02.11.2012

ՆՊԱՏԱԿԸ. ՀԵՐՈՍ

Հայն իր ամենասիրելի ու սրբացած հերոսին անվանել է քաջ, և այսպիսով տվել իր գերագույն գնահատականը ոչ միայն քաջին, այլև` քաջությանը, ընդհանրապես:

Հայ էպոսի հերոսը առաջին հարվածը զիջում է Մսրա Մելիքին, առանց մտածելու, որ դա կարող է մահացու լինել իրեն համար:
Այսպիսին է հայի քաջը` արդարօրեն հպարտ, բայց ոչ` բարձրագլուխ, գոռոզ: Հարվածիր միայն նրան, որն ի վիճակի է պատասխանելու հարվածիդ- ահա հայու բարոյականությունը:


Կռիվներում հերոսանալուց ավելի դժվար է կյանքում հերոսավայել կեցվածք ունենալը:
Հերո՞ս ես` ապա ուրեմն` աշխատիր բոլոր պարագաներում արժանի լինել անվանդ:
Հերոս չէ նա, ով գիտակցում է, որ ինքը հերոս է: Ոգու հսկա լինելով հանդերձ, ծերություն չճանաչող մանուկ է հերոսը, որը սխրագործելիս իսկ կարծում է, թե կատարում է մի շատ սովորական գործ, և ոչ ավելին:
Մեռնում են հերոսները` Մանվելները, Մուշեղները, Վարդանները. մնում են, սակայն, նրանց ոգին, որն իր մարմնավորումը գտնելով այլ հայերի մեջ` շարունակում է ապրել ու ներգործել:
Եվ հենց սրանում է հերոսի անմահությունը: Չէ', չի' մեռնում հերոսը, նա միայն իր անօթն ու անունն է փոխում:
Անպարտելի է մնում նա, ով մահն է ընտրում իրեն առաջնորդ:
Այսպես վարվել, ասել է` մահը դարձնել ներքին զորություն, ներուժ կյանք և հաղթանակի սկզբունք:
Այսպես է վարվում հաղթանակի հերոսը:

Իր ժողովրդի հոգեկան հզորության արտահայտիչն է հերոսը, բայց ոչ և' չափը: Ժողովրդի հոգևոր պոտենցյալը, նրա կարողական ուժերը չի արտահայտել և ոչ մի հերոս:
Ժողովուրդն ավելին է, քան իր ամենամեծ փառաշատ հերոսը:
Հերոսը բարոյական հանճար է, սրտի հանճար, և միշտ քաջաքաջ մահապատրաստ:
Հանճարի համար պատերազմն ամեն բանից առաջ մտքի գործ է: Իր բանակի հաղթանակն  ապահովելու համար` նա համադրում է ռազմի գործում  դեր կատարող բոլոր գործոնները, միաժամանակ վարպետորեն օգտագործելով իր հակառակորդի գործած սխալները:
Հնդհակառակը, հերոսի հաղթանակը պսակողը` իր հոգեկան ուժն է, որով սնվում են իր արիությունն ու մահապատրաստությունը:
Հանճարը դա բանակի ուղեղն է, հերոսը` սիրտը:
Օրհնություն է հանճարը, բայց, ավաղ, նա հեշտ ու հաճախ չի ծնվում:
Հաղթանակը կարելի է շահել նաև առանց հանճարի, առանց հերոսի` երբեք:
Փա՞ռք ես փնտրում` վտա'նգ փնտրիր: Հերոսական ոչինչ կա այնտես, ուր շնագայլն ու աղվեսն են կռվում:
Վագրը վագրի դեմ- ահա կռիվը հերասավայել:
Ազգային նահատակների անունների ամենօրյա հիշատակումը զինվորի մեջ ստեղծում է բարոյա-հայրենասիրական բարձր տրամադրություն` ընկած նահատակների հավատարմությամբ ու անձնվիրությամբ ծառայելու ու քաջորեն մեռնելու իրենց հայրենիքի համար:
Կարելի է քաջ հերոս լինել , բայց կյանքը զոհելու հոժարություն չունենալ: Քաջեր շատ է տեսել աշխարհը, հերոսներ` սակավ: Առաջնորդ կարող է լինել միայն հերոսը: Իսկ հերոս լինել, ասել է` հավիտենարժեք բաների առաջ ոչինչ համարել իր կյանքը:
Հերոս է նա, որի համար կյանքը արդարացում ունի, երբ դա ապրում է ոչ թե իբրև նպատակ, այլ  իբրև մի սրբազան բանի ծառայեցնելու կամ զոհվելու միջոց:
Հերոս է նա, որի հայացքը ուղղված է հավիտենականին. նա, ով ժպտալ գիտի ճակատամարտի բոցերի մեջ. նա, որի հոգին վտանգի ժամանակ զգում է մի գերագույն ուրախություն - ճակատամարտի և անձնավիրումի ուրախություն . նա, ով  գրոհից առաջ սիրում է խոսել հավիտենական բաների մասին:
Հերոս է Քեռին /Արշակ Գավաֆյան/, որ իր վտանգված զինվորները փրկելու համար իր կուրծքը դարձրեց կենդանի թիրախ թշնամու կրակին:
Ճակատագրի մարդ , վտանգների բարեկամ` նրանց համար իրենց անձն ավելի բան չէ, քան հայրենիքին ծառայելու միջոց:
Հերոսը, դա հավիտենական կրողն ու սպասավորն է մեր անցավոր կյանքում: Հաղթանակում հերոսանում է նա, ով իր մեջ բնությունը ոգուն ենթարկելու աստիճան զորավոր է:
Մի մտածիր հերոսականի մասին, եթե գերագույն պարտականության կատարման ժամանակ քեզ համար աշխարհային ամեն բան չի կորցնում իր կարևորությունը:
Մահ չկա Փառքի դաշտում ընկած քաջի համար, քանի որ նրա սխրագործությունների արձագանքը հավերժորեն պիտի ապրի իր ժողովրդի  սրտի ու երգերի մեջ:
Մահ չկա նրա համար, ով հեգնել գիտի մահը, քանի որ սերունդները հպարտությամբ պիտի վկայեն, թե ո՞վ , ինչպե՞ս խիզախեց ու ընկավ:
Մահ չկա. մեռնում է փոքրոգին, վախկոտը. մեռածն է մեռնում:
Մահն անգիտակցող խիզախների համար` չկա մահ: Քաջեր հաղթությունն է մահը:

                                                                      Գարեգին Նժդեհ
,,ՀԱՅՐԵՆԻՔ՛՛ Ակումբ

Комментариев нет:

Отправить комментарий