Կուլաշ բռնել |
Արարատի հարավային սահմաններից գուժկան եկավ Հայկի մոտ և հայտնեց նրան.
- Ո՛վ, Արյաց արքա՜, գիտցիր, որ տիտանյան Բելը գալիս է Արարատի վրա հավերժական քաջերով և երկնադեզ հսկաներով:
Հայկը սպառազինվեց, վերցրեց իր Թուր-Կեծակին, հեծավ իր հրեղեն ձին, ապա կանգնեց հրապարակում և կանչեց.
- Ո՛վ, Արինե՜ր, ո՛վ, երկրային աստվածնե՜ր, տիտանյան Բելը գալիս է մեր վրա իր անթիվ զորքով: ԵՎ ես իմ Թուր-Կեծակիով ելնում եմ Բելի դեմ: Ով ձեզանից կցանկանա հաղթության բերկրանքը կիսել ինձ հետ, թող միանա ինձ:
ԵՎ ամեն կողմից հավաքվեցին Արիները: Մշակը իր հողը թողեց եկավ, որմնադիրը իր մուրճը գցեց եկավ, դարբինը իր դազգահը թողեց եկավ, դեռահասը իր խաղը թողեց եկավ, ծերունին իր թզբեհը թողեց եկավ: Եկան հազար- հազարներ, եկան ձիով ու ոտքով, եկան սրով, նիզակով, եղանով, փայտով՝ ով ինչ ուներ:
Նայեց Հայկը այդ կամավոր ռազմիկների բազմությանը և դիմեց նրանց.
- Ո՛վ, Արի քաջե՜ր, ձեր նվիրումը արժանի է գովեստի, ձեր ոգու զորությունը արժանի է փառաբանումի: Բայց ես չեմ կարող ամբողջ Արարատը զենքի կապել: Հո օրհասը չի պատել Արարատին, որ մեր վերջին արյունը զոհաբերենք: Թե մշակը կտրվի հողից, ո՞վ պիտի հաց աճեցնի, թե դարբինը իր դազգահը լքի, ո՞վ պիտի սուր և խոփ կռի, թե ծերունին ռազմադաշտ ելնի, ո՞վ պիտի թոռներին նախնյաց փորձը փոխանցի: Ես ինքնազոհողության չեմ գնում, այլ գնում եմ իմ սուրը պսակելու փառահեղ հաղթությամբ: Թող ինձ հետ գան զորավորներից զորավորները միայն:
Հայկի վճիռը հավանեցին Ցեղի նահապետները: Բայց ո՞ւմ նախապատվություն տալ: Ո՞վ իրեն զորավոր չի համարում: Արդեն իրենց զորավոր ճանաչելով է, որ բոլորը իրենց զենքերով եկել են այստեղ: ԵՎ ոչ մեկը չի ընդունում մյուսի առավելությունն իր զորության նկատմամբ:
Խոհերի մեջ ընկավ Հայկը: Առանձնացավ և միտք արեց, թե ինչպես և ում ընտրի: Նա բարձրացավ Արագած: Արագածի գագաթին խարույկ վառեց, զոհ մատուցեց ու կանչեց.
- Ո՛վ, Հայր Արա՛, ո՛վ, Ամենազոր Վահա՜գն, օգնիր ինձ՝ երկրային աստվածների միջից զորավորներին ընտրել, բայց այնպես, որ մյուսները չվիրավորվեն:
ԵՎ Վահագնը հայտնվեց Հայկին ու ասաց.
- Ո՛վ, Հայգ Արմենների առաջնո՜րդ, իմաստուն վճիռ ես կայացրել՝ ուր ոգին է առաջնորդում, այնտեղ քանակը, քարը, երկաթը կորցնում են իրենց արժեքը: Ոչ թե քանակով, այլ ոգու գերագույն զորությամբ գնա պատերազմ: ԵՎ որպեսզի անարդար չլինես, դու ինքդ մի ընտրիր. թող որ իրենք իրենց մեջ որոշեն ամենազորեղներին և որոշեն մրցույթով: Թող մրցեն ուժի, ճարպկության, հնարամտության մեջ, և հաղթողների սուրը ես ինքս կօծեմ ու նրանց բազկին ես խաչ-պատերազմին կդնեմ:
ԵՎ Վահագնը Հայկին տվեց մի մեծ ջահ, որի բոցերի մեջ Հայր Արայի օրհնությունը կար: Հայկը, ջահը ձեռքին, իջավ Արագածից և գնաց դեպի Հավերժական քաղաք՝ Էրեվան:
Ամպարէշ |
Հայկը Արայի օրհնությամբ օծված ջահը ձեռքին կանգնեց հրապարակում: Բոլորը անհամբեր նրա որոշմանն էին սպասում, և ամեն մեկը հույս ուներ, որ ինքը ընտրյալենրի մեջ պիտի լինի: Բայց Հայկը դիմեց բազմությանը և ասաց.
- Ո՛վ, քաջ Արիներ, Ամենազոր Վահագնի կամքով կազմակերպում եմ Նավասարդյան խաղ-մրցույթ: Բոլորը թող մասնակցեն և ցուցադրեն իրենց զորությունը: ԵՎ հաղթողները կստանան Վահագնի աստվածային օծումը և խաչ-պատերազմին՝ ձախ բազկին: Իսկ Արագածից բերված այս ջահը, ուր արարչական կրակն է վառվում, թող բոցկլտա մրցող քաջերի գլխավերևում, որպես Հայր Արայի օրհնության խորհուրդ:
Արիները հավանեցին այդ որոշումը, որ Վահագնից էր գալիս: ԵՎ եկան քաջեր Արարատի տարբեր գավառներից: Եկան քաջեր և Արարատից դուրս Արի ազգերից՝ եկան Արամի որդիներն ու թոռները Արևելքից, Արևմուտքից, Հարավից և Հյուսիսից:
Քաջերի տոնահանդես էր Հավերժական Քաղաքում, համաարիական Նավասարդյան խաղեր, որ ձոնված էին Վահագնին և հովանավորվում էին Վահագնի կողմից: ԵՎ ամեն մի քաջ փառաբանում էր Վահագնին, ապավինում Վահագնի զորությանը և ակնկալում էր հաղթանակ:
Գոմեշամարտ |
Հազարավոր Արիներ էին հավաքվել դիտելու քաջերի զորության մրցույթը: Գուսանները ձոներ էին հյուսում Վահագնին և մրցող քաջերին. ջահել հարսներն ու աղջիկները իրենց երգով ու պարով քաջալերում էին մրցող քաջերին:
Մրցակիցները փառաբանեցին Վահագնին, իրենց երդումը տվեցին Ամենազոր Աստծուն: ԵՎ մրցույթը սկսվեց: Ամենատարբեր մրցաձևերի ու խաղերի մեջ էին մտել: Մրցողներից ամեն մեկը ձգտում էր Վահագնի ընտրյալը լինել և ամբողջ իր զորությունը դնում էր մրցումի մեջ:
Բազմությունը քաջալերում էր մրցողներին բացականչություններով, երգ ու պարով: ԵՎ կարծես մոռացել էին թե՜ Բելի մասին և թե՜ Բելի անհամար զորքի մասին, որ արշավում էր Արարատի վրա:
Լուրը հասավ Բելին, թե Արիները մեծ Նավասարդ են տոնում. մեծ մրցամարտ է Էրեվանում, որն էլ ուղեկցվում է երգ ու պարով: Երկյուղեց Բելը: ՙԵս իմ անհամար զորքով գնում եմ Արարատն ավերելու, իսկ այդ աստվածները խրախճա՞նք են անում՚ - զարմացած ասաց նա:
Սարսափել էին և տիտան հսկաները: Նույնիսկ խորհուրդ տվեցին Բելին՝ հաշտվել աստվածների հետ և խաղաղությամբ վերադառնալ իրենց երկիրը: Բայց Բելը մերժեց.
- Ես այս անհամար զորքով եկել եմ հաշտությո՞ւն կնքելու համար: Բա աստվածները ինձ չե՞ն ծաղրի:
Իսկ Արարատի Հավերժական Քաղաքում շարունակվում էին համաարիական Նավասարդյան խաղերը: Մրցումները վերջացան մայրամուտից առաջ: Հաղթող հսկաները շարվեցին Արորդյաց տաճարի առջև: Հոգնած էին նրանք, բայց հպարտ էին ու երջանիկ՝ նրանք Վահագն Աստծո ընտրյալներն էին:
Վահագնը ինքը օծեց հաղթողների սրերը և արևի ճառագայթներով նրանց ձախ բազուկներին դաջեց խաչ-պատերազմին:
Հոլ են խաղում |
Ժողովուրդը ցնծության մեջ էր. փառաբանում էր հաղթող քաջերին և մաղթում հաղթանակ տիտանյան Բելի դեմ:
ԵՎ Հայկի սակավաթիվ զորախումբը, օծված Վահագնի զորությամբ, արշավեց դեպի հարավ՝ Բելի դեմ: Նրանց հետ էին նաև երկու աստվածային արալեզները:
ԵՎ ամբողջ ճանապարհին նրանց սիրտը լցնում էին դաշտերի շունչը, հարազատ լեռների սեգությունը, նրանց օրհնում էր հայրենի երկինքը: ԵՎ ամենուր նրանք զգում էին, տեսնում էին, լսում էին.
- Հաղթությո՛ւն, - աղոթում էին մայրերն ու կույսերը նրանց համար:
- Հաղթությո՛ւն, - երգում էին մանուկները:
- Հաղթությո՛ւն, - ղողանջում էին զանգերը:
Բոլորը ամենուր գոչում էին. ՙՁեզ հե՜տ ենք, Արի քաջե՜ր, առա՛ջ հաղթական՚:
Օ՛հ, ի՛նչ զորություն: Էլ ի՞նչ թշնամի այս ամբողջական զորության դիմաց: ԵՎ Հայկը Արի իր նվազ զորքից հազարապատիկ ավել զորքի դեմ հազարապատիկ ավել զորությամբ մարտի էր ելնում:
Комментариев нет:
Отправить комментарий