17.06.2013

ԱՐԱՄԵ: ՊԱՅՔԱՐ ԱՍՈՐԵՍՏԱՆԻ ԴԵՄ Ք.Ա. 850-840-ԱԿԱՆ ԹԹ.

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱՀԱՆՋ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ


ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ  Ք.Ա. 13-10ԴԴ.

Միտաննիի թուլացումից առավել օգտվում է Ասորեստանը, որը գրավելով Հյուսիսային Միջագետքը՝ սկսում է սպառնալ իր հյուսիսային հարևաններին՝ Վանա լճից հարավ և հարավ արևելք ընկած շրջաններին: Սակայն Միջագետք ներխուժած արամեացիների դեմ պատերազմներով զբաղված Ասորեստանի թագավորներն ավելի քան երկու դար , կարծես, աչքաթող են անում Հայկական լեռնաշխարհի հարավային տարածքները, որոնք ասսուրական արձանագրություններում կոչվում են <<Նաիրի>> կամ <<Ուրարտու>> (Ուրուատրի), իսկ ավելի ուշ իրենց՝ Վանի (Արարատյան) արքաների արձանագրություններում՝ Բիայնիլի:

<<Ինչպիսին էլ որ լինեն ասորեստանյան քաղաքակրթության արժանիքները, չպետք է թաքցնել, որ Ասորեստանը զուրկ էր մարդու ունեցած արժեքների գիտակցությունից, որ այնքան էական է քաղաքակրթության համար...
   Հիվանդագին կրքոտությամբ նրանք (Ասորեստանի թագավորները)  նկարագրում են, թե ինչ սարսափելի գործեր են կատարել հարձակման ենթարկված երկրներում՝ ավերել, հրկիզել քաղաքներն ու դաշտերը, կոտորել բնակչությանը, կենդանի այրել երիտասարդ տղաներին ու աղջիկներին, կտրել ձեռքերը, մատները, մորթել և կաշիները փռել պարիսպների վրա, կտրված գլուխներով բուրգեր բարձրացրել ու նրանց շուրջը շարել ցցահարված դժբախտներին, գյուղերում դադարեցրել աշխատավորների ուրախ ձայնը և թողել, որ այնտեղ հաստատվեն վայրի գազանները և այլն...
   ...Սանձահարել Ասորեստանի մոլեգնությունը և արգելել նրան ներխուժել նաիրյան երկրները, ահա մի էապես ազնիվ առաքելություն, որ բաժին էր ընկել Ուրարտուին: Նա շատ արժեքավոր ծառայություններ մատուցեց՝ իր ավանդը ներմուծելով մարդասիրական գաղափարների մեջ>>: 

Ն. Ադոնց, Հայաստանի պատմություն, Ե., 1972, էջ 365-366

Ք.ա. 9-րդ դարի ասսուրական արձանագրություններում հանդիպում ենք վկայություններ <<Ուրարտուի>> (Արարատ) մասին, որը Հին աշխարհում Հայոց պետության ընդունված անվանումներից էր: Ասորեստանի Աշուրնազիրապալ Բ թագավորի օրոք (Ք.ա. 883-859թթ.) հիշատակվող <<Ուրարտուն>> կամ Վանի (Արարատյան) թագավորությունը հանդես է գալիս որպես միասնական պետություն , որը փորձում էր Ասորեստանի դեմ ակտիվ ռազմական քաղաքականություն վարել: Համենայն դեպս, Սալմանասար Գ-ն (Ք.ա. 859-824թթ) իր գահակալության առաջին իսկ տարուց ստիպված էր պատերազմել հյուսիսային հարևանի դեմ. ընդ որում, երկու տարի անց արշավանքը կրկնվում է:
    Հարավային ուղղությունից սպառնացող հարևանի դեմ պայքարը սկսվում է Ուրարտուի թագավորության ստեղծումից անմիջապես հետո: Այն շարունակվելու էր գրեթե մինչև Ք.ա. 7-րդ դարի վերջը՝ Ասոքրեստանի կործանումը:
   Պատերազմի առաջին շրջանը
 
 Հայկական բանակը խուսափում էր Ասորեստանի մեծաթիվ բանակի հետ առճակատումից և հեռանում է լեռները:
    Կրկնվում է այն ռազմավարության հնարքը, որը տեսնում ենք Հայք-Հայասայի ու Խեթական թագավորության միջև տեղի ունեցած պատերազմում: Արամեի պարտություն չկրած բանակը դիմում է ծայրահեղ քայլի. թողնում է պետության գլխավոր քաղաքը՝ Արզաշկուն (Արծաշքու, ներկայիս Արճեշի վայրում) և ապավինում լեռներին:
    Ուշագրավ է, որ ասորեստանցիները Արզաշկու քաղաքը նկարագրում են երկրշար բարձր պարիսպներով: Նման պաշտպանվածությամբ հզոր ամրոցը, որը նաև պետության արքայանիստ քաղաքն էր, հանձնվում է նույնիսկ առանց ձևական մարտի: Արամեն զորամասեր չի թողնում ամրոցում և դիմադրություն ցույց տալու ընդունակ բոլոր ուժերին վերցնելով՝ կազմակերպում է նահանջը:
   Սուգունիան գրավելու մասին ասորեստանյան բարձրաքանդակներում պատերի վրա պատկերված են նետաձիգներ ու նիզակակիրներ, իսկ Արզաշկուն, իր կրկնակի պարիսպներով  հանդերձ, ներկայացվում է առանց պաշտպանների: Սա ևս մեկ անգամ վկայում է նահանջի նախօրոք կազմակերպված լինելու տեսակետի օգտին:

Ճակատամարտը
    Ասսուրական սեպագրերում նշվում է, որ լեռներում տեղի ունենցած արյունահեղ ճակատամարտն ավարտվել է ասորեստանցիների հաղթանակով, սակայն այն էժան գնով ձեռք չէր բերվել: Սալմանասար Գ-ն նկարագրում է արտակարգ դաժանությամբ մի ճակատամարտ: Շեշտվում է, որ Արամեի բանակը 3400 զոհ է տվել, ընդ որում, չի նշվում վիրավորների թիվը: Ասորեստանյան բանակը ստիպված էր ճակատամարտել փոքրաթիվ , սակայն տեղանքին քաջածանոթ և, բնականաբար, նահանջի միջոցով հարմար դիրք ընտրած բանակի հետ:  Արամեն բանակը դիրքավորել էր բլուրների վրա, և ասորեստանցիները ստիպված գրոհում էին ստորոտից կամ ցածրավայրից, տալով բազմաթիվ զոհեր ու վիրավորներ:
   Համառ և անզիջում ճակատամարտից հետո (արձանագրությունում Սալմանասար Գ-ն գրում է. <<լեռը կարմիր բերդի նման ներկեցի արյունով>>), թվում է՝ Վանի թագավորությունը պիտի դատապարտվեր ոչնչացման, սակայն այլ պատկերի ենք ականատես լինում:
    Արամեն պահպանում է իր ուժերը: Այդ պատճառով էլ հավանական է, թե ճակատամարտում ասորեստանցիները չեն հաղթել: Ճակատամարտի համար հարմար բնագիծ ընտրելով՝ Արամեն լեռան բարձր լանջերից գրոհել է ասորեստանցիների վրա և ուժերը հարվածի տակից հանելով՝ նահանջել: Նահանջը պահեստային տարբերակ պետք է լիներ լեռներին ապավինած փոքրաթիվ բանակի գրոհի անդրադարձվելու դեպքում: 

    Սալմանասար Գ-ն նշում է, որ ճակատամարտից հետո Արամեն պաշտպանություն գտավ <<անմատչելի լեռան վրա>>, հետևաբար, նա որոշակիորեն գիտեր Արամեի գտնվելու վայրը՝ լեռը: Սակայն հակառակորդին հետապնդելով և նրա գտնվելու վայրը իմանալով՝ ասորեստանցիները չեն համարձակվում հաջողությունն ամարապնդելու համար ևս մեկ վճռական ճակատամարտ տալ և զբաղվում են շրջակա տարածքների թալանով:
    Ասորեստանի դեմ առաջին իսկ պատերազմը վկայում է, որ դժվարամատչելի լեռներին ապավինելն արդեն դարձել էր ռազմարվեստի կարևորագույն պահանջներից մեկը:

Հաղթանակը
   Հստակորեն երևում է, որ ռազմական գործողությունների ծրագրման ժամանակ հաղթանակի հասնելու խնդրում նախապատվությունը չէր տրվում մեծաթիվ կայազորերով լավ պաշտպանված ամրոցներ պաշտպանելուն, ինչը մինչև  Ք.հ. 18-րդ դարը ռազմարվեստի հիմնարար նորմերից մեկն էր գրեթե ամբողջ աշխարհում: Հիմնական շեշտը դրվում է բանակը մարտունակ վիճակում պահելուն՝ նույնիսկ տարածքները կորցնելու գնով:
    Իր տրամադրության տակ, մարտունակ ուժեր ունենալով՝ Արամեն նախ խուսափում է պարտությունից, ապա, ասորեստանցիների հեռանալուց անմիջապես հետո, արագորեն ու հիմնավորապես վերականգնում գերիշխանությունը նախկինում իրեն ենթակա տարածքներում: Ուշագրավ է, որ ավերիչ արշավանքներից քիչ անց Արամեն սկսում է ընդարձակել իր թագավորությունը:  Պարտված բանակով դա նրան չեր հաջողվի անել:
    Ք.ա. 845թ. Սալմանասար Գ-ի արշավանքի ժամանակ ուժերի հարաբերակցությունն էապես փոխված էր: Լեռնային կիրճերով դժվարին անցումը նկարագրելով՝ Սալմանասար Գ-ն Արարատյան թագավորության կենտրոնական շրջանների՝ Վանա լճի ավազան հասնելու մասին նույնիսկ չի ակնարկում, այլ ամայացնելով և ավերածություններ պատճառելով՝ նա կարողացել էր հասնել մինչև Եփրատի ակունքները: Պարզ է, որ Ասորեստանին արդեն դիմակայում էր ոչ թե նախկին լեռնային փոքրիկ երկիրը, այլ հզոր հարևանը: Ու թեև Սալմանասար Գ-ն տեսնում էր հյուսիսային հարևանի հզորացումը, բայցևայնպես անկարող էր այն կանխել:
    Այսպիսով, նյութականանում է Արամեի ռազմաքաղաքական գործունեությունը: Ի դեմս Արամեի Ասորեստանի թագավորն ուներ հզոր և հեռատես հակառակորդ, որը քայլ առ քայլ չեզոքացրել էր հզոր ախոյանի սպառնալիքները: Հայոց պատմության մեջ Արամեի դերը ոչ միայն Վանի թագավորության գոյատևումն էր, այլև պետության շարունակական հզորացման ապահովելը:
   Արամեն կարողանում է պաշտպանել և ամրապնդել վերակերտվող հայոց պետության հիմքերը՝ միևնույն ժամանակ դիմակայելով Ասորեստանի բանակի ավերիչ անշավանքներին: Այս առումով Արամեի գործունեությունը , թերևս, համեմատելի է Արտաշես Ա Բարեպաշտ (Ք.ա. 189-160թթ.) և Աշոտ Ա Բագրատունի (Ք.հ. 885-890թթ)  թագավորների ձեռնարկումներին:

Պատերազմի երկրորդ շրջանը
   
Սալմանասար Գ-ն վերջին անգամ բանակը հյուսիս է ուղարկում Ք.ա. 833թ.: Երկրորդ արշավանքից հետո անցած տասներկու տարիները Վանի թագավորության որակական առաջընթացի ժամանակաշրջանն էին: Ասորեստանյան բանակը ասպատակում է միայն Արածանիի ստորին հոսանքի, այսինքն՝ կենտրոնական շրջաններից բավականին հեռու ընկած տարածքը:
    Ասորեստանյան արձանագրություններում կարդում ենք, թե Սարդուրին, (Ք.ա. 845-825թթ.)   <<լսելով այդ արշավանքի մասին, հույսը դնում է իր բազմաքանակ զորքի վրա և դուրս գալիս դեմ հանդիման, որպեսզի ճակատամարտ տա>>: Ուշագրավ է, որ շեշտվում է Սարդուրիի բանակի <<բազմաքանակությունը>>, որը վկայում է Արարատյան թագավորության ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական հզորության մասին: Սալմանասար Գ-ն կրկին փառաբանել է իր հաղթանակը, սակայն, քանի որ արձանագրությունում մի քանի <<ամփոփիչ >> խոսքերից բացի, նոր տարածքներ գրավելու հիշատակումներ չկան, պետք է կարծել, թե Վանի թագավորության բանակը հաղթել էր ասորեստանցիներին: Բացառված չէ, որ էական հաջողությունների չհասնելով՝ ասորեստանցիները նահանջել են, որը ևս փաստորեն, պարտություն էր:
   Ի տարբերություն պետության պահպանման նկատառումներով նույն՝ Սալմանասար Գ-ի բանակի հետ ընդհարումից խոսափող և հետագա հաղթանակների համար ուժեր կուտակող Արամեի, Սարդուրի Ա-ն բավականին երկար ռազմերթով դուրս է գալիս ասորեստանցիներին ընդառաջ և համարձակորեն ընդունում է մարտը:

Տեղեկանք. Վան-Տուշպա քաղաքների տեղադրությունը նկարագրելիս, Մովսես Խորենացին գրել է, որ աղի ծովակի, (Վանա լճի) ափին մի բլուր <<երկայնությամբ ձգվում էր դեպի արևմուտք՝ հյուսիսային կողմում մի փոքր թեքությամբ, իսկ հարավային կողմից ուղղահայաց դեպի երկինք բարձրացած մի կանգուն ու անթեք քարաժայռ կար: Սրանից դեպի հարավ հեռուն տարածվում էր մի դաշտանման երկայնաձիգ հովիտ, որ լեռան արևելյան կողմից իջնում էր ծովի ափը, ընդարձակ ու գեղեցիկ ձորի ձևով, նրա միջով հոսում էին լեռներից իջնող, ծործորներից և հովիտներից քամվող քաղցրահամ ջրեր, որոնք լեռների ստորոտների մոտ միավորվելով՝ ծավալվում, գեղեցիկ գետեր էին կազմում: Հովտաձև ձորակի մեջ ոչ սակավ շեներ կային՝ ջրերի աջ ու ձախ կողմերում զետեղված: Այս հաճելի բլուրներից դեպի արևելք կար մի փոքրագույն լեռ (Վարագա լեռը) ...>>:
Մովսես Խորենացի, 
Հայոց Պատմություն , Ա, ԺԶ

Եզրակացություն
   
Հայոց թագավորությունը ցույց տվեց, որ իր սահմանների անձեռնմխելիությունն ի վիճակի է պաշտպանել ցանկացած հզորության հակառակորդից:
   Համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ առաջին անգամ մայրաքաղաքը կորցրած պետության բանակը, վճռական ճակատամարտում մարտադաշտը հակառակորդին թողնելուց հետո, հաղթում է պատերազմում: Սակայն ամենակարևորն այն է, որ պատերազմի ընթացքում ավերված երկիրն (ասորեստանցիների մարտավարության կարևոր տարրերից էին գրավված տարածքների ամայացումն ու ամրոցների, պարիսպների հիմնահատակ քանդումը) ըստ էության չի դադարում իր հզորացումը Սարդուրի Ա-ի օրոք, քանի որ հսկայական զոհողությունների գնով պահպանվել էին հզորացման հիմնական կռվանները, այդ թվում՝ բանակը: 

“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:

Комментариев нет:

Отправить комментарий