Ախալցխա, քաղաք Վրաստանում: Գտնվում է պատմական Սամցխե գավառում Գուգարքի, Կղարջքի և Ջավախքի գավառների հյուսիսային կողմում: Ախալցխա վրացերենով նշանակում է Նոր բերդ: Ըստ աշխարհագրական բնական բաժանումների Ախալցխան շատ հին ժամանակներից Հայաստանի մասն է կազմել, սակայն շատ քիչ է պատահել, որ մեր իշխանները և թագավորները հաստատվեն Ախալցխայում:
Ախալցխան շրջապատված էր ամուր պարիսպներով, ուներ բազմաթիվ աշտարակներ, ուներ նաև իր ներքին բերդը: Ախալցխայի հայերը իրենց քաջությամբ դարեր շարունակ պաշտպանել են քաղաքը թշնամիների դեմ և ինչպես ասում են՝ <<Մի կարսեցի երեք Երևանցի արժի, և երկու Կարսեցի՝ մի Ախալցխացի>>:
1829-1830 թթ-ին Կարին, այժմ Էրզրում քաղաքից և նրա շրջակա գյուղերից վեց հազար հայ ընտանիք գաղթեց և հաստատվեց Ախալցխա: Կարինից գաղթած արհեստավորները զբաղվել են ոսկերչությամբ, դարբնությամբ, հյուսնությամբ, կաշեգործությամբ և առևտրով: Հայտնի էր նաև իրենց զինագործությունը, արծաթյա և ոսկյա զարդերով, որոնք արտահանվում էին քաղաքից:
Պատմական հուշարձաններից նշանավոր է Ախալցխայի բերդը 10-11 դարերում կառուցված դժվարամատչելի բլուրների վրա:
Ախալցխայում են ծնվել ակադեմիկոսներ՝ Հ. Մանանդյանը, Ս. Մալխասյանցը, նկարիչներ՝ Հ. Կոջոյանը, Վ. Սուրենյանցը, Վ. Գայֆեճյանը, բանասեր Գ. Տեր-Մկրտչյանը, ֆիզիկոս՝ Հ. Նավակատիկյանը և շատ ուրիշ կարևոր դեմքեր:
ՏԱՐԱԶ
Ախալցխայի հարսանյաց տարազը, որը ներկայացվել է գրքում կոչվում է Հայոց շոր: Հատկանշանական է իր գոգնոցով, որի վրա ասեղնագործված է <<Ի Վայելումն ...ի>> նախադասությունը:
Հաճախ լինում է կարմիր և ոսկեգույն ձեռքի աշխատանքով, որի վրա նշվում է հարսի անունը և պսակի թվականը: Կտորը զարդարված է փոքրիկ վարդերով և մարգատաշար կախիկներով, որի եզերքը կարված են ոսկեդրամներ:
Նևրիկ Ազատյան,
Հայկական տարազները և տեղագրություն, 2006
Комментариев нет:
Отправить комментарий