23.05.2013

200 Հայ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ



Համաշխարհային պատմության գանձարանում հայ ժողովրդի մեծագույն ներդրումներից մեկը հայ զինվորականությունն է: Ունեցե՞լ է հայ ազգը պետականություն, երկար դարերով զրկվա՞ծ է եղել պետականությունից՝ ոչ մի նշանակություն չունի, Հայաստանում, թե Հայաստանից հեռու, հայ զորավարների պակաս չի եղել: Նրանց քանակն ու առավել ևս նրանց անունն ու հռչակը շատ ու շատ ազգերի երազանքը կարող էր լինել: 

     Քրիստոսի ծննդից առաջ 2492 թվականին, մեզանից ուղիղ 4503 տարի առաջ, Հայ ազգի ավանդադիր Հայկ Նահապետը զորավարական սխրանք է գործել և իր եռաթև նետը մխրճել թշնամու՝ Բելի սիրտը: Սրա մասին գրել ու կատարված սխրանքի նկարագրությունն ավանդել է Պատմահայր Մովսես Խորենացին:
     Հիշենք մի պատմություն, որ հայ պատմիչ Փավստոս Բուզանդն է արձանագրել: 360-ական թվականների սկզբներին Պարսից Շապուհ Երկրորդ արքան պատերազմ է սկսել Հայաստանի դեմ: Սակայն բոլոր ճակատամարտերում պարտվել է Հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Չկարողանալով զենքով տիրել Մեծ Հայքին, Շապուհը դիմել է խորամանկության և, խաղաղության ու բարեկամության դաշն կնքելու պատրվակով, իր մայրաքաղաք Տիզբոն է հրավիրել Հայոց Արշակ Բ արքային և Հայոց Սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Հրավիրել և ուխտադրժորեն ձերբակալել է իր հյուրերին: Պատմիչը գրել է. <<Շապուհ թագավորը հրամայեց իր առաջը բերել Վասակ Մամիկոնյանին՝ Մեծ Հայքի զորավար-սպարապետին: Սկսեց նրան անարգել, որովհետև Վասակը փոքր էր մարմնով: պարսից Շապուհ թագավորն ասաց. <<Աղվես, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ>>: Վասակը, պատասխան տալով, ասաց. <<Այժմ դու ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացի՞ր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվե՞ս: Բայց մինչև ես Վասակն էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, մյուս ոտքս՝ մի այլ լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում>>: Շապուհ թագավորը հարցրեց և ասաց. <<Դե ասա, իմանանք, այդ ի՞նչ լեռներ են, որ դու գետին էիր տանում>>: Վասակն ասաց. <<Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը՝ Հունաց թագավորը>>: Գիտենալով, որ իր ապրելու ժամանակն անգամ որոշված է, միևնույնն է, Վասակ Մամիկոնյանն ամբողջացրել է հայ զորավարի կերպարը. խնդիրը տարածքային մեծության ու բազմաքանակ բանակի մասին չէ, հայ զորավարն, այո, հզոր ու անփոխարենելի է:

     Ու քանի-քանի Վասակ Մամիկոնյաններ են ղեկավարել Հայաստանի զորքերը, քանի-քանի հայազգի Վասակ Մամիկոնյաններ են ղեկավարել այլ պետությունների՝ Պարսկաստանի Արաբական պետությունների, Բյուզանդիայի, Եգիպտոսի, ավելի ուշ շրջանում Թուրքիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Ռուսաստանի բանակները:
     Համընդգրկուն ու տարողունակ է հայոց զորավարական պատմությունը, այն տարածքային, ժանակային ու աշխարհագրական սահմաններ չի ճանաչում: Օտար երկրներում հայկազունները եղել են վարչապետ ու նահանգապետ, լիազոր դեսպան, արտակարգ դեսպանորդ ու արտակարգ դեսպան, քաղաքապետ ու համհարզ, փոխհյուպատոս ու խորհրդական, արքա ու տիրակալ, թագավոր ու մարզպան, նախարար ու իշխանապետ, թագադիր իշխան ու սպարապետ, իշխանաց իշխան ու հազարապետ, իշխան ու զորավար, մելիք ու զորական, կայսր ու կոմս, դուքս ու աթաբեկ, սեպուհ ու սատրապ, ասպետ ու մարաջախտ, կյուրապաղատ ու յուզբաշի, պայլ ու պատրիկ, սիր ու սարդար, գունդստաբլ ու ամիրսպասալար, ամիրա ու բդեշխ, բեկ ու կատեպան, հեջուբ ու մաղխազ, խան ու փաշա, ջանցլեր ու սեբատոս, վեստ ու սինեջալ, գեներալ, ծովակալ ու մարշալ: Աշխարհի ո՞ր ազգն է այսքան տիտղոսների ու կոչումների արժանացել: Թերևս միայն հայերը:
     Եվ այնուամենայնիվ այդքան միանշանակ չէ նաև այն հանգամանքը, որ օտարներին անգամ անմնացորդ ու բոլորանվեր ծառայած հայազգի զորականներն են ըստ արժանվույն գնահատվել ու աստիճանների արժանացել: Յուրաքանչյուր երկրում էլ գործել է ինքնապահովագրման գրեթե նույն մոտեցումը, որ լավագույնս է ձևակերպված 11-րդ դարի երկրորդ կեսի բյուզանդական տեսաբան Կեկավմենոնի <<Խորհուրդներ կայսերը>> աշխատության մեջ: Նա կայսերը խորհուրդ է տվել. <<Ես քեզ բան ունեմ ասելու, Տեր Սուրբ: Սենեքերիմը, Դու գիտես, որ հին թագավորներից էր սերում: Նա ցանկանալով իր երկրը տալ Ծիրանածին  տեր Վասիլ Կայսերը, և դառնալ նրա ծառան [Վասիլն] ընդունել է պարգևը, և նրան մագիստրոսի աստիճանով պատվել, բայց ոչ ավել, թեպետև [Սենեքերիմը] թագավոր էր՝ հին թագավորներից սերող: Օտարերկրացիներին, եթե նրանք նույնիսկ իրենց երկրի թագավորական զարմից սերեն, բարձր աստիճաններ մի շնորհիր, ոչ էլ վստահիր նրանց բարձր պաշտոններ: Հակառակ դեպքում Դու և Քեզ կխայտառակես այդպես անելով և Քո հռոմայեցի իշխանավորներին: Եթե  Դու, օրինակի համար [կայսրություն] եկած օտարերկրացուն շնորհես պրիմիկերիոսի կամ զորավարի աստիճան, ապա հռոմայեցի զորավարին ի՞նչ [ավելի] աստիճան կարող ես շնորհել: Բոլոր դեպքերում նրան թշնամացնելու ես: Իսկ [օտարերկրացու]  երկրում էլ, երբ լսեն, որ իրենց [հայրենակցին] նման աստիճան ու պաշտոն են տվել, բոլորը ծիծաղելու են և ասելու, թե մեզ մոտ նա ոչինչ էր, գնաց Ռոմանիա և արժանացավ նման աստիճանի, պարզ է, որ Ռոմանիայում հարմար մարդ չկար, դրա համար է, որ մեր [հայրենակիցը] այդպես բարձրացավ>>: Այսպիսի դաժան չափորոշիչը, որ անգամ գրավոր խորհուրդ է Բյուզանդիայի կայսրին՝ գործել է թե հույների, թե արաբների, թե թուրքերի, թե ռուսների և թե մնացած ազգերի համար:
    Որքան էլ ծանր լինի թվարկությունը, այնուամենայնիվ հայցելով Ձեր ներողամտությունը, բերում ենք Բյուզանդական կայսրությանը ծառայած առավել հայտնի հայազգի զորավարների ցանկը՝ ըստ դարերի.
   4-րդ դար՝ Բակուր, Վարազ.
   5-րդ դար՝ Խանարանգես.
  6-րդ դար՝ Ադոլիս, Ակակիոս, Արատիոս, Արտաշիր, Արտավազդ, Արտավան Արշակունի, Բուզ, Գղակ, Գրիգոր Արշակունի, Գրիգոր, Թովմա, Թրոյլաթ, Համազասպ,  Հերակլիոս, Հովհաննես Գուզես, Հովհաննես նախարար, Մաղաս, դուքս Մուշեղ Մամիկոնյան, Ներսես Բասենցի, Ներսես Պատրիկ, Շմավոն, Սահակ, Սիտտաս, Վահան Արշակունի.
    7-րդ դար՝ Ալեքս-Մուշեղ Մամիկոնյան, Գրիգոր, Դավիթ Հայկազն, Դավիթ Սահառունի, Թեոդորոս, Իսահակ Հայկազն, Մանուել, Մժեժ (668թ-ին կարճ ժամանակով կայսր է հռչակվել), Մժեժ Գնունի Կյուրապաղատ, Մուշ, Շապուհ Ամատունի, Պետրոս, Սահակ Կամսարական, Սահակ Մամիկոնյան, Վահան, Վահրամ, Վալենտին Արշակունի, Վասակ Արծրունի, Վարազ-Գնել Գնունի, Վասակ Արշակունի, Վասակ Պատրիկ.
    8-րդ դար՝ Արտավազդ Կյուրապաղատ (741թ-ին կարճ ժամանակով կայսր է հռչակվել), Արտավազդ Մամիկոնյան, Գրիգոր Մամիկոնյան, Մուշեղ, Նիկետ, Նիկեփոր, Վարազբակուր Պատրիկ, Վարազտիրոց, Վարդ Արծրունի, Տրդատ Պատրիկ, Փիլիպիկոս Վարդան (711-713թթ-ին՝ կայսր).
    9-րդ դար՝ Ալեքս, Անտիգոնոս, Արշավիր, Գուրգեն, Լևոն Լալակոն, Լևոն Ա Հայկազն (813-820թթ-ին կայսր), Թովմա Սլավոն, Հովհաննես Խալդ, Հովհաննես Ա Կուրկուաս, Կոստանդին Տաքսարաս, Մանվել Մամիկոնյան, ծովակալ Մարիանոս Մամիկոնյան (810), Մլեհ, Մլեհ Գևորգ, Մուշեղիկ, Նիկեփորոս Փոկաս Պատրիկ, Պետրանոս Մամիկոնյան Մագիստրոս, Պետրոս Բուլղար, Սմբատ Պատրիկ (կեսար Վարդասի փոսան), Սմբատիկ, Ստիլիանոս Զաուցես, Վարդ Փոկաս, Վարդան Հայկազն Պատրիկ (802թ-ին 50 օրով հռչակվել է կայսր), կեսար Վարդան Մամիկոնյան, Վասիլ Արշակունի (Վասիլ Ա Մակեդոնացի կայսր), Քրիստոփոր, Քուրդիկ Հայկազն.
     10-րդ դար՝ Ազոտոզ, ծովակալ Ալեքսիոս-Մուսելե, Անդրանիկ Մոկացի, Աշոտ Բագրատունի, Գրիգոր Բագրատունի, Գրիգոր Մագիստրոս, Գուրգեն Հայկազն, Թեոփիլոս Կուրկուաս, Թորոս մեծ իշխան Հաշտենցի, Նիկեփորոս Բ Փոկաս (963-969 թթ-ին՝ կայսր), Լևոն Փոկաս, Հովհաննես Չմշկիկ (969-976թթ-ին՝ կայսր), Հովհաննես Բ Կուրկուաս, Կոստանդին Սկլերոս, Կոստանդին Փոկաս, Մլեհ Մագիստրոս, Միքայել Բուրցես, ծովակալ Միքայել Քուրդիկ, Մխիթար Վասիլ, ծովակալ Մուշեղ Ալեքս, Մուշեղ Ռոմանոս, Պանգրատուկաս, Պրոկոպիոս, ծովակալ Ռոմանոս Ա Լակաբենոս (920-944թթ-ին՝ կայսր), Ռոմանոս Կուրկուաս, Ռոմանոս Տարոնեցի, Սահակ, Սահակ Հանձթցի, Վահրամ, Վասիլ Հայկազն, Վարդ Բոյլ, Վարդաս Սկլերոս (976թ-ին իրեն հռչակել է կայսր), դուքս Վարդաս Փոկաս Մագիստրոս (987թ-ին իրեն հռչակել է կայսր).
    11-րդ դար՝ Ահարոն Բուլղար, Բագրատ Վխկացի, Բակուրան, Գաբրիել, Գրիգոր Բակուրյան, Գրիգոր Մագիստրոս Պահլավունի, Թորոս Կյուրապաղատ, Խաչատուր Շիրակունի վեստ,Կատակալոն Կեկավմենոս, Հասան Արծրունի, Հովհաննես Պռոտոսպաթար, Ճնճղուկ Արծրունի, Նիկեփորոս Փոկաս, Պարսամ, Վասիլակ, Վարազ իշխան.
    12-րդ դար՝ Գրիգոր, Փիլարետ:
    Այս ցուցակում ընդգրկվել է 141 անուն: Եվ սա՝ միայն առաջին մեծության զորավարները: Իսկ որքան էին նրանք Բյուզանդիոնի բանակի միջին հրամկազմում: Կարելի է այն տպավորությունն ստանալ, որ Բյուզադիան որպես վահան պահել ու պահպանել են հայ զորավարներն ու զինվորականները և 12-րդ դարից հետո նրանց բացակայության պատճառով 1453 թվականին Բյուզանդիան պարտվեց ու վերացավ:
    Այս զորավարների անուններն այսօր գուցե ոչինչ չեն ասում, սակայն նրանց, հենց նրանց առաջ են դողացել այն ժամանակների հայտնի աշխարհի տիրակալները: Այս զորավարներից շատերը առաջնորդել են 50-100 հազարանոց բանակներ:
     Բայց այս ցուցակից ընդհամենը մեկ տասնյակ մարդու անուն է մտել մեր առանձնացրած 200-ի մեջ: Մենք սկսել ենք Հայկ Նահապետով (նա մ.թ.ա. 2492 թվականին Խոշաբ գետի ափին հաղթել է Բելին), ընդգրկել մինչև գրքի տպագրությունն ընկած շուրջ 4503 տարվա ժամանակաշրջան և այդ ժամանակի մեջ առանձնացրեփլ 200 զորավարի: Այս երկու հարյուր զորավարների ընտրությունն ինչ խոսք սուբյեկտիվ է այն պարզ պատճառով, որ ցանկացած համեմատություն միշտ էլ թերի ու անձնավորված է:
     Մինչև 18-րդ դարը գործած զորավարներից ընտրել ենք նրանց, ովքեր զորաբանակ են ղեկավարել (եղել են զինված ուժերի հրամանատար՝ թագավոր, սպարապետ, գունդստաբլ), իշխանություն իրականացնողի կողմից լիազորվել են ճակատամարտ ղեկավարել:  Այդ առումով ընտրյալ բոլոր զորավարները համապատասխանում են ներկայացված պահանջներին (այդպիսիք ընտրվածների կեսն են՝ մոտ հարյուրը):
    18-21-րդ դարերում, երբ պետության ներսում զինված ուժերը մեծաթիվ են եղել, և արդեն միայն մեկ մարդ չէր ղեկավարում զինված ուժերը կամ բանակը՝ ընտրությունը կատարել ենք դիվիզիայի հրամանատարից սկսած, և ավելի բարձր պաշտոններում եղածներից (կորպուսի, ռազմաճակատի, օկրուգի, բանակի հրամանատրներ):

Տիգրան Հայազն

Комментариев нет:

Отправить комментарий