14.02.2013

ՈՒԺ ԵՎ ԱՐԻՈՒԹՅՈՒՆ


Թուլությունը, - ասում է աշխարհը, - ծնված է սնուցանելու ուժը: Ուժն է ծնում իրավունքը: Ուժեղին է աշխարհը, հայրենիքը, ազատությունը և ամեն ինչ:
    Ապրե՞լ ենք ուզում՝ լինենք ուժեղ ազգովին: Լինենք ուժեղ այնքան, որ մեր անպարտելիությունը առ ոչինչ դարձնի մեզ ծանոթ այն բոլոր դժբախտ պայմանները, որոնք դժվարացնում են մեր ցեղի ինքնապաշտպանության գործը:
   Եղի՛ր այնքան ուժեղ. խրատում է պատմությունը, որ թշնամիդ չհանդգնի հարձակվելու: Զգացնել տուր թշնամուդ, որ ամեն վայրկյան պատրաստ ես պատերազմելու, և նա կհրաժարվի զենքի ուժով քեզ անհանգստացնելու մտքից - ահա՛ սկիզբն ու վախճանը քաղաքական իմաստության:
     Թույլերը զինակից չեն ունենում: Անբարեկամ են մնում այն ժողովուրդները, որոնց մեջ մեծ թիվ է կազմում անհայրենասիրությունը, անարիները - տարրեր, որոնց վտանգի ժամանակ միշտ էլ վիճակվում է աճեցնելու կրավորական զոհերի թիվը:
    Աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին, որոնց առաջ խոչերն ու խոչնդոտները վերածվում են մարմարիոնե սանդուխների դեպ առաջ և վերև, դեպի հուսալի ապագա:
    Ուժ. ավելի ուժ - ահա՛ անհրաժեշտն ու էականը կռվադաշտում:
    Արիաբար մարտնչում  է նա, ով տրամադիր է անձնվիրաբար գործելու այն հավաքականության ահամր, որին պատկանում է:

    Անարի է զոհաբերելու անտրամադիր ամեն անհատ, անկախ իր ընկերային դիրքից, իր խառնվածքից և հասակից:
     Արիություն - հետ այսու սա՛ պիտի լինի հայ մարդու կոչումը:
   Վահագնի հետ պիտի խոսի հայ մարդը հիմա - Աստվածը հին հայոց, Աստվածը արիության և Հաղթանակի:
   Արիացի՛ր, արիացրո՛ւ՝ սա պիտի լինի մեր օրվա նշանաբանը: Վահագն- Աստված արիապաշտությունը - նոր կրոն, հայ մարդն - արի՛, եթե չենք ուզում մեր տեղն արևի տակ մի օր զիջել մեզանից արիներին:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
ՀԱՅՐԵՆԻՔ ակումբ

Комментариев нет:

Отправить комментарий