Եթե ցանկանում ենք հստակ պատկերացում կազմել Ազգի, Հայրենիքի և Պետության նկատմամբ հայի վերաբերմունքի մասին՝ նախաքրիստոնեական և հետքրիստոնեական շրջաններում, բավական է, թեկուզ մի փոքր խորհել մեհենական պատերազմների այն նկարագրության վրա, որ մեզ է հասել Զենոբ ասորու մատյանից: Այսպես ուրեմն.
Գիսանէի տաճարի քրմերը պատրաստվում են իրենց վերջին մարտին՝ ընդդեմ Գրիգորի առաջնորդությամբ մեհյաններն ավերելու եկած արքունի զորքերի: Վճռական բախումից առաջ, Արձան քրմապետի որդի Դեմետրե քուրմը դիմում է նախնյաց տաճարների վրա ձեռք բարձրացրած հայոց հզոր իշխաններին.
«-Լսեցե՛ք մեզ, հայոց իշխաններ, այս քառասուն տարի է, ինչ ծառայում ենք մեր մեծ աստվածներին և քա՛ջ գիտենք զորությունը նրանց: Գիտե՛նք, որ իրենց սպասավորների, պաշտողների թշնամիների դեմ՝ իրե՛նք են մարտնչում: Այժմ մենք չենք կարող պատերազմով ձեզ ընդդիմանալ, որովհետև սա տունն է հայո՛ց թագավորի, և դուք էլ՝ արքայի՛ իշխաններն եք: Բայց ահա, ա՛յս թող հայտնի լինի, որ թեև ձեզ հաղթել չենք կարող, սակայն գերադասում ենք մեռնել մեծ աստվածների զոհարանի վրա, քան թե նրանց՝ ձեր ձեռքով կործանված ու ապականված տեսնել…»
ՈՒշադրություն դարձնենք. քրմերն առավել քան համոզվա՛ծ են, որ չեն հաղթելու այս կռվում, որովհետև աստվածներն այսօր չեն մասնակցելու կռվին՝ մի պարզ պատճառով. կռիվը հայոց Արքայի, հայոց Պետությա՛ն դեմ է: Ա՛յն արքայի, որ տվել էր իրենց մահվան դատավճիռը, որ հանդգնել էր ձեռք բարձրացնել նախնյաց հավատքի վրա, բայց, այնուամենայնիվ՝ Արքայի՛: Եվ քրմերը կռվեցին՝ զոհվելու՛ համար: Բայց զոհվելուց առաջ չզլացան՝ մեկ անգամ և՛ս հաստատել ու փառավորել իրենց սպանելու հրաման արձակած Հայոց Արքայի անունն ու ծագման մեծությունը:
Գիսանէի տաճարի քրմապետ Արձանի որդին՝ Դեմետրը, հայ իշխաններին ուղղված իր այս խոսքերի մեջ դրել է սրբազնագույն մի առաքինություն. աստվածների պաշտամունքին հավասար է Հայրենիքի ու Գահի պաշտամու՛նքը, հայոց Արքայի աստվածային զորության և իրավունքի հանդեպ հավա՛տը(*): Հային հատուկ՝ առ Աստված պաշտամունքը, պայմանավորված է Հայրենիքին և Պետությանը (արքային) ծառայելու միջոցո՛վ միայն: Եվ հավատն ամենազոր է մինչև այն պահը, երբ հակասության մեջ չի մտել վերջինիս հետ: Այսպիսով, ուղղակի կերպով փաստվում է Հայրենիքի և հայոց պետականության՝ իբրև բացարձակ արժեքներ ընկալելու հայի առաքինությունը, որ այդքան սրբազան երկյուղածությամբ արմատավորել են մեզանում հայոց քրմերը:
Կուառսի մարտում ընկան Գիսանէի Արձան քրմապետն ու Աշտիշատի Մեստակես քրմապետը: Դավադիր հարվածից զոհվեց՝ հայոց արքայի դեմ, առանց իր աստվածների օգնության հուսահատ կռվի ելած Դեմետր քուրմն՝ իր չորս հարյուր քրմերով: Իշխանները, սակայն, անխնամ չթողին նրանց մարմինները.
«Այստեղ է հանգչում հույժ քաջամարտիկ Արձան քրմապետը, նրա հետ նաև՝ հազար երեսունութ հոգի, որոնք կռվեցին հանուն Գիսանէ կուռքերի և հանուն Քրիստոսի…»: Ահա՛ նրանց տապանագիրը:
Հայրենիքի և Գահի հանդեպ հավատն ու սերն իրենց աստվածների համար ամեն բանից վեր դասող հայոց քրմերի փառահեղ մահն անտարբեր չթողեց Գրիգորի քարոզիչների առաջնորդությամբ նրանց դեմ դուրս եկած հայ իշխաններին. սա՛ է հայրենապաշտ քրմերին և իրենց՝ քրիստոնյաների շարքերից ընկածներին մեկ ընդհանուր գերեզմանում ամփոփելու պատճառը:
Չանցած հաշվված տարիներ, քրմերի օրհնանքներից զրկված հայոց արքան ինքնակամ կհրաժարվի իր թագից, կքաշվի Մանյա այրքը՝ Դիցամոր սրբարանում ճգնելու և կսպանվի դավադիր ձեռքերից: Միայն Խորենացի՛ն կհանդգնի ակնարկել՝ արքայի վրա ձեռք բարձրացրած իսկական դավադիրների մասին, բայց դա արդեն՝ ա՛յլ պատմություն է…
(*) Այս գաղափարն է ահա, որ հետագայում՝ խտացվելով Գ. Նժդեհի և Հ. Ասատրյանի կողմից, դրվեց Ցեղակրոն և Տարոնական ուսմունքների հիմքում. Ցեղի և Հայրենիքի՝ իբրև բացարձակ արժեքների ընկալման անհրաժեշտությունը Տեսակի հարատևման համար մղվող պայքարում:
Գևորգ Հովհաննիսյան
Комментариев нет:
Отправить комментарий