08.01.2014

Հատված՝ "Հավերժական Արքայատոհմ" գրքից


Այնտեղ, ուր հավետ եռում են, վշշում՝ Անդրաշխարհի դռները ծածկող քաոսային սև ջրերը անտակ, ուր մեգն է իշխում՝ երկնի անհունը կապելով երկրի անտակ անդունդին, հզոր Արայի երկնային կամքով, Դիցամոր քնքուշ խնամքի ներքո, Հայոց Դիցերի անխոնջ հսկումով, լաջվարդով պատված փառատաճարում հուրհրատում է՝ երկնից իջեցված Հայկական Գահը ադամանդակուռ: Աշխա՛րհը գիտի. հեռու մարդկային ճղճիմ կրքերից, այս Գահին բազմող Դյուցազունները միայն բարիք են պարգևել երկրին: Աշխա՛րհը գիտի. այս Գահին բազմող տիրակալների շուրթերից ելած ամեն մի հնչյուն՝ օրե՛նք է անխախտ, օրենք՝ սրբազան, որ արդար է միշտ ու չի հնանում, ինչպես չի մեռնում լույսը Շնաստղի՝ կախված երկնքից սուրբ Մեծամորի: Արևագալին, հերթական անգամ, գալիս են հզոր Ավագներն Հայոց, խմբվում Տաճարի ժողովատեղում: Թորգոմն է կանչել՝ քուրմը գերագույն, Արի տոհմերի վեհանձն արքան՝ արդար, իմաստուն: Եկել են այստեղ մեր Լեռնաշխարհի բոլոր ծայրերից. կրկի՞ն պատերազմ, արհավի՞րհք, աղե՞տ: Չգիտե ոչ ոք: Ձյունից էլ ճերմակ մի հսկա արծիվ, լայն պտույտներով շտապում է ներքև, զիլ կռնչոցով թառում աջ ուսին Արի Թորգոմի: Պատգամաբեր է. Ցեղին սպառնացող վտանգի ժամին, Ցեղի փառահեղ թռիչքի պահին, հայտնվում է միշտ, իր ներկայությամբ բերում է կա՛մքը հզոր Արայի, հաստատում խոսքն ու գործե՛րը բարի՝ Հայոց արքայի: Լռեց արծիվը: Հայոց Տերերի խոժոռ աչքերում սպասումն է տիրում: Ահա բարձրացրեց աջն իր տիրական՝ արքան իմաստուն և սկսեց խոսել. ոչ ոք չգիտեր, որ այդ խոսքերից՝ աշխարհի վրա սկիզբ էր առնելու մի նո՛ր պատմություն. -Դյուցազունք հզոր, Արյա՛ց հսկաներ. ահեղ դիցերի մեծազոր կամքով, մեր նախնիները միավորեցի՛ն Հայոց լեռներում ցիրուցան ապրող իրենց տոհմերը: Միավորեցին՝ սիրո՛վ, հավատքո՛վ, մեկտեղ ապրելու, ստեղծագործելու աննկուն կամքո՛վ: Միավորվեցի՛ն մեր պապերն արի՝ ոչ թե բռնությամբ ու խարդավանքով, այլ եղբայրության, միևնույն արյան ու Հայրենիքի բնակա՛ն կանչով: ՈՒ գետերն Հայոց, որ վերածելով մեր գավառները խուլ կղզյակների, մեզ ստիպում էին ապրել մեկուսի՝ մեր եղբայրներից, այժմ դարձել են մեզ իրար կապող, մեր աշխարհների ուժն ու բարիքը մեկտեղ գումարող լուսե շղթաներ: Իսկ լեռները մեր, որ կասկածանքով զննում էին միմյանց դարեր շարունակ, այժմ խոսո՛ւմ են, կանչո՛ւմ են իրար, լուր տալիս, թիկունք դառնում մեկ-մեկին: Համերաշխության մեր կա՛մքն է հոսում լուրթ վտակներով Հայոց գետերի: Եղբայրացե՛լ են Հայաստան երկրի հպարտ սարերը, ու միահամուռ, հսկո՛ւմ են դաշտերն Հայոց Տերերի: Եղբայրացե՛լ են Հայոց Տերերը, և իրենց հերթին, ուս-ուսի տված, պահպանում անդո՛րրն իրենց լեռների: Դո՛ւք եք տերերը Հայոց աշխարհի, ու ծաղկեցնելով աշխարհները ձեր, համախմբվելով վտանգի ժամին՝ կա՛մքն եք կատարում մեր նախնիների, կամքն եք կատարում ձեր զավակների՛, որ դեռ չեն ծնվել, բայց հետևո՛ւմ են, ու հսկո՛ւմ են լուռ՝ մեր բարձրաշխարհին: ՈՒ ես պատգա՛մն եմ բարբառում այսօր՝ Գերագույն Ոգու, Հայաստան երկրին բարիք պարգևող չքնաղ Դիմացոր, ահեղ Դիցերի, աչալուրջ հսկող մեր նախնիների, հավատով սպասող մեր զավակների. Հայրենի երկրում ստեղծագործելու, ապրելու համար, Արի տեսակը հավերժացնելու, հաղթելու համար՝ քի՛չ են նվիրումն ու պաշտամունքը Հայոց աշխարհին, հարազատ Ցեղին, զորեղ դիցերին: Դեռ բավարար չե՛ն եղբայրությունն ու միասնությունը Արի տոհմերի:
Հարկավոր է զգալ կա՛մքը լեռների, իսկ լեռները մեր, արդեն բյուր դարեր, գուպարի մեջ են՝ ընդդեմ հարևան անապատների, լեռնակույտերի, դաշտավայրերի. հրաբխո՛ւմ են, ժայռե՛ր գլորում, շղթաներ կազմում, նաև փուլ գալիս, ապա խոյանո՛ւմ ու բազկատարած՝ շարժվում են առաջ: ՈՒ հաղթակա՛ն են՝ հավերժ այդ կռվում, թեև միայնակ, բայց տարածվո՛ւմ են, աշխարհակալում, երբեք չե՛ն սեղմվում, երբեք չեն կծկվում ու չե՛ն նեղացնում՝ սահմանները մեր Հայրենի երկրի: Վերջ չկա՛ կռվին այդ հավերժական. մեր եզերքները շարժման մեջ են միշտ, ու ծավալվում են, ճանապա՛րհ հարթում Հայաստան երկրի տերերի համար: Մասնակցե՛լ է պետք լեռների կռվին, տարածվե՛լ է պետք, աշխարհակալե՛լ, քանզի ով չի զգում կամքը լեռների, ով չի ընթանում իր Հայրենիքի բնության կամքով, նա մի օր, ստիպված, օտարի կա՛մքն է բերելու այստեղ՝ մեր լեռներից ներս: Լսո՞ւմ եք կանչը Հայոց գետերի. ամեհի թափով, իրենց լեռներից հոսում են ներքև, խառնվում կռվին, պայթո՛ւմ մոլուցքով՝ դաշտերի գլխին, ու հորձանք տալիս, մխրճվում կո՛ւրծքը օտար հողերի, շարժվում առաջ ու... նվաղում են ավազներում՝ շեկ անապատների: Կանչո՛ւմ են գետերն՝ արդեն բյուր դարեր, լսո՞ւմ եք, շարժվեք նրանց օգնությա՛ն, նրանց հոսանքո՛վ: Մի՛ թողեք կորչեն մեր ջրերն՝ օտար հորիզոններում: Հետևե՛լ է պետք գետերի կանչին, տարածվել է պետք, աշխարհակալե՛լ. զի ով չի լսում կանչն իր գետերի, ով չի նավարկում նրանց հոսանքով, մի օր, օտարի նավակնե՛րն է ներս թողնելու՝ նրանց խեղճացած հունով: Հարազատ Ցեղի խոյա՛նքը զգացեք, ո՛ւժը ահարկու՝ ձեր մեջ խաղացող. ժայթքե՛լ է ուզում, աշխարհակալել՝ իր լեռների պես: Հետևե՛ք նրան, այդ զորեղ ուժին. զի ով զսպում է իր բարձունքներից՝ խոյանքը Ցեղի, մի օր՝ գահավեժ այդ բարձունքներից, դարե՛ր կմաշի նվաստության մեջ՝ ուժն այդ զգալու, նրա հայտնությանն արժանանալու հուսահատ տենչով: Լսեք, վերջապես, կա՛մքն աստվածների. Մեր նախնիները չարհամարհեցին օգնության կանչը հարևանների, ու չլքեցին աղետից փախչող, մեր դուռը բախող բնավերներին: Ներս թողին նրանց ու խնամեցին: ՈՒ նոր կյանք ստացան աղետյալները՝ Արի տոհմերի հովանու ներքո: Գիտելիքների ու արհեստների ջա՛հը տվեցինք մենք անտուններին, Հայոց հավատքի լո՛ւյսը կենարար, ու աստվածային, սուրբ օրենքների հմա՛յքը ստացան նրանք մեզանից: ՈՒ կազդուրվեցին, նաև՝ բազմացան: Եվ ժա՛մն է արդեն՝ ամոքված, կրթված նրանց զարմերին՝ ցույց տալ ճանապա՛րհն իրենց դաշտերի: Թող վերականգնե՛ն իրենց հյուղերը՝ ջրածածկ եղած, քրտինքո՛վ ջրեն անապատների շիկահողերը ու բարիք ստանան: Բանեցնեն բազում արհեստներն այնտեղ՝ մեզանից ստացած, ու երախտիքո՛վ հիշեն մեծ Ազգին՝ իրենց ձեռք մեկնած: Թող ապրեն լույսով մեր օրենքների ու թող չդրժե՛ն օրհասի պահին մեր պապերի հետ՝ իրենց պապերի կնքած սուրբ ՈՒխտը: Ճանապա՛րհ դրեք, քանզի վայել չէ՛, որ հյուրը իրեն զգա իբրև տանտեր, նաև արդար չէ՛, որ մեր սուրբ հողի բերք ու բարիքից գլուխը կորցրած՝ մոռանա՛ երկիրն իր նախնիների: Ընտրեք քաջարի ձեր զավակներից լավագույնների՛ն, զինավառ խմբե՛ր կազմեցեք իսկույն. թող առաջնորդե՛ն իրենց վստահված ընտանիքներին դեպի հեռուներ՝ այնտեղ, ուր Հայոց խրոխտ լեռնե՛րն են կարկառում իրենց բազուկներն հուժկու, այնտեղ, ուր Հայոց չքնաղ գետե՛րն են դարերով սպասում Հայ զինվորներին: Թող լեռների հետ, հեռվի՛ց ետ վանեն՝ դեպի Հայաստան սուրացող հովերն, ու թող տարածեն Հայոց հավատքի լույսը ամենո՛ւր, որ հաստատ պահվի ՈՒխտը՝ մեծազոր աստվածների հետ, որ հարատևի՛ հողը Հայրենի, ու ազա՛տ ապրի իր Հայրենիքում՝ ազգն Արիների: Վճիռ կայացրեք, դյուցազո՛ւնք Հայոց, ու մի՛ մոռացեք, որ ով չի լսում ձայնն իր դիցերի, օրերից մեկ օր, ծնկաչոք ու թույլ, կատարելու է քմայքներն՝ օտար, նենգ աստվածների: Լռեց Թորգոմը: Զիլ կռնչոցով, սլացավ վերև՝ արծիվը ճերմակ. վերջին պտույտով՝ հրաժեշտ տվեց Հայոց Տերերին, ու կորավ՝ երկնի կապույտ անհունում: Ցեղի թռի՞չքն էր արդյոք ավետում՝ թռչունը ճերմակ. որտեղի՞ց եկավ, ո՞ւր կորավ հանկարծ: Այսպես, թռիչքով մի վեհատեսիլ, իրե՜նք էլ կանցնեն աշխարհից աշխարհ. հետ կգա՞ն արդյոք, կվերադառնա՞ն, թե՞ լուռ կմարեն՝ օտար ափերի հորիզոններում...

Գևորգ Հովհաննիսյանի "Հավերժական Արքայատոհմ" գրքից...   (գիրքը դեռ անավարտ է)

Комментариев нет:

Отправить комментарий