18.06.2013

ԱՐԳԻՇՏԻ Ա, ՍԱՐԴՈՒՐԻ Բ, ԱՐԳԻՇՏԻ Բ



ԱՐԳԻՇՏԻ Ա
Արարտյան թագավորության տիրակալ (մ.թ.ա. 784-764թթ-ին)

Արգիշթի Ա-ն (կենսագրական տեղեկություններ չկան) Մենուայի երկրորդ որդին է, հաջորդել է եղբորը՝ Իշպուինի արքային: Նրա գահակալության տարիներին Վանի թագավորությունը հասել է ռազմա-քաղաքական հզորության գագաթնակետին: Կռվելով Ասորեստանի դեմ՝ Արգիշթի Ա-ն ընկճել է նրա զորությունը, դուրս մղել նրան Հյուսիսային Միջագետքից և Կոմմագենեից, նաև՝ Հյուսիսային Ասորիքից, իր գերիշխանության տակ առել Միջերկրական ծովի արևելյան և Փոքր Ասիայի հարավ-արևելյան շրջաններով անցնող ռազմական ու առևտրական մայրուղիները: Նա միասնական մի տերության մեջ է միավորել Հայկական լեռնաշխարհը: Արգիշտի Ա-ի օրոք են հիմնադրվել Էրեբունի (Երևան) և Արգիշտիխինիլի (Արմավիր) բերդաքաղաքները, կառուցվել ջրանցքներ, տաճարներ, պալատներ, շտեմարաններ, զարգացել են երկրագործությունը, անասնապահությունը, արհեստները, առևտուրը: Արգիշտի Ա-ի անունով հայտնաբերվել են բազում մեհենագրեր, որոնց մեջ նշանավոր է Խորխորյան տարեգրությունը: Հնագետները ենթադրում են, որ Արգիշտի Ա-ն թաղվել է Բիայնիլիի կրոնական Մուսասիր տաճարում, որտեղ աստվածների կուռքերի կողքին եղել է Արգիշտի Ա-ի երկու տոննա կշռող բրոնզաձույլ արձանը:

ՍԱՐԴՈՒՐԻ Բ
Արարատյան թագավորության տիրակալ (մ.թ.ա 764-735թթ-ին)

Սարդուրի Բ-ն (ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 735 թ.) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է: Արգիշտի Ա թագավորի որդին է, գահակիցը և հաջորդը: Գահակալման սկզբում բարենորոգել, հզորացրել է երկրի զինված ուժերը: Պատժիչ արշավանքներով իրեն է ենթարկել ծայրամասային իշխանություններին և ամրապնդել միապետությունը, բազմաթիվ արշավանքներով ընդարձակել է թագավորության սահմանները: Արարատյան թագավորության գլխավոր հակառաակորդի՝ Ասորեստանի դեմ մրցապայքարում, մ.թ.ա. 753 կամ 752 թ-ին հաղթել է Աշշուրնիրարի Զ թագավորին և դուրս մղել Հյուսիսային Ասորիքից և Հյուսիսային Միջագետքից: Սարդուրի Բ-ի գերիշխանությունն ընդունել և հարկեր է վճարել Մելիտեայի (Մելիտինե), Կումմախայի (Կոմմագենե), Արմեի (Հյուսիսային Ասորիք), Մանայի և այլ թագավորություններ: Նրա օրոք Արարատյան թագավորության սահմանները հյուսիս-արևելքում հասել են մինչև Կուլխա (Կողքիս) երկիրը, հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Կուր, արևմուտքում՝ Եփրատ գետերը, հարավ-արևմուտքում՝ Կումմախա և Արմե երկրները, հարավում՝ Հյուսիսային Միջագետք և Ասորեստան, հարավ-արևելքում՝ Մանա երկիրը: Իրականացնելով ճկուն դիմադրողական քաղաքականություն Ասորեստանի դեմ պայքարում՝ Սարդուրի Բ-ն դիվանագիտական ճանապարյով ստեղծել է ռազմա-քաղաքական խմբավորում, որի մեջ մտել են Մելիտեան, Կումմախան, Բիթ-Ագուսը, Գուրգումը: Մ.թ.ա. 743 թ-ին Արփադում, ապա Կումմախայում խմբավորման ռազմական ուժերը պարտվել են և Սարդուր Բ-ն  կորցրել է իր ազդեցությունն Անդրեփրատյան երկրամասում և արևմուտքում, սահմանափակվել է Եփրատ գետով: Մ.թ.ա. 735 թ-ին Թգլատպալասար Գ-ն ներխուժել է Արարատյան թագավորություն և պաշարել Վան բերդաքաղաքը: Չկարողանալով  գրավել Վանը՝ թշնամին ավերել է շրջակա բնակավայրերը, սակայն թշնամուն չի հաջողվել սասանել Արարատյան թագավորության հզորությունը: Սարդուր Բ-ն բազմաթիվ արձանագրություններում և իր հայտնի տարեգրությունում իրեն կոչել է <<մեծ արքա>>, <<հզոր արքա>>, <<տիեզերքի արքա>>, <<արքաների արքա>>: Սարդուր Բ-ի արձանագրություններ են հայտնաբերվել Վանում, Արածանիի հովտում, Արարատյան դաշտում, Սևանի ավազանում: Սարդուր Բ-ն, հավանաբար, թաղվել է Մուսասիրի արքունի դամբարանում:

ԱՐԳԻՇՏԻ Բ
Արարատյան թագավորության տիրակալ (մ.թ.ա. 713-685թթ-ին)

Արգիշտի Բ-ն (կենսագրական տեղեկություններ չկան) իր զորքով արշավել է արևելք, հասել Կուր գետի ափը, Կասպից ծովի առափնյա շրջանները: Ամրապնդել է Հայաստանի արևմտյան շրջանները՝ Եփրատի ավազանի հատվածում: Բարձր Հայքի Եկեղյաց գավառում կառուցել է հզոր ամրոց: Շինարարական աշխատանքներ է իրականացրել երկրի կենտրոնական մասում՝ Վանա լճի հյուսիսային ափին՝ Արճեշի շրջանում:

<<200 Հայ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ>> գրքից, էջ 17-18, Տիգրան Հայազն, Հրաչյա Պետրոսյանց

Комментариев нет:

Отправить комментарий