09.07.2013

ԱԶԻԶԲԵԿՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Միջնադարյան այս իշխանական ընտանիքի պատմությունը սկսվել է 13-րդ դարի վերջերին և խոտորումներով շարունակվել է մինչև 17-րդ դարի կեսերը:
    Ազիզբեկյանների տոհմի գործունեությունը ծավալվել է Վաչուտյան իշխանական տոհմի տարածքներում, Արայի լեռան արելահայաց լանջերին և ընգրկել է շատ փոքր տարածք՝ ներկայիս Եղվարդ ավանից մինչև Նոր գեղի գյուղը:
    Իշխանատան հիմնադիրը՝ Ավագի և Թամարի որդի Ազիզբեկը, ամենայն հավանականությամբ, այդ հողերին տեր է դարձել 1290-ական թվականներին, երբ մոնղոլ թաթարների ասպատակությունների հետևանքով, ինչպես ամբողջ Հայաստանը, այնպես էլ Վաչուտյանների իշխանատիրույթը հասել էր ծայրագույն քայքայման: Այդ օրերին էլ Ազիզբեկը, որ կամ Վաչուտյանների ազգականներից էր, կամ ծառայակիցներից (ենթակա իշխաններից կամ զորավարներից), ստացել  կամ գնել է Եղվարդն իր շրջակայքով:
    Ազիզբեկյանների շինարարական միակ գործը Եղվարդի Սուրբ Հակոբ եկեղեցին է: Այն եռահարկ (երկհարկ եկեղեցիով և սյունաշար զանգակատնով) կառույց է, ունի վերսլաց տեսք: Եկեղեցու մուտքի բարավորի վրա փորագրված արձանագրության համաձայն՝ այն կառուցվել է 1301 թվականին:
    Եղվարդի Սուրբ Հակոբ եկեղեցու արտաքին պատերի վրա պատվիրատուի պահանջով փորագրվել են այդ տոհմի զինանշանները: Երկրորդ հարկի դռան  վերնամասում  քանդակված են թռիչքի, կռվի պատրաստ առյուծ, իսկ ձախակողմում՝ առջևի ոտքերով ծնկի եկած, գլուխը խոնարհած և հակառակորդի վրա հարձակվելու պատրաստ ցուլ: Առյուծ և ցուլ են պատկերված նաև Սյունքի իշխանների (Ցաղաց քար), Զաքարյանների (Գեղարդ, Մակարավանք) զինանշանների որոշ տարբերակներում:
         Եկեղեցու հարավային ճակատին փորագրված է դեմքով դեպի դիտողը դարձած, թևերը բաց, պոչի վրա հենված և ճանկերում հորթ բռնած արծիվ: Աշխատանքը կատարյալ քանդակագործական ստեղծագործություն է: Արծվի թևերը մշակված են ելունդավոր խորացումներով, դուրս ցցված կրծքին վարդյակ է փորագրված: Ցավոք, արծվի գլուխը կոտրված է, և դիտողը չի տեսնում թռչունի հայացքը, որն ավելի ամբողջականություն կհաղորդեր քանդակին: 

   Արևելյան պատին, պատուհանից վեր փորագրված է զինանշանային ևս մեկ տարբերակ. բծավոր վագրը գետին է տապալել եղնիկին, որի անշնչացած գլուխը կախված է կողքի:

<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 59-60, Տիգրան Հայազն 

Комментариев нет:

Отправить комментарий