21.05.2013

ԿԱՄՍԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Կասարականները միջնադարյան հայկական նշանավոր տոհմերից են: Ավանդությունը
վկայում է, որ Կամսարականները սերում են պարթև կամ պահլավ Կարենյան տոհմից: Իբր պարսից Սասանյանները կոտորել են այդ տոհմի ներկայացուցիչներին, սակայն կոտորածից փրկված Պերոզամատի որդի Կամսարը հեռացել է Հայաստան, և Հայոց արքա Տրդատ Մեծը նրան պարգևել է արքունական Շիրակ և Երասխաձոր  գավառները, և որ այս Կամսարի անունով էլ տոհմը կոչվել է Կամսարականք: Նախարար Կամսարի ավագ որդու՝ Արշավիր Ա-ի անունով Երասխաձոր գավառը, ինչպես նաև երբեմն տոհմը կոչվել է Արշարունիք: Ավանդությունը ավանդություն, սակայն եթե անգամ ճիշտ լինի Կամսարականների պարսկական ծագումը, այնուամենայնիվ, նրանք իրենց հայրենիքի՝ Հայաստանի իսկական զավակներն էին և վաղ միջնադարում իրենց գործուն ներդրումն են ունեցել ինչպես հայկական քաղաքակրթության, հայրենիքի պաշտպանության, այնպես էլ հայոց մշակույթի զարգացման գործում:
     Կամսարական տոհմի ներկայացուցիչները բարեկամական սերտ կապերով էին կապված Արշակունի և Մամիկոնյան տոհմերի հետ և աչքի էին ընկնում արիությամբ: Նրանք հայոց բանակի կազմում մարտադաշտ էին հանում 600 հեծյալ զինվոր:
    8-րդ դարի սկզբներից, Կամսարականները, որ հիմնականում հունական կողմնորոշում էին որդեգրել, քայլ առ քայլ սեղմվում են այս շրջանում հզորացող Բագրատունիների կողմից և, չկարողանալով հակադրվել նրանց, 8-րդ դարի վերջին Շիրակն ու Արշարունիքը վաճառում են Բագրատունիներին ու հեռանում Փոքր Ասիա և Բյուզանդիա:

     Կամսարականների տոհմի ներկայացուցիչներն աչի են ընկել շինարարական ու մշակութանպաստ գործունեությամբ: Ներսեհ Գ-ն է կառուցել Թալինի Կաթողիկե և Սուրբ Աստվածածին եկեղեցիները: Կամսարականներն են հովանավորել Մրենի տաճարի, Կամրջաձորի վանքի (նույնացվում է ժամանակակից Զոր գյուղի եկեղեցու հետ), Խծկոնքի համալիրի Սուրբ Կարապետ եկեղեցու, Ծպնի գյուղի եկեղեցիների (բոլորն էլ այժմ գտնվում են Թուրքիայի տարածքում) կառուցումը: Կամսարականներն են հիմնադրել Բագրատունյաց Հայաստանի ապագա մայրաքաղաք Անին:
     Կամսարականների տոհի զինանշանի վրա ցուլի (գուցե՝ եզան) պատկերն է դաջված եղել (հատկանշական է, որ <<կամսար>> բառը պարսկերեն նշանակում է <<եզան գլուխ ունեցող>>): Մեզ հասած միակ օրինակը պահպանվել է Ծպնիի եկեղեցում: Այս եկեղեցին գտնվում է Կարսի մարզում, Նախիջևան գյուղի հյուսիս-արևմտյան կողմում: Այն և՛ արտաքուստ, և՛ ներքուստ  խաչաձև գմբեթավոր եկեղեցի է: Կառուցվել է 7-րդ դարում: Եկեղեցիների այդ տիպին են պատկանում Արթիկի շրջանի Լմբատավանքը և Ապարանի շրջանի Լուսագյուղի Վերին վանքը:
     Եկեղեցու ներսում այլ պատկերների թվում փորագրված է Կամսարականների զինանշան-հարթաքանդակը: Այն զբաղեցնում է շարաքարերից զգալիորեն մեծ մի ամբողջական քարի երես: Ցուլը պատկերված է կանգնած՝ գլխով՝ ձախ ուղղությամբ: Կենդանին հզոր կառուցվածք ունի, ողնաշարը ուղիղ ու ձիգ է,  ոտքերը ամուր և կորովի. գլխով շրջված դեպի դիտողը: Արտաքին նշաններից երևում է, որ ցուլը ցանկացած վայրկյան պատրաստ է հարձակման և հարվածի: այդ են հաստատում աչքերի ուռած ելուստները, հուր ցայտելու պատրաստ ռունգերը, վզի ձգվածությունը, դեպի վեր ծռված առջևի ոտքերը (ցուլը մարտից առաջ միշտ ոտքով փորում է գետինը) և ձգված պոչը: Ցուլի պատկերը շարժուն է, թափանցիկ, կենդանի, թեև քանդակագործը ոչ մի մանրամասն չի շեշտել, բացի կենդանու եղևնանախշ պարանոցից:
    Որդեգրելով ցուլի պատկերը՝ Կամսարականները, հավանաբար, իրենց վերագրել են առասպելական ուժի, աննկուն կռվողի, ցանկացած նպատակ իրագործողի խորհրդանիշ-գաղափարներ, որոնք լիովին կարողացել են ապացուցել իրենց հայրենանվեր գործունեությամբ:

<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 14, Տիգրան Հայազն 

Комментариев нет:

Отправить комментарий