Էժան ձեռք չէ բերվում առյուծի մորթին:
Այդ այսպես լինելով հանդերձ՝ երբ մեծացար դու, զավա՛կս, ձգտի՛ր տիրանալ նրան, բայց միամտություն չունենաս կարծելու, թե Երկրագնդի վրա կարելի է փառքի տեր դառնալ, առանց նախանձահեղձ սինլքորների չարությունը գրգռելու:
Զորավա՞ր ես յոթ վերք - չզարմանաս, եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա: Մեր աշխարհի լրբություններից մեկն էլ այդ է, չզարմանաս և չկրկնես զայրույթով. <<Թող զինվորն իր ստացած վերքերը և հովիվը՝ իր ոչխարները համրե>>:
Չար անասուն է մարդս, երբ նախանձում է: Մեր աշխարհում միշտ էլ վատասիրտը հայհոյել է աներկյուղ ասպետին, երկչոտը՝ մութ անկյունից քար նետել հերոսին:
Նախանձը - մասնավորապես հայկականը - ընտրում է ճամբաներից ամենակարճը, և թույլատրելի համարում թշնամանքի բոլոր զենքերը:
Նա, որին դեռ երեկ էր ինչ խլեցիր առյուծի բերնից, փրկեցիր ստույգ մահից՝ վաղը կարող է իժի նման գարշապարդ փնտրել:
Նա, որն այսօր ձիուդ ասպանդակները բռնելը իր համար պատիվ է համարում՝ վաղը կարող է փողոցաշունչ ամբողը գրգռել անձիդ դեմ:
Նա, որ երեկ խորապես կցավեր, թե հայոց դաշտերում չի աճում այն ազնիվ դափնեվարդը, որ արժանի լիներ հաղթական ճակատդ զարդարել՝ վաղը կարող է ցեխ նետել քո կատարած պատմական գործին:
Մի՛, մի՛ զարմացիր, եթե իրենց կյանքը սրիդ պարտողները այսպես վարվեն քեզ հետ, և մի՛ զարմացիր, քանզի անձիդ դեմ ապերախտողը շուն չէ՝, այլ՝ մարդ:
Սեր, հանգանք, պաշտամունք պարտադրել՝ նշանակում է իշխանություն ունենալ մարդկանց հոգիների վրա:
Ուրիշների մեջ մենք, էապես, սիրում ենք այն, ինչ որոշ չափերով կա և՛ մեր մեջ:
Արին սիրում է արիությունը անգա՛մ իր հակառակորդների մեջ: Մենք սիրում ենք նրան, որոնց նմանում ենք մասամբ, և առնվազն՝ անտարբեր ենք դեպի այն բոլորը, որոնք հոգեբանորեն օտար են մեզ: Հայրենապաշտը քո անձի մեջ տեսնում է մի բան իր հոգուց, և ցնծում քո հաջողությունների առթիվ: Անհայրենասերն, ընդհակառակը, քո անձի, քո գործերի մեջ տեսնում է այն, ինչ պակասում է իրեն - և հենց այդ է պատճառը, որ նա չի՛ հանդուրժում քո հոգևոր լուծը, քո իշխանությունը: Ահա՛ թե ո՛ւր է շրջապատիդ որոշ տարրերի պաղ անտարբերության, երբեմն էլ՝ թշնամանքի գաղտնիքը:
Սինլքորներ կան, որոնց եթե ապտակեցիր, իրենց ստացած հարվածը կնդունեն ուղղված իրենց քաղաքական փարախի, եկեղեցու, ծրագրի դեմ: Թքեցի՞ր - թքված կհռչակեն իրենց տերերին, և նրանց նրանց կռնատակից կնետեն քեզ:
Մի աստվածություն ունեն - օրվա իշխանավորը, որի մանկլավիկը, պնակալեզը, շնիկը լինելու մեջ է իրենց երջանկությունը: Եվ միշտ էլ ունեն - մի ձեռքում խունկ, մյուսի մեջ՝ ցեխ: Վա՜յ քեզ, եթե կայսերաբար առատաձեռն չեղար սրանց նկատմամբ: Վա՜յ, եթե չգնահատեցիր սրանց սողունությունը: Եվ հազար վա՜յ, եթե ժպտալու փոխարեն <<անհեռատեսություն>> ունեցար բերան արյունելու չափ զորավոր կերպով քաշել սրանց սանձը:
Նման չարարվեստ էակներից շաղաղված մի ցածոգի ամբոխ, դարեր առաջ, արդար Արիստիդեսի- իր ծայրահեղ ազնվության համար - հայրենի հողից ու ջրից օգտվելու իրավունքից զրկեց. նա սպանեց Սոկրատեսին, և, ավազակների հետ՝ խաչ հանեց Նազովրեցուն:
Հայաստանից դուրս, իմ ճամբին քար ու տատասկ ցանողներ շատ եղան: Գիտեմ, զավա՛կս, տարբեր ճամբա պիտ չունենաս նաև դու: Եվ եթե քեզ հաջողվեց ոտքերիդ արյունով հագեցնել տատասկները, և քարերը վերածել վերելքդ հեշտացնող մարմարիոնե սանդուղքների՝ վատերը պիտի կուրանան, որպեսզի չտեսնեն մեծությունը կատարածդ գործի:
Հեռու հայրենի լեռներից, ես սովորեցի թքել ինձ թշնամացնող նախանձոտ տգիտության ու չարության վրա - թքել ու անցնել: Քեզ, սակայն, պիտի չհանձնարարեմ այդ վարքագիծը: Դու աշխատի՛ր, ավելի՛ զորավոր լինել, քան եղավ հայրդ: Դու սովորի՛ր ծիծաղել մարդկային վատությունների վրա ու անցնել անցասում:
Ո՜հ, ուր էր թե գեթ քո սերունդը ազատ մնար անհայրենիք կյանքի անեծքից, և արդար փառքը - առյուծի մորթին - դու փնտրեիր հայրենի ազատ և անկախ աշխարհում՝ միշտ գիտակցելով, որ հազարիցս լավ է պատմական մի գործ կատարել, թեկուզ հազար թշնամի շահելով, քան մարդկային չարությունից զերծ մնալու գնով՝ դուրս մնալ պատմությունից:
ՆԺԴԵՀ
<<Ռազմիկ>>, 1940թ., 25 դեկտ., թիվ 1
Комментариев нет:
Отправить комментарий