11.01.2013

Ասք՝ ՏՈՐՔ ԱՆԳԵՂԻ մասին



Անգեղա Տորքը՝ Հայկյան սերնդից, հայոց բարձրաբերձ լեռների հսկան, երբեք նման չէր հասարակ մարդու:  Նա վիթխարի էր և շատ ահարկու:  Աչքերը կարծես մի-մի կապույտ ծով, ճաճանչավորված արևի լույսով:  Սև-սև ունքերը՝ մութ ամպի նման՝ բարդ-բարդ կուտակված աչքերի վրա:  Կուրծքը կասես թե մի լանջ է լեռան, մեջքը՝ սարաժայռ, կռները՝ գերան - մի խոսքով՝ մի դև և ոչ թե հսկա:  Ահռելի էր նա և այնքան ուժեղ, որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ:
   Նա մի հովիվ էր, հովիվ լեռնական, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծ և վագր նրան տեսնելիս՝ սովոր շան նման մոտ էին գալիս. կարծում էին, թե նա էլ է գազան և նա է իրենց զորավոր արքան:
   Նա չէր գործածում ո՜չ թուր և ո՜չ նետ, միայն իր տեսքով անում էր անհետ: Բայց երբ թշնամին երես էր առնում, նա այն ժամանակ ուժին էր դիմում:
   Սև ծովի կողմից օտար թշնամիք թալանում էին ծովեզրյա գյուղեր: Միշտ գալիս էին անթիվ նավերով, այն էլ աշկարա, օրը ցերեկով. կողոպտում էին բազմաթիվ գյուղեր և գերի տանում հայոց աղջիկներ:

   Մի անգամ եկան, խնդրեցին Տորքին, որ ավազակներից նրանց պաշտպանի: Գնաց մեր հսկան, բայց նավերն արդեն հեռացել էին Սև ծովի ափից: Զայրացավ Տորքը, գոռաց, մռնչաց, իբրև մի առյուծ նետահար եղած: Բլրաչափ ժայռեր սարերից պոկեց, փախչող նավերի հետևից գցեց: Դղրդաց ծովը, բարձրացան ալիք, նավերը դառան շարժուն խաղալիք: Գնում էին կրկին ժայռերը գունդ-գունդ, զարկում նավերին ու տանում անդունդ: Ողջ կորան այդպես ավազակները դեպի անհատակ ծովի խորքերը:
   Տորքի անունը շատ հռչակվեցավ, մինչև արքայի ականջը հասավ: Մեծ թագավորը կանչում է Տորքին, որ պարգևներ տա և նայի դեմքին: Երբ Տորքը հասավ արքայի պալատ, արքայի վրա ազդեց մեծ զարմանք: Թագավորն ասաց.
   - Ապրե՜ս, ապրե՜ս, Տո՜րք, դու մի  անհատ չես լոկ, այլ մի ամբողջ զորք:
   Պահեց պալատում ու պատիվ տվեց: Լսել էր արքան, որ  հսկա մարդիկ չեն լինում խելոք և ոչ էլ ճարպիկ: ԵՎ Տորքի խելքը նա փորձել ուզեց:
   - Ինչպե՞ս ես կարծում,- մի օր հարցրեց,- ո՞րն է գերազանց՝ ո՞ւժը, թե՞ խելքը:
   - Երկուսն էլ լավ են,- քաջ Տորքը ասաց,- փոքրիկ ուժի մեջ չի լինի մեծ խելք, ոչ էլ ուժեղը կլինի անխելք: Բայց ի՞նչ է խելքը - ոչ ոք չգիտե. անխելքի համար խելոքն անմիտ է: ՈՒրիշ է խելքը գլխապահության և ուրիշ՝ խելքը հափշտակության. դա ամենքն ունեն՝ թե՜ մարդ, թե՜ գազան, թե՜ խելոք լինի, թե՜ անմիտ, անբան: Բայց կա մի այլ խելք՝ խելք արարչության, որ արարում է, ստեղծում, շենացնում: Սա է ճշմարիտ խելքն իմ կարծիքով, և մարդը գազանից վեհ է սրանով
   Զարմացավ արքան, այլև հիացավ, երբ հսկա Տորքից այս բանն իմացավ: Նա առաջարկեց մնալ պալատում, բայց Տորքը խնդրեց հեռացման հրաման: Արքան թույլատրեց, և Տորքը գնաց՝ լեռներում շնչելու բուրմունքը գարնան:
   Գարունը Տորքին թախիծ պարգևեց, որից ազատման չէր գտնում մի ելք: Օրեր, գիշերներ թափառում էր նա. թախծոտ աչքերը արևին հառում, գիշերը լուսնից արցունք էր քամում:
   Աստղիկ Դիցուհին վերևից տեսավ ու մոտը եկավ:
   - Ասա ինձ, եղբա՜յր,- Աստղիկը ասաց,- ինչո՞ւ չես խաղում գազանների հետ, քար չես շպրտում մի սարից մյուս սար: Ինչո՞ւ ես թախծում, անհույս հառաչում. ինչո՞ւ են խոնավ աչքերդ անհուն:
   ԵՎ Տորքը ասաց.
   - Ո՛վ, վեհդ, Դիցուհի՜, մի օձ, մի ծաղիկ կամ մի անշունչ քար չեմ տեսել ես դեռ, որ սեր չունենա: Երկինք ու Երկիր, թե՜ ցամաք, թե՜ ծով , բոլորը մեկտեղ շնչում են սիրով: Լոկ ես եմ անսեր, մենակ՝ աշխարհում: ԵՎ այս աշխարհում ո՞վ կսիրի ինձ: ԵՎ կգտնվի՞ այնպիսի մի կին, որ ուզի դառնալ Տորքին ամուսին:
   Աստղիկը ժպտաց և ասաց նրան.
   - Մի՜  հուսահատվիր, պատանի հսկա՜: Դու սե՞ր ես փնտրում. նա քեզ է սպասում՝ Հայկանուշը կույս: ԵՎ դու կտեսնես նրան երազում: Իսկ առավոտյան արևի լույսով, արևի ճամփով կգնաս առաջ, կհասնես այնտեղ, ուր ժայռի տակից աղբյուր է ժայթքում: Այնտեղ կգտնես սրտիդ դիցուհուն
   Աստղիկը ասաց ու անհետացավ: Տորքը քուն մտավ ու տեսավ նրան իր երազի մեջ: Նա գեղեցիկ էր և շատ նազելի, ինչպես նոր ծագած կարմիր արևիկ: ԵՎ նա երազում հաստատ խոսք տվեց և խոստանալով մի պայման դրեց. ՙԵթե գաս,- ասաց,- կռվես ու հաղթես, դու ինձ կստանաս, կառնես կտանես՚:
   Տորքը արթնացավ: ԵՎ սրտի սերը իր վառ կայծերով փռվեց երեսին վարդի թերթերով: Սիրտն ալեկոծվեց, հոգին բոցկլտաց: ԵՎ այնուհետև երազներ պես-պես աչքերի առաջ հեքիաթ էին հյուսում: Խելագար սիրտը գետնից անջատվում, սիրո թևերով երկինք էր ճախրում:
   Տորքն արծվի նման թռչում է առաջ՝ արևի լույսով, արևի ճամփով և հասնում այնտեղ, ուր ժայռի տակից աղբյուր է ժայթքում: Աղբյուրի դիմաց մի բերդ էր կանգնած: Տորքը մոտեցավ, դռները բախեց: Բախում է, բախում, բայց չեն բաց անում, կարծես նրա հետ մի խաղ են խաղում: Երկաթե դուռը հսկան խորտակեց ու վեր բարձրացավ քարե սանդուղքով: ԵՎ ինչպես մանուկ՝ մորիցը խռով, սանդուխքի գլխին նստեց գլխիկոր:
   Չքնաղ օրիորդը Տորքին մոտեցավ և իբր ինքն իրեն, նա այսպես ասաց.
   - Ո՞վ պետք է լինի, արդյոք, այս հսկան, սա չէ՞ դյուցազուն Տորքը Անգեղա: Էլ ուրիշ ո՞վ կարա հանդգնել իմ բերդի դուռը այսպես խորտակել:
   Տորքը որ լսեց, խռով մանուկի պես իբր ինքն իրեն պատասխան տվեց.
   - Երբ ճանաչում է Անգեղա Տորքին, դուռն ինչո՞ւ փակեց նրա երեսին: Սա մի խաղ խաղալ միայն ուզեցավ և հետևանքը իր աչքով տեսավ: Տորքն ահա կերթա, դուռը կշտկի և ինչպես առաջ էր, այնպես կկողպի:
   ԵՎ Տորքը գնաց դուռը լավ կոփեց, սուր  եղունգներով հղկեց ու կոկեց: Երբ նորից եկավ իր տեղը նստեց, Հայկանուշը նրան մեղմ աչքով նայեց:
   - Ինչո՞ւ ես նստել,- ասաց,- չոր քարին, պետք է լավ պատվել քեզ պես ճարտարին: Ճանապարհորդ ես, քաղցած կլինես: Թե՞ հաց ուտելու ախորժակ չունես:
   - Քաղցած եմ, այո, բայց շատ եմ քաղցած,- հոգոց հանելով հսկա Տորքն ասաց,- ի՞նչ հաց պիտի տաս, որ ես կշտանամ, ի՞նչ ջուր պիտի տաս, որ ես զովանամ: Իմ հացն ու ջուրը, գիտե՞ս որն է այն - քո սերն է, հոգի՜ս, քո սերն է միայն: Մի նայիր, որ ես կոպիտ եմ ու բիրտ. այս կոպտության մեջ կա քնքուշ մի սիրտ, որ քեզ գլխովին իր մեջ կամփոփի և կպաշտպանի, կհովանավորի:
   Հայկանուշն ասաց.
   - Դու կպաշտպանես ինձ փորձանքներից, բայց ո՞վ կազատի ինձ քո ճիրաններից:
   ԵՎ Տորքը ասաց.
   - Արարչի կամքով Աստղիկ Դիցուհին ինքն է մեր սրտերն իրար միացրել, ինքն է երազում մեզ պսակել: Արարչի կամքն է, որ դու կին լինես Անգեղա Տորքին, և Տորքը անհուն սիրով քեզ սիրի:
   Սիրում էր Տորքը, սիրում էր անկեղծ, սիրում էր սիրով անբիծ ու անեղծ, և կոշտատարազ իր դեմքը մթին դառել էր սիրո ցոլացող լուսին: Այն կերպարանքը և հայացքն ահեղ, որ քարացնում էր մարդկանց տեղնուտեղ, այժմ դառել էր մի վճիտ աղբյուր, որից բխում էր սեր հեզահամբույր:
   Որքան կրակը վառվում է, այրվում, այնքան տաքցողը հեռու է կանգնում: Տորքն ինչպես սոխակ դայլայլում անվերջ, իսկ Հայկանուշը լուռ է վագրի պես. խոհեմությունը՝ հատուկ իր սեռին՝ իբրև մի սուր զենք, պահում է ձեռին:
   ԵՎ ասում է նա Տորքին վերջապես.
   - Աղջիկ ուզելը չի լինի այդպես: Դու շատ ուժով ես, դա ես լավ գիտեմ, բայց ինչ էլ լինես, պիտ մենամարտենք:
   - Սիրուն Հայկանո՜ւշ,- ասում է հսկան,- արի մի անիր դու ինձ խելքահան: Խոստովանում եմ ես ինձ պարտված, ես քո գերին եմ, քեզնից տապալված: Դու քո փոխարեն ցույց տուր հարյուրին, թեկուզ հազարին. պահանջիր՝ շարժեմ լեռը իր տեղից, ապա պոկոտեմ անտառը ամբողջ, վարարած գետի ընթացքը փոխեմ, սարեր ու ձորեր իրար հետ խառնեմ, բայց քեզ, Հայկանո՜ւշ, չեմ կարող դիպչել:
   - Եթե այդպես է, ուրեմն գնա և բեր ինձ համար քսան գերված հսկա: Դրանով իմ անվանը պատիվ կբերես և նոր միայն ինձ կառնես կտանես:
   Գնաց մեր հսկան հսկա գերելու. հսկաների հետ մենամարտելու և Հայկանուշի կամքի համաձայն՝ քսան մահապարտ հսկա բերելու: Գնաց շատ ու քիչ և վերջը հասավ լեռներին անանց, ուր հսկաների տոհմն էր ծվարած: ԵՎ հսկաները, որ տեսան հյուրին, մեծ ուրախությամբ նրան ներս կանչեցին, մեծ պատիվներով նրան պատվեցին ու չհարցրին, թե՝ ՙո՞վ ես կամ ի՞նչ՚:
   Երբ հսկաների մոտ երեք օր մնաց, Տորքը ինքն իրեն այսպես մտմտաց. ՙԱյս հսկաներն ահա անխարդախ սիրով ինձ կաշկանդեցին, էլ ինչպե՞ս կարամ սրանց հետ կռվել: Ո՜չ, ես չե՜մ կարող: Թող Հայկանուշը այլ բան պահանջի և ոչ թե եղբարց արյունը ուզի՚:
   Չորս օրից հետո Տորքն այսպես ասաց.
   - Սիրելի եղբա՜րք, չորս օր է անցել, բայց դուք իմ մասին բան չեք իմացել, թե ինչ պատճառով և ինչից ստիպված թափառում եմ ես սար ու ձոր ընկած: Դուք ինձ ցույց տվիք սեր, ուրախություն, քաջերին վայել հյուրասիրություն: Ձեզ մոտ եմ եկել ես մի խնդրանքով: Աղջիկ եմ ընտրել որպես հարսնացու, ուզում եմ առնել առանց կռվելու: Եկել եմ հիմա ձեր ոտը ընկել. կամ ինձ մորթեցեք ու թաղեք այստեղ, կամ եկեք գնանք ինձ հետ միատեղ, որ առանց կռվի առնենք մի աղջիկ, խաղաղ ու սիրով անենք հարսանիք:
   ԵՎ ասաց տոհմի նահապետը ծեր.
   - Վե՜ր կացեք, տղե՜րք, բոլորս գնանք քաղցրությամբ, սիրով, երգով ու պարով և առաջարկենք համառ աղջկան, որ տեղիք չտա մենամարտության: Արայի կամքով, Աստղիկի սիրով նրանց պսակենք և ուրախ հարսնիք այնտեղ մենք սարքենք:
   ԵՎ հսկաները երգով ու պարով, խինդով, ծիծաղով ճանապարհ ընկան:
   Երբ Հայկանուշը աղմուկը լսեց, իր ապարանքից իսկույն դուրս վազեց, գնաց ընդառաջ: Նա տեսավ Տորքին հսկաների հետ, որոնք գերված էին, բայց երգ ու պարով: ԵՎ Հայկանուշը զարմացած ասաց.
- Անգեղա հսկա, դու ինձ խոստացար հսկաներ բերել: Բերել ես ահա բազում հսկաներ, բայց ոչ թե գերի, այլ հարսանքավոր: Եթե այդպես է, ե՜կ մենամարտենք: ԵՎ թե հաղթեցիր, հսկաները թող մեր հարսանիքին պատվո հյուր լինեն
   - Սպասի՜ր, Հայկանո՜ւշ,- ասաց ծեր հսկան,- համաձայն եմ ես ձեր մենամարտության, բայց նախ ունկն դիր խոսքն իմաստության: Հին հեքիաթներում, լսած կլինես, երբ մարդուկները ուզում են աղջիկ, և այն աղջկան դևերն են տանում, մարդուկը դևից փրկում է նրան և դառնում նրա քաջագործ փեսան: Մի մեծ պարծանք է, երբ թզուկ մարդիկ ուժով ու կռվով առնում են աղջիկ: Բայց ի՞նչ պարծանք է, երբ Արի  հսկան իր ուժը ցույց տա ապագա կնկան: Դրան հակառակ՝ եթե ցույց տա սեր, դա ճշմարիտ որ պարծանք կլինի: Դո՜ւ, համառ աղջի՜կ, մութ աշխարհում չես և ոչ էլ գերի դևերի ձեռքում: Ի՞նչ առիթ ունես հիմա բերելու. միտք ունե՞ս, արդյոք, մենամարտելու:
   ԵՎ Հայկանուշը գլուխը կախեց, ու շիկնած դեմքին ժպիտը փայլեց.
   - Ես համաձայն եմ, ինչպես որ վճռես, կմենամարտեմ, եթե հրամայես:
   - Ես կհրամայե՜մ,- ասաց ծերունին,- որ մեր օրենքով մրցեք իրար հետ, բայց... սիրո զենքով: Թող սերը լինի ձեր զենքը միակ, սիրեցեք իրար՝ մեկդ մյուսից շատ. դու նրան պաշտպան, նա քեզ պահապան - ահա օրենքը սուրբ ամուսնության:

   ԵՎ կաղնի պսակներն առավ ծերունին, օրհնելով դրեց երկուսի գլխին...   


Ուխտագիրք
Սլակ Կակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий