15.01.2013

ԺՈՂՈՎՐԴԻ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ



Ժողովուրդը ամբոխն է, մարդկային բազմությունը, որ կազմակերպված ուժ չէ, որ կամք չունի և միայն ենթարկվել գիտի: Ժողովուրդը առօրէայի հոգսերով զբաղվող հավաքականություն է , զուրկ ցեղային հավիտենականի զգացողության, զուրկ մեծագործության կարողությունից և հոգեբարոյական խոյանքներից:
      Ճիշտ է, որ երբեմն այս կամ այն ժողովուրդը հերոսական ու պատմական գործ է կատարում, բայց  այդ շարժումն ու ղեկավարությունը կպատկանի ժողովրդի մեջից ելած ընտիր փոքրամասնության
: Այդ առաքյալներն են, որ կթրծեն ու կխմորեն ժողովրդին և կառաջնորդեն պատմագործումի: Ժողովուրդը առանց այդ ընտրյալ սրբերի քանակ է միայն, բայց երբե՛ք որակ, մարմին է՝ բայց երբե՛կ ոգի, նյութ է՝ բայց երբե՛ք ուժ ու կամք:
      Ժողովուրդը գործելու համար կարիք ունի ցեղամարդկանց. այս ցեղային ոգիի ներկայացուցիչներն են, որ ժողովրդին հաջողությունների և հաղթանակների կառաջնորդեն: Այլապես՝ ժողովուրդը ինքն իր կողմից որևէ քայլ և աշխատանք չի կարող կատարել: Երբ ցեղային ոգիի և կամքի ներկայացուցիչները կպակասեն, այդ ժամանակ ժողովուրդը ոչնչով չի տարբերվելու հոտից, և կարելի կլինի նրանց ուզած ուղղությամբ քշել տանել: Այսպես եղավ մեր աքսորի  ժամանակ, երբ հազար-հազարավոր ժողովուրդ դեպի Տեր-Զոր գնաց ոչխարային հեզությամբ և հնազանդությամբ, և անտրտունջ ջարդվեց անապատում: Այսպես եղավ և այն ժամանակ, երբ երբ ցեղի զավակները զենք առած լեռ կբարձրանային ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը, կյանքն ու իրավունքները պաշտպանելու համար, մինչդեռ նույն ժողովուրդը հաճախ կդատապարտեր անձնվեր հերոսներին, որ պատճառ կդառնային ժողովրդի վիճակը վատթարացնելու և թշնամուն գրգռելու համար: Ստրկամիտ հասարակությունը այդպես կմտածեր, որովհետև զուրկ էր ցեղային ոգուց և բնազդից, որովհետև չուներ ցեղային գիտակցություն և արթնություն հասկանալու համար թշնամու հետին մտքերն ու գաղտնի ծրագրերը:
      Ժողովուրդները հաճախ որքա՛ն դառնություններ ու հուսահատություններ ճաշակել կտան  իրենց առաքյալներին և սրբերին, ի՛նչ կոշտ ու անբարիացկամ ընթացք կբռնեն նրանց հանդեպ, որոնք իրենց կյանքը, հանգիստը թողած, կաշխատեն նրանց վիճակը բարելավելու և բարձրացնելու թե՛ բարոյապես, այնպես էլ նյութապես: Ժողովուրդը հաճախ չի հասկանում ու չի ճանաչում իր դատին նվիրված գաղափարական ցեղային գործիչներին, և կհալածի նրանց, կմեղադրի, կդատապարտի և կխաչի, իսկ նրանց մահից հետո ի հիշատակ այդ հերոսի, նրա գործունեությունը ջատագովելով, նրա գաղափարական մեծությունը փառաբանելով կմեծարի:
      Այսպես է ժողովուրդը, և այսպես էլ կմնա եթե ցեղային գիտակցություն և դաստիարակություն չտրվի նրան: Իսկ ցեղը ժողովրդի մեջ  այն տարրն է, որ կենսազգաց է, հավիտենատենչ, մեծագործ և հերոսական: Առանց ցեղի ներկայայության, առանց ցեղային ապրումների, ժողովուրդները երբե՛ք լավ և փայլուն ճակատագիր և ապագա չեն ունենում: Ցեղային գիտակցությունը պետք է իշխի ժողովրդի մեջ, որ այն դառնա կենտրոնացված և կազմակերպված ուժ, դառնա հզոր ու վճռական , լինի հայրենապաշտ ու ազատասեր և քայլի իր մեծ նախնիների բացած և նահատակների ցույց տված ճամփով:
     Ո՛չ մի բան չի կարող փրկել հայությունը բացի ցեղային գաղափարաբանության յուրացումից: Կուսակցական թույնով և իրար հանդեպ թշնամական ատելությամբ լցված անհատին կարելի է զինաթափ անել, կարելի է հազարներով բերել ու մի նպատակի ու գործի համար լծել, միայն թե զգացնելով, որ նույն ցեղի զավակը, նույն մոր որդիները չեն կարող իրար օջախ քանդել և ամբողջ ազգը վտանգել;
     Սրա համար է, որ կուսակցական հատվածականության փոխարեն, ցե՛ղն է, որ կքարոզենք, ցեղային գիտակցությունն է, որ կոգեկոչենք, որովհետև ա՛յդ կպահանջի մեր ապրած դարը, բայց մանավանդ մեր ազգային շահն ու արժանապատվությունը: Ցեղը ո՛չ միայն մեզ պետք է միաձույլ զանգվածի վերածի, մեր ներքին տկարությունները ջնջի, այլ մեր ներկա օրերի անփառունակ ճակատագիրը փոխելով ճամփա զարդարի դեպի մեր դարավոր բաղձանքը հանդիսացող ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ


Արամայիս [Օ. Զարմունի]
<<Ռազմիկ>>, Սոֆիա, 1942, Նոյեմբերի 28

Комментариев нет:

Отправить комментарий