ՍԱՐԳՈՆ ԱՔԱԴԱՑԻ |
Սարգոնի օրոք հզորացած Աքադը գրեթե անընդհատ նվաճումների փուլ է թևակոխում և սկսում սպառնալ իր բոլոր հարևաններին, այդ թվում նաև Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումներին: Սարգոն Աքադացին, իր կառավարման տասնմեկերորդ տարում նվաճելով Եփրատից արևմուտք գտնվող երկրները՝ <<Մարին, Յարմուտին և Էբլան>>, հասել էր մինչև Մայրիների և Արծաթի լեռները՝ Հայկական լեռնաշխարհի հարավային մատույցները:
Աքադական սպառնսալիքներն այնքան իրական էին, որ այստեղ չէին կարող չդիմել համարժեք քայլերի: Հզոր ախոյանի <<ախորժակը>> զսպելու համար համախմբվում են գրեթե բոլոր պետական կազմավորումները, որոնք գտնվում էին Հայկական լեռնաշխարհում: Բռնապետի դեմ պայքարը գլխավորում էր Սուբուր կամ Արման երկիրը, որը օր օրի իրական դարձող ներխուժման դեպքում առավել հավանական թիրախներից էր լինելու:
Որտե՞ղ կարող էր նպատակահարմար վճռական գոտեմարտի բռնվել հակառակորդի հետ: Հավանական էին երկու տարբերակ.
-Հակառակորդին ներքաշել դեպի լեռնաշխարհի խորքերը և լեռնային հյուծիչ մարտերում թուլացնել հակառակորդի ուժերը:
-Ներխուժել Աքադի տերության սահմանները և մարտական գործողությունները վարել հակառակորդի տարածքում:
Առաջին տարբերակն առավել անվտանգ էր, քանի որ Աքադի բանակը, որը լեռնային տեղանքներում մարտական գործողությունների վարման և, հատկապես, լեռնային ամրությունների գրավման մեջ փորձ ու միջոցներ չուներ, չէր ունենա հաղթելու մեծ հավանականություն:
Երկրորդ տարբերակի իրականացումը կապված էր մի շարք դժվարությունների հետ, որոնցից ամենամեծը հակառակորդի տարածքում (հիմնականում հարթավայրային տեղանք ունեցող Միջագետքում) մարտական գործողությունների վարման անսովոր լինելն էր: Սակայն այս տարբերակի իրականացման դեպքում Արմանի զորքերին օբյեկտիվորեն նպաստելու էին նվաճված տարածքների բնակչության տրամադրվածությունները, որոնք աքադական իշխանություններից դժգոհ լինելով՝ լեռնցիներին ընդունելու էին որպես իրենց ազատարարների: Հիմանկանում այս նկատառումներով առաջնորդվելով էին տարածաշրջանային գերտերության դեմ պայքարում ելնում Արման երկրի (Աքադական աղբյորներում երկրանունը վկայված է <<Արմանում>> տարբերակով: Տեղանվան վերջին -ում- մասնիկը աքադերենի ուղղագրական հոլովի վերջավորությունն է: Բուն երկրանունն է <<Արման>>, որը խեթական բնագրերում հիշատակվում է <<Արմանի>> տարբերակով. սրանք Հայաստանի <<Արմենիա>> անվան հնագույն անվանումներն էին) և նրա շուրջը համախմբված ցեղապետությունների զորքերը:
Արշավանքը սկսվում է Սարգոնի տիրապետության վերջին տարիներին: Ընդ որում, եթե մյուս դեպքերում արշավողը Սարգոնն էր, ապա այս դեպքում պատերազմը սկսողը Արման երկիրն է: Մեզ հասած բնագրերում նշվում է, որ պատերազմն ավարտվել է Աքադի հաղթանակով, ինչը, սակայն, խիստ կասկածելի է, քանի որ Սարգոնի թոռ Նարամ-Սուենը նույն Սուբուր-Արմանը ներկայացնում է իբրև մի երկիր, որը <<երբրէ մարդկային արարումից ի վեր, ոչ մի թագավոր չի նվաճել>>:
Անհնար է, հսկայածավալ տերություն ստեղծած տիրակալի թոռն այդքան անտեղյակ լիներ իր իսկ պապի արշավանքների մասին, որ նրա կատարած <<մեծագործությունները>> նսեմացնող այդպիսի արտահայտություն թույլ չեր տա: Առավել անտրամաբանական կլիներ կարծել, թե Նարամ-Սուենը որոշել է նորից գրավել իրեն պատկանող տարածքները և տեղյակ չէր եղել այն մասին, թե այդ բոլոր հողերը արդեն իսկ նվաճվել ու իրեն են ժառանգվել:
Հայտնի է, որ Սարգոնի իշխանության վերջին շրջանում նվաճված երկրներում ծագում են ապստամբություններ, ինչը, մեծագույն հավանականությամբ, կապված էր Սուբուր-Արմանի արշավանքի և պատերազմում Աքադի կրած պարտությունների հետ: Բացառված չէ, որ արշավանքը սկսելիս, Արմանի զորքերը Աքադի հյուսիսային տիրույթների բնակչության հետ ինչ-որ կերպ կապ հաստատած և համատեղ գործողությունների պայմանավորվածություններ ձեռք բերեր:
Ընդհանուր հաղթանակի կերտման գործում ապստամբները, օգտվելով հյուսիսային ճակատում Արմանի զորքերից Աքադի բանակի կրած պարտություններից, մի շարք հաջողությունների է հասնում: Նրանք նույնիսկ պաշարում են Աքադի տերության նույնանուն մայրաքաղաքը:
Սարգոնի իշխանության ողջ ժամանակաշրջանն անցել էր բռնարարքներով՝ նրա դեմ բարձրացած ապստամբությունների պայմաններում, որոնք դաժանորեն ճնշվում էին. թերևս դա է հիմնական պատճառներից մեկը, որ ուշ շրջանի բնագրերում նրա վախճանը համարվել է սրբապղծության հետևանք:
Մինչև օրս պատմությանը հայտնի առաջին բռնակալության հիմնադիր Սարգոն Աքադացին, որը ստեղծել էր աշխարհում առաջին մշտական բանակը, իր տերության սահմանները հասցնում է Հայկական Լեռնաշխարհի հարավային փեշերը,սակայն չի կարողանում նվաճել այն: Փոխարենը, Հայկական Լեռնաշխարհից դեպի այլ երկիր մեր նախնյաց արշավանքը պատճառ և ազդանշան է դառնում բռնակալից նվաճված երկրներում ազատագրական պայքարի:
Աքադի դեմ Արման երկրի և դաշնակիցների արշավանքները Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս իրականացված առաջին հաղթարշավն էր, ինչի մասին մեզ են ապացուցում գրավոր հիշատակությունները:
“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:
Комментариев нет:
Отправить комментарий