25.03.2013

ՀԱԿՈԲ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ


Ռուսական բանակի գեներալ-մայոր (30.08.1917թ.)
ՀՀ Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (1919թ.)


Հակոբ (Յակով) Գերասիմի Բագարատունին (ծն. 25.08. 1879թ.. Վրաստան, ք. Ախալցխա - 23.12.1943թ., Անգլիա, Լոնդոն) ռուսական բանակի ռազմական և պետական գործիչ է: 1898 թ. ոսկե մեդալով ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան, ապա՝ Կիևի առաջին ռազմական ուսումնարանը: Մասնակցել է 1905թ. ռուս-ճապոնական պատերազմին: 1907թ.  ավարտել է Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան: 1908-1914թթ-ին ծառայել է Թուրքեստանյան զինվորական օկրուգում: Կատարել է ռազմա-քաղաքական և հետախուզական կարևոր հանձնարարություններ Իրանում, Մոնղոլիայում, Տիբեթում, Կորեայում, Աֆղանստանում, Միջինասիական Բուխարա, Կաշգար, Կուշկա, Մերվ, Տաշքենդ քաղաքներում: Տաշքենդում բացահայտել է պանթուրքական էմիսարների դավադրությունը: Ակտիվորեն մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: Եղել է դիվիզիայի, ապա՝ բրիգադի շտաբի պետ: 1917թ-ի փետրվարից ծավալել է ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն: 1917թ-ի հուլիսի 12-ին նշանակվել է Պետրոգրադի զինվորական օկրուգի գլխավոր շտաբի պետ, օգոստոսի 30-ին ստացել է գլխավոր շտաբի գեներալ-մայորի աստիճան: Գեներալ Լ. Տիգրանյանի և Հ. Զավրյանի հետ կազմել է Հայկական կորպուսի կազմակերպման ծրագիրը: 1917թ-ի նոյեմբերին նշանակվել է նորաստեղծ Հայկական կորպուսի հրամանատար, սակայն ոչ մի ճանապարհով չի կարողացել հասնել Հայաստան:
1918թ-ի գարնանը գեներալ Ի.Ս. Բաղրամյանի հետ ղեկավարել է Բաքվի հայության պաշտպանությունը: Բաքվի կոմունայի անկումից հետո, 1918թ-ի հունիսի 31-ից մինչև սեպտեմբերի 15-ը, եղել է Կասպիական նավատորմի կենտրոնական կոմիտեի (Ցենտրոկասպիի դիկտատուրա) ռազմածովային կոմիսար: 1919թ-ի փոտրվարին Ավետիս Ահարոնյանի և Պողոս Նուբարի կողմից նշանակվել է Հայկական միացյալ ռազմական առաքելության պետ (որի կազմում էր նաև Անդրանիկը), ապա մինչև 1920 թ-ի վերջը գործել է ԱՄՆ-ում: 1920 թ-ի նոյեմբերին նշանակվել է Հայաստանի Առաջին հանրապետության դեսպան Անգլիայում: Մասնակցել է 1921 թ-ի Լոնդոնի և 1923 թ-ի Լոզանի կոնֆերանսներին: Պարգևատրվել է Սուրբ Գեորգի 4-րդ, 3-րդ, սուրբ Ստանիսլավի 3-րդ (1905թ.), 2-րդ, Սուրբ Վլադիմիրի 4-րդ, 3-րդ, Սուրբ Աննայի 4-րդ (1905թ.), 3-րդ, 2-րդ, Բուխարայի Ոսկե աստղի 3-րդ (1914թ.) աստիճանի շքանշաններով:

<<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>> էջ 114,  Տիգրան Հայազն

Комментариев нет:

Отправить комментарий