորովին կը քայքայւի:
Աղաչո՜ւմ ենք, հայրենակիցնե՛ր, խռովքոտ այս օրերին, ձեզ պահէք ձեր իմաստութիւնները եւ եթէ կարող եք, տւէք մեզ երկաթ, վառօդ, ցեղի ցաւից ցնցւած վրիժառու ոգիներ, նրա գոյութեան հրամայականով առաջնորդւող կամքեր, ինքնափրկումի հաւատով սպառազէն սրտեր եւ մենք կը դառնանք կարօտի սլաք, յաղթանակի նետ, բացարձակապաշտութեան օրէնքները խորտակող ոյժ, պատմութեան անիւը դարձնող գործօն:
* Հոդվածը 1932թ. ՙԲացարձակապաշտության եւ կարելիականության տեսության գործնական նշանակությունը՚ վերնագրով` ընդարձակ կերպով տպագրվել է ՙԽռովք՚ ամսագրում:
Այն, թեեւ բավականին կրճատված, սակայն պահպանելով հիմնա-կան էությունը` 1939թ. ՙՈւժական ճշմարտություն՚ վերնագրով արտա-տպվել է ՙՏարօնի Արծիւ՚-ում (թիվ 12):
Հայկ Ասատրյան, <<ՀԱՏԸՆՏԻՐ>>
Комментариев нет:
Отправить комментарий