Արի Հայկի սերունդներից Արտաշեսն էր թագավորում Հայաստանում: Զորավոր էր նա իր նախնիների պես, և Վահագն էր իր Զորությամբ հովանավորում նրան:
Վահագն էր հովանավորում նաև Ալանի ժառանգներին: ԵՎ Վահագնի Զորությամբ զորացած, Ալանաց թագավորը մեծ զորք հավաքեց ու շարժվեց դեպի Հայոց աշխարհ:
Իմանալով դա, խիստ զայրացավ Արտաշեսը. ՙ Այդ ի՞նչ խենթություն է իջել ալանաց արքայի վրա, որ զենքով իր եղբայրների դեմ է ելել՚: Նա վերցրեց իր զորքը և դուրս եկավ պատերազմի:
Ալանները հայոց զորքի ճնշումից ետ նահանջեցին, անցան Կուր գետը և բանակ դրեցին գետի հյուսիսային ափին: Արտաշեսն էլ բանակ դրեց գետի հարավային ափին:
Արտաշեսը խարույկ վառեց, զոհ մատուցեց Հայր Արային ու Ամենազոր Վահագնին:
- Ո՛վ, Վահա՜գն Ամենազոր,- կանչեց նա,- բոլոր Աստվածները վկա են, որ ես չեմ խախտել արյան դաշինքը: Զորավիգ եղիր ինձ, որ ես պատժեմ ալանաց այդ գոռոզ արքայի սրբապղծությունը:
Նույն ժամանակ Կուր գետի մյուս ափին ալանաց արքան էր խարույկ վառում, զոհ մատուցում Հայր Արային և Ամենազոր Վահագնին և դիմում նրան.
- Ո՛վ, Զորության Աստված Վահա՜գն, Աստվածներն են վկա, որ Արտաշեսը մոռացել է արյան պատասխանատվությունը և անտեսել է Արի մյուս ազգերին: Զորավիգ եղիր ինձ, որ ես պատժեմ գոռոզ Արտաշեսի սրբապղծությունը:
Վահագնը երկուսին էլ լսեց և ապա դիմեց Հայր Արային, ասելով.
- Հա՜յր իմ, երկու կռվող եղբայրների զորությունն էլ ես եմ հովանավորում: ԵՎ երկուսն էլ իրենց արդար են համարում ու իմ Զորությանն են ապավինում: Ասա, ինչպե՞ս վարվեմ:
ԵՎ Հայր Արան ասաց.
- Երկուսի զորությունն էլ դու պիտի հովանավորես հավասարապես, որ եղբայրների մեջ հաղթող ու պարտվող չլինի: Գիտցիր, որ հաղթողը կգոռոզանա, իսկ պարտվողը կչարանա. և նրանց միջև այլևս հաշտություն չի լինի: Եղբայրների միջև թշնամանքը միայն սիրով կլուծվի:
Առավոտյան, երբ Կուր գետի ալիքները բոցավառվեցին արևի առաջին ճառագայթներից, երկու Արի բանակները բախվեցին իրար: Զորավոր և անզիջում կռիվ էր գնում: Երկուսին էլ Վահագնը զորություն էր սնում, և երկու կողմերն էլ ահագնացած կռվում էին: ԵՎ մեկը մյուսին չէր կարողանում հաղթել:
Հենց այդ կռվի թեժ պահին Արտավազդ Միհրը իր աստվածային հնարով ալանաց պատանի թագաժառանգին գցեց հայ զորականների ձեռքը: Դրանով դադարեց օրվա ճակատամարտը: Գերի արքայազնին բերեցին հայոց բանակատեղի: ԵՎ զայրացած Արտաշեսը որոշեց խստորեն պատժել պատանուն:
Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում: Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով ամենը, ինչ Արտաշեսը կամենա, միաժամանակ առաջարկում է երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանների կտրիճները այլևս չեն ասպատակի հայոց աշխարհը: Բայց Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել: ԵՎ ալանաց թագավորը պատրաստվում է առավոտյան կատաղի ճակատամարտ տալու:
Ալանաց բանակում էր գտնվում նաև ալանների արքայադուստրը՝ չքնաղ Սաթենիկը: Նա խոր վիշտ էր ապրում իր պատանի եղբոր գերեվարության համար: Նրան հայտնվեց Աստղիկ Դիցուհին և ասաց.
- Ո՛վ, չքնաղ Սաթենի՜կ, գիտցիր, որ Զորության զորությունն է Սերը: ԵՎ միայն քո սիրով դու կարող ես հաշտեցնել երկու զորությունները:
ԵՎ Սաթենիկը գալիս կանգնում է Կուր գետի ափին և իր նրբագեղ ձայնով իր սրտի ողջ թախիծը երգով արտահայտում.
- Քե՜զ ասեմ, այր քաջ Արտաշե՜ս,
Որ հաղթեցիր քաջ ազգին Ալանաց՝
Տալ պատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դյուցազանց՝
Զայլոց դյուցազանց զարմից բառնալ զկենդանություն,
Կամ ծառայացուցանելով ի ստրկաց կարգի պահել,
ԵՎ թշնամություն հավիտենական
Ի մեջ երկոցունց ազգաց Արյաց հաստատել:
Սաթենիկի երգը դայլայլելով անցավ գետը և հասավ Արտաշեսի բանակատեղի: Լսեց Արտաշեսը այդ չքնաղ ձայնը, որի մեջ այնքան թախիծ ու մեղեդայնություն կար: Դուրս եկավ գետափ, հիացավ չքնաղ կույսի գեղեցկությամբ, և ալեկոծվեց նրա հոգին: Սիրո հրդեհը բոցավառվեց նրա մեջ: ԵՎ նա սրտանց ցանկացավ նրան կին ունենալ:
Անմիջապես պատգամավոր է ուղարկում Ալանաց թագավորի մոտ և առաջարկում Ալանների օրիորդ Սաթենիկին կնության տալ իրեն:
Վիրավորվում է Ալանների թագավորը, համարելով դա որպես հաղթողի ամբարտավան պահանջ: ԵՎ իր արժանապատվությունը պահելով, ասում է.
- ԵՎ որտեղի՞ց պիտի տա քաջն Արտաշեսը հազար հազարներ և բյուր բյուրեր Ալանների քաջ ազգի կույս օրիորդի փոխարեն:
Երբ Արտաշեսը իմացավ Ալանաց թագավորի պատասխանը, խիստ սրտնեղեց. ՙԻնչպե՞ս հասկացնեմ հպարտ արքային, որ իմ ուզածը ոչ թե հաղթության տուրք է, այլ՝ սիրո դաշինք՚: Ապա ընդոստ ոտքի կանգնեց ու վճռական ձայնով ասաց.
- Ես իմ սերը կնվաճեմ ոչ թե որպես հաղթող արքա, այլ որպես սիրող այր:
Հեծավ Արի արքա Արտաշեսը իր Սևուկ ձին և հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը, և որպես բոցավառ սիրահար ու անթև արծիվ անցավ գետը, և նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը, գցեց մեջքը ալանաց օրիորդի, և շատ ցավացրեց փափուկ մեջքը օրիորդի, արագ հասցնելով բանակը իր:
Առևանգելով գեղեցիկ Սաթենիկին, Արտաշեսը նրան բերեց Արտաշատ, որ ինքն էր կառուցել որպես արքայանիստ քաղաք, Էրեվան Հավերժական Քաղաքին շատ մոտիկ: ԵՎ շքեղ հարսանիք սարքեց:
Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության պահին, մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության պահին: Երգն ու պարն էին թևածում դեպի երկինք, որպես փառաբանում սիրո հավերժումի: Բոլոր հայոց և ալանաց քաջերն էին հավաքված այնտեղ մենամարտում երգով ու պարով: Ալանաց թագավորն ու պատանի թագաժառանգը ժպտում էին երջանիկ:
Երեկվա թշնամացած եղբայրները իրար հետ կենաց էին խմում, շնորհավորում նորապսակներին և փառաբանում Հայր Արային ու Անմահ Աստվածներին, որպես երկու եղբայր Արի ազգերի միջև սիրո դաշինքի հաստատում:
Ուխտագիրք
Սլակ Կակոսյան
Ուխտագիրք
Սլակ Կակոսյան
Комментариев нет:
Отправить комментарий