04.06.2013

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ



Պատերազմի երրորդ շրջանը

Հայասա-Ազզիի դեմ մեծ հարձակումը սկսվում է Մուրսիլիսի թագավորության 10-րդ տարում: Պետության ռազմական գրեթե ամբողջ ներուժն ի մի բերելուց հետո է խեթական թագավորը համարձակվում սկսել արշավանքը, ինչը վկայում է Հայասայի բանակի հզորության մասին: Չմոռանանք, որ Հայասայի բանակը մինչ այդ կասեցրել էր իր ժամանակի համար մեծ համարվող խեթական բանակի (10 հազարանոց հետևազորի և 700 մարտակառքերի)  առաջխաղացումը: Հետևաբար, Մուրսիրլիսն արևելքում ծավալվող պատերազմում ռազմավարական առավելության հասնելու համար այստեղ է կենտրոնացնում Խեթական պետության բոլոր հնարավոր ուժերը (այդ թվում նաև տարածաշրջանում հզորագույնը համարվող մարտակառքերի զորամասը): Մեծաթիվ լինելուց բացի, բազմաթիվ արշավանքներում թրծված խեթական բանակը հայտնի էր իր սպառազինության բարձր որակով, վարժեցման համակարգով և բարձր կարգապահությամբ:
    Անբարենպաստ իրադրությունում Աննիասը որոշում է խուսափել հակառակորդի հետ բաց դաշտում վճռական ճակատամարտից և խեթերին լեռնային երկրի խորքերը քաշելով՝ փորձում գիշերային գրոհներով նահանջ պարտադրել:
    Խեթական թագավորների արձանագրությունում Հայասայի բանակի գործողությունների նկարագրությունը համաշխարհային պատմության մեջ գիշերային մարտավարության մասին առաջին հիշատակումն է:

 
   
 Պատմական տեղեկանք. Իսկ երբ գարուն բացվեց, երկրորդ ճանապարհով գնացի Ազզի երկիր (Ազզին Հայասայի գլխավոր նահանգն էր: Այն տեղադրվում է Ճորոխի ավազանում: Այս տեղանունը պահպանվել է Ազորդ ձևով՝ որպես Հայոց Տայքի մի գավառի անուն): Ինգալավա քաղաքում հետիոտն զինվորների և կառամարտիկների զորատես կատարեցի: Իսկ քանի որ ես՝ Արևայինս, ազզիցիների հետ նախկինում կռվել էի (Նուվանծան՝ մառանապետը, Կաննուվարա քաղաքի մոտ նրանց դեմ պատերազմել էր), նրանք բոլորովին չհամարձակվեցին կրկին ցերեկով ինձ ճակատամարտ տալ: Նրանք նախատեսան գիշերով ինձ վրա հարձակվել, ասելով՝ գիշերը նրանց մեծ վնաս կհասցնենք: Իսկ երբ արևայինս լուր լսեցի, թե ազզիցիները նախատեսում են գիշերը բանակի կենտրոնի վրա հարձակվել, Արևայինս բանակները միացրի: Ցերեկը բանակը թեթև էր շարժվում, իսկ գիշերը այն նույնպես դարանակալ էր լինում: Երբ ազզիցիները այդպիսի պահպանությունը տեսան, այլևս ինձ վրա հարձակվել չհամարձակվեցին>>:
Հատված Մուրսիլիս Բ տարեգրությունից

Դեռևս արշավանքի սկզբում խեթերի հետախուզական ծառայությանը հայտնի են դառնում այս մտահղացման մանրամասները: Մուրսիլիսը փոխում է զորքի երթային կարգը և ակտիվացնում է գիշերային պահպանությունը: Հայասայի բանակում ևս հետախուզությունը բարձր մակարդակի վրա էր, ինչը թույլ էր տալիս հրամանատարներին բարդ իրավիճակում ճշգրիտ որոշումներ իրականացնել: Այս մասին է վկայում այն փաստը, որ Հայասայում ևս ժամանակին տեղեկանում են խեթերի ձեռնարկած հակաքայլերի մասին ու արագորեն փոխում պատերազմի պլանը: Սակայն նոր ռազմավարական ծրագիրն իրականացնելու համար վերախմբավորումների և այլ կարգի նախապատրաստական միջոցառումների համար ժամանակը բավարար չէր: Հայասայի զորամասերը նահանջում և ամրանում են լեռնային ամարոցներում:
    Խեթերը, նույնիսկ Մուրսիլիսի Նուվանծայի ուժերը միավորելուց հետո, չեն համարձակվում գրոհել լեռնային ամրությունները: Չունենալով այլ տարբերակ՝ նրանք շրջանցում են սահմանամերձ ամրությունների մեծ մասն ու գրավում Անի-Կամախ տանող ուղիների վրա գտնվող Արիսպա քաղաքը, իսկ հետո՝ Դուկկամա մեծ քաղաքը, որը պարտավորվում է խեթերի թագավորի տրամադրության տակ դնել 3000 զինվոր:
    Մուրսիլիսի արձանագրության մեջ նշվում է, որ այս ռազմական անհաջողություններից հետո Հայասայի բանակն ի վիճակի չի լինում շարունակել կազմակերպված դիմադրությունը և հարևան շրջանների բնակչությունը ևս ընդունում է խեթերի գերիշխանությունը, խոստանում ծառայել խեթական թագավորին և վերադարձնել գերիներին: Իր ռազմական հաջողությունների մասին թմբկահարելով՝ Մուրսիլիսն աշնանը վերադառնում է Խաթուսաս:
     Որոշակի հաջողությունների հասած խեթերը հայտարարում են, թե Հայասսա-Ազզին մտցրել են իրենց պետության կազմի մեջ, բայց, դատելով հետագայում իրենց նկարագրած իրադարձություններից, չեն կարողացել այդ տարածքները հնազանդեցնել: Դրա իրական պատճառն այն էր, որ չգրավված լեռնային ամրոցներում պահպանվել էին Հայասսայի զինված ուժերը: Խեթական բանակի հեռանալուց հետո նրանք շատ արագ վերականգնում են հսկողությունը կորցրած տարածքների վրա:

Հաղթանակը
   Հաջորդ տարի Մուրսիլիսը ստիպված է լինում երկրորդ անգամ  Հայասա-Ազզի  վրա
արշավել: Հայասայի ավագանին նրան ընդառաջ պատվիրակություն է ուղարկում: Պատվիրակները Մուրսիլիսին ռազմական աջակցություն են խոստանում և կրկին պարտավորվում վերադարձնել գերիներին: Թե որքանով էր նախորդ արշավանքից հետո իրական խեթերի գերիշխանությունը, կարելի է դատել թեկուզ այն փաստից, որ գերիներին չվերադարձնելու պատճառով Մուրսիլիսը նոր արշավանք է ձեռնարկում դեպի Հայասա:
    Միտաննիի շարունակվող թուլացումը և, ի վերջո, անկումը կանխել չի հաջողվում: Իսկ Հայասայի ռազմակաքաղաքական ղեկավարությունը հասնում է նպատակին՝ պահպանում  է անկախությունը: Ավելին, գերտերության դեմ պատերազմն ավարտվում է տվյալ պայմաններում նվազագույն կորուստներով:

Արդյունքները
     Հաջողությանը նպաստել են.
 1. ռազմավարական մակարդակում՝
    -պատերազմի մանրակրկիտ նախապատրաստումը,
 -փոփոխվող իրադրությունում արագ կողմնորոշվելով՝  ռազմական գործողությունների նոր        պլանի մշակում,
2. մարտավարական մակարդակում՝
    -լեռնային ամարոցների օգտագործումը՝ պաշտպանական գործողություններում
    -լեռնային մի շարք նորարարությունների մշակումը,
    -գիշերային մարտավարության մշակումը,

Հատկանշական է, որ հզոր հակառակորդի դեմ պայքարում դժվարին իրադրությում հայտնված հայասական բանակը հաջողության հասնելու համար չի դիմում մարտական գործողությունների վարման համար ոչ անհրաժեշտ, հետևաբար՝ պատիվ չբերող դաժանությունների:
Մուրսիլիսը վկայում է, որ Դանկուվայից բերված ռազմագերիները չեն սպանվել խեթական ճակատում տիրող <<հարաբերական խաղաղության>> ընթացքում: Ավելին, նրանք չէին սպանվել նաև պատերազմի առաջին երեք տարիներին: Իստիտինայից  ևս ռազմագերիներ էին տարվել Հայասա, և իր գահակալության 11-րդ տարվա արշավանքի ժամանակ Մուրսիլիսը նաև այս գերիներին էր հետ պահանջում: Սա, շատ կարևոր է, քանի որ պատերազմում դժվարություններ կրող Հայասայում հաշվեհարդար (ռազմագերիների սպանություններ կամ խեթական բնակչության հանդեպ բռնությունների այլ դրսևորումներ)
 չէր կազմակերպվում:
    Այսպիսով,  Հին աշխարհի պայմաններում եզակի մարդասիրության դրսևորումն արդեն այս փուլում հայոց ռազմական իրավունքի նորմի էր վերածվել և անուղղակիորեն նպաստում էր ռազմական հաջողությանը:  Մասնավորապես, իմանալով, որ հայասայի բանակը նվաճված տարածքները չի ամայացնելու և կենդանի մնացողներին սարսափեցնելու նպատակով կոտորածներ չի կազմակերպելու, գրավյալ տարածքների բնակչությունը նոր իշխանությունների նկատմամբ չեզոքություն էր պահպանում, իսկ առանձին դեպքերում՝ աջակցություն էր ցույց տալիս:
“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:

Комментариев нет:

Отправить комментарий