15.01.2013

ՁՈՆ ԱՐԱՅԻՆ



Լույսը մարդու մեջ՝ Ցոլքն է Արայի: ԵՎ այդ լույսն իմ մեջ ժխտում է մութի խորհուրդը մռայլ և Աշխարհը բացում այնպես, ինչպես կա: Բյուր հրաշալիքներ պայծառ ու վսեմ իմ շուրջն են խաղում, ինձ հետ են խաղում: Ես էլ հրաշալիք՝ հրաշալիքների մեջ, ես էլ եմ խաղում անծայր Աշխարհում և հասնում մինչև հենց Ինքը՝ Արա՛ն: Ապա փարվում եմ Արայի կրծքին ու ձուլվում նրան: Իմ Արարիչն է նա, իմ հայելին է նա. ես ինձ եմ տեսնում նրա պատկերում: Նա ինձ է նման: Բայց նա նման է նաև բոլորին: ԵՎ բոլորի նման բնական է նա: Ես զգում եմ նրա զարկերը սրտի: Ես նրա կրծքի ջերմությունն եմ զգում: ԵՎ նա հենց իմ մեջ արարում է ինձ:
   Փա՛ռք Արային,
   Փա՛ռք Արարումին:

   Արդյո՞ք արարումը ստեղծումն է նորի: Բա էլ ի՞նչն է իմ մեջ արարում Արա՛ն: Թե ես արդեն կամ՝ նա ինձ չի ստեղծում: Իսկ թե ստեղծում է՝ ուրեմն չկամ: Թե ես կամ, և Արա՛ն արարում է ինձ՝ իմ լինելիության հաստատումն է դա: Իսկ թե Արա՛ն նոր է ինձ ստեղծում՝ իմ լինելիությունն է ժխտվում դրանով: ՈՒրեմն Արարումը Ստեղծում չէ երբեք: ՈՒրեմն դրանք ժխտում են իրար: Որտեղ կա Ստեղծում՝ Արարում չկա: Էլ ի՞նչ Արարում, եթե ամեն ինչ նոր է ստեղծվելու: ՈՒրեմն հաստատ ոչ մի բան չկա՞: ԵՎ ընդհանրապե՞ս ոչինչ չկա: Ամենը պահի առկայությո՞ւն են լոկ: ՈՒրեմն Բնությունն է՞լ պատրանք է միայն, և ընդհանրապես Բնություն չկա՞: ՈՒրեմն հենց Ինքը՝ Արա՛ն է՞լ չկա: Բա էլ ի՞նչը կա: Միայն Ոչի՞նչը կա: Ինչպե՞ս կարող է Ոչինչը լինել: Ոչինչը չկա, Ամենը կան: Կա Արարիչը՝ Բացարձակ Արա՛ն, կա Բնությունը՝ Հաստատուն Որակ: Արարիչը կա, Բնությունը կա. բայց Արարիչը նորը չի ստեղծում այդ Բնության մեջ: ՈՒրեմն Բնությունը իրո՞ք կատարյալ է: ԵՎ ոչ մի պակաս կամ ավել որակ նա չունի՞ իր մեջ: Ես էլ մի որակ՝ կատարյա՞լ եմ ես: ՈՒրեմն Արա՛ն ի՞նչ է արարում, և Արարչագործությունն ի՞նչ է, վերջապես: Արարչագործությունը՝ է կատարյալ Բնության կատարյալ որակների անվերջ նորոգում: Բնության մասերն իրենց որակները միշտ նորոգելով են հավերժության մեջ պահպանում իրենց: ԵՎ Արարիչը հենց բացարձակությունն է անվերջ արարում Բնության բոլոր Տեսակների մեջ, միշտ նորոգելով Որակը նրանց:
   Փա՛ռք Արային,
   Փա՛ռք Որակին:
   Հետաքրքիր է՝ իրո՞ք իմ որակն այդքան անհրաժեշտ է Բնությանը, որ Արա՛ն անվերջ նորոգում է այն: Ես իմ որակով Բնությո՞ւնն եմ լցնում: ԵՎ Բնությունն առանց ինձ թերի՞ կլիներ: Հակառակ դեպքում ինչո՞ւ է Արա՛ն ինձանով զբաղվում: ՈՒրեմն Բնության մեջ բնական Որա՞կ է ամեն մի Տեսակ և Բնությունն իրենո՞վ է լցնում: Այդքան բազմազան ու անթիվ Տեսակներ... բոլո՞րն են Բնությանն անհրաժեշտ, արդյոք: Թե նույնություն են որակները նրանց, էլ բազմազանությունն ո՞ւմ է հարկավոր և էլ ի՞նչ բազմազանություն: ՈՒրեմն բացարձակ նույնություն չկա: ԵՎ ամեն Տեսակ հատուկ Որակի կրողն է միայն: Ամեն մի Տեսակ իր առանձնահատուկ Որակը ունի և պետք է Բնությանը հենց այդ Որակով: ԵՎ Որակների այդ բազմազանությունն է արարում Արա՛ն և արարում է հենց այդ Որակները կրող Տեսակների մեջ: ԵՎ իսկապես՝ Արա՛ն ինչպե՞ս ինձ կարարի ինձանից դուրս: Թե իմ որակն է նորոգում Արա՛ն, ապա իմ որակի կրողն եմ հենց ես: ՈՒրեմն իմ արարումը իմ մեջ է լինում: ՈՒրեմն Արարչագործությունը վերացական չէ: Արա՛ն արարում է ամեն մի Որակ հենց այդ որակը կրողի ներսում և այդ Որակին համապատասխան Բնատեղի մեջ:
   Փա՛ռք Արային,
   Փա՛ռք Բնատեղին:
   Հետաքրքիր է՝ ես որպես որակ իմ Բնատեղն ունե՞մ, թե՞ ես եմ որոշում իմ տեղն Աշխարհում: Ինչպե՞ս կլինի: Ինչ է, Բնության հարաբերությունները ե՞ս եմ որոշում, ե՞ս եմ որոշում իմ դերը այնտեղ, ե՞ս եմ որոշում իմ տեղն արարման և ե՞ս եմ իշխում Արայի վրա: Բնությունից դո՞ւրս եմ ես, պատահակա՞ն եմ ես: ԵՎ ամե՞նն են պատահական: Էլ ի՞նչ Բնություն, էլ ի՞նչ բնական հաստատուն որակ: Թե բնական որակ եմ ես՝ իմ հաստատուն Բնատեղն ունեմ: Հենց այդ տեղում ես իմ դերն ունեմ: Հենց այդ տեղում էլ ինձ զգում է Արա՛ն ու միշտ արարում: Այս Երկրի վրա ամեն մի անհատ, ամեն մի Տեսակ իր հաստատուն Բնատեղն ունի՝ իր արմատն ունի որոշյալ տեղում: ԵՎ ամեն Տեսակ իր Բնատեղում է իր դերը կատարում: Ամեն մի Տեսակ հարազատ Որակն է իր Բնատեղի: Բնատեղից դուրս նա արմատ չունի, նա դեր էլ չունի: Օտար Բնատեղն էլ անհարազատ արմատին սնունդ չի տալիս: Էլ նրան ինչպե՞ս Արա՛ն արարի: Ամեն Տեսակին իր Բնատեղում է Արա՛ն արարում, քանզի հենց այնտեղ է Արա՛ն զգում նրան իր հատուկ նյարդով:
   Փա՛ռք Արային,
   Փա՛ռք Նյարդին:
   Արան արարում է ինձ: Իսկ ե՞ս: Իմ արարմանը ես չե՞մ մասնակցում: Ես Արային չե՞մ հարաբերվում: Ինչպե՞ս Արա՛ն կարող է ինձ զգալ, եթե ես ինքս չեմ զգում նրան: Թե իմ մարմնի մեջ մի մաս ինձ չզգա, ես ինչպե՞ս նրան զգամ: Թե ես էլ չզգամ իմ Արարիչին, նա ինչպե՞ս ինձ զգա և ինչպե՞ս նորոգի որակները իմ: ՈՒրեմն Արարչագործությունը իմ զգացողության շնորհի՞վ է լինում: Ինչո՞ւ չէ: Թե Բնությունը կենդանի ամբողջություն է՝ նա էլ ինձ նման իր նյարդերն ունի, ունի նյարդային ամբողջ համակարգ, որով կապված է իր Որակներին: ԵՎ նյարդային Համակարգը այդ՝ Արայի կամքի, Զորության, Մտքի... արարող ՈՒժն է բոլոր բնական մասերի վրա: ԵՎ ամեն մի նյարդ կապված է միայն մի Տեսակի հետ. ամեն մի Տեսակ ի՜ր նյարդը  ունի: ԵՎ հենց  ի՜ր նյարդով է նա զգում Արային, և նույն նյարդով է Արա՛ն զգում նրան ու կառավարում: Տեսակը չի կարող իր նյարդը փոխել, նյարդն էլ երբեք Տեսակ չի փոխում: Եթե Տեսակը իր նյարդը չզգա, ինչպե՞ս կարող է նա զգալ Արային, և ինչպե՞ս կարող է Արա՛ն զգալ նրան: ԵՎ այդ Տեսակը զրկվում է արդեն իր արարումից, և որպես Որակ տկարանում է նա: Նա պետք է բուժվի: Արային կապվել ուրիշի նյարդով երբեք չի լինի: Տեսակը պիտի իր Որակը զգա իր Բնատեղում ու ի՜ր նյարդը զգա և հենց այդ նյարդով կապվի Արային: Դա է բնական: Ապրել բնական, նշանակում է՝ ապրել Արայով: ԵՎ բնականով ապրող Տեսակին միշտ զգում է Արա՛ն ու միշտ նորոգում Որակը նրա. թե հիվանդ է՝ բուժում է նրան, թե տկար է՝ ուժ է ներարկում, թե վհատ է՝ կենաց ջերմությամբ սնում է նրան... և այդպես անվերջ  արարչագործությամբ բացարձակությունն է հաստատում նրա:
   Փա՛ռք Արային,
   Փա՛ռք Բնականին:   

Комментариев нет:

Отправить комментарий